Սիրիահայ պղնձագործների աշխատանքները թանգարանային նմուշներ են, դրանք կարող են իրենց թանգարանն ունենալ
Երևանի Ժողովրդական արվեստների թանգարանում ցուցադրվող սիրիահայ պղնձագործ վարպետների աշխատանքային գործիքների՝ տարատեսակ զնդանների մեջ մեկն առանձնանում է իր մակագրությամբ` «Իլիմկիթ խորունկ ամաններու համար, Զեյթունի երկաթեն շինված»։ «Այս սալի անունը Իլիմկիթ է, Կիլիկիայի Զեյթուն քաղաքի շրջակայքում երկաթի հանքեր կային, այդ հանքերի երկաթով է շինված։ Մեծ սալերն օգտագործվում էին մեծ կաթսաներ՝ ղազաններ շինելու համար»,– քննախույզ հայացքս որսալով` բացատրում է «Գործիքներ և վարպետներ» անունը կրող ցուցադրության հեղինակ Հրազդան Թոքմաջյանը:
Ցուցադրությունը պատմական հայրենիքից ևս մի ուշագրավ նմուշ է ներկայացնում՝ 19–րդ դարի վերջին պատրաստված փքոցը, որը հայերի տեղահանությունից հետո հայտնվել էր Սիրիայում, այնտեղից էլ հասավ Հայաստան։ «Այնթապցի Մելքոն Ուստայի շինած փքոցն է։ Յուրաքանչյուր արհեստանոցի մեջ պետք է լիներ այդ փքոցը՝ մետաղը շիկացնելու և մշակելու համար»,– ասում է սիրիահայ պղնձագործ վարպետների աշխատանքային գործիքների հավաքածուն տնօրինող գեղանկարիչ, արվեստաբան և ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը։
Աշխատանքային գործիքներն այնթապցի նշանավոր պղնձագործներից Գալեմքեարյան ընտանիքի վերջին վարպետի՝ Հալեպում բնակվող Հովհաննեսի հավաքածուն է։ 1993թ․–ին դասավանդելու նպատակով Հայաստանից Հալեպ տեղափոխված գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը բնակվել է նրա հարևանությամբ։ «Միասին ծրագրում էինք, որ կգա Հայաստան, այստեղ արհեստագործական դպրոց կբացի, որպեսզի Հայաստանում շարունակվի այդ արհեստը»,– պատմում է արվեստագետը։ Մոտ 2 տոննա կշռող գործիքները 2013թ․–ին տեղափոխել են Հայաստան, սակայն 2015թ․–ին Հովհաննես Գալեմքեարյանը մահանում է, և նրանց ցանկությունն անկատար է մնում։
«Հույս չունեի, որ կկարողանանք գործիքները բերել Հայաստան, որովհետև բեռը շատ ծանր էր։ Դրա համար Հովհաննեսի հետ միասին իր արհեստանոցում բոլորը լուսանկարել, չափագրել և թվագրել էինք։ Հետո հաջողվեց տեղափոխել, միայն 200 հատ զնդան ենք բերել։ Դա հսկայական հարստություն է, զնդաններից յուրաքանչյուրն իր անունն ունի, բոլորը ցանկագրված են, դրանց մեջ կան այնպիսիք, որոնց վրա վարպետն իր ձեռքով բաներ է գրել»,– պատմում է գեղանկարիչը։
Վերջինիս ասելով՝ վարպետ Հովհաննեսի հավաքածուն հատկանշական է նրանով, որ ոչ միայն իրենց տոհմի երեք–չորս սերնդի գործիքներն են, որ փոխանցել են իրար, այլև հալեպահայ վարպետների գործիքները։ 1950–ական թվականներից սկսած՝ երբ Հալեպի տարեց վարպետները մահացել են, ընտանիքի անդամները կա՛մ վաճառել են նրանց գործիքները, կա՛մ հանձնել են վարպետ Հովհաննեսին։ Այդպես նաև իր միջավայրի ուրիշ վարպետների գործիքներն են հավաքվել նրա մոտ։
Աշխատանքային գործիքները երկու ամսից ավելի ցուցադրվում էին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում։ Ցուցադրության կազմակերպիչն այս անգամ նախընտրել էր ներկայացնել սիրիահայ պղնձագործների մի քանի սերնդի աշխատանքային գործիքները` տարբեր տրամաչափի 140 զնդան, տարատեսակ 100 մուրճ, կարկիններ, ինչպես նաև պղնձե առարկաները փորագրելու համար նախատեսված մանր ու մեծ փորիչներ։ Դրանց կողքին ընդամենը պղնձից պատրաստված 10 կենցաղային առարկա էր ներկայացված՝ կրակարաններ, սափոր, սկուտեղ և այլն։ Ինչպես պրն Թոքմաջյանը հայտնեց, դրանք ցուցադրել է զուտ գործիքների կիրառման ոլորտը պատկերացնելու և արհեստավորների մեծ վարպետությունը ներկայացնելու համար։
Հովհաննես Գալեմքեարյանի հետ երկար տարիների բարեկամությունը և ընդհանուր հետաքրքրությունները Հրազդան Թոքմաջյանին մղել են ուսումնասիրելու արհեստագործների նշանավոր տոհմի պատմությունը։ Նկարիչ–արվեստագետը Գալեմքեարյան տոհմի շուրջ 200 տարվա գործունեությունն ամփոփել է մի ստվարածավալ հատորում։ Մեկենասների աջակցությամբ այն հրատարակվել 2016թ․–ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։
Գալեմքեարյանների նախահայրը՝ դերձակ Հակոբը, Ջուղա քաղաքից է գնացել Այնթապ։ Հակոբի որդին՝ Մելքոն Խալֆեն, կլայագործ է եղել, նաև՝ տիրացու և դպիր, հմուտ շարականագետ և երգիչ։ Նրա որդիներից Կարապետն է շարունակել հոր արհեստը, զարգացրել է այն, միաժամանակ զբաղվել կլայագործությամբ ու պղնձագործությամբ։ Ճակատագրի բերումով նրանք երեք տարբեր քաղաքներում են աշխատել՝ Այնթապ, Դամոսկոս և Հալեպ։
1915թ․–ին Կիլիկիայից հայերին տեղահանելուց հետո, Ջեմալ փաշայի միջնորդությամբ, ընտանիքը հայտնվում է Դամասկոսում։ Դաշնակիցների կողմից 1918թ․–ին Այնթապի գրավումը բազմաթիվ հայերի հնարավորություն է տալիս վերադառնալ քաղաք։ Գալեմքեարյանները նույնպես վերադարձել են Այնթապ, սակայն կարճ ժամանակ անց վերջնականապես հեռացել են այնտեղից։ 1921–24թթ․–ին հաստատվել են Դամասկոսում, իսկ 1924թ․–ին վերջնականապես տեղափոխվել են Հալեպ, որտեղ միջավայրը հայկական էր։ Գալեմքեարյանների արհեստանոցը Հալեպում գործել է մինչև 1961թ․։
Գրքում արվեստագետը պատմում է Գալեմքեարյան տոհմի մեծ վարպետի՝ Մելքոն Ուստայի մասին։ Որդին` Ավետիսը, վարպետությամբ չի զիջել նրան։ Ավետիսը հատկապես շատ վարպետորեն է կատարել պղնձյա առարկաների գեղազարդումը։ Նա հրաշալի պղնձագործ էր, բայց պատմության մեջ ավելի շատ հիշվում է որպես հայտնի ազգային հերոս։ Ավետիս Գալեմքեարյանը Այնթապի ինքնապաշտպանական կռիվների երեք կազմակերպիչներից մեկն էր։
Հրազդան Թոքմաջյանը պատմում է, որ տոհմի վերջին պղնձագործ վարպետը՝ Հովհաննես Գալեմքեարյանը, իր՝ Հալեպում գտնվելու տարիներին արդեն պղնձագործ չէր, հիմնականում արծաթագործությամբ էր զբաղվում։ Նա ոչ միայն իր ընտանիքի, այլև քաղաքի վերջին վարպետներից էր։ Շուկայում անուն ուներ, հոգևոր առաջնորդներն ու տեղի մեծահարուստներն իր արհեստանոցն էին գալիս հատուկ արծաթյա իրեր պատվիրելու համար։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»–ը Հռոմի պապին նվիրելու համար գրքի արծաթե կազմը նրան էր պատվիրել։
Թանգարանում մոտ 200 վարպետի է ներկայացրել՝ լուսանկարներով, մանրամասն կենսագրականներով՝ որտեղից են սերում, որ շուկաներում են աշխատել և այլն։ Այս վարպետները հավասարապես և՛ կենցաղային առարկաներ են պատրաստել, և՛ եկեղեցական պարագաներ, որոնք արդեն արծաթից էին։
Պղնձագործ վարպետների մի մասը ժամանակի ընթացքում փոխել էր արհեստը կամ այն ճյուղավորվել էր։ 1990–ականներին շուկայում աշխատող վերջին պղնձագործը, որին տեսել է Հ․ Թոքմաջյանը, եղել է Սարգիս Պետիկյանը։ 1920–ական թվականներից արդեն Եվրոպայից և Ամերիկայից մեքենաներ էին բերում, դրանք վթարվում էին և վերանորոգել էր պետք։ Վարպետների մի մասը դարձել էին թիթեղագործներ։ Հալեպի ամենանշանավոր թիթեղագործ վարպետներից մեկը խարբերդցի Ջիվան Երամյանն էր, նա մեծ թվով աշակերտներ ուներ։ Նկարիչ–արվեստագետը հայտնում է, որ Սիրիայի պատերազմից հետո հայրենադարձված լավագույն թիթեղագործները հալեպցիներն են համարվում։ Նրանք բացառիկ բծախնդրությամբ են աշխատում, դրա ակունքները պղնձագործության մեջ են։
Հալեպի հեղինակավոր անձանցից մտավորական և արհեստի գիտակ Ռուբեն Պարսումյանը հավաքել է տարածաշրջանում (Հալեպում և շրջակա երկրներում) աշխատած հայ պղնձագործ վարպետների անվանացանկը՝ մոտ 900 անուն։ Ավելի ուշ՝ 1990–ական թվականներին, ոսկերիչ Հակոբ Մոմջյանի հետ հավաքել են Սիրիայում բնակվող վարպետների լուսանկարները։ Այնուհետև, ինքն ու վարպետ Հովհաննեսը պղնձագործների արխիվին ավելացրել են նրանց անձնական կնիքները։ «70–ից ավելի վարպետներ դրոշմակնիք են օգտագործել, ոմանք նույնիսկ երկու կնիք են ունեցել՝ հայերենով և արաբերենով։ Միայն պղնձագործ Ասլանյան ընտանիքի վարպետները 20 կնիք են օգտագործել»,– պատմում է Հ․ Թոքմաջյանը՝ ցուցասրահում վարպետներին ներկայացնող վահանակի վրա ցույց տալով նրանց դրոշմակնիքների լուսանկարները։
Անցյալ դարի 70–ական թվականներից գործարանային էժան և բազմազան ապրանքները պղինձը դուրս են մղել կենցաղից։ Այնուամենայնիվ, անհատական աշխատանքներ պատվիրում էին վարպետներին։ «Հարուստ արաբները սովորություն ունեին սերվիս ունենալ՝ մի քանի մատուցարան, մի քանի ջրի սափոր և այլն։ Հայերն էլ ունեին այդպիսի բազմաթիվ առարկաներ, Հալեպի լավ ժամանակներում մինչև 30 կիլոգրամանոց արծաթյա իրերի պատվերներ էին տալիս։ Ցավոք, պատերազմից հետո, երբ հեռանում էին երկրից, արծաթի գնով հանձնում էին դրանք, որը հալեցնում էին»,– հիշում է արվեստագետը։
Հրազդան Թոքմաջյանն ասում է, որ 1990–ականներին, երբ ինքը Հալեպում էր բնակվում, հայերն իրենց կենցաղում որոշ պղնձե իրեր դեռևս օգտագործում էին։ Օրինակ, Սիրիայում մինչև հիմա քաղցրեղեն վաճառողները փախլավան պղնձե սկուտեղների մեջ են վաճառում՝ ինչպես իրենց հայրերն ու պապերն են արել 100 տարի առաջ։ Հայրենակցական միությունները մեծ միջոցառումների ժամանակ ճաշերը պղնձե ղազանների մեջ էին պատրաստում։ Կրակարաններն արդեն տունը տաքացնելու համար չէին օգտագործում, այլ որպես ինտերիերը լրացնող գեղեցիկ դեկորատիվ առարկա։
Հալեպում գտնվելու տարիներին նրան հաջողվել է համախոհների հետ Հայաստան տեղափոխել նաև սիրիահայ նշանավոր վարպետների ժառանգությունը՝ պղինձից պատրաստված աշխատանքները։ 2016թ․–ի մայիսի 28–ին՝ Հայաստանի անկախության հռչակման օրը, դրանք ցուցադրվել են Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում։
«Գալեմքեարյանների և ընդհանրապես սիրիահայ վարպետների աշխատանքները բացառիկ մշակութային արժեք ունեն, նաև չափազանց թանկ առարկաներ են։ Նրանց աշխատանքների մի մասը մեր տրամադրության տակ են, մի մասն էլ տարբեր մասնավոր հավաքածուներում՝ Թուրքիայում, Բրազիլիայում, Միացյալ Նահանգներում և այլուր։ Գալեմքեարյանները զարգացած ընտանիք էին, հասկանում էին իրենց ունեցածի մշակութային արժեքը։ Պահպանել էին Հովհաննեսի, նրա հոր, հորեղբոր աշխատանքները, պապի` Մելքոն Ուստայի և պապի հոր գործերը»,– տեղեկացրեց արվեստագետը։
Նրա գնահատմամբ՝ դրանք բոլորը թանգարանային նմուշներ են, որոնք կարելի է ժողովրդական արվեստի թանգարաններում ցուցադրել։ Սակայն թանգարանն իր սուղ տարածքի պայմաններում չի կարող երկու–երեք սրահ հատկացնել այդ իրերին՝ մշտական ցուցադրության համար։ «Առանձին թանգարան կարող է լինել այդ գերդաստանի անունով, որտեղ կցուցադրվեն և՛ գործիքները, և՛ աշխատանքները։ Հիմա, երբ Հայաստանում տուրիզմը բավականաչափ զարգացած է, կարծում եմ, առանձին մասնագիտացված թանգարանների կարիք կա։ Այս ցուցադրությունը շատ մեծ հետաքրքրություն է ունեցել, մի քանի հաղորդում է նկարահանվել, մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել։ Սեպտեմբերի առաջին օրվանից աշակերտներն են խմբերով այցելում»,– ասում է արվեստագետը։
Հրազդան Թոքմաջյանը Հալեպում բնակվելու 22 տարիներին սիրիահայ վարպետների կյանքին ու գործունեությանը նվիրված 5 գիրք է հեղինակել և բոլորը հրատարակվել են տեղի հայության մեկենասությամբ։ Ինչպես Հ․ Թոքմաջյանն է նշում՝ մարդիկ խանդավառ էին և ֆինանսավորում էին հրատարակությունները։ Վերջին գրքում, որը վերնագրել է «Հայկական պղնձագործություն, Սիրիահայ վարպետներ», ներկայացված են պղնձագործ վարպետներն ու նրանց լավագույն աշխատանքները։
«Սա, կարծես սիրիահայ պղնձագործների կյանքի հանրագիտարանը լինի։ Սիրիայում հավաքված գրեթե բոլոր վարպետները; 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի 70–ական թվականներ և դրանից հետո մինչև վերջին սիրիական պատերազմը, ներկայացված են 450 էջանոց պատկերագրքում։ Այդ վարպետների կենսագրությունը պատկերացում է տալիս, թե հայերն ինչ ներդրում են ունեցել տարածաշրջանի պղնձագործության մեջ»,– ասում է պրն Թոքմաջյանը։
Ինքն ու դիզայներ ընկերը պատկերագրքի վրա աշխատել են տասը տարի՝ 2016թ․–ից մինչև հիմա։ «Մեզ նյութերով բավական աջակցել են Գալեմքեարյանների, Ռուբեն Պարսումյանի, Ջիվան Երամյանի ընտանիքները։ Վերջինս թույլ է տվել իրենց ողջ հավաքածուն լուսանկարել և հրատարակել, նաև հավաքածուից բավական պղնձեղեն է տվել, որը մինչև հիմա Հալեպում է։ Վերջերս Թուրքիայում Մահմուդ Թամար անունով մեկից, որը հավանաբար հնավաճառ է, որոշ վարպետների գործերից լուսանկարներ ուզեցի, սիրով տրամադրեց»,– հայտնեց արվեստագետը։
Պատկերագիրքը պատրաստ է հրատարակության, բայց գումար չկա։ ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանն այժմ փորձում է ֆինանսավորում գտնել հրատարակելու համար։ Արվեստագետը ցավում է, որ ազգային մշակույթն այդքան անտեսված է, և միայն այն ժամանակ են հիշում դրա կարևորության մասին, երբ ուրիշները սեփականացնում են այն։ Վերջին թարմ հիշողությունը Այնթապի ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ում Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու դեպքն էր։
Գուցե այս անգամ հասցնենք թուրքերից առաջ անցնել և միջազգային կազմակերպությունում հիմնավորենք Այնթապի պղնձագործության հայկականությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել