HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ջրի վերաբերյալ ահազանգի դեպքում Տեսչականը կարող է կասեցնել ջրօգտագործումը․ 28 ստուգում ընթացքի մեջ է

Վերջին ամիսներին Հայաստանի տարբեր բնակավայրերում խմելու ջրի որակի վերաբերյալ ահազանգերի դեպքերով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը միաժամանակ մի քանի ստուգում է իրականացնում։ Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի խոսքով՝ այս պահին ջրի վերահսկողության ոլորտում ընթացքի մեջ է 28 ստուգում, որից հինգը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունում։ Տեսչական մարմինն ունի ջրօգտագործման դադարեցման կարգադրագիր տալու լիազորություն։

Տեսչական մարմնի ղեկավարը հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում ամփոփել է վերջին ամիսներին ջրամատակարարման որակի վերաբերյալ ահազանգերը։

Բյուրեղավանի ջրի որակի վերաբերյալ Տեսչական մարմնում վերահսկողություն է նախաձեռնվել, որը դեռ ավարտված չէ։ 

Սարգսյանի խոսքով՝ այս պահին տարբեր տարածքներից ամեն օր նմուշներ են վերցվում և իրականացվում են փորձաքննություններ՝ պարզելու՝ արդյոք խնդիրը շարունակվո՞ւմ է, եղե՞լ է, թե՞ այլևս չկա։ 

Տեսչական մարմնի ղեկավարը հրաժարվում է ընթացիկ փուլում գնահատական տալ՝ Բյուրեղավանում ջրի որակի խնդիր կա՞, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ վերջնական եզրակացությունը հնարավոր կլինի ներկայացնել վերահսկողության ավարտից հետո։

Սարգսյանի խոսքով իրեն ամեն օր տեղեկանք է ներկայացվում Բյուրեղավանում իրականացված փորձաքննությունների, դրանց արդյունքների և նմուշառման կետերի վերաբերյալ։

Սեպտեմբերի 19-ից վարչական վարույթ է իրականացվում նաև Էրեբունի վարչական շրջանում՝ բնակիչների բազմաթիվ ահազանգերից հետո։ Տեսչական մարմինը առանձին քաղաքացիների բողոքների հիմքով ստուգումներ է իրականացրել։

Սարգսյանի խոսքով՝ քաղաքացիներից ստացվել է հինգ առանձին դիմում-բողոք։ Յուրաքանչյուր դեպքով քաղաքացիների բնակարաններում չափումներ են իրականացվել, սակայն այդ չափումների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել։

Սարգսյանի հանձնարարությամբ նոր ստուգում է սկսվել՝ ոչ թե միայն առանձին բնակարաններում, այլ ամբողջ Էրեբունի վարչական շրջանը սպասարկող ջրաղբյուրներում և այն ջրագծերում, որոնցով ջուրը հասնում է բնակիչներին։ Ստուգումը դեռ ընթացքի մեջ է։ Նմուշներ վերցվում են տարբեր կետերից՝ ինչպես բնակարաններից, այնպես էլ՝ ջրակետերից։

Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից հետո Տեսչականը տրել է կարգադրագիր՝ տվյալ աղբյուրից ջրօգտագործումը կասեցնելու, բնակչությանը այլ միջոցներով ջուր ապահովելու և մինչև լրացուցիչ ստուգումների ավարտը այդ աղբյուրից ջուր չմատակարարելու վերաբերյալ։

Վթարի վերացման մասին «Վեոլիա Ջուր»-ը հայտնել է սեպտեմբերի 27-ին։ Դրանից հետո Տեսչական մարմինն իրականացրել է սեփական ստուգումն ու փորձաքննությունը։

Սարգսյանի խոսքով՝ միայն վերջնական արդյունքները ստանալուց և համոզվելուց հետո, որ ջուրը համապատասխանում է սահմանված նորմերին, սեպտեմբերի 29-ին թույլատրվել է տվյալ ջրաղբյուրից ջրի օգտագործումը։

Տեսչական մարմինը կարգադրագիրը չի վերացնում միայն այն հիմքով, որ վթարը վերացվել է, ջրօգտագործումը վերականգնվում է այն ժամանակ, երբ ստուգման արդյունքները ցույց են տալիս, որ ջուրը պիտանի է օգտագործման համար։

Ծավի դեպքը, ըստ Սարգսյանի, տարբերվել է Երևանի և Բյուրեղավանի դեպքերից։ Եթե որոշ դեպքերում Տեսչական մարմինը նախ պետք է նմուշառում կատարի և փորձաքննության միջոցով պարզի՝ կա՞ արդյոք ջրի օգտագործումը սահմանափակելու հիմք, Ծավի և Երևանի դեպքերում ստացված տեղեկատվությունն արդեն իսկ բավարար ռիսկ է պարունակել ջրօգտագործումն անմիջապես կասեցնելու համար։

Ծավի դեպքում ևս կարգադրագիր է տրվել ջրօգտագործումը կասեցնելու և բնակիչներին խմելու ու կենցաղային կարիքների համար ջրով ապահովելու վերաբերյալ։

Սարգսյանի խոսքով՝ կարգադրագրի գործողության ընթացքում Տեսչական մարմինը ամենօրյա ռեժիմով հետևում է, որ բնակիչներին անհրաժեշտ ջուրը տրամադրվի։

Ծավի վերաբերյալ աշխատանքներին ներգրավված է փոխվարչապետի համակարգմամբ ձևավորված միջգերատեսչական խումբը։ Իրականացվում են նմուշառումներ և բազմաբնույթ փորձաքննություններ։ 

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ մինչ այժմ ստացված մի քանի արդյունքները «հուսադրող» են, սակայն կարգադրագիրը կհանվի միայն վերջնական արդյունքները ստանալուց հետո։ 

Ստուգումները իրականացվում են ոչ միայն տարեկան ծրագրի շրջանակում։ Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում նաև քաղաքացիների դիմում-բողոքների, այլ պետական մարմիններից ստացված տեղեկատվության և սոցիալական ցանցերում հրապարակված տվյալների հիման վրա։

Սարգսյանի խոսքով՝ հատկապես ջրի և աշխատանքի անվտանգության ոլորտներում սոցիալական ցանցերի կամ լրատվամիջոցների հրապարակումներին Տեսչական մարմինը արձագանքում է։

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ամբողջ սպասարկման ծավալով ընդգրկված է տարեկան ստուգումների ծրագրում։ Բայց նաև բնակիչների յուրաքանչյուր նոր դիմում-բողոք դիտարկվում է առանձին, նույնիսկ եթե ընկերությունն արդեն տարեկան ստուգման ծրագրում ներառված է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter