Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման երկխոսության շարունակումը․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։
Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է․
«Վստահ եմ, որ այսօրվա նիստը ևս մեկ հնարավորություն կընձեռի արդիական հարցերի շուրջ մտքերի բաց և կառուցողական փոխանակման համար։
Մենք բազմիցս վերահաստատել ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության շարունակականությանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, որը նպատակաուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը։
Հարգելի գործընկերներ,
Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը։ Ինչպես բազմիցս նշվել է, «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունն ուղղված է տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով նոր հնարավորությունների ստեղծմանը։
«Խաղաղության խաչմերուկի» առանցքային բաղադրիչներից մեկը TRIPP-ն է՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի։
Միևնույն ժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցություն ձևավորելու համար։
Սա տրանսպորտային կապերի ոլորտում նշանակալի իրադարձություն կդառնա՝ փոփոխություններ բերելով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։
Նեղ կազմով նիստի ընթացքում ես գործընկերներին տեղեկացրեցի որոշ ասպեկտների մասին, որոնք վերաբերում են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք որոշակի լուծումների ակնկալիք ունենք, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը։
Հարգելի գործընկերներ,
Անշուշտ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը ԵԱՏՄ միասնական շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։
Միևնույն ժամանակ, տնտեսական համագործակցության զարգացման և խորացման կարևոր բաղադրիչ է պարենային անվտանգության, ներքին շուկաների կայունության և գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի փոխադարձ մատակարարումների կանխատեսելիության ապահովումը։
Ագրոպարենային համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները և պահանջարկի ու առաջարկի հաշվեկշիռները հնարավորություն են տալիս ավելի հստակ գնահատելու մեր պետությունների կարիքները, պլանավորելու արտադրությունն ու մատակարարումները, ինչպես նաև բացահայտելու փոխադարձ առևտրի և ԵԱՏՄ շուկայում արտահանման ներուժի իրացման նոր հնարավորություններ։
Հարգելի գործընկերներ,
Անշուշտ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը ԵԱՏՄ միասնական շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։
Միևնույն ժամանակ, այս սկզբունքների գործնական իրականացումը շարունակում է պահանջել մեր հատուկ ուշադրությունը։ Ցավոք, Չոլպոն-Աթայում Միջկառավարական խորհրդի նիստին իմ նախորդ մասնակցությունից ի վեր առկա մի շարք հարցերի ուղղությամբ էական առաջընթաց արձանագրել չի հաջողվել։
Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներ և վարչական խոչընդոտներ, որոնք շարունակում են էապես դժվարացնել միասնական շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։
Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան Հայաստանի արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը։
Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև ինտեգրացիոն համագործակցության հետագա ամրապնդումը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել