HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Իրազեկումից 18 օր անց՝ երեք զոհ․ ի՞նչ է վերահսկում Տեսչական մարմինը շինհրապարակներում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները սեպտեմբերի 11-ին շրջայց-իրազեկում էին իրականացրել «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի շինհրապարակներում։ Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ շինարարներին ներկայացվել էին աշխատանքի անվտանգության ապահովման պահանջները։ Նույն օրը «Հետքը» հոդված էր հրապարակել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած պատահարների մասին։ Վերջին 3,5 տարում պատահարների հետեւանքով 80 մարդ է մահացել։

Սեպտեմբերի 29-ին նույն թաղամասի շինհրապարակում վերամբարձ կռունկը վնասվել և ընկել էր։ Մահացել էր երեք մարդ։ Սա «Դեֆանս Հաուզինգ»-ում վերջին ամիսներին առաջին դեպքը չէր։ Հուլիսի 20-ին այստեղ բարձրությունից մարդ էր ընկել և մահացել, իսկ նախորդ տարի մեկ այլ աշխատակից ծանր մարմնական վնասվածք էր ստացել։ Մայիսին Տեսչական մարմինն արդեն ստուգում էր իրականացրել այդ շինհրապարակում, խախտումներ արձանագրել և կարգադրագիր տվել։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին հրավիրած ասուլիսում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին «Հետքը» հարցրեց՝ ի՞նչ է ենթադրում իրազեկումը, ի՞նչ կարող է անել տեսուչը նման այցի ընթացքում, և որքանո՞վ է այն արդյունավետ, եթե օրեր անց նույն շինհրապարակում երեք մարդ է մահանում։

Իրազեկումը ստուգում չէ

Սարգսյանը շեշտեում է՝ իրազեկումը ստուգում չէ։ Տեսուչը իրազեկման այցի ընթացքում չի կարող պահանջել փաստաթղթեր, փորձաքննությունների արդյունքներ կամ աշխատանքային պայմանագրեր։ Նրա խոսքով՝ նման այցի նպատակը տվյալ ոլորտում անվտանգության նորմերի մասին տնտեսվարողներին և աշխատակիցներին տեղեկացնելն է։

Տեսչական մարմնի ղեկավարը կարծում է՝ իրազեկման արդյունավետությունը հնարավոր չէ գնահատել միայն առանձին դեպքի հիմքով, քանի որ դրա հանգամանքները դեռ քննվում են։

Սակայն «Դեֆանս Հաուզինգի» դեպքը բացահայտում է վերահսկողության մեկ այլ խնդիր․ եթե Տեսչական մարմինը ստուգման ընթացքում խախտում է արձանագրում, բայց չունի աշխատանքները կասեցնելու լիազորություն, ինչպե՞ս է կանխվում այն իրավիճակը, երբ կարգադրագիրը չի ապահովում վտանգավոր աշխատանքի դադարեցումը։

Սարգսյանը նշեց, որ Տեսչական մարմինը խախտում հայտնաբերելու դեպքում կարգադրագիր է տալիս այն վերացնելու վերաբերյալ և տնտեսավարողին ենթարկում վարչական պատասխանատվության։ Հետագայում կատարվում է վերստուգում։ Եթե խախտումը չի վերացվել, կիրառվում է նոր վարչական պատասխանատվություն՝ ավելի մեծ տուգանքով։

Ըստ Սարգսյանի, Տեսչական մարմինը չի կարող միաժամանակ վերահսկել բոլոր տնտեսվարողներին։ Աշխատանքի օրենսդրության, այդ թվում՝ անվտանգության ոլորտում վերահսկողության ենթակա տնտեսավարողների թիվը 100 հազարից ավելի է։ Այդ պատճառով վերահսկողությունն իրականացվում է ռիսկայնության սկզբունքով։ 

Ասուլիսի ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրեց հենց շինհրապարակների վերաբերյալ վիճակագրությունը։ Նրա խոսքով՝ 2025 թվականին շինհրապարակներում արձանագրվել է մահվան 10 և վնասվածքի 15 դեպք։ Այդ դեպքերի առնչությամբ հարուցվել է 30 վարչական վարույթ։

2026 թվականի տվյալներով՝ շինհրապարակներում արձանագրվել է մահվան 9 դեպք, հարուցվել է 10 վարչական վարույթ։

Այս մահերը Սլավիկ Սարգսյանը չկապեց կոնկրետ խախտումների հետ՝ նշելով, որ մահվան պատճառները պարզվում են քրեական վարույթների շրջանակում, իսկ Տեսչական մարմինը վարչական վարույթով պարզում է աշխատանքի անվտանգության նորմերի պահպանումը։

Նրա խոսքով՝ Տեսչական մարմնի արձանագրած հիմնական խախտումներն են՝ կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցների բացակայությունը, պարտադիր բուժզննություն չանցնելը, աշխատակիցների իրազեկվածության բացակայությունը, պատասխանատու անձինք չնշանակելը և անվտանգ աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը։

Այս տվյալները պետք է տարբերել ՆԳՆ-ի վիճակագրությունից, որը վերաբերում է շինհրապարակներում անվտանգության կանոնների խախտման հետևանքով արձանագրված պատահարներից։ ՆԳՆ տվյալներով՝ 2023-ին գրանցվել էր 131 նման դեպք, 2024-ին՝ 202, 2025-ին՝ 277, իսկ 2026-ի առաջին կիսամյակում՝ արդեն 142։ Վերջին 3.5 տարում նման դեպքերի հետևանքով 80 մարդ է մահացել։

Տեսչականը չի պարզում՝ ով է մեղավոր

Տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացնում՝ պարզելու՝ պահպանվե՞լ են, արդյոք, աշխատանքի անվտանգության նորմերը։ Եթե խախտումներ են արձանագրվում, տրվում է կարգադրագիր։ Իսկ թե կոնկրետ ով է պատասխանատու մահվան դեպքերի համար, կարող է պարզվել միայն քրեական վարույթի շրջանակում։

«Դեֆանս Հաուզինգ» թաղամասում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ, նրա խոսքով, վարչական վարույթ է հարուցվել նույն օրը, իսկ շինհրապարակում իրականացվել է զննում։

«Հետքը» հարցրեց՝ արդյոք Տեսչական մարմինը պետք է ունենա աշխատանքը կամ շինարարությունը կասեցնելու լիազորություն։

Սարգսյանի խոսքով՝ նման փոփոխության հարցը քննարկվում է։ Սակայն դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն։

Տեսչական մարմինն այս պահին նման իրավասություն չունի։ Լիազորությունների շրջանակի ընդլայնման համար Տեսչական մարմինը դիմել է լիազոր մարմնին՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը։

Տեխնիկայի փորձաքննություն Տեսչական մարմինը չի իրականացնում

Ասուլիսի ընթացքում լրագրողներն արծարծեցին նաև շինարարական տեխնիկայի, մասնավորապես՝ կռունկների և այլ սարքավորումների տեխնիկական անվտանգության հարցը։

Սարգսյանի խոսքով՝ համապատասխան սարքավորումները պետք է անցնեն տեխնիկական փորձաքննություն, որն իրականացնում է Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։ Տեսչական մարմինը վերահսկողության ընթացքում ստուգում է փորձաքննությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը։

Բացի դրանից, գործատուն պարտավոր է պատասխանատու անձ նշանակել, որը կապահովի աշխատակիցների համապատասխան պատրաստվածությունը և նրանց կիրազեկի անվտանգության պահանջների մասին։

Այս պահին Տեսչական մարմնի գործիքակազմը կարգադրագիր տալն ու վարչական պատասխանատվություն կիրառելն է։

Մինչդեռ շինհրապարակներում պատահարների վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ 2026-ի առաջին վեց ամիսներին միայն անվտանգության կանոնների խախտման հետևանքով 142 պատահար է արձանագրվել, իսկ վերջին 3.5 տարում 80 մարդ է մահացել։

 

Գլխավոր լուսանկարը՝ Սիմոն Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter