Կոմիտասից մինչև վերջին խալիֆ. բժիշկ Վահրամ Թորգոմեանի պատմությունը (մաս 1)
Որպեսզի չմոռացվի անցյալը
1942թ. Փետրվար 25-ին վերջակետը դրեց և փակեց 523 էջանոց ««Անցուկը Մոռցուկ» պոլսահայ մտաւորականի մը ուղին՝ Սկիւտարէն Փարիզ» հուշերի տետրակը: Ամիսներ անց Օգոստոս 11-ին` ճիշտ Նավասարդի օրը, Վահրամ Թորգոմեանը ավանդեց հոգին: Իր այս հաստափոր տետրակով ոչ միայն կանխեց ի՛ր անցյալի մոռացումը, այլև, անձնական կյանքի մանրամասների միջով, մեզ ժառանգեց իր ապրած փոթորկոտ դարաշրջանի պատկերը՝ Կոստանդնուպոլսի բարքերի, ժամանակշրջանի, երևելի, նմանապես և սրիկա մարդկանց մասին վկայությունները: Վահրամը բժիշկ էր՝ շատ լավ կրթություն ստացած Փարիզում: Իր այս հուշագրությունը, որի ինքնագիրը, ի պահ հանձնված Փարիզի Նուբարեան գրադարանին և, ի վերջո, Երևան՝ Գրականության և արվեստի թանգարան հասած, միայն իր կյանքի մի հատվածն է ամփոփում: Մնացածը 10 հսկա տետրերի մեջ ամփոփված իր օրագրություն-նամակների և աշխատությունների մեջ են: Ի դեպ, յուրահատուկ և զարմանալի հակում է ունեցել արտագրության: Իր ծնողներին, հարազատների, ծանոթներին ուղարկած գրեթե բոլոր նամակները մեկ-մեկ արտագրել է առավել հաստ մի տետրի մեջ, քան «Անցուկը Մոռցուկ»ն է՝ լրացնելով 1467 էջ: Եվ այս հակումը այսօր հնարավորություն է տալիս շատ բան հասկանալու նրա մասին: Բարեբախտաբար միանգամայն ընթեռնելի ձեռագիր ունի մարդը՝ եթե համեմատելու լինենք ընդհանրապես բժիշկների ձեռագրերի հետ: Բայց, բժիշկ լինելուց զատ, Վահրամ Թորգոմեանը նաև ազգային գործիչ էր և բժշկական պատմաբան, եթե կարելի է այսպես ասել: Ուսումնասիրել է ավելի քան 900 մոռացված կամ հայտնի հայ բժիշկների մասին հին-հին դարերից եկող նրանց կյանքը և գործը ու մեզ ժառանգել ի մի բերված հանրագիտարանային տեղեկությունները: Բուժել է Կոմիտասին, ում հետ կապված նուրբ խնդիրներ են եղել Շիշլիի հիվանդանոց տեղափոխելու հարցում. այս մասին՝ հետո, բուժել է Խրիմեան Հայրիկին, մինչև Երուսաղեմ աքսորվելը, երբ Պոլսում նրա ազատ տեղաշարժը թուրք կառավարությունը սահմանափակեց, դարմանել է Մաղաքիա Օրմանեանի ծունկը, որտեղ ջուր էր հավաքվում, եղել է Հովհաննես Տատեան բեյի, Զապել Եսայեանի ընտանեկան բժիշկը, որի հետ մեծացել էր Պոլսի Սկյուտարի հայտնի Սիլիհտարի պարտեզների թաղում...նաև ընտանեկան բժիշկն էր Թուրքիայի վերջին խալիֆի:
Թրուվիլում, 1923
Աբդուլմեջիդի բժիշկը
Արքայազն Աբդուլմեջիդ 2-րդը, որ օսմանյան վերջին սուլթանի զարմիկն էր և այդպես էլ չստացավ սուլթանի տիտողսը, այլ մի կարճ ընթացք բավարարվեց խալիֆի կոչումով (Աթաթուրքի օրոք վերացավ սուլթանի ինստիտուտը), սիրում և հարգում էր հայերին՝ իրենց բարձր մշակույթի և ունակությունների համար: Մի գեղեցիկ օր՝ զննելու համար արքայազնի տիկնոջը, որից թուրք բժիշկները ձեռք էին քաշել՝ Դոլմաբահչեի իր կեցավայր ժամանեցին բժիշկներ Նագգաշեանը և Թորգոմեանը: Շուտով տիկին Շեհսուվար Քադընըն ապաքինվեց: Վահրամի եղբայրն էլ՝ երկրագործ Գևորգը, պարզապես փրկեց թագաժառանգի՝ ֆիլոքսերայից ավըրված խաղողի այգին՝ իր ծախսերով ամերիկյան որթատունկեր դնելով և հրաշալի բերքատու այգի ստանալով: Մի խոսքով՝ եղբայրը Աբդուլմեջիդի այգիների գլխավոր գյուղատնտեսը եղավ, Վահրամն էլ դարձավ արքայազնի ընտանեկան բժիշկը, պարբերաբար այցելելով, մե՛րթ Պալեանների կառուցած Օրթագյուղի Ֆերիե ձմեռանոց պալատները, մե՛րթ Էֆենդիի Սկյուտարի առանձնատունը: Վահրամը հուշեց արքայազնին դիմել Հայր Գաբրիել Մէնէվիշեանին, որպեսզի վերջինս իր միակ որդու՝ Ֆարուխի համար բարեխոսի Վիեննայում գործող ամենից համբավավոր «Թերեզիանում» ուսումնական հաստատություն ընդունվելու համար: Չէ որ այստեղ էին սովորում աշխարհի մեծամեծ կառավարիչների, դիվանագետների, կայսրությունների վերնախավերի զավակները, դեռ 18-րդ դարից նաև Ավստրո-Հունգարիայի, Տրանսիլվանիայի և Լեհաստանի հայ հարուստ ընտանիքների, նաև Կոստանդնուպոլսի ամիրաների երեխաները: Վահրամը կարողացավ շահզադեի հետ հաստատված այս կապը օգտագործել ի նպաստ հայության: Իր «Անցուկը Մոռցուկ»-ում գրում է, ինչպես է բժիշկ Նագգաշեանի հետ պատմել Աբդուլ Համիդի հայատյաց քաղաքականության մասին՝ ասելով. «Հայերուս գործը լմնցած է ա՛յլեւս»: Աբդուլմեջիդը ոտքի է ելավ. գնացել, կանգնել է պատուհանից՝ գորգին արևի ճառագայթների ընկած տեղի վրա, և փիլիսոփայել. ««Կը տեսնէ՞ք» ըսաւ, «քանի ես այս լուսաբոլորակը ոտքերովս ջնջել ուզեմ՝ այն միշտ իմ գլխիս վրայ կը բարձրանայ: Հայկական խնդիրն ալ ասոր կը նմանի, քանի զայն անհետացնել, թաղել ուզեն, այնքան կենդանութիւն կը ստանայ, մի՛ վհատիք»:
Կոմիտասի նկարը վերջին խալիֆի սեղանին
1924-ին վերջին խալիֆը արտաքսվեց Թուրքիայից՝ հանգրվան գտնելով Փարիզում: Այստեղ լիովին նվիրվեց արվեստներին: Կոմիտասի շնորհիվ ձեռք բերած երաժշտական ճաշակը դրսևորեց թավջութակ և դաշնամուր նվագելով, շարունակեց նկարել՝ միախառնելով ֆրանսական իմպրեսիոնիզմը ուշ շրջանի օսմանյան ոճի հետ: Ժամանակին, երբ դեռ Կոստանդնուպոլսի իր պալատում էր, մի օր Կոմիտասի միջոցով հրավիրել էր Փանոս Թերլեմեզեանին՝ իր նկարները ցույց տալու: Հավանաբար Փանոսի դուրը դրանք չէին եկել, և առանց կարծիք հայտնելու, հեռացել էր: Հետաքրքիր կերպար էր, բայց, Վահրամ Թորգոմեանի կարծիքով, մի քիչ հեղհեղուկ բնավորությամբ: Մեռավ սրտի կաթվածից 1944-ին: Նրա դուստրը, որը Հնդկաստանի Հայդարաբադի միրզա Ասաֆ Ջահ 7-րդի հարսն էր, ջանք չխնայեց հոր մարմինը Թուրքիա տեղափոխելու, բայց՝ ապարդյուն: Վերջապես, մահից 10 տարի անց Աբդուլմեջիդ 2-ը թաղվեց Մեդինայում՝ Սաուդյան Արաբիա: Պալեանների կառուցած պալատների այս բնակիչը, որի սեղանը զարդարում էր իր երաժշտական ընկալումները հղկած Կոմիտասի լուսանկարը, գործուն քայլեր արեց արհավիրքի տարիներին Վարդապետին և ևս մի քանիսին աքսորից վերադարձնելու համար: Դրանց դեռ կանդրադառնանք: Իսկ առայժմ՝ կյանքը հիսաքանչ էր...
Սափրիչ լինելու նրբությունը
Կյանքը հիասքանչ էր Պոլսի իրենց մեծ տանը: Ծնվել էր 1858-ի Ապրիլ 20-ին: Հայրը՝ Արթինը, սափրիչ էր, ուներ սրճարան-սափրիչի խանութ, որտեղ գալիս էին ոչ միայն հարդարվելու, այլև սրճախմության մի իսկական ծեսի մասնակից լինելու, դեսից դենից խոսելու համար: Հպարտ էր Ռէթէոս Պէրպէրեանին սպասարկած լինելու՝ նրա մազերը կտրելու և բեղ-մուրուքը շտկռտելու համար: Առաջին կնոջ մահից հետո, Հարությունը՝ Արթինը, տնփեսա էր եկել համբավավոր Ղուկաս սափրիչին տունը՝ ամուսնանալով վերջինիս 4 դուստրերից Մէօհրիւպէի հետ, որը Վահրամի մայրը եղավ: Ղուկասը արհեստի իր գործիքները ի հարկին գործածում էր նաև վիրաբուժական միջամտությունների համար, հեքիմություն էր անում: Վահրամը պատմում է, թե մի քահանայի, որին դանակահարել էին թուրք ավազակները, փորը պատռել, մեջի եղած-չեզածը դուրս էին թափել, բերին Ղուկասի մոտ: Սա էլ աղիները ներս լցրեց, վերմակի ասեղով շուլալեց որովայնը՝ առանց «նեխարգելի», ինչպես գրում է Վահրամը, այսինքն՝ առանց հականեխման և տարրական մաքրության. Իզուր չէ, որ Ղուկասին անունով գրեթե չէին դիմում, այլ ասում էին Վարպետ ջարրահ՝ վիրաբույժ: Այս պատմությանը հակառակ՝ Վահրամը հիշում էր նենէ խաթունին՝ մեծ մորը, որ երբ մեռնելու վրա էր, կարգադրեց՝ իրեն սունդուկի մեջ թաղել՝ «...պատանքով չեմ ուզեր: ...հողերը, քարերը քիթիս բերնիս վրայ չեմ ուզեր որ նետեն: ...աղտոտ բաները ինչո՞ւ վրաս թափին»: Վահրամը տեսել էր ոչ միայն իր մորենական մեծ հոր բժշկությունները, այլև ականատես էր եղել մի տարօրինակ տեսարանի. ինչպես էր Գատըգյուղի «հաստափոր քահանան» բժշկութիւն անում՝ գրիչով և թանաքով: Գալիս էին «...վիզներուն վրայ ուռեցք ունեցող տղաներ եւ աղջիկներ ...քթին տակէն աղօթքներ մրմռալով» փետուրե գրիչը թաթախում էր մելանի մեջ և ուռած մասերի վրա գծեր էր անում՝ «բժշկության» այդ ձևը կոչվում էր «եազմա»ի գծագրություն: «...եւ կը հաւատային ապուշի պէս» դրա զորությանը: Մեծ հայրը որոշ գիտելիք այնուամենայնիվ ստացել էր իրական բժշկից: Օսմանյան կայսրությունում հայտնի դոկտոր Սերվիչենը հաճախ էր լինում Ղուկասի սրճարանում և սովորեցնում էր ինչպես է պետք վերքերը բուժել՝ թանզիֆը պատում էր ինչ-որ խեժերից, մեղրամոմից պատրաստված դեղերով և դնում վերքի վրա: Ղուկասը անգամ ակռակ քաշել և արիւն հանել գիտեր: Իսկ երբ հիվանդանում էր Վահրամը, մեծ հայրը գրկում էր նրան, «ուժապէս կը սեղմէր կուրծքին վրայ, ճակատս կը շփէր համբուրելով «Մի՛ վախնար տղաս, ես քովդ եմ...»: Շատ տարիներ հետո՝ 1937-ի Օգոստոս 24-ին, երբ իր կրտսեր որդին՝ Սուրենը մահացավ իր ձեռքերի մեջ... «Մի՛ վախնար տղաս, ես քովդ եմ...»:
Որդին՝ Սուրենը
Անուշի գողը
Իզուր չէր, որ մեծ հայրիկը սուրբի անուն ուներ: Եվ ամեն տարի Հոկտեմբերին նշում էին նրա անվանակոչություն օրը: Բայց դրանից առաջ մեծ իրարանցում էր: Նախ՝ այգեկութ, որին մասնակցում էին բոլոր երեխաները՝ կողովները ձեռքներին մտնում էին խաղողի այգիները՝ ողկույզաքաղի: Սկսվում էր ձմռան պաշար հավաքելու քաղցր գործը` մառանում վարդի, հաղարջի, բալի, ծիրանի անուշներին ավելանում էին մոր պատրաստած մյուս անմահականները: Մեծ ընտանիքի կանայք հավաքվում էին իր մորն օգնելու.Վահրամը՝ ևս. «Երանի թէ աղջիկ ըլլայիր»՝ ասում էր մայրը: Հե՞շտ բան է մանրիկ հաղարջների միջից գնդասեղով անվրեպ կորիզ հանելը: «Ես չար ունակութիւն մը ունէի. անուշ կը գողնայի...«Ուզէ՛, տամ. Ինչո՞ւ պահուած տեղէն կ’առնես. Կ’աւրուի անուշը եւ զիս կ’անուանէր «անուշի գող», իսկ ես ալ. «Անանկ ուտելը աւելի համով կ’ըլլայ...»: Եվ դարակները փակվում էին կրկնակի բանալիներով: Ողկույզաքաղից հետո գինու համար նախատեսված խաղողը ճզմվում էր Ղուկասի՝ մասմաքուր լվացված ոտքերի տակ: Հետո բացվում էին սեղանները: Ղուկասը սեղանի շուրջ նստեցնում էր նախ քահանաներին՝ կոնծելու «ամպէրիա-իքսիր՝ այն ատենի խմիչքը, կը կերցներ նաեւ խայմախ (սեր), պէօրէք... Քահանա հայրերը կը լափէին սերակիր կարկանդակներէն, կ’օրհնէին տունը, կը շնորհաւորէին մեծ հօրս անունը՝ Ղուկաս աւետարանիչին համբաւը ու հռչակը իրեն մաղթելով, եւ կը մեկնէին գոհ՝ առանց զրկուելու քիչ կամ շատ աջհամբոյրէ»: Քահանաներից հետո սեղանի շուրջ էր համախմբվում մեծ գերդաստանը և սկսվում էր իսկական խնջույքը:

Վահրամը և մայրը
Կայսրուհի Էօժենիի Պոլիս այցը
Եկավ ժամանակը, թողնելու մանկության և պատանության հովվերգական Սկյուտարը, ազգուտակին, իր սիրելի փոքր քույրերին՝ Սաթենիկին և Երանուհուն, որին Էօժենի սկսեցին կոչել, քանի որ ծնվել էր ճիշտ այն օրը, երբ Նապոլիոն 3-րդի կինը՝ Էօժենի կայսրուհին, սուլթան Ազիզի հրավերով առաջին անգամ ՝ 1869 թվականի աշնանը ոտք դրեց Պոլիս՝ արքայական շքեղ ընդունելության արժանանալով Պալեանների կառուցած նորաբաց Բեյլերբեյի պալատում: Սուրբ Խաչ Վարժարանի սաներին, որոնց մեջ նաև Վահրամ Թորգոմեանն էր, տարել էին Ալեմդաղի անտառները թրքերեն և ֆրանսերեն «կեցցե՜» բոռալու՝ «եա՜շա՜սը՜ն... վի՜ի՜ի՜վ»: «...Արքայական կառքերը անցան, մէջը նստողներու քիթերն իսկ չըկրցանք տեսնել, զի կառքերը սրարշաւ կը վազէին, գետնի փոշիները երկինք բարձրացնելով եւ չգիտեմ թէ մեր մանկական կուրծքերէն թռած կեցցեները լսելի եղա՞ն սուլթան-կայսերական ականջներուն»: Ծարաված, օրն ի բուն արևի տակ Էօժենիին սպասող երեխաները հիասթափված էին: Բայց Վահրամը մխիթարվում էր իրենց տանը հայտնված նոր փոքրիկ պուպրիկ- քույրով, որն իր վրա էր կրում կայսրուհու պատմական այցի կնիքը: Սկյուտարում մնացին նաև դրացիները, որոնց ճակատագիրը ո՛վ գիտե ինչ եղավ: Բայց ուրախ էր, որ էլ չէր տեսնելու բարձրահասակ, նիհար, տգեղ «սադայելակերպ» Ուսուլ հանըմին՝ Վասիլուհուն, որը Պալեաններից մեկի աղջիկն էր: Ո՛նց էլ հաջողացրել էր ամուսնանալ՝ ժպտադեմ, բարի Սուքիաս Փիշմիշեանի հետ: Այս հանըմը միշտ կռիվ էր գալիս իր à la թրքական հագուկապով՝ «էնթարի շալվարը կը հագնէր, գլուխը օյալ եազմա կապած, ...ոտքերը ճէտիկ բապուճ ունենալով»: Վահրամն ասում է, թե նրա Սուրբիկ անունով թոռնուհին, հակառակ իր անունի ողջ բովանդակությանը, թրքացել էր, եւ այդպես փակվել էր «ամիրայացեղ համբաւաւոր գերդաստանի մը շառաւիղը»:
Cambodge շոգենավի տոմսակը ձեռքին
Փարիզ մեկնելու նախընթաց տարիները արդեն հարուստ էին քաղաքական անցուդարձերով: Ավարտվել էր ռուս-թուրքական պատերազմը, 1878-ի Փետրվար 19-ին Կոստանդնուպոլսի Սան Ստեֆանո արվարձանում օսմանյան կայսրության կերպասի և թղթի արտադրության, ռազմական արդյունաբերության, երկրի վառոդարանների տիրակալ, հռչակավոր Տատեան գերդաստանի կալվածքում՝ ավելի ստույգ Առաքել բեյ Տատեանի ամառանոցային դղյակում ստորագրվել էր պատերազմի ավարտի մասին պայմանագիրը, որի 16-րդ հոդվածը հույսեր արթնացրեց հայության շրջանում: Վահրամը հիշում է ռուս զինվորների պտույտները Բերայում և նրանց կաշվե կոշիկներից և համազգեստից արձակվող տհաճ հոտը: Հայությունը խոսում էր ասիական ճակատում ցարական բանակի զորապետեր Միքայել Լորիս Մելիքոֆֆի, Արշակ Ղուկասոֆֆի, Հովհ.Լազարեանի քաջագործությունների մասին: Քաղաքի հայկական թաղերում հնչում էր «Բամբ որոտան»ը: Նույն թվականին, որպես պարտված կողմ պատրվակ բերելով ներքաղաքական ճգնաժամը, Աբդուլ Համիդ II-ը կասեցրեց սահմանադրությունը՝ հիասթափեցնելով հայությանը և հաստատեց իր 30-ամյա բռնատիրական կառավարման դաժան շրջանը: Նույն տարին հարկ եղավ բազում օրինակներով արտագրել՝ Խրիմեան Հայրիկի «Հայգոյժ»-ի և «Վանգոյժ»ի ֆրանսերն թարգմանությունները, որ արել էր Մինաս Չերազը, Բեռլինի վեհաժողովի պատվիրակություններին բաժանելու համար՝ գուցե նրանց գութը շարժելու հույսով: Եվ արտագրողը եղավ հենց Վահրամ Թորգոմեանը: Այս ընթացքում նա հասցրեց Խրիմեանին կարդալ իր գրած գրաբար բանաստեղծությունը և գովեստի արժանանալ: ժամանակն էր լուրջ կրթություն ստանալու: Այդքան սիրողական «բժշկություններ» տեսնելուց հետո՝ արդեն հաստատակամ էր բժիշկ դառնալու իր որոշման մեջ: Փարիզը մտասևեռում էր դարձել: Ծնողները հագուստկապուստ պատրաստեցին, 1879թ. Հոկտեմբեր 17-ի համար ապսպրեցին ֆրանսական Cambodge շոգենավի տոմսակ: Մինչ մեկնումի օրը կգար, մոր և եղբոր հետ գնաց Ղալաթիայի Ամենափրկիչ եկեղեցի՝ ուխտի, հետո ելան Բերա, Ապտուլլահեան եղբայրների լուսանկարչատուն՝ նկարվելու՝ ի հիշատակ: Դա իր կյանքի 2-րդ լուսանկարն էր: Մի վերջին անգամ մտավ Գատըգյուղի հռչակավոր կարկանդակավաճառի՝ պօղաչաճիի խանութը և «երկու-երեք կտոր անյագաբար լափեցի տաքուկ եւ փոշի շաքարով օծուն կարկանդակներէն»: Մնում էր մորեղբոր՝ հայտնի դեղագործ Նշան էֆենդի Ղուկասեանի տան մեծ սրահում կազմակերպած ողջերթը՝ երգով- պարով: Նավամատույց՝ ճանապարհելու էին եկել ծանոթները, բարեկամները, ազգուտակը. ամենքի ձեռքին Հաճիպէքիրի ռահաթ լօքումի տուփերն էին: Դե արի ու այդքան լոքում կեր:
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել