21 դիմում, զրո արդյունք
2 տարի է՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրի 14/1 հասցեի Վահե Վարդանյանի տան բակում վթարված կոյուղատարից անարգել հոսում է երևանյան կեղտաջուրը՝ վայրկյանում մոտ 250-300 լիտր։ Այս տարիների ընթացքում արտահոսած կեղտաջրի ծավալը կազմել է Երևանյան լճի ծավալի մոտ չորսապատիկը։ Տարածքում տիրող անտանելի գարշահոտության պատճառով տան բնակիչները չեն կարողանում սեփական բակում երկար մնալ։
Վահե Վարդանյանը պատմում է, որ 2024-ի մարտին գարշահոտություն են զգացել։ Փորձելով գտնել աղբյուրը և ենթադրելով, թե պատճառը տարածքում կուտակված փայտերն են՝ որոշել են մաքրել բակի այդ հատվածը։ Մաքրման ընթացքում հողաշերտը փլուզվել է, և պարզվել է գարշահոտության բուն պատճառը խողովակից դուրս թափվող կեղտաջուրն է։
Ինչպես հետագայում պարզվել է, վթարված կոյուղատարի տրամաչափը 1800 մմ է (1,8 մ)։ Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության տվյալների՝ այդ հատվածից վայրկյանում դուրս է հոսում 250-300 լիտր կեղտաջուր։
Ո՞ւր է գնում այդ հսկայական ծավալի ջուրը․ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները տեղում ուսումնասիրություն են կատարել և ենթադրել, որ այն հնարավոր է միախառնվում է գրունտային ջրերին, սակայն այդ վարկածը դեռևս ապացուցված չէ։
Տունը գտնվում է «Աերացիա» մաքրման կայանից մոտ 100 մետր հեռավորության վրա։ Բնակիչ Վահե Վարդանյանը նշում է, որ եթե «Աերացիա» կեղտաջրերի մաքրման նոր կայանը կառուցվեր, կշահագործվեին կայան մտնող նոր խողովակները, և հինը չէր վնասվի մաշվածության պատճառով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը սկզբում պնդել է, թե այդտեղ իրենց պատկանող խողովակ չկա, իսկ ավելի ուշ նկատել են, որ վարձակալության պայմանագրով իրենց փոխանցված խողովակաշարերի գծագրերում այն նշված էր իրական տեղադիրքից մոտ 100-150 մետր շեղումով։ Աշխատակիցները եկել են, տեղում տեսել իրավիճակը, մաքրել փլուզման պատճառով առաջացած հողային նստվածը։ Հետո գրավոր պատասխանել են, որ տարածքում գործող հացի արտադրամասը կառուցելիս չի պահպանվել սանիտարապահպանական շերտագծերի գոտիները, որն էլ անհնար է դարձնում աշխատանքների իրականացումը։ Վահե Վարդանյանը նշում է, որ իրենք համաձայնել են քանդել խանգարող հատվածը, որը երևում է նաև պաշտոնական գերատեսչություններին ուղարկած նրա գրություններում։
Մոտ մեկ տարի անց՝ 2025-ի մարտին, գարշահոտությունը մի փոքր մեղմելու համար բնակիչները որոշում են ծածկել այդ մասը քարերով, ավազով, վրան դնում են հաստ տախտակներ և կտորներ։ Սեփական միջոցներով վարձում են բանվորներ, օգնում են նաև համագյուղացիները։ Այդ աշխատանքների իրականացման ժամանակ գյուղացիներից մեկն ընկնում է փոսը և ստանում վնասվածքներ։ Նրան ջրից դուրս է բերում Վահեի հայրը, ժամանում են շտապօգնության աշխատակիցները։
Այս երկու տարվա ընթացքում Վահե Վարդանյանը գրավոր 21 անգամ դիմել է պետական մարմիններին. 3 անգամ՝ վարչապետի աշխատակազմին, 4 անգամ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, 3 անգամ՝ ՏԿԵՆ՝ Ջրային կոմիտեին, 3 անգամ՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը, 2 անգամ՝ Արարատի մարզպետարանին, 2 անգամ՝ Մասիսի համայնքապետարանին, 2 անգամ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, 1-ական անգամ էլ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, ՆԳՆ Փրկարար ծառայությանը և Շրջակա միջավայրի նախարարությանը։ Բացի այս դիմումներից նա պարբերաբար հեռախոսազանգեր է ունեցել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, համայնքապետարանի հետ՝ լուծումներ փնտրելու նպատակով, բայց ապարդյուն։ Իր պատասխաններում «Վեոլիա Ջուր» ընկերությունը նշել է, որ վթարի պատճառը խողովակի տարողունակությունն է, և խնդիրը հիմնականում առաջանում է անձրևների ժամանակ, ինչը պայմանավորված է կոյուղատար համակարգին ապօրինի միացված բազմաթիվ անձրևատարերով։
2025-ի գարնանը «Վեոլիա Ջուր»-ը նշել է, որ նորոգման աշխատանքների համար հարկավոր էր նախ կանգնեցնել ջրի հոսքը, որի համար անհրաժեշտ են մեծ փականներ։ Գրություններում ընկերությունը նշում էր, որ մեկ ամիս ուսումնասիրելուց հետո հասկացել են, որ «Աերացիա» կայանում փականներ չկան, մինչդեռ բանավոր խոսքում Վահե Վարդանյանին նշել են, որ փականները կան, բայց դրանք իջեցնելու շարժիչներն են բացակայում, իսկ բնակչի առաջարկած՝ կռունկով իջեցնելու տարբերակը մերժել են։ Մեր հարցին, թե ինչո՞ւ չկան այդ փականները կամ շարժիչները «Վեոլիա Ջուր»-ը չի պատասխանել։
ՏԿԵՆ-ը, Ջրային կոմիտեն 2026-ի հուլիսին հայտնել են, որ շահագրգիռ կողմերի միջև քննարկում է նախատեսվում։ Արդյունքում՝ հուլիսի 21-ին Ջրային կոմիտեում տեղի ունեցած համատեղ քննարկման ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությանը հանձնարարվել է երկօրյա ժամկետում վերջնական որոշում կայացնել վթարված կոյուղագծի վերանորոգման վերաբերյալ։
«Վեոլիա Ջուր»-ը առաջարկել է լուծումներ, բայց յուրաքանչյուր դեպքում տեխնիկական մի շարք խնդիրներ է արձանագրել։ Առաջարկվել է գործող կոյուղատարի վրա կառուցել երկու մեծ դիտահոր։ «Վեոլիա Ջուր»-ը նշել է, որ դա վտանգավոր է, քանի որ շինարարության ընթացքում խողովակը կարող է վնասվել կամ ջարդվել։ Մեկ այլ առաջարկով ընկերությունը նշել է, որ խնդրի հիմնական լուծման համար պետք է պետական ֆինանսավորում, որպեսզի կառուցվի 1.1 կմ երկարությամբ 2մ տրամագծով նոր կոյուղատար, որը կգնա մաքրման կայանից մինչև Հրազդան գետ՝ ներառելով այդ հատվածը։ Ինչպե՞ս է արձագանքել ՏԿԵՆ-ը այդ առաջարկություններին, ի՞նչ քննարկումներ են տեղի ունեցել դրանից հետո, կամ ինչո՞ւ է այս խնդրի լուծումը այդքան երկար տևում։ Մեր այս հարցերին «Վեոլիա Ջուր»-ը չի պատասխանել։ Նշել է միայն, որ հացի արտադրամասն է խանգարում, և առաջարկություններ են ներկայացվել ՏԿԵՆ-ին։
Հիմա էլ կեղտաջուրը շարունակում է հոսել Գետափնյա բնակավայրի տան բակում։ Երկու տարվա ընթացքում խնդիրը հասցրել է դառնալ բնակիչների առօրյայի մի մասը, սակայն դրա լուծումը դեռ քննարկումների փուլում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել