Ֆերիկը՝ ընտրությունից ընտրություն
Այսօր՝ 2026թ. սեպտեմբերի 27-ը, ոչ աշխատանքային օր է, բայց Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում հանգստյան օրվա սովորական լռությունը մի փոքր խախտված է։ Դպրոցի հարևանությամբ ոստիկանության մեքենաներ են շարված, դրսում՝ մոտ մեկ տասնյակ ոստիկան։ Դպրոցի ներսում, սակայն, աշակերտների փոխարեն գյուղի բնակիչներն են։ Ֆերիկն ամբողջությամբ եզդիաբնակ գյուղ է, և այսօր ավագանու անդամներ են ընտրում։ Բայց ընտրության օրը սովորաբար ուղեկցող աշխուժությունը գյուղում չկա, ընտրական մրցակցությունը փոխարինվել է անտարբերությամբ։ Ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 5 թեկնածու։
Ֆերիկը, որպես ազգային փոքրամասնության գյուղ, խոշորացված չէ։ Այստեղ ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում․ բնակիչներն ընտրում են թե՛ ավագանու անդամներին, թե՛ համայնքի ղեկավարին։
Ընտրելու իրավունք ունի 163 մարդ։ Ժամը 17։00-ի դրությամբ` քվեարկել է 75-ը՝ ընտրողների 46.01%-ը։ Ընտրատեղամասի ներսում ժամանակը դանդաղ է անցնում։ Դրսում էլ գյուղն առանձնապես ակտիվ չէ։ Հանձնաժողովի անդամները պարբերաբար դուրս ու ներս են անում, որ ձանձրույթից չքնեն: Ուրախանում են, երբ 30 րոպեի ընթացքում 2-3 ընտրող է գալիս քվեարկության:
Ժամը 14-ի սահմաններում համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի գլխավորությամբ հանձնաժողովի անդամներին ու հասարակական կարգը պահպանող ոստիկաններին խորոված ու այլ ուտելիք են հյուրասիրում։ Առավոտյան հանձնաժողովի անդամներին մատաղ էլ էր բաժանվել։ Սակայն, համայնքի անդամները չգիտեին, թե ով էր մատաղի հեղինակը։ Ենթադրում են, որ թեկնածուներից մեկն է մատաղ բաժանել ու երեխայի միջոցով ուղարկել ընտրատեղամաս:
Թե ով է ընտրվելու ավագանու անդամ, Ֆերիկում կարծես վաղուց արդեն պարզ է։ Հինգ տեղի համար հինգ թեկնածու է։ Եթե նրանցից որևէ մեկը զրո ձայն չստանա, բոլորը կընտրվեն։
Այսպիսի պասիվությունը Ֆերիկում նոր չէ։ 2021 թվականի ավագանու ընտրություններին այստեղ ընտրելու իրավունք ուներ 269 մարդ, սակայն քվեարկությանը մասնակցել է ընդամենը 77-ը։ Այն ժամանակ նույնիսկ 9 ձայնը բավարար էր ավագանու անդամ ընտրվելու համար, քանի որ թեկնածուները 6-ն էին։
Ֆերիկ գյուղում հաշվառված է 496 հոգի սակայն համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի փոխանցմամբ՝ ապրում են նրանցից 395-ը:
Նույն ճանապարհը, սպասումն ու խնդիրները
Ֆերիկը լրագրողների ուշադրության կենտրոնում հայտնվում է ընտրությունից ընտրություն։ Հինգ տարին մեկ գյուղ հասնելու ճանապարհը կարծես չափման գործիք է դառնում՝ հասկանալու, թե ինչ է փոխվել այս ընթացքում։ Առաջին հայացքից՝ շատ բան չի փոխվել։
Գյուղ տանող ճանապարհի փոսերը տարիների ընթացքում ավելի են խորացել, իսկ փոշին նույնն է։ Մեքենայի անիվների տակ այն բարձրանում է ու մի քանի վայրկյանով ճանապարհը ծածկում սպիտակավուն ամպով։ Փոսերն այնքան շատ են, որ ճանապարհին տեղադրված «արագությունը չգերազանցող» նշանները գրեթե ավելորդ են թվում: Գյուղում արագ քշելու հնարավորություն պարզապես չկա։
Ֆերիկ հասնելու համար նախ պետք է անցնել Հայթաղ գյուղի ճանապարհներով, որոնք նույնպես բարվոք վիճակում չեն։ Էջմիածնից գյուղ մոտ 10 կիլոմետր է, բայց այդ տասը կիլոմետրը երբեմն ավելի երկար է թվում։ Տաքսիների վարորդներից շատերը հրաժարվում են Ֆերիկ գնալ՝ վատ ճանապարհների պատճառով:
Գյուղում չկա մանկապարտեզ, խանութ, մշակույթի տուն, բուժամբուլատորիա և դեղատուն։ Դպրոցում նախակրթարան է գործում, որը մասամբ փոխարինում է մանկապարտեզին: Ավտոբուսը գյուղ է մտնում օրական երկու անգամ՝ առավոտյան ժամը 9-ին և 12:40-ին։ Մարդիկ առևտուրն անում են հարևան Հայթաղում կամ Էջմիածնում։
«Ուզում եմ տղայիս ուղարկել Էջմիածին՝ երաժշտական դպրոց, բայց դասը սկսում է ժամը 4-ին։ Այդ ժամին ավտոբուս չկա։ 2000 դրամ պիտի վճարենք, որ տաքսով գնա, այդքան էլ՝ հետ գա։ Երեխեքը պարի էին գնում, ստիպված հանեցինք, որովհետև ամեն անգամ չենք կարող 4000 դրամ տաքսիներին վճարել։ Հետո էլ ասում են՝ եզդիները չեն սովորում, ինչի՞ չեն սովորում, ուղղակի պայման չկա»,- ասում է Ֆերիկ գյուղի բնակիչ Լիանա Շամոյանը։
Լիանան պատմում է, որ երբ տղամարդիկ տանը չեն լինում, իսկ հացը վերջանում է, ընտանիքը ստիպված սպասում է նրանց վերադարձին։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի մեքենայով գնալ հարևան գյուղի խանութից հաց բերելու։ Նույնը վերաբերում է նաև այլ ապրանքներին:
Այն, որ Ֆերիկը երբևէ խանութ ունեցել է, հիշեցնում է գյուղի կենտրոնական հատվածում գտնվող նախկին հանրախանութի շենքը՝ կոտրած ապակիներով ու վնասված տանիքով: Գյուղացիներն ասում են, որ այն իր նպատակին ծառայել է միայն խորհրդային տարիներին:
Ֆերիկում նախկինում նույն շենքում էին գործում ամբուլատորիան, համայնքապետարանն ու մշակույթի տունը։ Շենքը վթարային է և տարիներ շարունակ չի շահագործվում, իսկ դռներն ու պատուհանները թալանված են։ Այժմ Ֆերիկի համայնքապետարանը տեղակայված է մասնավոր տներից մեկում: Տան սեփականատերը Հայաստանում չի ապրում և բարի կամք դրսևորելով՝ իր տունն անհատույց օգտագործման իրավունքով տվել է համայնքապետարանին:
Համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանն ասում է՝ ծրագիր կա, առաջիկայում վթարային շենքի տեղում նոր բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու՝ դարձյալ մեկտեղելու համայնքապետարանի շենքը, ամբուլատորիան, մշակույթի տունը:
Դատարկ տներն ու աթարի կույտերը
Ֆերիկում քիչ չեն դատարկ ու ավերված տները։ Մարդիկ, գյուղի հետ ապագա չկապելով, տարիներ առաջ փակել են դռներն ու հեռացել։ Համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանն ասում է, որ վերջին տարիներին, այնուամենայնիվ, որոշակի շարժ կա։ Զվարթնոցից, Ապարանից մի քանի ընտանիք եկել է, գյուղում տուն գնել և բնակություն հաստատել։
Ֆերիկում գրեթե բոլոր ընտանիքները մանր ու խոշոր եղջերավոր անասուններ են պահում։ Դա երևում է նաև տների պատերի տակ շարված աթարի կույտերից։ Սակայն, անասնապահությունն էլ հեշտ չէ: Տարիներ առաջ գյուղի վարելահողերը վաճառվել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին ու եղբորը, դրանից հետո գյուղը մնացել է առանց արոտավայրի: Ստիպված անասուններին տանում են Հայթաղ գյուղի դաշտերը, ինչն էլ երկու գյուղի բնակիչների միջև վեճի թեմա է դառնում: Կամ ստիպված իրենց տան բակերում եմ պահում:
Ֆերիկը գազիֆիկացված է, բայց ձմռանն աթարն ու փայտը շարունակում են մնալ հիմնական վառելիքը։ Գազը գյուղացիների համար թանկ հաճույք է։
Ռուստամ Հասանյանն ասում է, որ վերջին տարիներին Կառավարությունն ուշադրություն է դարձնում համայնքին: 2024թ-ին ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերին տրվել է 50 մլն դրամ դոտացիա: Մինչ այդ 7 մլն դրամ դոտացիա էր հատկացվում իրենց, իսկ համայնքի սեփական եկամուտները քիչ են՝ 3 մլն 400 հազ. դրամ: Այդ գումարով հնարավոր չէր ներդրում անել:
Դոտացիայի ավելացումից հետո համաֆինանսավորմամբ փոխել են մոտ 3 կմ ոռոգման ցանցի կիսախողովակները, խաղահրապարակ են կառուցել երեխաների համար: Նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ժամանակ ևս համայնքն իր մասնակցությունը կունենա:
Համանքի ղեկավարի փոխանցմամբ՝ ծրագրեր կան, որ առաջիկա օրերին կսկսվի նաև Հայթաղից Ֆերիկ գյուղ տանող ճանապարհի՝ 3.5 կմ երկարությամբ հատվածի վերանորոգումը:
«Շարժ կա, ներդրումներ արվում են»,- ասում է համայնքի ղեկավարը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել