HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

55 հազար դոլարով վաճառված Էջմիածնի կինոթատրոնի շենքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ 3 դրվագով

Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքը 2004թ. մասնավոր անձին վաճառվել է 55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով՝ առանց գույքի սահմանված կարգով գնահատման։ Վաճառքից մոտ երեք ամիս անց, առանց գույքի փաստացի վիճակի փոփոխության, դրա կադաստրային արժեքը կազմել է 218 միլիոն 215 հազար դրամ։ Դատախազության ուսումնասիրությամբ խնդիրներ են հայտնաբերվել նաև կինոթատրոնին կից պետական հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման և դրա հետագա սեփականաշնորհման գործընթացում։

Ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում 2026թ. օգոստոսի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 3 դրվագով. Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով /նախկին Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մաս/ նախատեսված հանցագործության հատկանիշներով (պաշտոնեական անփութություն

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը ուսումնասիրել է Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքի և դրան կից հողամասի օտարման գործընթացը։

«Հետքը» դեռևս 2023թ-ին էր գրել, որ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքը և ցանկանում է տեղում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել:

Էջմիածնի «Գարուն» կինոթատրոնը կառուցվել էր 1976թ-ին: Ճարտարապետները եղել են Սարգիս Գուրզադյանն ու Միքայել Ալեքսանյանը: Շենքը կառուցվել է ռեգիոնալ մոդեռնիզմի ոճով:

Եռահարկ շենքը գեղեցկացրել են կամարները, շրջանաձև և նիստավոր պատուհանները, շրջանաձև բացվածքներով, ինչպես նաև՝ մինչ օրս պահպանված հսկայական երկաթյա ջահերը:

Գրել էինք, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո, ինչպես Հայաստանի շատ կինոթատրոններ, այնպես էլ «Գարուն»-ը, մասնավորեցվել է: Կառավարության 1995թ. օգոստոսի 19-ի թիվ 55 որոշմամբ «Էջմիածնի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվել է՝ «Վահագն» ՓԲԸ ստեղծելու միջոցով: Այդ ժամանակ շենքի արժեքը կազմել է 476 հազ. դրամ: Էջմիածնի քաղաքապետի որոշմամբ՝ վարձակալությամբ ընկերությանը հատկացվել է նաև շենքի սպասարկման և շրջակա տարածքի՝ 3170 քմ մակերեսով հողամասը:

Քանի որ վարկային պարտավորությունը ժամանակին չի կատարվել, կինոթատրոնի շենքը 2001թ. մայիսին դարձել է բանկի սեփականությունը: «Կրեդիտ Երևան»-ին է փոխանցվել նաև հողամասի վարձակալության իրավունքը:

2003թ. պահանջի զիջման պայմանագիր է կնքվել «Երևան Կրեդիտ» բանկի և Պաշտպանության նախարարության միջև, քանի որ բանկը սնանկացել է:  Նախարարությունը բանկում հաշիվներ է ունեցել, որոնց վրա առկա գումարը բանկը չի կարողացել վերադարձնել: Փոխարենը Պաշտպանության նախարարությանը 355 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով գույք է փոխանցվել, որոնց թվում՝ Էջմիածնի կինոթատրոնի շենքը՝ 55 հազ. ԱՄՆ դոլար արժեքով:

Կառավարությունը 2004թ. մարտի 11-ի 282-Ա որոշմամբ թույլատրել է Պաշտպանության նախարարությանը Էջմիածնի կինոթատրոնի շենքը ուղիղ վաճառքով օտարել Էջմիածին քաղաքի բնակիչ Ռազմիկ Զարբաբյանին: Պաշտպանության նախարարության և Ռազմիկ Զարբաբյանի միջև կինոթատրոնի շենքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2004թ. մարտի 23-ին: Պայմանագրի գինը կազմել է 55 հազ. ԱՄՆ դոլար:

Ռազմիկ Զարբաբյանի որդին՝ Արտյոմ Զարբաբյանը, «Հետքին» ասել էր, որ Պաշտպանության նախարարությունից շենքը գնել են հենց կինոթատրոնը վերագործարկելու նպատակով, սակայն ընթացքում ֆինանսական դժվարություններ են ունեցել և չեն կարողացել ներդրումներ կատարել շենքն ըստ նպատակի օգտագործելու համար: 

Ռազմիկ Զարբաբյանը 2018թ. հոկտեմբերի 16-ին կինոթատրոնի՝ 1939 քմ շենքը և վերջինիս սպասարկման համար հատկացված 0.266 հա հողամասը 4 մլն 900 հազ. դրամով վաճառել է Էջմիածին քաղաքի բնակիչ Անուշ Հովհաննիսյանին: Վերջինս 2016թ.  հունիսի 5-ին Էջմիածնի նախկին պլաստմասսայի գործարանի մոտ սպանված Համլետ Պատուրյանի կինն է:

Այդ ժամանակ էինք կասկածի տակ դրել, որ մոտ 5 մլն դրամը գործարքի իրական գինը չէ, և կողմերը թաքցրել են անշարժ գույքի իրական արժեքը:

Անուշ Հովհաննիսյանը 2023թ. փետրվարի 2-ին կինոթատրոնի՝ 207 մլն դրամ գնահատված շենքը 160 մլն դրամով վաճառել է «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ին: Շենքը միաժամանակ գրավադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում:  Նշենք, որ շենքի կադաստրային արժեքը մոտ 203 մլն դրամ է եղել: Այժմ այդ տարածքում կառուցվում է բազմաբնակարան շենք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter