Դոնալդ Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել ԵՄ-ի և Կանադայի հասցեին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել ԵՄ-ի և Կանադայի հասցեին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի առաջարկից հետո Կանադային՝ դառնալ պատմության մեջ առաջին ԵՄ ասոցացված անդամը։
Թրամփն այս առաջարկն անվանել էր ծիծաղելի և սպառնացել լուրջ մաքսատուրքեր սահմանել և դադարեցնել առևտուրը ԵՄ-ի հետ։
«Եթե նրանք դա անեն, եթե ես դա համարեմ թշնամական քայլ, ես շատ լուրջ մաքսատուրքեր կսահմանեմ կամ կդադարեցնեմ Եվրոպայի հետ առևտուրը բազմաթիվ ապրանքների մասով»,-ասել էր Թրամփը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Եթե մտադրությունը բարի է, ապա ամեն ինչ կարգին է։ Եթե մտադրությունը վատն է, մենք շատ բարձր մաքսատուրքեր կսահմանենք Եվրոպայի նկատմամբ, ինչը հնարավոր տարբերակ է»,- ասել էր նա։
Թրամփի հայտարարությունների հաջորդ օրը Եվրահանձնաժողովի առևտրային գծով խոսնակ Օլաֆ Գիլը շտապել էր վստահեցնել, որ ԵՄ-Կանադա մերձեցումն ու Եվրահանձնաժողովի առաջարկն ուղղված չեն որևէ երկրի դեմ։
«Ինչպես մեր նախագահը երեկ ասաց, Կանադայի հետ գործընկերության ամրապնդման մեր առաջարկն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն մեր համատեղ ներուժի մասին է»,-ասել էր նա։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ողջունել էր Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հրավերը և խոսել ԵՄ-ի և Կանադայի համատեղ ներուժի մասին՝ նշելով, որ Եվրոպան և Կանադան միասին ավելի ուժեղ են։
Ըստ Քարնիի, այս դաշինքը կարող է փարոս լինել ժողովրդավար երկրների համար։ Քարնին նաև ասել էր, որ Կանադան չի ձգտում դառնալ ԵՄ լիարժեք անդամ։ Իսկ թե գործնականում ինչ է ենթադրում ասոցացված անդամակցությունը, դեռ պարզ չէ։
Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի՝ Կանադայի մասին բազմաթիվ վիճահարույց հայտարարություններն ու մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքները, երկու երկրների միջև հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են։ Կանադայի ու ԵՄ-ի մերձեցումը դիտարկվում է այս քաղաքական համատեքստում։
Մարկ Քարնին պատասխանել է Թրամփի սպառնալիքներին՝ նշելով, որ մաքսատուրքեր սահմանելը Կանադայի վրա ճնշման գործիք է։
«Այս դաշինքը դրական գործընթաց է։ Սա է իմ պատասխանը ԱՄՆ նախագահին։ Կանադացիները միավորված են այն գաղափարի շուրջ, որ ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ լեզվով մենք խոսենք, ոչ ոք չի կարող թելադրել մեր մշակույթը կամ ում հետ մենք համաձայնագրեր կնքենք միջազգային ասպարեզում»,-ասել է Քարնին։
Իսկ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Քարնիի ելույթից առաջ տված հարցազրույցում առաջ էր քաշել այն միտքը, որ Ավստրալիան և Նոր Զելանդիան նույնպես կարող են հետևել Կանադայի օրինակին և դառնալ ԵՄ ասոցացված անդամ։
Ըստ Մեցոլայի՝ ասոցացված անդամակցությունը ԵՄ լիարժեք անդամ երկրի և ԵՄ անդամ թեկնածու երկրի միջև գտնվող տարբերակ է։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ բանակցությունները վաղ փուլում են։
Հիշեցնենք, որ ասոցացված անդամակցության գաղափարի մասին առաջին անգամ ակնարկել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը 2026-ի մայիսին՝ խոսելով Ուկրաինայի մասին։
Սամսոն Մարտիրոսյան,
Բրյուսել
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել