1.5 տարում Երեւանյան առանձին ավիաջոկատը 3 ինքնաթիռ կորցրեց
1970-1971 թթ. հայկական քաղավիացիայում 3 պատահար գրանցվեց, սակայն, բարեբախտաբար, զոհեր չեղան:
1970-ի մայիսի 4-ին Երեւանի մոտ վթարի ենթարկվեց Քաղավիացիայի հայկական վարչության Երեւանյան առանձին ավիաջոկատի 113-րդ թռիչքային ջոկատի «Ան-2ՍԽ» ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-05631):
Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին ավիաջոկատները համարժեք էին ներկայիս ավիաընկերություններին, դրանք գործում էին միմյանցից անկախ, բայց քանի որ բոլորն էլ պետական էին, ենթարկվում էին համապատասխան միութենական հանրապետության քաղավիացիոն իշխանությանը: Ավիաջոկատների կազմում գործում էին մեկ կամ մի քանի թռիչքային ջոկատներ, որոնք մասնագիտացած էին կոնկրետ տեսակի օդանավերի շահագործման մեջ:
1965-ի սեպտեմբերին ձեւավորված Երեւանյան առանձին ավիաջոկատի կազմում սկզբնապես գործում էր 113-րդ թռիչքային ջոկատը, իսկ ահա 1967-ի հոկտեմբերին ձեւավորվեց նորը՝ 279-րդ թռիչքային ջոկատը: 113-րդի շահագործմանը մնացին «Ան-2», «Յակ-12», հետագայում՝ «Յակ-40» տիպի օդանավերը, իսկ 279-րդին անցան ավելի տարողունակ ու ծանր ինքնաթիռները՝ «Իլ-14», «Իլ-18», հետագայում՝ «Տու-134», «Տու-154», «Իլ-86»:
СССР-05631-ի պատահարի մասին շատ տեղեկություններ չկան: Հայտնի է, սակայն, որ 1955-ին արտադրված օդանավը զգալիորեն վնասվել է կոշտ վայրէջքի հետեւանքով: «Ան-2ՍԽ»-ն գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված ինքնաթիռ էր: Հայտնի է նաեւ, որ 1963-ի տարեվերջի դրությամբ այն արդեն իսկ 4 անգամ վերանորոգվել էր, որից 3-ը եղել է կապիտալ վերանորոգում: Սակայն 1970-ի վթարից հետո օդանավը ենթակա էր դուրսգրման:
1970-ի հոկտեմբերի 16-ին գրանցվեց եւս մեկ պատահար, սակայն այս անգամ՝ Հայաստանի տարածքից դուրս: Երեւանյան առանձին ավիաջոկատի 279-րդ թռիչքային ջոկատի կողմից շահագործվող «Իլ-18Վ» տիպի ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-75578) վթարի ենթարկվեց Ուկրաինայի տարածքում՝ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքի օդանավակայանում: Այս վթարի մասին եւս շատ ինֆորմացիա չկա, բայց հայտնի է, որ ուղեւորատար օդանավի 4 շարժիչներից մեկն օդում՝ թռիչքի ժամանակ, խափանվել է: «Իլ-18Վ»-ն հարկադիր վայրէջք է կատարել Սիմֆերոպոլում (հայտնի չէ, թե ինչ երթուղով էր թռչում այն): Այդուհանդերձ, վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել վազքուղուց եւ զգալիորեն վնասվել:
Ընդ որում՝ սա համեմատաբար թարմ ինքնաթիռ էր, արտադրվել էր 1965-ին, բայց մի անգամ էլ վնասվել էր 1969-ի օգոստոսին Եկատերինբուրգի (այն ժամանակ՝ Սվերդլովսկի) «Կոլցովո» օդանավակայանում, երբ քարշակման ժամանակ ինքնաթիռի ձախ թեւը բախվել էր տարածքից չհեռացված շարժասանդուղքին: Ի տարբերություն այդ դեպքի՝ 1970-ի պատահարից հետո «Իլ-18Վ»-ն այլեւս պիտանի չէր շահագործման եւ շուտով դուրս գրվեց:
Լեհաստանում արտադրված «Ան-2Ռ» տիպի ինքնաթիռ, Կրակով, 2022 թ. դեկտեմբեր, հեղ.՝ Եվգենի Դանինի, transportpedia.org
Դրանից մոտ մեկ տարի անց՝ 1971-ի նոյեմբերի 22-ին, Երեւանի մոտ մեկ այլ պատահար գրանցվեց: Գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված եւ 1963-ին արտադրված «Ան-2Ռ»-ն (խորհրդային գրանցումը՝ СССР-62760), որը շահագործում էր 113-րդ թռիչքային ջոկատը, խախտելով թռիչքների իրականացման ձեռնարկի պահանջները, վայրէջք կատարեց ոչ թե թռիչքադաշտի երկայնքով, այլ լայնքով, ինչի հետեւանքով դուրս եկավ տարածքից ու վթարվեց, իսկ ավելի ուշ դուրս գրվեց:
Այսպիսով՝ շուրջ 1.5 տարում՝ 1970-ի մայիսից մինչեւ 1971-ի նոյեմբեր, Երեւանյան առանձին ավիաջոկատը կորցրեց 3 ինքնաթիռ՝ 2 հատ «Ան-2» (գյուղատնտեսական) եւ 1 հատ «Իլ-18» (ուղեւորատար): Բայց ամենակարեւորն այն էր, որ զոհեր չեղան:
Առաջին լուսանկարում՝ «Իլ-18Վ» տիպի ինքնաթիռ, Չիտա, Ռուսաստան, 2008 թ., հեղ.՝ Անդրեյ Զախարենկո, russianplanes.net
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել