HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Վարդանյան

11 օր կոմայում․ 44-օրյա պատերազմի մասնակից Գրիգոր Ադոյանի պատմությունը 

սկիզբը

Գրիգոր Ադոյանը 44-օրյա պատերազմի առաջին օրը Մատաղիսում գլխի ծանր գանգուղեղային վիրավորում է ստացել։ 11 օր կոմայի մեջ անցկացնելուց, մարմնի աջ կողմի կաթվածահարումից ու խոսքի կորստից հետո նա ստիպված էր ամեն ինչ սկսել զրոյից։ 

44-օրյա պատերազմի սկիզբը Մատաղիսի զորամասում 

«2020թ. hունվարի 13-ին զորակոչվել եմ ժամկետային զինծառայության, Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում տեղակայված N 33 656 զորամաս։ Զորամասի հրամանատարը գնդապետ Սամվել Կարապետյանն էր։ Ես ԱԳՍ-ի դասակում էի ծառայում՝ որպես նշանառու։ 

ceb898c1-f7d7-4895-b9a3-d3692275172e_296815B9-4029-4245-BE71-D6D08B8AAD13.jpeg (165 KB)

Սեպտեմբերի 27-ի առավոտյան զորամասում սովորական օր էր։ Հետո սկսեցին հրետակոծել մոտակայքի սարերը, հրդեհ էր բռնկվել սարալանջերին, բայց մենք դեռ մտածում էինք, թե զորավարժություն է։ Որոշ ժամանակ հետո հասկացանք, որ պատերազմ է սկսվել։ 

Նույն օրը՝ ժամը 07:40-ին, զորամասի փոխգնդապետ կոչումով հրամանատարի մարտական գծով տեղակալի առաջնորդությամբ «տագնապով» քայլեցինք դեպի ավտոպարկ, որտեղից մեկ «Ուրալով» ու մեկ «Սադկո» բեռնատարով գնացինք նստեցման շրջան։ Թշնամու հրետանին ինտենսիվ կրակում էր մեր ուղղությամբ։ Ճանապարհին հրետակոծությունից «Սադկոյի» մեկ անիվը ծակվեց և մնացինք միայն «Ուրալով»։ «Ուրալի» մեջ 18 զինվոր էինք և հրամանատարի տեղակալը։ Ճանապարհին մեր դասակից 4 հոգի թողեցինք մի դիրքում, որի անունը չեմ հիշում։ Մնացած 14 զինվորը և մարտական գծով տեղակալը գնացինք 2-րդ գծում տեղակայված 126 մարտական դիրք։ 3 ԱԳՍ-ը մնաց ճանապարհին՝ «Սադկոյի» մեջ, 3-ը` մեր հետ տարանք դիրք։ Ժամը 08:20-ին արդեն մարտական դիրքում էինք։ Մեզնից առաջ՝ առաջին գծում, դիրքավորված էր մեր զորամասի 4-րդ գումարտակը։ Մեր ու առաջին գծի՝ 4-րդ գումարտակի զորքերի հեռավորությունը մոտ 200 մետր էր։ 

Ուղղությունը Գորիս ՀԴԿ՝ վտանգավոր դիրք

Նույն օրը՝ ժամը 09:00-ին, եկավ հրամանատարի սպառազինության գծով տեղակալը և ասաց. «Պատրաստվեք լուրջ ու վտանգավոր տեղ ենք գնում՝ Գորիս ՀԴԿ, ով չի ուզում գա, կարա մնա այստեղ, բայց ով գալիս է, իմացեք, որ գնում ենք կարևոր խնդիր կատարենք»։ Երեք հոգի մնացին 126 դիրքում, դասակում մնացած 11 հոգով գնացինք 136 դիրք՝ Մատաղիսից դեպի Թալիշ գյուղի ուղղությամբ գտնվող։ Տեղի զորքերից իմացա, որ Գորիս ՀԴԿ-ն նույն 136 դիրքն է, որին կից էր նաև հանրահայտ «Բոզի կալգոտկա» դիրքը։ Գորիս ՀԴԿ-ում 5 սպա և 30 զինվոր կար, որոնցից 10 հոգին վիրավոր էին։ ԱԳՍ-ներից երկուսը դիրքավորեցինք, փորձեցինք կրակել, բայց կա՛մ մենք էինք շփոթված ու չէինք կարողանում կրակել․ անընդհատ թշնամու կրակահերթերից ձեռքներս դողում էին, վախից ու անհանգստությունից մոռացել էինք ճիշտ լիցքավորելու, նշանառելու և կրակելու ձևերը, կա՛մ ԱԳՍ-ը չէր աշխատում՝ չկարողացանք կրակել։ 

3-րդ ԱԳՍ-ի տեղադրման վայրի փնտրտուք և ծանր գանգուղեղային վիրավորում

Ժամը 10:30-ին ես ու մարտընկերս՝ Նորայրը, խրամատով քայլեցինք ու դուրս եկանք դիրքի հարակից տարածք, որպեսզի երրորդ ԱԳՍ-ը տեղադրելու համար հարմար տեղ ընտրենք։  Ու այդ պահին հրետանու արկը տրաքեց անմիջապես մեր հարևանությամբ։ Համածառայակիցս՝ Նորայրը, կոնտուզիա ստացավ, ես գլխից ծանր գանգուղեղային վիրավորում ստացա ու կորցրի գիտակցությունս։ Հետագայում մարտընկերներս պատմեցին, որ Նորայրը կանչել է մեր մյուս մարտընկերներին՝ Հաբեթին ու Ավոյին, և ինձ կացարան են տարել։ Մոտ կես ժամ հետո ինձ շտապ օգնության «ՈւԱԶ»-ով Գորիս ՀԴԿ-ի կացարանից տեղափոխել են Գորիս քաղաք, որտեղից էլ ուղղաթիռով «Աստղիկ» ԲԿ։ 11 օր կոմայի մեջ եմ եղել, հետո զարթնել էի ու ոչ խոսել էի կարողանում, ոչ քայլել: Թույլ, կիսագիտակից էի․ գլխուղեղիս ձախ կիսագունդն էր վնասվել, որից տուժել էր խոսքիս կենտրոնը, և թուլացել էր աջ ձեռքս ու աջ ոտքս՝ մարմնիս աջ կողմը պարալիզացվել էր։ 

IMG_1793.jpeg (825 KB)

2020թ. նոյեմբերի 30-ին Զինվորի տուն վերականգնողական կենտրոն վերականգնողական բուժման բերեցին, սայլակին էի և միայն մի քանի բառ էի կարողանում ասել։ Երկու ամիս սայլակով էի տեղաշարժվում, և մասնագետների գերմարդկային ջանքերի շնորհիվ քիչ-քիչ  քայլել և խոսել սկսեցի։ Ամիսներ անց իմ ոտքով քայլելով և խոսքս բավականաչափ բարելավված՝ տուն գնացի։ 

********************************************

Գրիգորն արդեն հինգ տարի, տարին երկու անգամ Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում։ Բուժմանն ու բուհական կրթությանը զուգահեռ մի շարք դասընթացների է մասնակցում՝ էքսելի, մեդիա մարկետինգի, անգլերենի։   

IMG_1791.jpeg (453 KB)

Բավականաչափ կազդուրվելուց հետո՝ 2022թ.-ից Գրիգորը շարունակել է Ռուս-հայկական  համալսարանի բիզնես կառավարման բաժնի կիսատ ուսումը (որտեղ մինչև զինծառայությունն էր մեկ տարի սովորել)։ 2026թ․-ին հաջողությամբ ավարտել է՝ ստանալով բիզնես կառավարման բակալավրի աստիճան։ Նա այժմ աշխատանք է փնտրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter