HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտական բացահայտումներն սկսվում են հարցերից. «Ամենամեծ մարտահրավերներից մեկն այն է, թե դեռ ինչեր չգիտենք»

Դրանք այնքան փոքր են, որ հնարավոր չէ տեսնել անզեն աչքով, բայց, ինչպես ասում են, «եղանակ են փոխում» մարդու կյանքում եւ նրան շրջապատող աշխարհում: Ապրում են ամենուր՝ օդում, հողում, ջրում, մարդկանց եւ կենդանիների օրգանիզմներում: Այդ միաբջիջ օրգանիզմները կարող են ազդել նույնիսկ ամենամեծ էկոհամակարգերի վրա: Դրանք մանրէները կամ միկրոբներն են:

Այսօր գիտության ոլորտում միկրոբիոմը կամ մանրէների ամբողջությունը հետազոտելը դարձել է «աստղային» թեմա: Դրանցով ավելի ու ավելի շատ գիտնականներ են սկսել զբաղվել:

«Մարդու մարմինն ավելին է, քան միայն բջիջների ամբողջությունը: Մենք ավելի շատ բակտերիաներ ունենք, քան մարդկային բջիջներ: Բայց քանի որ դրանք փոքր են, փոքր էլ տեղ են զբաղեցնում»,- ասում է պորտուգալացի պրոֆեսոր Մարիա Մանուել Մոտան (Maria Manuel Mota)՝ հավելելով, որ հիանալի կլինի, եթե մարդը կարողանա հիմնավորապես հասկանալ մանրէների դերը:

Մարիա Մանուել Մոտա, լուսանկարը՝ wikimedia.org-ից

Մոտայի գիտական ոլորտը մոլեկուլային մակաբուծաբանությունն է (պարազիտոլոգիա), նա ուսումնասիրում է մալարիա հիվանդության հարուցիչ համարվող պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիները, մասնավորապես՝ այս հարուցիչների եւ տիրոջ փոխազդեցությունները, ինչպես նաեւ հարուցիչի ազդեցությունը լյարդի վրա: Պորտուգալացի գիտնականի ղեկավարած հետազոտության արդյունքում առաջին անգամ պարզվել է, որ մալարիայի հարուցիչները, վարակի վաղ փուլում ներթափանցելով լյարդ, անցնում են մի քանի լյարդային բջիջների միջով, նախքան կգտնեն այն բջիջը, որում կմնան եւ կբազմանան:

Մարիա Մանուել Մոտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գործող Գյուլբենկյանի անվան մոլեկուլային բժշկության ինստիտուտի (GIMM, The Gulbenkian Institute for Molecular Medicine) գործադիր տնօրենն է:

GIMM. Պորտուգալիայի առաջատար հետազոտական հիմնարկներից մեկը

Հայազգի հայտնի գործարար ու բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունը կարելի է կարդալ Լիսաբոնի բազմաթիվ վայրերում՝ օդանավակայանում, մետրոյի կայարանում, փողոցում….

Բարերարի մահից (1955 թ.) հետո՝ 1956-ին, նրա կտակի համաձայն Լիսաբոնում ստեղծված «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի առաջին նախաձեռնություններից մեկը 1961-ին նրա անվան գիտական ինստիտուտի (IGC - Instituto Gulbenkian de Ciência) հիմնումն էր Պորտուգալիայի Օեյրաշ քաղաքում:

Մարիա Մոտան «Հետքի» հետ զրույցում պատմում է՝ ինստիտուտի նպատակն էր լինել նորարարական, հետազոտել այն թեմաները, որոնցով այն տարիներին չէին զբաղվում Պորտուգալիայում: Ինստիտուտի ուսումնասիրությունների ուղղվածությունը, ըստ Մոտայի, նախապես բազմազան էր՝ գյուղատնտեսություն, մաթեմատիկա, կենսաբանություն:

Իսկ երբ 1974-ին Պորտուգալիայում տապալվեց բռնապետական ռեժիմն, ու ժողովրդավարություն հաստատվեց, մեր զրուցակցի ներկայացմամբ՝ դրանից 10 տարի անց IGC-ն նվիրվեց բացառապես կենսաբանական եւ առողջապահական հետազոտություններին:

2023 թ. Գյուլբենկյանի անվան գիտական ինստիտուտը (IGC) եւ Մոլեկուլային բժշկության ինստիտուտը (iMM) միավորվել են՝ դառնալով նոր հաստատություն՝ Գյուլբենկյանի անվան մոլեկուլային բժշկության ինստիտուտ (GIMM):

«Հետքի» հարցին, թե արդյոք Հայաստանի հետ կա համագործակցություն, GIMM-ի ղեկավարը պատասխանում է, որ առաջիկայում նման հեռանկար կա: Ըստ Մարիա Մոտայի՝ «Քոչարդ» բարեգործական հիմնադրամից հետաքրքրված են աղիքային հիվանդություններով («Քոչարդ» հիմնադրամի հիմնական առաքելությունն է աջակցել աղիների բորբոքային հիվանդություններ եւ աղիքային այլ խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը – հեղ.), եւ իրենք մի քանի հետազոտողներ ունեն, որոնք աշխատում են այս ուղղությամբ: Պրոֆեսոր Մոտայի տեղեկացմամբ՝ այս պահին դեռ որոշակի արդյունք չունեն, բայց համագործակցությունը մոտ ապագայում չի բացառում:

Անհրաժեշտ է վեր հանել այն հարցերը, որոնք դեռ չունեն պատասխան

Սեպտեմբերի 17-19-ը Լիսաբոնում կազմակերպվել էր GIMM Festival գիտական փառատոնը: Այն արտացոլում է Գյուլբենկյանի անվան մոլեկուլային բժշկության ինստիտուտի (GIMM) գաղափարական հիմքում ընկած հետազոտական եւ նորարարական ոգին: Փառատոնը կամուրջ եւ երկխոսության հարթակ է գիտության ու հասարակության միջեւ: Այն նաեւ GIMM-ի՝ կյանքի որակը բարելավելու նպատակով գիտությունը զարգացնելու առաքելության գործնական քայլերից մեկն է:

Ամեն տարի փառատոնը կենտրոնանում է այնպիսի թեմայի վրա, որն արտացոլում է համաշխարհային հրատապ մարտահրավերներից մեկը: Օրինակ՝ եթե 2025-ին թեման ծերացումն ու երկարակեցությունն էր, ապա այս տարի GIMM Festival-ի թիրախում մանրէներն էին:

«Ամեն տարի փոխելով թեման՝ GIMM Festival-ը շարունակական կապ է ապահովում գիտելիքի զարգացող սահմանների հետ՝ խթանելով հանրային իրազեկվածությունը եւ մղելով գործողությունների»,- նշվում է փառատոնի կայքում:

Առաջին երկու օրերին փառատոնը խիստ մասնագիտական էր: Դահլիճում ոլորտի գիտնականներն ու հետազոտողները ներկայացնում էին իրենց բացահայտումները, իսկ լսարանը գրառումներ էր անում, ապա հարցեր տալիս: GIMM Festival-ի հիմնական նպատակը հենց անպատասխան հարցերը բացահայտելն է, որոնք կարող են բերել նոր հայտնագործությունների, նոր համագործակցության, ինչպես նաեւ ազդեցություն ունենալ ապագայի վրա:

«Երեք օրվա ընթացքում մենք ուսումնասիրում ենք ապագայի կարեւորագույն հարցերը»,- «Հետքի» հետ զրույցում ասում է GIMM-ի ղեկավար Մարիա Մանուել Մոտան՝ հավելելով, որ անհրաժեշտ է վեր հանել այն հարցերը, որոնք դեռ չունեն պատասխան: Ըստ գիտնականի՝ ցանկացած մեծ հետազոտություն սկսվում է հարցեր տալուց: Անդրադառնալով մանրէներին՝ պրոֆեսոր Մոտան նշում է, որ միկրոկենսաբանության մեջ նոր հեղափոխություն է տեղի ունենում, եւ մոտեցում է ձեւավորվել, որ մանրէները շատ կարեւոր են մարդկանց առողջության ու երկարակեցության ապահովման համար:

«Մենք համախմբում ենք հիմնարար եւ կիրառական կենսաբժշկական գիտությունների ոլորտի ամենաազդեցիկ գիտնականների, ինչպես նաեւ առաջատար փորձագետների տարբեր ոլորտներից, ինչպիսիք են հասարակական գիտությունները, արվեստը, ճարտարագիտությունը եւ հանրային առողջապահությունը»,- ասվում է փառատոնի կայքում:

Փառատոնի երրորդ օրը «բաց դռների օր» է՝ դահլիճում հանրամատչելի գիտական թեմաներ են քննարկվում, իսկ դահլիճից դուրս գիտափորձեր են կազմակերպվում երեխաների համար:

Հարցին, թե որն է համարում մեր օրերի ամենամեծ մարտահրավերը, պրոֆեսոր Մոտան արձագանքում է, որ դրանք շատ են:

Նրա դիտարկմամբ՝ նախ պետք է համոզված լինել, որ մարդկանց փոխանցում են այն, ինչը ենթակա է կիրառության, օրինակ՝ պատվաստանյութերը, հակաբիոտիկները: Նկատում է՝ մարդիկ կան, որ մտածում են երեխաներին չպատվաստելու մասին, քանի որ մտահոգություն ունեն պատվաստանյութերի բացասական կողմերի վերաբերյալ, սակայն դեռեւս համընդհանուր ընկալում չկա, որ պատվաստանյութերը փրկել են միլիոնավոր կյանքեր ամբողջ աշխարհում: Պորտուգալացի գիտնականը բերում է իր ընտանիքի օրինակը: Ասում է՝ իր տատը 7 երեխա ուներ, որոնցից 5-ը մահացել են վարակներից: Նրա խոսքով՝ պատվաստանյութերի թեման իսկապես մարտահրավեր է գիտնականների համար:

«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկն այն է, թե դեռ ինչեր չգիտենք, եւ ինչը կարող է ուղղակի բարելավել կյանքը,- հավելում է «Հետքի» զրուցակիցը,- կամ հասկանալ, թե մեր ներսում ապրող մանրէներն ինչպես են աշխատում, եւ արդյոք կարող ենք վերահսկել դրանց»:

Իբրեւ բացասական օրինակ նշում է մալարիայի հարուցիչը: Ասում է՝ այսօր մինչեւ 5 տարեկան հարյուր հազարավոր երեխաներ մահանում են դրա պատճառով: Եվ սա գիտնականների մարտահրավերային թեմաներից մեկն է. համալիր պատվաստանյութերի կարիք կա, ու գիտնականները պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

-Covid-19-ի դասերը մեզ համար որո՞նք են:

-Մենք պետք է պատրաստված լինենք: Այլեւս չենք կարող անակնկալի գալ, բայցեւ մարդիկ մոռանալու հակում ունեն: Համավարակից նույնիսկ 2 տարի անց, կարծես, սկսեցինք մոռանալ դրա մասին: Մենք կարիք ունենք, որ գիտությունը պատրաստված լինի նման իրավիճակների դեպքում:

-Արհեստական բանակությունը ապագայի մեծ մարտահրավեր կարո՞ղ է դառնալ մարդկանց համար:

-Արհեստական բանակությունը կա՛մ կսպանի մեզ, կա՛մ կարող է դառնալ մեր լավ ընկերը (ժպտում է - հեղ.): Եկեք հույս ունենանք, որ այն կարող է դառնալ մեր լավ ընկերը: Եթե այն ճիշտ օգտագործենք, կարող է դառնալ հրաշալի գործիք նոր բացահայտումների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter