HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմեդը» չի ճանաչում բուժառուին, իսկ հիվանդությունը չի սպասում

Արմինեի (անունը փոխված է) մոտ 2026թ.-ի սկզբին քաղցկեղ է ախտորոշվել։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով նա պետք է հնարավորություն ունենար բժշկական ծառայությունների մի մասը ստանալ անվճար։ Սակայն, մարտից նրա տվյալներն այլևս չեն երևացել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում, և նա չի կարողացել լիարժեք օգտվել իրեն հասանելիք բուժօգնությունից։

Տեխնիկական խնդիրը կարող էր լուծվել պետական համակարգերի ներսում, սակայն դրա փոխարեն Արմինեն ամիսներ շարունակ ստիպված տարբեր դռներ է թակել։

Արմինեն և նրա հարազատները սկզբում դիմել են Միասնական սոցիալական ծառայություն։ Նրանց հայտնել են, որ կնոջ հաշմանդամության վերաբերյալ տվյալները մուտքագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» համակարգ։ Ըստ այդ պարզաբանման՝ տվյալները պետք է ինքնաշխատ կերպով փոխանցվեին «Արմեդ» և այնտեղ արտացոլվեին։ Բայց դրանք չեն արտացոլվել։

Հունիսի 3-ին Արմինեն դիմել է Առողջապահության նախարարություն՝ հայտնելով, որ մարտի 30-ից անհիմն կերպով դուրս է մնացել համակարգից և չի կարողանում օգտվել իրեն հասանելիք առողջապահական ծառայություններից։ Նա նաև նշել է, որ դիմել է բուժհաստատություն, որտեղից գրավոր դիմել են «Արմեդի» պատասխանատուներին։ Բացի դրանից՝ բազմիցս զանգահարել է թեժ գծի հեռախոսահամարին։ Խնդիրը, սակայն, չի լուծվել։

Նախարարությունն իր հերթին դիմումը փոխանցել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանին՝ խնդրելով պատասխանել քաղաքացուն և նախարարությանը տեղեկություն տրամադրել։ Պատասխանը կրկին չի լուծել խնդիրը։

Հունիսի 24-ին Արմինեն արդեն ճարահատյալ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի աշխատակազմը դիմումն ուղարկել է Առողջապահության նախարարություն՝ այն նույն գերատեսչությանը, որի միջոցով քաղաքացին մինչ այդ փորձել էր լուծել խնդիրը ու չէր հաջողել։

Նախարարությունից հայտնել են, որ հարցը քննարկել են «Արմեդի» հետ։ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ընկերությունը նախարարությանը պարզաբանել է, որ Արմինեի տվյալները «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնից «Արմեդ» համակարգ չեն ստացվել։ Այսինքն՝ տվյալները եղել են սոցիալական ծառայության համակարգում, բայց չեն հասել առողջապահական համակարգ։

Ըստ նախարարության՝ Կենտրոնի աշխատակիցները տեղեկացվել են խնդրի մասին։ Արմինեին էլ առաջարկվել է անձամբ դիմել Կենտրոն և այնտեղից տեղեկանալ հարցի հետագա ընթացքի մասին։

Քաղաքացուն կրկին մնում էր դիմել մեկ այլ պետական կառույցի՝ պարզելու, թե ինչու պետական մի համակարգում առկա տվյալները չեն փոխանցվել մյուսին։ Մինչդեռ այդ ընթացքում Արմինեն բուժման կարիք ուներ։

Ի վերջո, հուլիսի 6-ին նա դիմել է արդեն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Դիմումում նշել է, որ պետական մարմինների երկարատև անգործության հետևանքով վտանգվում է ոչ միայն իր առողջությունը, այլև կյանքը։ Նա նախարարի միջամտությունն է խնդրել՝ «Արմեդում» իր տվյալները վերականգնելու և օրենքով նախատեսված առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու համար։

Միայն նախարարին անձամբ դիմելուց հետո նրա տվյալները վերականգնվել են «Արմեդ» համակարգում։

Այս պատմության մեջ ուշագրավը ոչ միայն այն է, որ տեխնիկական կամ տվյալների փոխանցման սխալ է առաջացել, այլ այն, որ խնդիրը լուծելու համար քաղաքացին ստիպված է եղել անցնել պետական կառույցների մի քանի օղակներով, իսկ վերջնական արդյունքը ստացել է միայն նախարարին դիմելուց հետո։

Փաստացի, համակարգը չի աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի հասել նախարարի անձնական միջամտությանը։

Հերթը՝ մեկ-երկու ամիս անց

Մեկ այլ իրավիճակում է հայտնվել Գայանեն (նրա ամբողջական տվյալները չենք հրապարակում՝ իր խնդրանքով)։

2026թ.-ի ապրիլին Գայանեն վնասել էր ոտքը և բուժում ստացել «Վարդանանց» բժշկական կենտրոնում։ Սակայն ոտքը մինչև վերջ չէր լավացել, ուստի նա կրկին փորձել է դիմել նույն բժշկական կենտրոն՝ իր թերապևտին։ Այստեղ արդեն բախվել է «Արմեդի» մեկ այլ խնդրի։

Սկզբում համակարգը ցույց է տվել, որ թերապևտի մոտ ամենամոտ ազատ հերթագրումը միայն երկու ամիս անց է։ Որոշ ժամանակ անց բժշկի տվյալներն ընդհանրապես անհետացել են համակարգից։ Երբ դրանք կրկին հայտնվել են, այս անգամ այց գրանցելու հնարավորություն չի եղել, իսկ բժշկի աշխատանքային ժամերը հավելվածում չեն ցուցադրվել։

Գայանեն փորձել է գրանցվել նաև հեռախոսով։ Նրան հայտնել են, որ բժշկի մոտ կարող է հերթագրվել միայն մեկ-երկու ամիս անց։ Սակայն, այս դեպքում սպասելը պարզապես անհարմարություն չի եղել։

Գայանեին հենց իր թերապևտը պետք է ուղղորդեր համապատասխան նեղ մասնագետի մոտ։ Նրա խոսքով՝ հերթական ստուգման համար մեկ-երկու ամիս սպասելը գուցե խնդիր չլիներ, եթե հարցը հրատապ չլիներ։ Բայց ոտքը շարունակել է ցավել, և այդքան երկար սպասել նա չէր կարող։

Բժշկական կենտրոնից նրան առաջարկել են շտապօգնություն կանչել։ Գայանեն, սակայն, ասում է, որ չէր կարող ամեն խնդրի դեպքում շտապօգնություն կանչել։ Վերջում նա ստիպված է եղել դիմել մեկ այլ՝ մասնավոր բժշկական կենտրոն, որտեղ բուժումը ստացել է վճարովի հիմունքներով։

Համակարգերը թվայնացնելու, ծառայությունները շահառուներին հասանելի դարձնելու մասին պաշտոնյաները հաճախ են խոսում և որպես բարեփոխում ներկայացնում: Մինչդեռ քաղաքացիներն ամեն օր բախվում են պետական համակարգերի միջև տվյալների փոխանցման խնդիրների, ինչից տուժում է հենց քաղաքացին:

Ինչի՞ համար է ստեղծվել «Արմեդը»

«Արմեդը» Հայաստանում էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգն է։ Դրա նպատակն է մեկ համակարգում հավաքել և պահպանել քաղաքացիների առողջությանն ու բուժմանը վերաբերող տեղեկությունները։

Համակարգում ներկայում կա մոտ 2.9 մլն քաղաքացու անձնական բժշկական քարտ։ Քաղաքացին կարող է մուտք գործել իր էջ, տեսնել, թե որ պոլիկլինիկայում է կցագրված և որ բժշկի մոտ է հաշվառված, ինչպես նաև բժշկի մոտ այց գրանցել։

Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով և սոցիալական փաթեթի շրջանակում ստացված բժշկական ծառայությունների դեպքում համակարգում հասանելի է նաև այցի և ստացած բուժման վերաբերյալ տեղեկությունը։

Համակարգը նախատեսված է ոչ միայն քաղաքացիների, այլև բժիշկների համար։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը տեսնում է պացիենտի առողջության վերաբերյալ նախկինում գրանցված տվյալները, ինչն օգնում է բուժման վերաբերյալ որոշումներ կայացնելիս։

Համակարգի ամբողջական գործարկումից հետո նախատեսվում է, որ քաղաքացին իր առողջությանը վերաբերող տեղեկությունը կկարողանա տեսնել և կառավարել մեկ միասնական հարթակից։

«Արմեդը» նաև օգտագործվում է առողջապահության ոլորտի վարչական, ֆինանսական և կլինիկական տվյալների գրանցման ու փոխանցման համար։

Համակարգը կառավարում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ն, որը գործում է 2017թ.-ի սեպտեմբերից։ Ընկերությունը ստեղծվել է շվեյցարական «Sylex SA» և հայկական «Մեյսիս Ապահով» ընկերություններից կազմված համատեղ ձեռնարկության կողմից։ Վերջինս Կառավարության հայտարարած մրցույթի արդյունքում ընտրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգի կոնցեսիոն կառավարման համար։

«Հետքի» հարցերին նախարարությունն ու «Արմեդը» սպառիչ չեն պատասխանել

«Հետքը» ԱՆ-ին հարցում էր ուղարկել, թե քանի քաղաքացու տվյալ չի ներառվել «Արմեդ» համակարգում, և որոնք են դրա պատճառները։ Հարցրել էինք նաև, թե քանի քաղաքացի է դիմել նախարարություն՝ հավելվածում իր անձնական տվյալների բացակայության և դրա հետևանքով բժշկական ծառայություններից օգտվելու խնդրով։

Նախարարությունը 30 օր անց պատասխանել է, որ առաջին երկու հարցերի բովանդակությունը, անգամ «Արմեդի» հետ քննարկելուց հետո, չի հասկացել։ Միաժամանակ նախարարությունը հայտնել է, որ քաղաքացիների «անձնական տվյալների բացակայության և դրանց պատճառով բժշկական ծառայություններից օգտվելուց զրկված լինելու» վերաբերյալ դժգոհություններ չեն գրանցվել։

«Հետքը» նույն հարցերը մանրամասնել և առանձին հարցում է ուղարկել «Արմեդ»-ին: Մասնավորապես հարցրել էինք, թե քանի քաղաքացու տվյալներ չեն ներառվել հավելվածում՝ տվյալների սինխրոնիզացիայի խափանման, բուժհաստատության կողմից տվյալները չմուտքագրելու, նույնականացման խնդիրների, օրինակ՝ անձնագրի կամ այլ անձնական տվյալների սխալ մուտքագրման, այլ տեղեկատվական համակարգերում տվյալների պահպանման կամ տեխնիկական այլ պատճառներով։

Ընկերությունից պատասխանել են, որ նույնականացման կամ տեխնիկական այլ խնդիրների պատճառով քաղաքացիների դիմումների վիճակագրություն չեն վարում։ Ընկերության փոխանցմամբ՝ քաղաքացիների դիմումների հիմնական մասը ներկայացվել է Առողջապահության նախարարություն կամ Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ, իսկ այնտեղից դրանք ուղղորդվել են այլ պետական մարմիններ։

«Խնդիր չկա» սկզբունքով պատասխանները ոչ միայն լուծում չեն, այլև վստահություն չեն առաջացնում պետական մարմնի նկատմամբ, հատկապես այն դեպքում, երբ քաղաքացին կոնկրետ օրինակով ցույց է տալիս, որ տվյալների բացակայության պատճառով չի կարողացել բուժօգնություն ստանալ: Եթե նման դեպք չի գրանցվել, ինչպես հայտնում է նախարարությունը, ապա Արմինեն ինչո՞ւ է դիմել նախարարություն, և ինչու են նրան ուղղորդել համակարգը սպասարկող ընկերություն:

Քաղաքացիների առողջության վերաբերյալ տեղեկությունները մեկ համակարգում հավաքելու գաղափարը ենթադրում է, որ այն պետք է աշխատի ոչ միայն որպես տվյալների պահոց։ Քաղաքացու համար համակարգը պետք է նաև ապահովի բժշկի, բուժծառայության և իր առողջության մասին անհրաժեշտ տեղեկատվության հասանելիություն։

Նման դեպքերը եզակի չեն: Սոցիալական ցանցերի տարբեր խմբերում բազմաթիվ են քաղաքացիների դժգոհությունները, որ համակարգի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հասանելիք բուժօգնությունից կամ հայտնվում են բյուրոկրատական քաշքշուկի մեջ:

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի խոսքով՝ «Արմեդ» համակարգի գործարկումը տեղի է ունեցել առանց ընդհանուր առողջապահական համակարգի, բժշկական հաստատությունների հնարավորությունները գույքագրելու:

«Եղավ, այսպես ասած, քաղաքական որոշում։ «Արմեդի» հետ խնդիր առաջացել էր դեռ այն ժամանակ, երբ դեղատոմսերը որոշեցին դարձնել միայն էլեկտրոնային տարբերակով: Հետո պարզվեց, որ հավելվածում դեղատոմսերը հաճախ չէին արտացոլվում»,- ասում է Անուշ Պողոսյանը:

Պարզվում է' ՀԿ նախագահը ևս «տուժել» է «Արմեդից»։ Անուշ Պողոսյանը նշում է, որ հավելվածի իր անձնական էջում արտացոլվում են բժշկական այնպիսի ծառայություններ, որոնք ինքը չի ստացել: Օրինակ, էջում գրված է, որ ինքը Ապարանի բժշկական կենտրոնում վիրահատվել է, Գավառի բժշկական կենտրոնում էլ բուժվել թոքախտից: Մինչդեռ այդ ծառայություններից չի օգտվել, և նման հիվանդություններ չի ունեցել։

Անուշ Պողոսյանը գտնում է, որ ոլորտը կառավարող մարմինը՝ Առողջապահության նախարարությունն է պատասխանատու «Արմեդի» աշխատանքի համար: Վերջինս մասնավոր ընկերություն է և կատարում է տեխնիկական պահանջներ, իսկ նախարարությունը պետք է վերահսկի, որ այդ աշխատանքները պատշաճ կատարվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter