HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

44-օրյա պատերազմ․ Աբովյանի վիրավոր կամավորները 

Նարեկ Վարդանյանն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, ռազմաճակատ է մեկնել կամավոր: 2020թ.-ի նոյեմբերի 7-ին վիրավորվել է. ստացել է գլխուղեղի բազմաբեկորային վնասվածք։ Մի քանի օր կոմայում գտնվելուց հետո վիրահատվել է։ Բուժումը շարունակում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։ «Հետքի» առաջարկով Նարեկը հավաքում և գրի է առնում «Զինվորի տանը» բուժվող զինվորների վկայությունները։ Ներկայացնում ենք շարքի առաջին նյութը։  

Նորայր Ավագյանը ծանր ողնուղեղային վիրավորում է ստացել Շուշիի մատույցներում՝ բենզալցակայանի մոտ։ Նա ժամեր շարունակ կիսագիտակից պառկած է մնացել ճանապարհին։ 

«Մինչև պատերազմը կահույքագործ էի, ապրում էի Աբովյան քաղաքում։ Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, աշխատանքի վայրում էի։ Աշխատավայրի ռադիոյով լսեցի առաջին օրվա զոհերի մասին, մինչև հիմա հիշում եմ՝ 16 հոգի էին։ Գործընկերոջս խնդրեցի, որ տեղեկացնի կահույքի արտադրամասի ղեկավարությանը, որ գնում եմ պատերազմ ու շտապեցի կամավորագրվելու»,- պատմում է Նորայրը։

IMG_0587.jpeg (4.30 MB)Նորայր Ավագյանն արցախյան 44-օրյա պատերազմից հետո

Նորայրի մայրը Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է։ Նորայրի սիրած աղջիկն էլ Ճարտարից էր։ Կամավորագրվելով՝ նպատակադրվել էր ամեն գնով Ճարտար հասնել, բարեկամների ու սիրած աղջկա կողքին լինել։

Երբ կամավորականները ներկայացնում են իրենց զինգրքույկները, Նորայրը անձնագիրն է մեկնում, քանի որ հիվանդության պատճառով ազատվել էր ժամկետային զինծառայությունից։ Միայն համառության շնորհիվ է կարողանում կամավորագրվել։

Սեպտեմբերի 28-ին Աբովյան քաղաքում կազմավորվող կամավորական ջոկատներից մեկի կազմում Արցախ է մեկնում։ 

Ջոկատը սեպտեմբերի 28-ի գիշերը 45 հոգով հասնում է Ստեփանակերտ։  Զինկոմիսարիատում միայն ասել են, որ ուղղությունը Թալիշ-Մատաղիսն է և ջոկատի հրամանատար են նշանակել մի նախկին ֆիդայու (որի անունը և զինվորական կոչումը Նորայրը չի հիշում)։ Երկար վիճաբանություններից հետո (կամավորականները ուզում էին արագ դիրքեր հասնել) Ստեփանակերտի զորամասերից մեկում ջոկատը ստանում է զինվորական համազգեստ, ԱԿՄ տեսակի ինքնաձիգներ, փամփուշտներ, տափաշիշ և զինվորական կերակրաման (котелок): Բայց այդ ժամանակ անհետանում են ջոկատի հրամանատարն ու իր ընկերները՝ 4 հոգի։ 

Մաղավուզի և Վարանկաթաղի դեպքերը 

Սեպտեմբերի 29-ի գիշերը ջոկատը Ստեփանակերտի ավտոբուսներով շարունակում է ճանապարհը դեպի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ և տեղակայվում է գյուղի դպրոցում։ Այն բազմաթիվ ջոկատների ճամբար էր դարձել, և մոտ 400 հոգի այստեղ սպասում էր հրամանի։ 

Այդ օրերին մի բարձրաստիճան զինվորական է գալիս եւ ոգևորող խոսքեր ասում։ Նորայրն ասում է՝ ուսադիրներից հասկացավ, որ գեներալ է։ Նորայրը ենթադրում է, որ հենց նա էլ «Չեչեն» մականունով մի ուրիշ նախկին ֆիդայու նշանակել էր իրենց ջոկատի հրամանատար։

Հոկտեմբերի 2-ին ջոկատը զբաղեցնում է Մարտակերտից Թալիշ ուղղության Վարանկաթաղի (Լուլասազ) բարձունքը։ 

Քաոս, անկազմակերպվածություն և անօդաչուների հարվածներ

Նորայրը պատմում է, որ դպրոցում տեղակայված զորքերում բարոյահոգեբանական վիճակն ընկճված էր. «Այնտեղ խոսում էին, թե իրենց տանում են զոհելու որպես «մատաղացու», որպեսզի միջազգային հանրությունն Ադրբեջանին ագրեսոր ճանաչի, մյուսներն ասում էին, թե հողերը վաճառված են, ու կռվելն անիմաստ է»։

Վերջապես հասնում են դիրք, տեղում պարզվում է, որ ճանապարհին հրամանատար «Չեչենն» էլ է անհետացել։ Դեպի բարձունք ճանապարհը անտառներով ու սարերով էր անցնում, որտեղ հասնելու համար ջոկատը քայլում է ամբողջ գիշեր։ Դիրքում պարզվում է, որ Նորայրի ոտքերը զինվորական կոշիկներից վնասվել են, դժվար էր քայլում։ 

Ջոկատը ոչ միայն չի ունեցել հրամանատար, քարտեզ, մարտական խնդիր, չեն իմացել անգամ՝ որ կողմից սպասեն հակառակորդին, որպեսզի համապատասխան դիրքավորվեն և խրամատներ փորեն։ 

Դիրքում արդեն խրամատավորված զինվորներն են ուղղորդում, որ հասցնեն արագ փորեն, խրամատավորվեն։

Քանի որ ինժեներական գործիքներ չեն ունեցել, սկսել են խրամատ փորել սվին-դանակով, ով սվին դանակ չի ունեցել՝ սաղավարտով, անգամ ձեռքերով, որովհետև հնաբնակները շտապեցրել են՝ «շուտով այստեղ քարը քարի վրա չի մնալու»,- ասում է Նորայրը։ 

Զգուշացումը ճիշտ է եղել. դեռ չեն հասցրել խրամատներ փորել, երբ սկսվել է հրետակոծությունը։ Հրետակոծել է հրետանին, ռազմական ինքնաթիռներն ու անօդաչուները, իսկ Նորայրի և զինակիցների ձեռքում միայն ինքնաձիգներ են եղել։ 

Ջոկատը բազմաթիվ զոհեր և վիրավորներ է տվել (Նորայրն ասում է, որ ինքը 3-4 վիրավոր և նույնքան զոհ է տեսել իր մոտակայքում, որոնք իր տեսադաշտում են եղել, բայց համոզված է, որ նրանց թիվը շատ ավելին էր։ «Հեռվից անհամար գոռոցներ ու օգնության կանչեր էին լսվում։ Այդպես էլ չիմացանք՝ ինչ մարտական խնդիր ենք կատարում, հակառակորդին չտեսանք. միայն ինքնաթիռներ էին ու ռումբեր»,- պատմում է նա։ Ժամեր անց իրենց՝ ողջ մնացածներին, նահանջի հրաման է տրվել (Նորայրը մտածում է, որ ջոկատներին հրամայել են նահանջել, բայց ինքը հրաման չի լսել), և ջոկատը նահանջել է դեպի Մաղավուզի դպրոց։ 

Զորքերին ոգևորող ու բուժօգնություն ցուցաբերող հրամանատար Գեղամը

Նորայրը հեռավոր դիրքում է եղել (3 մարտընկերների հետ) ու նահանջի մասին շատ ուշ է իմացել։ Հասկանալով, որ 4 հոգով մնալն անիմաստ է, իրենք էլ նահանջում են։ Նահանջելիս հանդիպում են Բյուրեղավանի ջոկատի հրամանատար Գեղամին, ով խորհուրդ է տալիս դիրքավորվել ճանապարհի մոտակայքում։

att.p1SoR6B7S1C097dicQjFNo0Da3OJK5_d3MfBZjUNeLw.jpeg (236 KB)

Հրամանատար Գեղամին վստահել են, որովհետև հրետակոծության ժամանակ նա հրահանգել է զորքերին իրարից հեռու կանգնել, արագ փորել, ոգևորել է և փորձել վիրավորներին անվտանգ գոտի տեղափոխել ու առաջին օգնություն ցուցաբերել։
Հոկտեմբերի 3-ի կեսօրին դիրքավորվել են ճանապարհի մոտակայքում։ Այստեղ նույնպես փորձել են խրամատավորվել և սպասել հակառակորդի զորքերին, բայց դարձյալ միայն անօդաչուներ և ինքնաթիռներ են եղել։ Երկու մարտընկերները շուտով հեռացել են, ջոկատից մնացել են երկուսով։

Վերջին մարտընկերն անընդհատ բողոքել է, որ Նորայրի համառության պատճառով կարող է մեռնել և իր երեխաներին այլևս չտեսնել։ Նորայրը նրան համոզել է նահանջել և մնացել է միայնակ։ 

Գլխավոր ճանապարհը գտնելու և իր հետագա անելիքը հասկանալու նպատակով Նորայրը անտառի, մացառների ու դաշտերի միջով քայլել է, որտեղ էլ տարբեր թեթև վնասվածքներ է ստացել։ 

Զինվորական կոշիկները պատռվել են, ոտքերը՝ վնասվել, ճանապարհին գտած ուսապարկից հողաթափեր է հանել եւ դրանցով շարունակել քայլել։ Այդ ճանապարհով զինվորներ են նահանջելիս եղել, և մի ժամկետային զինվոր խորհուրդ է տվել ու օգնել զինվորական բաճկոնը պատռել և դրանով ոտքերը կապել, որ ցավ քիչ զգա։ Զինվորները նահանջելիս Նորայրի հետ զրուցել ու արագ հեռացել են դեպի թիկունք։ Դանդաղ քայլելու, «գրեթե չորեքթաթ սողալու» պատճառով Նորայրը հետ է ընկել, բայց գնացողները սպիտակ կտորներ են թողել ճանապարհին, որպեսզի Նորայրը հեշտ գտնի ճանապարհը։
Սովից ու ծարավից տանջվել է, երբ նահանջող մի ուրիշ զինվորի է հանդիպել, որը նրան «բլիթներ» ու մի քանի կում ջուր է տվել։

Հոկտեմբերի 3-ի երեկոյան մեծ դժվարությամբ Նորայրը հասել է Մաղավուզի դպրոց։ Դպրոցում հասցրել է մի փոքր սնվել, ու երբ պատրաստվել է հանգստանալ, ասել են, որ այդ զորքերին հանում են դպրոցից և տանելու են Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղի հրետանային զորամաս։

«Մոտ 3-4 օր Հոռաթաղում ձրիակերությամբ զբաղվեցինք»,- ասում է Նորայրը։ Հոռաթաղում ժամկետային զինվորները Նորայրի ոտքերը վիրակապել և խնամել են, զինվորներից մեկը իր զինվորական վերարկուն է տվել նրան, անգամ զորամասից ճտքակոշիկներ են գտել Նորայրի ոտքով։ 

Ալաշանի դեպքերը

Հոկտեմբերի 7-ին Նորայրին մի քանի զինվորների հետ տեղափոխել են Ալաշան, որը հրամանատարական կետ է եղել՝ դիրքեր փոխանցվելիք սննդի կետ, բուժկետ և դիրքերից իջած զինվորների հանգստավայր։  

Ալաշանում Նորայրենց նոր կազմավորված խմբին (կամավորներ և աշխարհազորայիններ) կցել են տեղի ժամկետային զորքերին՝ 6-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի 12-րդ վաշտին։ Հետո այդ աշխարհազորայինների խումբն էլ քիչ-քիչ ցրվել, հեռացել է, մնացել են մի քանի հոգով՝ ժամկետային զինծառայողների հետ։ 

«Հեռացողները զինվորների մեջ խուճապ էին առաջացնում, և կամավորները, օգնելու փոխարեն, վնասում էին զորքին»,- ասում է Նորայրը։

Ալաշանում Նորայրի խմբի կամավորները զենքերը հանձնել են և մնացել անզեն, քանի որ մտադրված են եղել հեռանալ, զենքի կարիք չեն ունեցել։ 

Այդ օրերին զինվորները նույնպես ցրվել են անտառում ու տարբեր կողմեր փախել։ 

Ալաշանում մնացել են մի քանի աշխարհազորայիններ և երեք մարտընկերները՝ Նորայրը, Կառլենը և Նժդեհը։ Նորայրը և Կառլենը նոր ջոկատ ու հրամանատար փնտրելու և օգտակար լինելու նպատակով քայլել են դեպի Քարվաճառ, Նժդեհը մնացել է Ալաշանում։ Ճանապարհին հանդիպել են Նորայրի բարձրաստիճան զինվորական բարեկամին, որն իր սպաներին խնդրել է կերակրել Նորայրենց, ճտքակոշիկներ ու հագուստ տալ և տեղափոխել է «Դիտակետ» հրամանատարական կետ՝ կրկին Մարտակերտի շրջանում։ Հոկտեմբերի 12-ին (Նորայրն ու Կառլենը) «Դիտակետ» հրամանատարական կետում են եղել։

«Մեկ շաբաթ այդ կետում ապրելով՝ հասկացանք, որ ոչնչով չենք կարողանում օգտակար լինել։ Խնդրեցի՝ մի քանի օրով արձակուրդ տան, որ գնանք տուն, կազդուրվենք, հավաքենք մտքներս, հոգեբանորեն պատրաստվենք ու վերադառնանք։ Հոկտեմբերի 20-ին արձակուրդ եկանք՝ լողացա, գնացի հիվանդանոց, հետազոտությունը պարզեց, որ երկկողմանի թոքաբորբ եմ տանում»,- պատմում է Նորայրը։ 

Հոկտեմբերի 27-ին Նժդեհի ու Կառլենի հետ, որոնք նույնպես արձակուրդում էին, գնում են Ալաշան՝ Նորայրի անձնական մեքենայով։ Այդ ժամանակ անտառում ցրված զինվորների մի մասն ինքնակամ հետ էր գնացել իր տեղակայման վայր, իսկ մյուսներին Ռազմական ոստիկանությունն էր հետ տարել։

«Ալաշանում մեր խնդրանքով կրկին կցվեցինք նույն 12-րդ վաշտին, որովհետև վաշտի հրամանատար Տիգրան Վանյանը պարտաճանաչ և կազմակերպված սպա էր և իր զինվորի համար անում էր հնարավոր ամեն ինչ»,- ասում է Նորայրը։ 

Այդ ամբողջ ընթացքում Նորայրը ցանկացել է Ճարտար գնալ՝ սիրած աղջկան և բարեկամներին տեսնելու, բայց զինվորական հրամանները միշտ ուրիշ ուղղությամբ են եղել։ 

Դեպի Շուշի

Նոյեմբերի 5-ի գիշերը, լույս 6-ի առավոտյան Նորայրենց վաշտին տագնապով, «Ուրալ»-ներով տանում են Շուշի։ Այդ անգամ Նորայրը հարմար զինվորական ճտքակոշիկներ ուներ, տնեցիներն էին ուղարկել։ «Ափսոս, երկու օր հասցրի հագնեմ»,- ցավով կատակում է Նորայրը։

Ճանապարհին՝ Շուշիի մոտակայքում՝ գազալցակայանի մոտ, ընկնում են կրակի տակ, իջնում են «Ուրալ»-ներից, ու սկսվում է մարտը։ 

Բոլոր կողմերից կրակոցներ են եղել, մտել է թփերի հետեւը։ Պառկած է մնացել մինչև այն պահը, երբ իր վաշտի տղաները մի փոքր հեռվից գոռացել են, որ Ֆրունզը վիրավորվել է։  

«Ֆրունզը իմ վաշտից էր և այս ընթացքում ինձ շատ էր օգնել ու աջակցել, չէի կարող չվազել օգնության։ Վազեցի, զինվորներից մեկը բերում էր Ֆրունզին։ Օգնեցի, Ֆրունզին իջեցրինք շտապ օգնության մեքենայի մոտ, ճանապարհեցինք թիկունք, նորից վազեցի հետ՝ ուրիշ վիրավորների օգնելու։ Վիրավորներն անթիվ էին և անգամ թեթև արյունահոսությունից կարող էին արնաքամ լինել ու մեռնել։ Եվս մի քանի վիրավորի հասցրի շտապ օգնության մեքենայի մոտ։ 5-րդ վիրավորին իջեցնելիս դիպուկահարի փամփուշտն ինձ գետին տապալեց, ընկա ճանապարհի մեջտեղում, վիրավոր զինվորը, որին իջեցնում էի, իմ վրա ընկավ։ Մի քանի ժամ չարչարվելուց հետո հազիվ կարողացա մի ձեռքով նրան մի կողմ հրել (ընկնելիս մյուս ձեռքս ուսից դուրս էր ընկել) և տակից դուրս գալ»,- պատմում է Նորայրը։ IMG_1560.jpeg (5.64 MB)

Վիրավորումը ծանր է եղել, ողնուղեղի սալջարդ է ստացել և գոտկատեղից ներքև ոտքերը միանգամից թուլացել են, չի կարողացել շարժել։ Անցնող «ԲՏՌ»-ի անձնակազմը նկատել է, որ Նորայրը ողջ է և վերցրել է նրան։ 

Վեց տարի է՝ Նորայրը սայլակով է տեղաշարժվում ու շարունակում է փայտագործությամբ զբաղվել։ 

«Հետքը» կշարունակի հրապարակել 44-օրյա պատերազմում վիրավորվածների վկայությունները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter