Չեխական «Առնիկան» արձագանքել է ԶՊՄԿ-ի ու Կապանի ԼՀԿ-ի քննադատություններին
Սյունիքի մարզում գործող երկու խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատը, վերջերս արձագանքել էին չեխական «Առնիկա» կազմակերպության կողմից Սյունիքի մարզում՝ իրենց գործունեության գոտի հանդիսացող Քաջարան-Կապան հատվածում իրականացված հետազոտությանը:
Ինչպես գրել էինք նախորդ հոդվածում, հայկական արդյունահանողների բարձրացրած հարցերը, իսկ ավելի ճիշտ՝ խիստ քննադատական մեկնաբանությունները չեխական կողմի կատարած աշխատանքի մասին, ուղղել էինք «Առնիկային», որն էլ պատասխանել է դրանց:
ԶՊՄԿ-ի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետը, մասնավորապես, արտահայտվել էր այսպես. «Այս «հետազոտության» ու այս կազմակերպության հայաստանյան գործունեության մեջ ինձ շատ բան է տարօրինակ, անտրամաբանական, անվստահելի, եթե ոչ կասկածելի թվում։ Ներառյալ այս կազմակերպության հետեւողական փորձերը Հայաստանի հանքարդյունաբերությունը որպես աղտոտման աղբյուր ներկայացնելու՝ չունենալով իրականում ոչ մի հիմնավոր ապացույց: Ընդ որում՝ իրենք են խոստովանում, որ խորքային հետազոտության համար բավարար միջոց չունեն»:
«Առնիկայի» արձագանքը հետեւյալն է. «Զեկույցը չի ներկայացնում Հայաստանի հանքարդյունաբերությունը որպես աղտոտման միակ կամ ունիվերսալ աղբյուր: Դրա նախաբանը ներկայացնում է հանքարդյունաբերության եւ հանքաքարի վերամշակման հետ կապված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ավելի լայն գիտական համատեքստը՝ հիմնվելով հրապարակված գրականության վրա: Ուսումնասիրությունն ինքնին աշխարհագրական առումով կոնկրետ է. այն կենտրոնանում է Սյունիքի մարզի եւ այն համայնքների վրա, որոնք գտնվում են գործող ու չգործող հանքարդյունաբերական եւ վերամշակող օբյեկտների մոտ:
Զեկույցում նաեւ ընդունվում է, որ աղտոտման բնույթը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, այդ թվում՝ երկրաբանական նախապատմությամբ, պատմական հանքարդյունաբերական գործունեությամբ, ներկայիս արդյունաբերական գործունեությամբ, պոչամբարներով, տրանսպորտով եւ լոկալ աղբյուրներով: Այն չի վերագրում յուրաքանչյուր չափված խտություն մեկ ընկերության կամ գործունեության:
Ուսումնասիրությունը թափանցիկորեն ներկայացված է որպես հետազոտական բազային գնահատում, այլ ոչ թե համապարփակ տարածաշրջանային գույքագրում կամ կարգավորող մարմնի համապատասխանության ուսումնասիրություն: Դրա շրջանակը եւ սահմանափակումները հստակ նկարագրված են, այդ թվում՝ նմուշների քանակը, նմուշառումը մեկ սեզոնի ընթացքում, ինչպես նաեւ աղտոտման աղբյուրների մասնաբաժինների վերաբերյալ վերլուծության բացակայությունը: Աշխատանքի նպատակն է նոր տվյալներ ներկայացնել Սյունիքում փոշու, նստվածքի եւ դրանց առնչվող ազդեցության ուղիների վերաբերյալ:
Արդյունքները պետք է դիտարկվեն Կապան-Քաջարան հատվածում նախկինում կատարված (այդ թվում՝ հայկական կազմակերպությունների կողմից) հետազոտությունների հետ մեկտեղ, որոնք փաստագրել են ծանր մետաղների առկայությունը հողում, ջրում, նստվածքներում, փոշում, գյուղատնտեսական արտադրանքում եւ մարդու կենսաբանական նմուշներում: Ներկայիս ուսումնասիրությունը ներառում է 2025 թ. տվյալներ»:
ԶՊՄԿ-ն նաեւ հայտարարել էր, որ «Առնիկայի» զեկույցի նախաբանում կան ակադեմիական սխալներ. «Օրինակ՝ նշվում է, որ Սյունիքում պղնձի եւ մոլիբդենի արդյունաբերությունը գործում է 1950-ական թվականներից։ Մինչդեռ դեռեւս 19-րդ դարում Կապանը հանքարդյունաբերության համաշխարհային քարտեզում ունեցել է իր հստակ տեղը»:
Չեխական կողմի արձագանքն այսպիսին է. «Հանքարդյունաբերությունը Կապանի ավելի լայն տարածքում սկիզբ է առել դեռեւս 19-րդ դարում։ 1950-ական թվականներին առնչվող հիշատակումը վերաբերում է Կապան-Քաջարան հատվածում պղինձ-մոլիբդենային հանքարդյունաբերության եւ վերամշակման ժամանակակից, խոշորածավալ գործունեության ծավալմանը, այլ ոչ թե Սյունիքում հանքարդյունաբերական գործունեության ընդհանուր սկզբնավորմանը։ Պատմական այս տարբերակումը որեւէ ազդեցություն չունի 2025 թ. նմուշառման արդյունքների կամ շրջակա միջավայրի ներկայիս վիճակի վերաբերյալ զեկույցի գնահատականի վրա»:
Թե՛ ԶՊՄԿ-ն, թե՛ Կապանի ԼՀԿ-ն անդրադարձ էին կատարել «Առնիկայի» կողմից կատարված նմուշառման մեթոդաբանության հստակեցմանը: ԶՊՄԿ-ն, մասնավորապես, նշել էր. «Նույնիսկ հրապարակված նյութերից եւ լուսանկարներից տպավորություն է ստեղծվում, որ անհրաժեշտ, վերահսկելի գիտական նմուշառման սկզբունքները պատշաճ կերպով չեն պահպանվել»։
«Ուսումնասիրության նմուշառման ընթացակարգերը նկարագրված են զեկույցում եւ պետք է գնահատվեն արձանագրված մեթոդաբանության հիման վրա,- պատասխանել է «Առնիկան»՝ հավելելով,- գրանցվել են նմուշառման վայրերը, ամսաթվերը, եղանակային պայմանները եւ տեղանքի բնութագրերը, նմուշները պիտակվել եւ արձանագրվել են, իսկ մի քանի ենթատարածքներից պատրաստվել են համակցված նմուշներ՝ նվազեցնելու համար խիստ տեղայնացված տարբերակման ազդեցությունը: Շրջակա միջավայրի նմուշները հետագայում վերլուծվել են հավաստագրված լաբորատորիաների կողմից՝ օգտագործելով զեկույցում նշված մեթոդները»:
Փոշու նմուշառում Քաջարանում, 2025 թ. սեպտեմբեր, հեղ.՝ Յինդրժիխ Պետրլիկ
ԶՊՄԿ-ն անդրադարձել էր նաեւ նմուշառման գործիքներին. «Լուսանկարներում երեւում է, որ Կապանի եւ Քաջարանի բնակավայրերում նմուշառման համար օգտագործվել են կենցաղային պարագաներ՝ տաշտակ եւ խոզանակ։ Նմուշները պահվել են սովորական կենցաղային տոպրակներում։ Նման մոտեցումը չի կարող համարվել պրոֆեսիոնալ, ու հենց այս փուլից ուսումնասիրության լրջությունը դրվում է կասկածի տակ»:
«Լուսանկարներում պատկերված իրը չժանգոտվող պողպատից տարա է, այլ ոչ թե կենցաղային տաշտ,- արձագանքել է «Առնիկան»,- մակերեսային փոշին հավաքվել է մաքրված չժանգոտվող պողպատից գործիքներով, այդ թվում՝ տարայով եւ բահով, ինչպես նաեւ խոզանակով: Սարքավորումները մաքրվել են օգտագործելուց առաջ, դաշտային անձնակազմը ձեռնոցներ է կրել, եւ յուրաքանչյուր նմուշ արձանագրվել ու պիտակվել է: Յուրաքանչյուր վայրում գտնվող մի քանի ենթատարածքներից համակցված նմուշներ են պատրաստվել:
Փոշու նմուշառում Գեղանուշում, 2025 թ. սեպտեմբեր, հեղ.՝ Յինդրժիխ Պետրլիկ
Մաքուր խոզանակների եւ չժանգոտվող պողպատից տարաների օգտագործումը նստվածքային կամ մակերեսային փոշի հավաքելու համար, ապա պիտակված, հերմետիկ պոլիէթիլենային տոպրակների մեջ պահելն արձանագրված են շրջակա միջավայրի փոշու վերաբերյալ հրապարակված ուսումնասիրություններում:
Նմուշները պահվել են պիտակված LDPE զիպ տոպրակների մեջ: Շրջակա միջավայրի նմուշները հետագայում վերլուծվել են հավաստագրված լաբորատորիայի կողմից՝ օգտագործելով ICP-MS անալիզային մեթոդ մետաղների համար եւ AAS-AMA՝ սնդիկի համար»:
ԶՊՄԿ-ն անհանգստություն էր հայտնել այն փաստի վերաբերյալ, որ, մասնավորապես, մարդկանց կենսաբանական (մեզի) նմուշները հետազոտվել են ոչ թե Հայաստանում, այլ Չեխիայում. «Առանձին պարզաբանման կարիք ունի այն, թե ինչու են նմուշները, այդ թվում՝ մարդկանցից վերցրած կենսաբանական նմուշները, տեղափոխվել արտերկիր, մասնավորապես՝ Չեխիա, եւ ոչ թե ուսումնասիրվել տեղում։ Հայաստանում կան միջազգային պահանջներին համապատասխանող եւ հավաստագրում ունեցող լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է իրականացնել անհրաժեշտ հետազոտությունները»։
«Առնիկայի» պատասխանը հետեւյալն է. «Այս ծրագրում ներառված որոշ անհատական հետազոտություններ կարող են հասանելի լինել Հայաստանի հավաստագրված լաբորատորիաներում: Սակայն ուսումնասիրությունը պահանջում էր որոշակի ծավալով վերլուծական աշխատանք մի քանի միջավայրերի եւ աղտոտիչների խմբերի համար՝ մետաղներ եւ սնդիկ փոշու, հողի եւ նստվածքի մեջ, պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ, PCB) ու պեր- եւ պոլիֆտորալկիլային միացություններ (ՊՖԱՄ, PFAS) նստվածքի մեջ, ինչպես նաեւ մետաղներ, այդ թվում՝ սնդիկ, մեզի մեջ: Հավաստագրումը վերաբերում է մեթոդին, անալիտին եւ նմուշի միջավայրին: Լաբորատորիայի ընդհանուր հավաստագրումն ինքնին ցույց չի տալիս, որ այն կարող է ապահովել այս ուսումնասիրության համար անհրաժեշտ վերլուծական շրջանակը՝ ուղղակիորեն համեմատելի մեթոդներով, հայտնաբերման սահմաններով եւ որակի վերահսկման չափանիշներով»:
Ըստ չեխական կազմակերպության՝ հանրայնորեն հասանելի ինֆորմացիայի հիման վրա իրենք չեն կարողացել ստուգել, թե արդյոք Հայաստանի հավաստագրված լաբորատորիաները ծածկում են «Առնիկայի» ուսումնասիրության համար անհրաժեշտ ամբողջ վերլուծական շրջանակը:
«Ուսումնասիրության շրջանակներում տարբեր տեսակի հետազոտություններ են պատվիրվել հավաստագրված չեխական լաբորատորիաներին՝ համապատասխան միջավայրերի եւ աղտոտիչների խմբերի համար սահմանված մեթոդներով: Սա ապահովել է տվյալների համապատասխանությունը եւ համեմատելիությունը մեր նախորդ ուսումնասիրությունների հետ: Ընդ որում՝ նույն նմուշը նույն վերլուծության համար չի բաժանվել մի քանի լաբորատորիաների, քանի որ դա ինքնին չէր բարելավի ո՛չ արդյունքների հուսալիությունը, ո՛չ դրանց համեմատելիությունը»,- նշել է «Առնիկան»:
Անդրադառնալով հետազոտության արդյունքներին՝ ԶՊՄԿ-ն հայտարարել է. «Նշվում է, որ Քաջարանում հողի մեկ նմուշում պղնձի պարունակությունը կազմել է 2.3 գ/կգ, իսկ հինգ նմուշների միջին ցուցանիշը՝ 1.1 գ/կգ։ Եթե «հետազոտության» այս թվերը ճիշտ են ներկայացվել, ապա ստացվում է, որ այս մարդիկ մակերեւութային փոշու կամ հողի մեջ հայտնաբերել են հանքաքարի պարունակությանը մոտ կամ գերազանցող պղնձի պարունակություն»:
Նստվածքի նմուշների արդյունքները, աղբյուրը՝ «Պոչամբարներից այն կողմ. շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու մարդու վրա ազդեցությունը Հայաստանում» զեկույց
«2,314 մգ/կգ տվյալը վերաբերում է գետային նստվածքի նմուշին, այլ ոչ թե հողին կամ մակերեսային փոշուն: Զեկույցում չի նշվում հողի 5 նմուշների համար 1.1 գ/կգ միջին ցուցանիշ․ 1.14 գ/կգ-ը նստվածքի 4 նմուշների միջին տվյալն է,- ԶՊՄԿ-ին ուղղել է «Առնիկան» ու հավելել,- գետային նստվածքները սովորաբար օգտագործվում են շրջակա միջավայրի մոնիտորինգում, քանի որ ջրի միջոցով տեղափոխվող մետաղները կարող են կապվել կախված մասնիկների հետ եւ կուտակվել նստվածքներում, հատկապես՝ մանրահատիկ նյութի մեջ։ Հետեւաբար, շրջակա միջավայրի այլ բաղադրիչների համեմատ նստվածքներում մետաղների ավելի բարձր խտություններն անսպասելի չեն եւ տեղեկություն են տալիս ջրհավաք ավազանում մետաղների տեղափոխման ու կուտակման վերաբերյալ։ Զեկույցում նմուշը չի դասակարգվում որպես հանքաքար․ արդյունքը գնահատվում է՝ հիմնվելով նստվածքի որակի չափանիշների վրա»:
ԶՊՄԿ-ն ուշադրություն է հրավիրել «Առնիկայի» կողմից Քաջարանում վերցված հողի նմուշի (նմուշը մեկն է եղել) վերլուծության վրա. «Հեղինակները գալիս են մի եզրահանգման, որ Քաջարանի հողի նմուշում ուսումնասիրված մետաղների ցուցանիշները, բացառությամբ մեկի, չեն գերազանցում Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության կողմից սահմանված շեմերը։ Օրինակ՝ նրանք նշում են, որ Քաջարանի հողի նմուշի եւ Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության սահմանած մակարդակների ու շեմերի համեմատությունը ցույց է տալիս, որ մկնդեղն այն միակ մետաղն է, որը գերազանցում է սահմանված չափորոշիչները։ Մյուս հինգ մետաղների ցուցանիշները, որոնք ուսումնասիրվել են Քաջարանի հողի նմուշում, եղել են չեխական սահմանային շեմերից զգալիորեն ցածր։ Ինչ վերաբերում է մկնդեղին, ապա ԶՊՄԿ-ի արդյունաբերական պրոցեսները չեն կարող որեւէ կերպ ավելացնել հողում մկնդեղի պարունակությունը»։
«Պնդումը ճիշտ է այն առումով, որ հողի մեկ նմուշում վերլուծված 6 մետաղներից միայն մկնդեղի պարունակությունն է գերազանցել Չեխիայի սահմանած կողմնորոշիչ մակարդակները։ Այս ուսումնասիրությունը նախատեսված չի եղել որպես հողի համապարփակ հետազոտություն. հողի նմուշը վերցվել է որպես տարբեր միջավայրերի համեմատական վերլուծության լրացուցիչ բաղադրիչ,- պարզաբանել է «Առնիկան»՝ հավելելով,- զեկույցի հիմնական եզրահանգումները հիմնված չեն հողի այդ մեկ նմուշի վրա։ Զեկույցը հիմնականում կենտրոնանում է նստվածքային փոշու՝ որպես ազդեցության հնարավոր միջավայրի, եւ նստվածքների՝ որպես մետաղների տեղափոխման ցուցիչի եւ էկոլոգիական նշանակության վրա։ Նստվածքների նմուշներում պղնձի պարունակությունը հասել է 2,314 մգ/կգ-ի, իսկ մկնդեղինը՝ 43.7 մգ/կգ-ի. զեկույցում այս արդյունքները համեմատվում են նստվածքների որակի վերաբերյալ Կանադայի սահմանած ուղեցուցային նորմերի հետ։ Փոշու նմուշներում պղնձի պարունակությունը կազմել է 998 մգ/կգ, իսկ մկնդեղինը՝ 25.4 մգ/կգ։
Հողի նմուշի դեպքում չեխական նորմատիվներն օգտագործվել են միայն որպես կողմնորոշիչ ցուցանիշ։ Այդ համեմատության արդյունքում պարզվել է, որ մկնդեղի պարունակությունը մոտ 38 անգամ գերազանցել է «այլ հողերի» համար Չեխիայի սահմանած կողմնորոշիչ մակարդակը։ Զեկույցը չի պնդում, թե հանքարդյունաբերությունը չի կարող նպաստել հողում մկնդեղի առկայությանը։ Այն ներկայացնում է հողում, փոշու մեջ եւ նստվածքներում մկնդեղի խտությունները, սակայն առանձին աղբյուրների ներդրումը պարզելու համար կպահանջվեր այդ աղբյուրների մասնաբաժինները որոշելուն ուղղված հատուկ ուսումնասիրություն:
Հետեւաբար, հողի վերաբերյալ ստացված արդյունքը չպետք է օգտագործվի՝ ամբողջ ուսումնասիրությունը բնութագրելու համար։ Զեկույցում առանձին-առանձին ներկայացված են փոշու, հողի եւ նստվածքների վերաբերյալ արդյունքները, ինչպես նաեւ բացատրված են յուրաքանչյուր միջավայրի համար կիրառելի ուղեցուցային տվյալներն ու սահմանափակումները»:
Անդրադառնալով հանքարդյունաբերողի դիտարկմանը, թե «ԶՊՄԿ-ի արդյունաբերական պրոցեսները չեն կարող որեւէ կերպ ավելացնել հողում մկնդեղի պարունակությունը»՝ «Առնիկան» պատասխանել է. «Նախկին ուսումնասիրությունները հաստատում են, որ Քաջարան-Արծվանիկ-Կապան տարածքի շրջակա միջավայրի բաղադրիչներում առկա է մկնդեղ։ Այս ուսումնասիրությունը որեւէ կոնկրետ նմուշում հայտնաբերված մկնդեղը չի վերագրում որեւէ կոնկրետ աղբյուրի. այնուամենայնիվ, հանքարդյունաբերության եւ վերամշակող գործունեության մասնակցությունը բացառող միանշանակ եզրակացություն անելու համար անհրաժեշտ կլինեին տվյալ վայրին առնչվող փաստական տվյալներ՝ հանքաքարի եւ պոչանքների բաղադրության, արտանետումների ու շրջակա միջավայրում դրանց տեղափոխման վերաբերյալ»:
Հիմնվելով Քաջարանի հողի միակ նմուշում, բացի մկնդեղից, մյուս 5 մետաղների՝ Չեխիայի սահմանած շեմից ցածր ցուցանիշների վրա՝ ԶՊՄԿ-ն հայտարարել էր. «Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են շարունակաբար հրապարակվում ահասարսուռ վերնագրեր, եթե, ըստ հենց իրենց ներկայացրած տվյալների, Քաջարանի հողի նմուշում ուսումնասիրված մետաղների ցուցանիշները ցածր են Չեխիայի կողմից սահմանված ստանդարտներից»։
Ի պատասխան՝ «Առնիկան» նորից հիշեցրել է, որ իր ուսումնասիրությունը հիմնականում կենտրոնացել է նստվածքային փոշու, այլ ոչ թե հողի համապարփակ հետազոտության վրա։ «Հողի նմուշը վերցվել է որպես բազմամիջավայրային համեմատության լրացուցիչ մաս եւ չի կարող օգտագործվել՝ ուսումնասիրության բոլոր արդյունքները բնութագրելու համար։ Զեկույցում թափանցիկ կերպով ներկայացված են հողի վերաբերյալ արդյունքները, մինչդեռ եզրահանգումները հիմնված են փոշու եւ նստվածքների վերաբերյալ տվյալների ամբողջական ծավալի վրա։ Վերնագրերը որոշվում են առանձին լրատվամիջոցների կողմից ինքնուրույն․ մեր պարտականությունն է ճշգրիտ ներկայացնել ուսումնասիրության մեթոդները, արդյունքները եւ սահմանափակումները»:
«Հանքարդյունաբերական ընկերությունները աշխատում են աշխարհի առաջատար ոլորտային լաբորատորիաների, հետազոտական ընկերությունների, խորհրդատվական կազմակերպությունների հետ եւ, անկեղծ ասած, հասարակական կազմակերպությունների սիրողական խորհուրդների կարիքը չունեն,- հայտարարել էր ԶՊՄԿ-ն՝ ավելացնելով,- միեւնույն ժամանակ, մենք բաց ենք ցանկացած հարց, խնդիր քննարկելու եւ պարզաբանելու, այդ թվում՝ այս «հետազոտողների» սխալները իրենց իսկ մատնացույց անելու։ Սակայն այդ հնարավորությունը մեզ չի տրվել»:
Սրան «Առնիկան» պատասխանել է. «Սա եղել է անկախ ուսումնասիրություն եւ չի պատվիրվել կամ ֆինանսավորվել շահագրգիռ ընկերությունների կողմից։ Դրա հավաստիությունը կախված չէ ընկերությունների նախնական հավանությունից կամ համատեղ համեմատական գործընթացին մասնակցելուց։ Մենք պատրաստ ենք գրավոր արձագանքել փաստական կամ մեթոդաբանական բնույթի կոնկրետ դիտողություններին, որոնք հիմնավորված են ստուգելի ապացույցներով»։
Չեխական կազմակերպության հետազոտությանն արձագանքել էր նաեւ Կապանի ԼՀԿ-ն, որի պնդմամբ՝ «Առնիկայի» կողմից ներկայացված վերլուծությունը զուրկ է ստանդարտ համեմատական մեթոդոլոգիական հենքից, հիմնված է բացառապես մակերեսային եւ հուզական վերլուծական նյութի վրա, ինչը լուրջ քննարկման առարկա չի կարող դառնալ:
Կապանի ԼՀԿ-ն ու Շահումյանի փակ հանքի մակերեւույթի մի մասը (արխիվ)
«Բոլոր մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ ընկերության գործարար համբավն անհիմն տեղեկատվական հոսքերով արատավորելու գործելաոճից՝ ամենեւին չցանկանալով երկխոսությունը շարունակել դատական ատյաններում,- նշել էր ԼՀԿ-ն,- ավելին՝ ընկերությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած բաց եւ թափանցիկ գործելաոճին, «Առնիկա» կազմակերպության Սյունիքի մարզի ներկայացուցիչ «Երիտասարդական իմպուլս» ՀԿ-ին եւ Գեղանուշ գյուղի բնակիչներին Գեղանուշի պոչամբարի նախագծի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության հանրային քննարկումների ժամանակ առաջարկել է կիսվել կատարված մոնիտորինգային ուսումնասիրությունների արդյունքներով, համեմատել ընկերության կողմից կատարվող մոնիտորինգի տվյալներով, ինչին առ այսօր արձագանք չկա»:
«Ուսումնասիրությունը հիմնված է արձանագրված նմուշառման, հավաստագրված լաբորատոր վերլուծությունների, հրապարակված արդյունքների եւ դրա սահմանափակումների թափանցիկ քննարկման վրա։ Հետեւաբար, այն պետք է գնահատվի իր մեթոդների եւ տվյալների հիման վրա,- ի պատասխան ԼՀԿ-ի՝ հայտարարել է «Առնիկան»,- մեր մոնիտորինգի տվյալների հետ ցանկացած իմաստալից համեմատություն կպահանջի թափանցիկ մեթոդաբանական տեղեկատվություն եւ հիմքում ընկած վերաբերելի տվյալներ երկու կողմերից, ներառյալ՝ նմուշառման վայրերը եւ ամսաթվերը, նմուշների միջավայրերը, վերլուծական մեթոդները, հայտնաբերման սահմանները, չափման անորոշությունը եւ որակի վերահսկման ընթացակարգերը»:
Ինչ վերաբերում է «Երիտասարդական իմպուլս» ՀԿ-ին, ապա չեխական կողմը նշել է, որ այս հայկական կազմակերպությունը չի ներկայացնում «Առնիկային», փոխարենը համագործակցել է իր հետ Սյունիքի մարզում:
ԼՀԿ-ն նաեւ նշել էր, որ չեխական զեկույցի բովանդակությունից պարզ չէ, թե արդյոք հեղինակներն ուսումնասիրել են ՀՀ գործող օրենսդրության՝ քննարկվող ոլորտային կանոնակարգերը, թե ոչ: Ըստ հանքարդյունաբերողի՝ առաջարկների մի մասը գոյություն ունեն գործող օրենսդրական լուծումներում, որոնք նաեւ կատարելագործվում են ՀՀ կառավարության՝ տարբեր ոլորտների կողմից մշակվող ռազմավարությունների շրջանակներում:
«Զեկույցը շրջակա միջավայրի մոնիտորինգ եւ ազդեցության գնահատում է, այլ ոչ թե Հայաստանի ոլորտային օրենսդրության համապարփակ իրավական ուսումնասիրություն,- արձագանքել է «Առնիկան»,- դրա առաջարկությունները սահմանում են գործնական միջոցառումներ, որոնք հիմնված են ուսումնասիրության արդյունքների եւ գիտականորեն հիմնավորված համապատասխան տվյալների վրա: Եթե դրանցից մի քանիսն արդեն արտացոլված են Հայաստանի օրենսդրության մեջ կամ Կառավարության ռազմավարություններում, սա դրական զարգացում է. դրանց արդյունավետ իրագործումն ու թափանցիկ հանրային հաշվետվությունը շարունակում են էական մնալ»:
«Հետքի» հարցին, թե արդյոք «Առնիկան» պատրաստ է քննարկել հանքարդյունաբերող ընկերությունների բարձրացրած հարցերը, կազմակերպությունն արձագանքել է «Այո։ Մենք պատրաստ ենք գրավոր քննարկել գիտական եւ մեթոդաբանական կոնկրետ հարցեր՝ հիմնվելով ստուգելի ապացույցների եւ ելակետային տվյալների վրա։ Ուսումնասիրությունն իրականացվել է անկախ հիմունքներով եւ հրապարակումից առաջ չի ներկայացվել ընկերություններին՝ հաստատման համար։ Ներկայումս մենք ուսումնասիրում ենք ստացված դիտողությունները»:
Իսկ հարցին, թե արդյոք ուսումնասիրության արդյունքները Հայաստանում ներկայացնելիս մասնակցության հրավեր է ուղարկվել հանքարդյունաբերող ընկերություններին, եւ եթե ոչ, ապա ինչու, «Առնիկան» պատասխանել է. «Ոչ, մենք հանքարդյունաբերական ընկերություններին չէինք հրավիրել զեկույցի շնորհանդեսին։ Ցանկանում էինք արդյունքները նախ ներկայացնել տեղի բնակիչներին ու համայնքներին եւ նրանց համար ստեղծել հանգիստ ու անվտանգ միջավայր՝ հարցեր տալու եւ իրենց մտահոգությունները բաց քննարկելու համար: Սա նպատակ չուներ խոչընդոտել հանքարդյունաբերողների հետ երկխոսությունը։ Մենք պատրաստակամ ենք շարունակել քննարկումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ պատրաստ ենք ընկերությունների հետ կառուցողական ու փաստերի վրա հիմնված քննարկում ծավալել ստացված արդյունքների շուրջ»:
Առաջին լուսանկարում՝ Քաջարանի հանքն ու Քաջարան քաղաքը՝ ԶՊՄԿ-ով (արխիվ), հեղ.՝ Սարո Բաղդասարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել