ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները
Կենտրոնական բանկի (ԿԲ) ղեկավար կազմի՝ խորհրդի անդամների, ֆինանսական հայտարարագրերում վերջին տարիներին տեղի են ունեցել էական փոփոխություններ: Որոշ ակտիվներ բազմապատկվել են, մյուսները՝ նվազել կամ ամբողջությամբ վերացել։ Արժեթղթերը դարձել են հայտարարագրվող միջոցների նկատելի մասը, աճել են նաև որոշ պաշտոնյաների ավանդներն ու տրված փոխառությունները։ Միաժամանակ նրանց տարեկան եկամուտները տասնյակ միլիոնավոր դրամների են հասնում, իսկ առանձին դեպքերում նույն հայտարարագրերում միաժամանակ առկա են խոշոր վարկեր, ներդրումներ և ֆինանսական այլ պարտավորություններ։
ԿԲ-ի ղեկավարումն իրականացնում է Խորհուրդը։ Վերջինս բաղկացած է ութ անդամից՝ ԿԲ նախագահից, նրա երկու տեղակալներից և հինգ խորհրդի անդամներից։ ԿԲ նախագահին և երկու տեղակալներին Ազգային ժողովն ընտրում է վեց տարի ժամկետով։ Խորհրդի մյուս անդամները Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել չեն կարող։
Խորհուրդն է մշակում ԿԲ-ի ռազմավարությունը և կայացնում բանկի գործունեության համար առանցքային որոշումները։ ԿԲ-ի հիմնական նպատակների իրագործման շրջանակում Խորհուրդը որոշումներ է ընդունում դրամավարկային քաղաքականության և ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ։ Այն նաև տրամադրում է բանկային գործունեության լիցենզիաներ, հաստատում ԿԲ-ի ռազմավարությունն ու բյուջեն, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը։
Ինչպե՞ս է փոխվել Մարտին Գալստյանի ֆինանսական վիճակը վերջին տարիներին
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վերջին տարիներին ավելացրել է իր ունեցած պարտքային և այլ արժեթղթերի ծավալը։ Ըստ հայտարարագրի՝ Գալստյանը դրանք ձեռք է բերել 2019թ․-ից սկսած: Եթե 2021թ․ տարեսկզբին դրանց ընդհանուր արժեքը 7 մլն 120 հազ. դրամ էր, ապա 2024թ․ տարեվերջին այն հասել էր 70 մլն 530 հազ. դրամի, իսկ 2025թ․ սկզբին՝ 141 մլն 270 հազ․, արդեն նույն տարվա վերջին՝ 114 մլն 70 հազ. դրամ։
Ավելացել են նաև արտարժույթով արժեթղթերը։ 2022թ․ Գալստյանը հայտարարագրել էր 73 հազ. դոլարի արժեթուղթ, իսկ 2025թ․ տարվա սկզբին ունեցել է 313 հազ․ 300 դոլարի, իսկ նույն տարվա վերջին՝ 218 հազ. 300 դոլարի արժեթուղթ։
Փոխվել է նաև արժեթղթերի քանակը։ 2021թ․ նա ունեցել է 2 պարտքային կամ այլ արժեթուղթ, իսկ 2025թ․՝ 33։ 2025թ․ հայտարարագրի համաձայն՝ դրանց թվում եղել են «Հայէկոնոմբանկի», «Ֆինքայի», «Կոնվերս բանկի», «Յունիբանկի», «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Վիվա Արմենիայի» և այլ ընկերությունների արժեթղթեր։ Գալստյանը ձեռք է բերել նաև պետական պարտատոմսեր։
Միաժամանակ ԿԲ նախագահը բաժնային արժեթղթեր չի հայտարարագրել։ Այսինքն՝ նշված արժեթղթերը նրան տվյալ ընկերությունների բաժնետեր չեն դարձնում, այլ ընկերությունների կողմից ներգրավված պարտքային միջոցներ են։
Գալստյանը նաև 54 մլն 468 հազ. դրամի փոխառություն է տվել «Հորիզոն Ինվեստ» ՓԲԸ-ին։ Փոխառությունը հավանաբար տրամադրվել է անշարժ գույք ձեռք բերելու նպատակով, քանի որ այդ ընկերությունը կառուցապատմամբ է զբաղվում:
Փոխվել է նաև նրա ավանդների պատկերը։ 2021թ․-ի տարեվերջին Գալստյանը ունեցել է 42,756 դոլարի ավանդ, որը 2023թ․-ին նվազել է՝ դառնալով 7,400 դոլար, ապա՝ զրոյացել։ 2023-2024թթ․ ԿԲ նախագահը 2 մլն դրամ ավանդ ուներ, իսկ 2025թ․ որևէ ավանդ չի հայտարարագրել։
Նվազել են նաև բանկային հաշիվների մնացորդները։ 2021թ․ տարեսկզբին նրա հաշիվներում եղել է մոտ 9.8 մլն դրամ, 2023թ․ տարեվերջին՝ 30 մլն, 2024թ․՝ մոտ 41 մլն դրամ, իսկ 2025թ․՝ մոտ 8 մլն դրամ։ Արտարժույթով հաշիվների մնացորդներն ավելի կտրուկ են նվազել։ Եթե 2024թ․ Գալստյանն ունեցել է մոտ 2800 դոլար և 2660 եվրո, ապա 2025թ․՝ ընդամենը 17 դոլար և 792 եվրո։
Նվազել է նաև կանխիկ գումարը։ 2021թ․ տարեվերջին նա հայտարարագրել էր 15 մլն դրամ, 15 հազ. դոլար և 10 հազ. եվրո կանխիկ գումար, մինչդեռ 2025թ․ կանխիկ գումար ունեցել է միայն տարեսկզբին՝ 5000 եվրո։
ԿԲ նախագահի եկամուտները շարունակում են բարձր մնալ։ 2025թ․ նա ստացել է մոտ 73 մլն դրամ և 10 հազ. 266 դոլար եկամուտ։ Դրանցից մոտ 58 մլն դրամը Կենտրոնական բանկից ստացած աշխատավարձն է։ Համեմատության համար՝ 2021թ․ Գալստյանի հայտարարագրած եկամուտը կազմել էր մոտ 50 մլն դրամ և մոտ 1,581 դոլար։
Մարտին Գալստյանն ունի նաև ընդհանուր մոտ 92 մլն 560 հազ. դրամի վարկեր։ Դրանք վերցրել է առանձնատուն և բնակարան ձեռք բերելու, ինչպես նաև բնակարանի վերանորոգման նպատակով։ Միայն 2021-2025 թվականներին ստացել է մոտ 268 մլն դրամ աշխատավարձ։
2025թ․ նրա ծախսերի թվում շուրջ 9 մլն դրամ և 12 հազ. եվրո է նշված հանգստի համար։ Մոտ 20 հազ. դոլար էլ ծախսել է վարձակալության համար, իսկ ուսման նպատակով՝ 6 մլն դրամ։
Մարտին Գալստյանը 2020թ. հունիսի 13-ից Կենտրոնական բանկի նախագահն է: Մինչ այդ՝ 2018-2020թթ. եղել է ԿԲ խորհրդի անդամ:
Որքա՞ն է ծախսում Հովհաննես Խաչատրյանը հանգստի և վարկերի մարման համար
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը 2026թ․ հունվարի 1-ին «Ինտերաքտիվ Բրոքերս» (Interactive Brokers) ընկերությունում ձեռք է բերել 25 հազ. 710 դոլարի բաժնային արժեթուղթ։
Եթե նախորդ տարիներին Խաչատրյանն ունեցել է բավական խոշոր փոխառություններ՝ օրինակ, 2021թ․ մոտ 60 մլն դրամ, ապա 2023թ․-ից սկսած՝ հանձնած կամ վերադարձված փոխառություններ չի հայտարարագրել։
Խաչատրյանը 2025թ․-ի տարեվերջին հայտարարագրել է 18 հազ. 500 ԱՄՆ դոլարի ավանդ: Մինչ այդ ավանդ չի ունեցել:
2025թ․ տարեվերջին նրա բանկային հաշիվներում եղել է 30 մլն դրամ, մոտ 1800 դոլար և 218 եվրո։ Կանխիկ գումար Խաչատրյանը համեմատաբար քիչ է պահում․ 2021թ․-ից սկսած դրա չափը չի գերազանցել 800 հազ. դրամը։
2025թ․ նրա եկամուտը կազմել է 54 մլն դրամ։ 2024թ․ այն 59 մլն դրամ էր։ Ընդհանուր առմամբ, 2021թ․-ից սկսած նրա տարեկան եկամուտների էական փոփոխություն չի արձանագրվել։
Խաչատրյանն ունի նաև 70 մլն դրամի վարկ, որը վերցրել է բնակարան և առանձնատուն ձեռք բերելու համար։ 2025թ․ հանգստի համար նա ծախսել է 2 մլն 700 հազ. դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղել է 27 մլն դրամ։
Հովհաննես Խաչատրյանը ԿԲ նախագահի տեղակալ է ընտրվել Ազգային ժողովի կողմից՝ 2022թ․ հունվարին։ Նախկինում՝ 2020-2022 թվականներին, եղել է ԿԲ խորհրդի անդամ։
Արմեն Նուրբեկյանը նախապատվությունը տալիս է բանկային ավանդներին
2022թ․-ից ավելացել են ԿԲ նախագահի մյուս տեղակալ Արմեն Նուրբեկյանի բանկային ավանդները։ 2022թ․ նա ունեցել է 23 մլն 193 հազ. դրամի ավանդ, որը նույն տարվա սկզբին եղել է 30 մլն դրամից ավելի, իսկ 2025թ․ հայտարարագրել է չորս ավանդ՝ ընդհանուր 31 մլն 318 հազ. դրամի չափով։
Միաժամանակ նվազել են նրա բանկային հաշիվների մնացորդները։ 2022թ․ Նուրբեկյանի հաշիվներում եղել է 13 մլն դրամ և 82 հազ. 293 դոլար, իսկ 2025թ․՝ մոտ 10 մլն դրամ և 81 հազ. 514 դոլար։ Փոխարենը զգալիորեն ավելացել են եկամուտները։ 2022թ․ նա հայտարարագրել էր 49 մլն 472 հազ. դրամ եկամուտ, իսկ 2025թ․՝ 63 մլն 611 հազ. դրամ։ Դրանցից 46 մլն 548 հազ. դրամը ստացել է Կենտրոնական բանկից։
Նուրբեկյանը կանխիկ գումար չի հայտարարագրել։ Նրա ծախսերի թվում նշված է 2 մլն 700 հազ. դրամ՝ հանգստի, և մոտ 28 մլն դրամ՝ վարկի մարման համար։
Արմեն Նուրբեկյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալն է 2022թ․ դեկտեմբերի 23-ից: Մինչ այդ աշխատել է որպես մակրոտնտեսական դեպարտամենտի ղեկավար և ԿԲ գործադիր կոմիտեի անդամ:
Ինչո՞ւ է Դավիթ Նահապետյանը միաժամանակ պարտք տվել և վարկ վերցրել ԿԲ-ից
ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը 2023թ․ «ԱյԴի բանկ»-ից գնել է 15 հազ. դոլար արժեքով պարտատոմս։ Այդ արժեթուղթը պահպանվել է նաև 2025թ․։
Նահապետյանը 2025թ. վերջին ունեցել է նաև շուրջ 64 մլն դրամի հանձնված փոխառություն, որի զգալի մասը տրվել է կառուցապատող ընկերությանը՝ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։ 2025թ․ սկզբին 45 մլն դրամ հանձնած փոխառություն էլ ունեցել է Կենտրոնական բանկում։ Այսինքն՝ ըստ հայտարարագրի, ԿԲ խորհրդի անդամը գումար է պարտքով տվել այն կառույցին, որի խորհրդի անդամն է։ Միաժամանակ Նահապետյանը վերջին տարիներին Կենտրոնական բանկից տարբեր չափի վարկեր է վերցրել: Օրինակ՝ 2023թ․-ին ԿԲ-ից վերցրել է 7 մլն 500 հազ. դրամ վարկ, 2024-ին՝ 6 մլն 670 հազ, 2025-ին՝ 10 մլն դրամ: Իսկ 2025թ․ ընթացքում ԿԲ-ին տրված 45 մլն դրամ փոխառությունը վերադարձվել է։
Դավիթ Նահապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագրի լրացվող տողերը երբեմն չեն արտացոլում գործարքի իրական պատկերը և հայտարարատուն ստիպված առաջարկվող տողն է լրացնում: Հայտնեց, որ 45 մլն դրամն իրականում փոխառություն չի եղել, այլ վարկ, որը տվել է ոչ թե Կենտրոնական բանկին, այլ հակառակը՝ ինքն է վերցրել ԿԲ-ից՝ Դիլիջանում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Որպեսզի ԿԲ-ի նկատմամբ ունեցած պարտավորությունը ժամանակին կատարի, այլ բանկերից վարկ է վերցրել և մարել է 45 մլն դրամ վարկը:
«Գուցե ես եմ տողը սխալ լրացրել, բայց 45 մլն դրամը իմ կողմից հանձնած չէ, ես եմ վերցրել ԿԲ-ից»,- պարզաբանում է Դ. Նահապետյանը:
Ինչ վերաբերում է ԿԲ-ից վերցրած մյուս վարկերին, ապա Դավիթ Նահապետյանը պարզաբանեց, որ օրինակ՝ 10 մլն դրամ վարկը վերցրել է ավտոմեքենայի ձեռքբերման կանխավճարի համար:
ԿԲ խորհրդի անդամի փոխանցմամբ՝ ամեն ինչ օրինական է: Կենտրոնական բանկն ունի ներքին ընթացակարգ, որը թեև հրապարակված չէ, սակայն հաստատված է կոլեգիալ մարմնի կողմից: ԿԲ-ն իր աշխատակիցներին տրամադրում է վարկեր, ինչից էլ ինքն օգտվել է:
Դ. Նահապետյանը 2025թ․-ին հայտարարագրել է երեք բանկային ավանդ՝ ընդհանուր 11 մլն 314 հազ. դրամի չափով։ 2021թ․ նրա ավանդը կազմել էր 5 մլն 895 հազ. դրամ, այսինքն՝ այդ ժամանակից այն գրեթե կրկնապատկվել է։
2025թ․ տարեվերջին Նահապետյանի բանկային հաշիվներում եղել է 1 մլն 332 հազ. դրամ, 412 դոլար և 27 եվրո։ Համեմատության համար՝ 2022թ․ նրա հաշվում եղել է մոտ 18 հազ. դոլար։
2025թ․ տարեվերջին Նահապետյանը հայտարարագրել է 700 հազ. դրամ, 1000 դոլար և 1500 եվրո կանխիկ գումար։
2025թ․ զգալիորեն աճել են նաև նրա հայտարարագրած եկամուտները։ Եթե 2024թ․ դրանք կազմել էին մոտ 66 մլն դրամ, ապա 2025թ․՝ մոտ 118 մլն դրամ և 6340 դոլար։ 2022թ․ նույնպես եկամուտների բարձր մակարդակ էր արձանագրվել՝ 128 մլն դրամ և 40 հազ. դոլար։ Հայտարարագրի համաձայն՝ այդ եկամուտների զգալի մասը կազմել են ստացված վարկերը։ Միայն 2025թ․-ին նա ունեցել է մոտ 74 մլն դրամ վարկ:
2025թ․ Դավիթ Նահապետյանը հանգստի համար ծախսել է 4 մլն 280 հազ. դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղել է մոտ 80 մլն դրամ։
Դավիթ Նահապետյանը 2020թ․ դեկտեմբերին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ:
Որքա՞ն աշխատավարձ է ստացել Նարեկ Ղազարյանը Կենտրոնական բանկից՝ 2022թ.-ից սկսած
ԿԲ խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը պաշտոնում ընտրվել է 2022թ. դեկտեմբերին։ 2023թ․-ից հայտարարագրում է տրված փոխառություն՝ սկզբում 8 մլն 750 հազար դրամի չափով, իսկ 2025 թվականին՝ արդեն 23 մլն 400 հազար դրամ։ Ղազարյանը բանկային ավանդներ, բաժնային և այլ արժեթղթեր չունի։ Նրա բանկային հաշիվների մնացորդը 2025թ․-ին կազմել է 1 մլն 161 հազար դրամ և 187 դոլար։ Տարեսկզբին այդ գումարը եղել է մոտ 3 մլն 253 հազ. դրամ: 2022թ․ նա ունեցել է 650 հազար դրամ և 500 դոլար, իսկ նույն տարվա սկզբին դրամային գումարը եղել է 4 մլն 500 հազ. դրամ։ Կանխիկ գումարը նույնպես մեծ չէ՝ մինչև 250 հազար դրամ։
Միաժամանակ, Ղազարյանի եկամուտները 2022թ․ համեմատ զգալիորեն աճել են։ Եթե 2022թ․ նրա տարեկան եկամուտը մոտ 15 մլն դրամ էր, ապա 2025թ․-ին՝ 36 մլն դրամ։ Եկամտի հիմնական մասը աշխատավարձն է։ Միայն 2025թ․ Կենտրոնական բանկից նա ստացել է 33 մլն դրամ աշխատավարձ, իսկ 2022թ․ սկսած՝ ընդհանուր առմամբ 108 մլն դրամ։
2025թ․ Ղազարյանը հայտարարագրել է նաև 24 մլն դրամի վարկ կամ փոխառություն։ Նույն տարում հանգստի նպատակով նա ծախսել է 3 մլն 657 հազար դրամ, իսկ վարկի մարման համար՝ 5 մլն 758 հազար դրամ։
Ի՞նչ աղբյուրներից է ձևավորվել Արտակ Մանուկյանի 157 միլիոն դրամի ընդհանուր եկամուտը
Արտակ Մանուկյանը ԿԲ խորհրդի անդամ է նշանակվել 2021թ․ հոկտեմբերի 28-ին՝ վեցամյա ժամկետով։ Պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2023թ. տարեվերջին, նա հայտարարագրել է երրորդ անձի անունով ձևակերպված 4 մլն դրամի պարտատոմս, որը պահպանվել է, իսկ 2024թ․-ի տարեվերջին այդ նպատակով ներդրել է նաև 15 հազ. 830 ԱՄՆ դոլար, որը 2025թ․-ի ընթացքում զրոյացրել է։
Մանուկյանը 2021թ. ընթացքում 8,200 դոլար փոխառություն է տվել, որը նույն տարում վերադարձվել է:
2021թ․ Մանուկյանի բանկային ավանդներն աճել են։ Եթե պաշտոնը ստանձնելու տարում նա ունեցել է 5 մլն 400 հազար դրամի ավանդ, ապա 2025թ․-ին՝ 14 մլն 111 հազար դրամ և 15 հազար 170 դոլար։ Իսկ 2025թ․ Մանուկյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 395 հազար դրամ և 913 եվրո։ 2024 թվականին այդ գումարը զգալիորեն ավելի մեծ էր՝ 8 մլն 569 հազար դրամ և 913 եվրո։
Աճել է նաև նրա հայտարարագրած կանխիկ գումարը։ 2021թ․ Մանուկյանն ունեցել է 2 մլն 120 հազար դրամ, 5,300 դոլար, 720 եվրո և 850 ֆունտ ստերլինգ կանխիկ։ 2025թ․-ին կանխիկ միջոցները կազմել են 15 մլն 680 հազար դրամ, 17 հազ. 730 դոլար, 7 հազ. 789 եվրո և 1390 ֆունտ ստերլինգ։
Մանուկյանի տարեկան եկամուտը 2025թ․-ին նախորդ տարվա համեմատ նվազել է։ 2024 թվականին ստացել է 39 մլն 159 հազար դրամ, իսկ 2025 թվականին՝ 34 մլն 332 հազար դրամ և 750 դոլար։ Պատճառն այն է, որ 2024թ․-ին Ա. Մանուկյանը ԿԲ-ից 7 մլն 656 հազ. դրամ վարկ է վերցրել, ինչը դիտարկվում է որպես եկամուտ:
2021թ․ նրա եկամուտը կազմել է 8 մլն 413 հազար դրամ և 23,337 դոլար։ 2021թ․-ից մինչև 2025թ․ վերջը Մանուկյանի ստացած եկամուտը կազմել է 157 մլն 962 հազար դրամ և 24 հազ. 739 դոլար։
Ինչ եկամուտներ ունի Լևոն Սահակյանը
Լևոն Սահակյանը ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել 2022թ․ մարտին։ 2025թ․ նա հայտարարագրել է 37 մլն 799 հազար դրամի և 37 հազար 224 դոլարի բանկային ավանդ։ Իսկ ԿԲ-ում խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու տարում՝ 2022թ․-ին, նրա ավանդները կազմել էին 12 մլն 760 հազար դրամ և 33 հազար դոլար։
Լ. Սահակյանը 2022թ. ընթացքում հանձնել է 52 մլն 368 հազ. դրամ փոխառություն, որը վերադարձվել է 2024թ․-ի ընթացքում:
Սահակյանի բանկային հաշիվների մնացորդը 2025թ․ կազմել է 14 մլն 192 հազար դրամ։ 2022թ․ նա ունեցել է 17 մլն 768 հազար դրամ և 1,812 դոլար։
2024թ․-ից Սահակյանը կանխիկ դրամ չի հայտարարագրել, սակայն 2025թ․ ունեցել է 7,000 դոլար կանխիկ։ Համեմատության համար՝ 2022թ․ նա հայտարարագրել էր 51 հազար 700 դոլար և 10 հազար դրամ կանխիկ գումար։
Սահակյանի եկամուտները 2025թ․ աճել են նախորդ տարվա համեմատ։ 2025թ․ նա ունեցել է 64 մլն դրամ և 1,611 դոլարի եկամուտ, իսկ 2024թ․-ին՝ 44 մլն 505 հազար դրամ և 1,397 դոլար։ 2022թ․ նրա եկամուտը կազմել էր 98 մլն 413 հազար դրամ և 19 դոլար, որից մոտ 54 մլն դրամը վարկ է եղել։
2022-2025 թվականներին Սահակյանը ստացել է մոտ 129 մլն դրամ աշխատավարձ։ Նույն ժամանակահատվածում նա ստացել է նաև մոտ 62 մլն դրամի վարկ կամ փոխառություն։
Հիփոթեքի տոկոսավճարը եղել է Արմեն Քթոյանի հայտարարագրած միակ խոշոր ծախսը
Արմեն Քթոյանը ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել 2025թ․ հոկտեմբերի 24-ին։ Այդ տարվա տարեկան հայտարարագրով նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 603 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 220 հազար դրամ։
Քթոյանը 2025 թվականին ունեցել է 27 մլն 524 հազար դրամ եկամուտ։ Այն ձևավորվել է աշխատավարձից և եկամտային հարկի վերադարձից։
Քթոյանն ունի նաև 20 մլն 711 հազար դրամի հիփոթեքային վարկ։ 2025 թվականին նրա հայտարարագրման ենթակա միակ ծախսը եղել է այդ վարկի տոկոսների վճարումը՝ 7 մլն 147 հազար դրամ։
Այս տվյալները վերաբերում են այն կառույցի ղեկավարությանը, որի որոշումները ազդում են ոչ միայն բանկերի, այլև վարկերի, ավանդների, դրամի և ֆինանսական շուկայի ընդհանուր միջավայրի վրա։ Հետևաբար ԿԲ ղեկավարների անձնական ֆինանսների վերաբերյալ հրապարակային տվյալները հետաքրքրություն են ներկայացնում նաև ավելի լայն համատեքստում՝ որպես պետական կառավարման բարձր մակարդակում ձևավորվող եկամուտների և ֆինանսական հարաբերությունների օրինակ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել