HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայուան Արմենիան» առաջին անգամ ինքնաթիռներ կգնի անմիջապես Airbus-ից

Եվրոպական Airbus ավիաշինական ընկերությունը սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունն ավարտել է 2 հատ Airbus A321neo ինքնաթիռների պատվիրման գործընթացը:

Այս տարվա մայիսի 5-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ կատարած պետական այցի ժամանակ, հայկական փոխադրողի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ու Airbus-ի Եվրոպայի կոմերցիոն ծառայությունների ղեկավար Շարբել Յուզկաթլին հուշագիր էին ստորագրել 2 հատ A321neo-ի գործարքի վերաբերյալ (տես ստորեւ):

«Սա պատմական քայլ է ինչպես մեր ընկերության, այնպես էլ հայկական ավիացիայի համար»,- մայիսին հայտարարել էր Ա. Խաչատրյանը։

«Մենք մեծապես գնահատում ենք «Ֆլայուան Արմենիայի» վստահությունը A320 ընտանիքի նկատմամբ, հատկապես՝ A321neo մոդելի ընտրության հարցում»,- իր հերթին նշել էր Շ. Յուզկաթլին։

Ձեռք բերվող օդանավերը նախատեսված են 239 ուղեւորի համար, բոլոր նստատեղերը էկոնոմ դասի են:

«Airbus-ին արված մեր առաջին ուղղակի պատվերը կարեւոր եւ խորհրդանշական հանգրվան է «Ֆլայուան Արմենիայի» զարգացման գործում,- պատվերի գործարքից հետո նշել է Արամ Խաչատրյանը,- Airbus-ի կողմից հատուկ մեր ավիաընկերության համար արտադրված 2 նոր A321neo ինքնաթիռների ձեռքբերումը վկայում է շարժակազմի արդիականացմանն ու երկարաժամկետ աճին ուղղված մեր շարունակական հանձնառության մասին։ Հպարտ ենք Airbus-ի հետ գործընկերությունն ամրապնդելու առիթով եւ վստահ ենք, որ այս ներդրումը կնպաստի ոչ միայն «Ֆլայուան Արմենիայի» հետագա զարգացմանը, այլեւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի շարունակական աճին ու միջազգային համագործակցության ընդլայնմանը»:

Airbus-ի կոմերցիոն օդանավերի վաճառքի հարցերով գործադիր փոխնախագահ Բենուա դը Սենտ-Էքզյուպերին էլ հայտարարել է, որ «Ֆլայուան Արմենիայի» կողմից կատարված առաջին ուղղակի պատվերն ընդգծում է հայկական փոխադրողի հանձնառությունը՝ ապահովելու գործառնական գերազանցություն եւ ուղեւորների համար հարմարավետության բարելավված պայմաններ՝ զուգահեռաբար ընդլայնելով A320 ընտանիքի ինքնաթիռներից բաղկացած իր ավիապարկը. «Մենք մեծ ուրախությամբ ենք ողջունում «Ֆլայուանին» որպես Airbus-ի ընտանիքի նոր անդամի եւ ակնկալում ենք խորը ու արդյունավետ համագործակցություն՝ աջակցելու նրանց ռազմավարական աճի ծրագրերին»։

Ըստ Airbus-ի՝ իր A320-ը նեղ ֆյուզելաժով ինքնաթիռների ամենահայտնի ընտանիքն է աշխարհում, որի ընդհանուր պատվերների թիվն անցել է 20,000-ը։ Նկատենք, որ A320 ընտանիքը ներառում է A318, A319, A320 եւ A321 ինքնաթիռները, սակայն սրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին տարբերակները:

Եթե A320 ընտանիքի դասական առաջին մոդելի թռիչքը կայացել է 1987-ին, իսկ այս ընտանիքի օդանավերի արտադրությունը շարունակել է մինչեւ 2021 թ., ապա 2012-ից սկսվել է ընտանիքի նոր սերնդի ինքնաթիռների արտադրությունը, որոնք ընդհանրական կերպով հայտնի են իբրեւ A320neo (new engine option): Ի տարբերություն նոր սերնդի՝ դասական մոդելները կոչվել են A320ceo (current engine option):

A320neo նոր սերունդը ներառում է A319neo, A320neo, A321neo, A321LR եւ A321XLR տարբերակները (ինչպես տեսնում ենք, A318-ի «թարմացում» չի կատարվել):   

Airbus-ը նշում է, որ ընտանիքի ամենամեծ մոդելը՝ A321neo-ն, ապահովում է թռիչքի անզուգական հեռահարություն եւ արդյունավետություն (փաստացի, ամենաերկար թռիչքը կատարում է A321XLR-ը, որ չափերով նման է A321neo-ին, սակայն կատարողականով գերազանցում է նրան)։ Ըստ եվրոպական արտադրողի՝ A320ceo-ի նմանատիպ ինքնաթիռների համեմատ՝ A320neo-ի մոդելներն ապահովում են վառելիքի առնվազն 20 % խնայողություն եւ CO₂-ի արտանետումների կրճատում՝ միաժամանակ առավելագույնի հասցնելով ուղեւորների հարմարավետությունը՝ շնորհիվ իրենց դասում ամենալայն սրահներից մեկի։

Վերադառնալով «Ֆլայուան Արմենիան»՝ նշենք, որ ներկայում այն շահագործում է Հայաստանում գրանցված 5 ինքնաթիռ՝ 4 հատ Airbus A320 (ՀՀ գրանցումները՝ EK-FOC, EK-FOE, EK-FOG, EK-FOH) եւ 1 հատ Airbus A321 (EK-FOD): Բացի նշվածներից՝ օպերատորը վարձակալական հիմունքներով շահագործում է նաեւ մոլդովական Fly One ավիաընկերության շարժակազմում գտնվող A320 եւ A321 տիպի ինքնաթիռներ: Սրանք բոլորը A320ceo ընտանիքի ներկայացուցիչներ են:

Շարբել Յուզկաթլի, Էդուարդ Սուքիասյան, Արամ Խաչատրյան

Հիշեցնենք, որ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 54 %-ը պատկանում է գործարար, նախկին իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մերձավորներին (50 %-ը՝ պաշտոնյայի եղբորը՝ Էդուարդ Սուքիասյանին, 4 %-ը՝ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին), իսկ 46 %-ը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը, որի ցանցի մաս է հայկական ավիափոխադրողը:

Առաջին նկարը՝ կոլաժ Airbus-ի կողմից
Լուսանկարները՝ «Ֆլայուան Արմենիայի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter