HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանում ՏԻՄ ընտրություններ են․ ի՞նչ ունեցվածք ունեն ավագանու անդամի թեկնածուները

2026 թվականի սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ 4198 ընտրող ունեցող համայնքը ղեկավարելու հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը։ 

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2021 թվականի ընտրություններում Սուրեն Թումանյանը «Հանրապետություն» կուսակցության ցուցակով էր համայնքապետ ընտրվել։ Այդ ընտրություններին ևս մասնակցել ցանկացողների թիվը մեծ չէր։ Համայնքի ավագանիում տեղ ունենալու համար պայքարում էին «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ 

2021 թվականի ընտրություններում քվեների փոքր տարբերությամբ հաղթեց «Հանրապետություն» կուսակցությունը։ Այս ընտրություններին, սակայն, այս ուժը որոշեց չպայքարել Թումանյան քաղաքն ու շրջակա 8 գյուղերը միավորող համայնքը ղեկավարելու համար։

Ցուցակը՝ թվերով

«Քաղաքացիական պայմանագիրը» ԿԸՀ է ներկայացրել 41 հոգանոց նախընտրական ցուցակ։ Թեկնածուների մեծ մասը աշխատանք ունի, միայն հինգ անձ է հայտարարագրում նշել, որ չի աշխատում։ Նրանց՝ հայտարարագրին նախորդող մեկ տարվա եկամուտները հիմնականում չեն գերազանցում երկու մլն դրամը, այսպես է 26 թեկնածուի պարագայում, իսկ  հինգ հոգի եկամուտ չի ունեցել։ Եկամտի չափը համեմատաբար բարձր է 10 հոգու հայտարարագրում, նրանցից միայն մեկի եկամուտն է գերազանցում 10 մլն դրամը, երեքինը՝ 5-10 մլն-ի, 6-ինը՝ 2-5 մլն-ի սահմաններում է։ Թեկնածուների կեսից ավելին կամ չի ունեցել դրամական միջոցներ, կամ դրանց չափը չի գերազանցել մեկ մլն դրամը։

Թեկնածուներից 31-ը ՔՊ անդամ է, 10-ը՝ անկուսակցական։ Թեկնածուներից 17-ը կին է, 24-ը՝ տղամարդ։ Թեկնածուներից 28-ը 25-44 տարեկան է, մինչև 24 տարեկան երեք թեկնածու է գրանցվել։

Ավագանու թեկնածուներից 19-ը տուն չունի, 9 անձ հայտարարագրել է բնակարան, 12-ը՝ առանձնատուն, մեկ անձ ունի և՛ բնակարան, և՛ առանձնատուն։ 23 թեկնածու հայտարարագրել է հողամաս, որոնց հիմնական մասը վարելահող, արոտավայր է։ 18 թեկնածու հայտարարագրել է մեքենա։

Առաջին հինգ համարները

Սուրեն Թումանյանը, որպես եկամուտ, հայտարարագրել է համայնքապետարանից ստացած 4.1 մլն դրամ աշխատավարձը։ Նա 2.7 մլն դրամ գումար ունի։ Թումանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանում  է Վանաձորում գտնվող մի բնակարան, որի մակերեսը  հայտարարագրում  նշված չէ։ Սուրեն Թումանյանը հայտարարագրել է նաև Դսեղ գյուղում գտնվող 4 հողամաս, որոնք ժառանգություն է ստացել 2025 թվականին։ Հողամասերի ընդհանուր մակերեսը 1.556 հա է։

Նախընտրական ցուցակի երկրորդ համարը Թումանյան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Չոփուրյանն է։ Նա համայնքապետարանից ստացել է 3.2 մլն դրամ աշխատավարձ։ 2.1 մլն դրամ էլ աշխատել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Չոփուրյանը 59 քմ մակերեսով բնակարան ունի Վանաձորում և 0.01 հա հողամաս Դսեղ գյուղում։ Նա հայտարարագրել է նաև խորհրդային արտադրության երկու մեքենա՝ GAZ 23 և VAZ 2107 մակնիշների։ Չոփուրյանի դրամական միջոցները  1.8 մլն դրամ են։

Ցուցակի առաջին կին թեկնածուն Սվետլանա Եգանյանն է։ Նա Թումանյան համայնքի ավագանու անդամ է։ Եգանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Թումանյան քաղաքում գտնվող 69 քմ մակերեսով բնակարան։ Եկամուտ չի հայտարարագրել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ էլ ունեցել է 15 հազար դրամ։

Եգանյանին ցուցակում հաջորդում է Դավիթ Վանյանը։ Նա «Պախրա» ՀԿ-ում աշխատում է որպես խնամակալ։ Այս ՀԿ-ից Վանյանը ստացել է 780 հազար դրամ աշխատավարձ։ Նրա խնայողություններն էլ կազմել են 4.2 մլն դրամ։ Վանյանը 3 բնակելի տուն և 3 հողամաս է հայտարարագրել։ Տներից երկուսը և երեք հողամասերը գտնվում են Դսեղում, իսկ մյուս տունը Ահինձոր գյուղում է։ Հողամասերի ընդհանուր մակերեսը 1.677 հա է։ Վանյանը հայտարարագրել է նաև 1999 թվականի արտադրության Mitsubishi և 1996-ի արտադրության VAZ 2106։

ՔՊ նախընտրական ցուցակի առաջին հնգյակը եզրափակում է Կարո Ղազարյանը։ Նա անհատ ձեռնարկատեր է։ Հաշվետու ժամանակահատվածում Ղազարյանը ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 3 մլն դրամ եկամուտ։ Ղազարյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 3 հողամաս և 1 հասարակական նշանակության շինություն Դսեղ գյուղում։ Հողամասերի ընդհանուր մակերեսը 2.58 հա է։ Ղազարյանը նաև հայտարարագրել է 2021 և 2025 թթ. արտադրության երկու ավտոմեքենա։ Թե ինչ մակնիշի մեքենաներ են դրանք, Ղազարյանը չի նշել, փոխարենը գրել է այդ մեքենաների համարանիշերը։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Կարո Ղազարյանն ունեցել է 200 հազար դրամ։

Մինչև տարեվերջ խոշորացված համայնքների մեծ մասում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցություններին և ավագանու թեկնածուների հայտարարագրերին «Հետք»-ը առաջիկայում կանդրադառնա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter