Անցորդին կանչող թատերական պաստառները
Պաստառը սովորական տեղեկատվական ազդագիր չէ, այն քաղաքային միջավայրի մաս է: Պաստառը փողոցի և անցորդի միջև երկխոսություն է։ Այն պետք է հասցնի վայրկյանների ընթացքում գրավել և տպավորել: Երևանի Աբովյան փողոցում կա մի հատված, որի կողքով դժվար է անտարբեր անցնել։ Նույնիսկ երբ շտապում ես կամ ցրված ես, հայացքդ թեքվում և խորանում է Գեղագիտության ազգային կենտրոնի թափանցիկ պատերից ներս։ Այս օրերին այստեղից տարբեր լեզուներով կանչում է մոտ երկու հարյուր թատերական պաստառ։
Երևանում սեպտեմբերի 10-ից մեկնարկել է «Թատերական պաստառներ-Հայաստան» (TPAM26) միջազգային երրորդ բիենալեն։ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում ներկայացվում են 49 երկրից 194 հեղինակի 203 թատերական պաստառ։
Պաստառների ազդագրող ներկայացումները ավարտվել են, բայց պաստառի ստեղծագործական էնեգիան, տեսողական լեզուն դարձնում են պաստառը արվեստի գործ։ Բիենալեի մասնակից պաստառները գնահատվել են միջազգային ժյուրիի կողմից, լավագույն աշխատանքներն արժանացել են մրցանակների։
Նախագիծը մեկնարկել է 2022 թվականին, կազմակերպիչները «Ակտ» մշակութային ՀԿ-ն ու Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն են։
«Թատերական պաստառներ» միջազգային փառատոնի համահիմնադիր և ղեկավար, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանի խոսքերով՝ այն միտված է թատրոնի ու դիզայնի ոլորտների համագործակցության զարգացմանը։ Հնարավորություն է տալիս տեսնել ու շոշափել միջազգային պաստառի դիզայնի զարկերակը։ Բիենալեն ոչ միայն ցուցադրում է գրաֆիկական դիզայնի աշխատանքներ, այլև խթանում է գեղարվեստական կրթությունը։ Միջոցառման շրջանակում Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում հրավիրյալ մասնագետները անցկացնում են դասախոսություններ։ Արդեն երկրորդ տարին է՝ Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը «Թատերական պաստառի միջազգային բիենալեի» աջակիցն է։
Պաստառային արվեստում յուրահատուկ խոր ավանդույթներ ունի Լեհաստանը, որտեղից էլ այս տարի ստացվել են ամենաշատ դիմումները (ընտրված աշխատանքներից 47-ը լեհ արտիստներ են)։ Այս տարվա գլխավոր մրցանակը (Grand Prix) ստացել է Լեխ Մաևսկու (Վարշավայի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր) հեղինակած պաստառը։
Ցուցահանդեսը բաց է ամեն օր՝ ժամը 11:00–20:00-ն, Երևանի Աբովյան 13 հասցեում՝ Գեղագիտության ազգային կենտրոնում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։
Մուտքն ազատ է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել