HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայուան Արմենիան» Հայաստանում գրանցված իր օդանավերի թիվը հասցրել է 6-ի

Հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության շարժակազմում հունիսի 5-ին ՀՀ գրանցում է ստացել 6-րդ ինքնաթիռը:

Ինչպես արդեն գրել ենք, այս տարվա հունվար-փետրվարին ավիաընկերությունը ֆրանսիական Տարբ քաղաքից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան էր տեղափոխել, իսկ ավելի ուշ ՀՀ-ում գրանցել 2 հատ Airbus A320 տիպի օդանավ (ՀՀ գրանցումները՝ EK-FOE եւ EK-FOG):

EK-FOE, 19.03.2026, Սոչի, հեղ.՝ Թիմուր Զարիպով, jetphotos.com

EK-FOG, 31.05.2026, Սոչի, jetphotos.com

Մինչ այդ օպերատորի ավիապարկում էին եւս 2 հատ Airbus A320-ներ (EK-FOB եւ EK-FOC), ինչպես նաեւ 1 հատ Airbus A321 (EK-FOD): Նշվածներից այս պահին չի շահագործվում EK-FOB-ը, որը 2025-ի հոկտեմբերի 30-ից կանգնած է «Զվարթնոցում»:

EK-FOB, 09.11.2024, Երեւան, հեղ.՝ Վարդան Վարդանյան, jetphotos.com

EK-FOC, 01.02.2026, Սանկտ Պետերբուրգ, հեղ.՝ Լյուբա Օստրովսկայա, jetphotos.com

EK-FOD, 13.03.2026, Մոսկվա, jetphotos.com

Նախորդ հոդվածում գրել էինք, որ «Ֆլայուան Արմենիան» ապրիլի 16-ին ֆրանսիական Տարբից Երեւան է տեղափոխել հերթական Airbus A320-ը: Հղում անելով planespotters.net-ին՝ նշել էինք, որ այն մեր երկրում ստանալու է EK-FOH գրանցումը: Սակայն այս բորտն ավելի ուշ գրանցվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոլդովայում որպես ER-00016՝ մտնելով «Ֆլայուան Արմենիայի» 46 %-ի սեփականատեր մոլդովական Fly One ավիաընկերության շարժակազմ:

Այստեղ տարօրինակ ոչինչ չկա, քանի որ «Ֆլայուան Արմենիան», մյուս հայկական ավիափոխադրողների նման մինչ օրս գտնվելով ԵՄ «սեւ ցուցակում» եւ իրավունք չունենալով թռիչքներ կատարել դեպի ԵՄ, օգտվում է այդ ցուցակում չներառված ավիաընկերությունների օդանավերի ծառայություններից: Այսինքն՝ ինքնաթիռի գրանցումը Մոլդովայում, որը, ի տարբերություն Հայաստանի, չի գտնվում ԵՄ սահմանափակումների տակ, լուծում է կարեւոր խնդիր՝ հնարավորություն է տալիս «Ֆլայուան Արմենիային» դրանով թռիչքներ կատարել դեպի ԵՄ: Նկատենք, որ հայկական օպերատորն այս նպատակի համար օգտագործում է (վարձակալական հիմունքներով) Մոլդովայում եւ այլ երկրներում գրանցված տարբեր ինքնաթիռներ:

Թռիչքներին առցանց հետեւող կայքերի տվյալներով՝ ER-00016-ը դեռ թռիչքներ չի կատարում եւ առայժմ գտնվում է «Զվարթնոցում»:

ER-00016 գրանցումը ստացած Airbus A320-ը՝ դեռեւս հին (9H-IVO) գրանցումով, «Զվարթնոց», հեղ.՝ Տիգրան Չախմախչյան

Ինչ վերաբերում է EK-FOH գրանցմանը, ապա այն «պարապ» չի մնացել: Այս գրանցումը տրվել է «Ֆլայուան Արմենիայի» կողմից մայիսի 25-ին Տարբից Երեւան տեղափոխված Airbus A320-ին: Փաստորեն, վերջինս դարձել է հայկական օպերատորի կազմում այս պահին գրանցված 6-րդ օդանավը:

EK-FOH, 10.06.2026, Մոսկվա, հեղ.՝ Ալեքսանդր Լեբեդեւ, jetphotos.com

2009-ին թողարկված եւ 180 ուղեւորի համար նախատեսված այս ինքնաթիռը նախկինում շահագործվել է Ռուսաստանում, Էստոնիայում, Նիգերիայում, Մալթայում: 2025-ի նոյեմբերից մինչեւ այս տարվա մայիսի 25-ը բորտը կանգնած էր Տարբի օդանավակայանում եւ չէր շահագործվում: Մայիսի 25-ին Երեւան բերվելուց ու հունիսի 5-ին ՀՀ գրանցում ստանալուց հետո այն կայանված էր «Զվարթնոցում» մինչեւ հունիսի 5-ը: Եվ ահա հունիսի 5-ից EK-FOH-ը Երեւանից թռիչքներ է կատարում դեպի Ռուսաստան, Վրաստան ու Ղազախստան:

Հիշեցնենք, որ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 54 %-ը պատկանում է գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մերձավորներին (50 %-ը՝ պաշտոնյայի եղբորը՝ Էդուարդ Սուքիասյանին, 4 %-ը՝ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին), իսկ 46 %-ը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը, որի ցանցի մաս է հայկական ավիափոխադրողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter