HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ

2026թ․–ին հանրապետության 70 համայնքներից կեսում ՏԻՄ ընտրություններ նշանակված։ Սեպտեմբերին 27–ին ավագանու համամասնական կարգով առաջին ընտրությունը տեղի ունեցավ Թումանյան համայնքում, որտեղ միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն էր առաջադրվել։ Հոկտեմբերի 25-ին ընտրություններ տեղի կունենան ևս 19 համայնքում։ Ընտրությունը մրցակցային չի լինի ևս հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան։ Այս համայնքներում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ստորև ներկայացնում ենք այն համայնքների առաջադրումները, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Հարկ է նշել, որ հոկտեմբերի 25-ի ընտրություններից հետո համայնքների թիվը կնվազի ևս 6-ով։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններից հետո, որն ուժի մեջ է մտել 2026թ․ հունիսի 27-ին, Վայոց ձորի մարզում միավորվել են Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները։ Սյունիքի մարզում միավորվել են Գորիս, Տաթև և Տեղ համայնքները, Լոռու մարզում՝ Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքները։

Եղեգնաձոր համայնքի գործող ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մինչ այս ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր ներկայացնում, այս անգամ գլխավորում է իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության ավագանու ընտրացուցակը։

ՔՊ կուսակցությունն այս համայնքում ներկայացնում է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ 1996թ․-ից, արդեն 30 տարի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Հուսիկ Սահակյանը 2017թ․-ին նույնպես Արենի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր «Հայաստանի Հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) կողմից։ 2022թ․-ի ընտրությունների ժամանակ նա արդեն ներկայացնում էր ՔՊ կուսակցությունը։

Եղեգնաձոր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող երրորդ քաղաքական ուժը «Նոր Դարաշրջան» կուսակցությունն է։ 2026թ․-ի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նորաստեղծ կուսակցությունը մասնակցել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմում։

Գորիսի հետ միավորված Տաթև և Տեղ համայնքների գործող ղեկավարները չեն առաջադրվել։ «Համերաշխություն» ընտրական դաշինքում միավորված «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների ավագանու ընտրացուցակն այստեղ առաջնորդում է Գորիս համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։ Այս անգամ նա մրցակցելու է «Ապրելու քվե» կուսակցությունների դաշինքի հետ, որում միավորվել են «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Հայաքվե» նախաձեռնության հիմքի վրա ստեղծված «Հայկական քվե» կուսակցությունը։

«Հայկական քվե» կուսակցությունը «Համերաշխություն» կուսակցության հետ դաշինք կազմած կպայքարի նաև Գավառ համայնքում։ Այստեղ իշխող ՔՊ կուսակցության դաշինքի թեկնածուն դարձյալ Գավառի երկարամյա համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանն է։ Վերջինս նույնպես նախկինում անդամակցում էր ՀՀԿ-ին, նախորդ՝ 2021թ․-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ առաջնորդում էր ՔՊ ավագանու համամասնական ցուցակը։ Գուրգեն Մարտիրոսյանը Գավառ համայնքի ղեկավարն է 2008թ․-ից։

Գեղարքունիքի մարզում մյուս երկարակյացը Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանն է։ ՀՀԿ անդամ Հովիկ Հովեյանը նույնպես 2021թ․-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ներկայացնում էր ՔՊ-ն։ Հ․ Հովեյանը Վարդենիկ համայնքի ղեկավարն էր 2005թ․-ից, այնուհետև ընտրվեց Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար։

2021թ․-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Վարդենիսում ընդդիմությունը ներկայացող Ահարոն Խաչատրյանը համայնքի ղեկավար ընտրվեց կոալիցիոն դաշինք կազմելու արդյունքում։ Նա երկար ժամանակ հալածվում էր իշխող կուսակցության կողմից, հայտնվել էր դատական քաշքշուկների մեջ։ Այնուհետև, պաշտոնավարման ընթացքում, ինչ-որ պահից որոշեց այլևս չպայքարել, ուղղակի անդամագրվել ՔՊ-ին և շարունակել ղեկավարել Վարդենիս համայնքը։ Ահարոն Խաչատրյանն այս անգամ պաշտոնապես առաջնորդում է ՔՊ-ի ավագանու ընտրացուցակը։

Արմավիրի մարզի Արաքս համայնքում ՔՊ-ն կներկայացնի գործող համայնքապետ Ղազար Ղազարյանը, որը նույնպես ՀՀԿ-ին էր անդամակցում։ Ղազար Ղազարյանը 2008-2021 թվականներին եղել է Ջրարբի համայնքի ղեկավարը։ 2021թ․-ի դեկտեմբերի 5-ին խոշորացված Արաքս համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ առաջնորդում էր ՔՊ ավագանու ընտրացուցակը։

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունից հետո, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի հետ միավորվեցին Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները։ Հոկտեմբերի 25-ին այստեղ պայքարելու է 5 կուսակցություն։ Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինք կազմած «Գործարար» կուսակցությունն այս համայնքում առանձին ընտրացուցակով է ներկայանում։ Ցուցակն առաջնորդում է Ստեփանավան համայնքի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը։ «Հետքը» առիթ ունեցել է ներկայացնելու նրա գործունեությունը համայնքի ղեկավարի պաշտոնում։

Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների ընտրացուցակն գլխավորում է Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։ Վերջինս Լոռու մարզի Կողես գյուղի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1990-2016 թթ․, ներկայացրել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը։ 2017թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար: Վերընտրվել է 2022թ. սեպտեմբերի 25-ին՝ արդեն ներկայացնելով ՔՊ կուսակցությունը: Վերջինս ամենաերկարակյաց համայնքի ղեկավարն է՝ շուրջ 36 տարի, «Հետք»-ի ուսումնասիրության համաձայն՝ նաև ամենաշատ անշարժ գույք ունեցող համայնքապետն է։ 

Ստեփանավանը միակ համայնքն է, որտեղ ավագանու ընտրություններին առաջադրվել է Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր դաշինքը՝ «Ուժեղ Հայաստանը»։ Այս համայնքում ամենաշատ քվեն Դաշինքն էր ստացել։ Ստեփանավանում ՔՊ-ի և նրա արբանյակ «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունների դեմ պայքարելու է ևս մեկ ընդդիմադիր ուժ՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը։

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, որը մեկ տարի առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարն էր, այս անգամ դարձյալ կառաջնորդի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը։ Նրա լիազորությունները դադարեցվել էին ճիշտ մեկ տարի առաջ, երբ Վայոց ձորի մարզպետ նշանակվեց։ Համայնքի ղեկավարի պարտականությունները 2025թ․-ի հոկտեմբերի 25-ից ստանձնել էր ավագանու անդամներից ՔՊ-ական Մանան Գևորգյանը։ Այս անգամ նա ցուցակում երկրորդն է։ Ջերմուկում առաջադրվել է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Մեղրի համայնքում ՔՊ ընտրացուցակն այս անգամ ներկայացնում է գործարար միջավայրում զբաղված Սերգո Գալստյանը։ Գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորված է, մեղադրվում է կաշառքի գործով։ Խ․ Անդրեասյանը ներկայացնում էր «Ազատական» կուսակցությունը, որը 2021թ․-ի ավագանու ընտրություններից հետո կոալիցիա կազմեց «Հանրապետական» կուսակցության հետ։ 2021թ․-ից մինչև 2024թ․-ի մայիսի 15-ը Մեղրին ղեկավարեց «Հանրապետություն» կուսակցության ցուցակն առաջնորդող Բագրատ Զաքարյանը։ Այնուհետև, կոալիցիոն հուշագրի համաձայն, համայնքի ղեկավարումը փոխանցվեց Խաչատուր Անդրեասյանին։

Այս անգամ «Հանրապետական» կուսակցությունը Մեղրիում չի առաջադրվել։ Այստեղ նրան փոխարինում են իշխանամետ երկու այլ կուսակցություն՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» (Տիգրան Խզմալյանի) և «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը (Գուրգեն Սիմոնյանի)։ Առաջադրվել է նաև ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Բավականին մեծ է «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացվածությունը ՏԻՄ ընտրություններում։ Դիլիջան, Մարտունի, Արթիկ, Մեղրի և Ջերմուկ համայնքներում կուսակցությունն առաջադրվել է առանձին ցուցակով, իսկ Գորիս համայնքում՝ «Ապրելու քվե» դաշինքի կազմում։

«Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կմրցակցեն Հրազդան, Ծաղկաձոր, Արտաշատ և Մարտունի համայնքներում։

Այսպիսով, առնվազն 5 համայնքում հոկտեմբերի 25-ին իշխող ՔՊ-ի ավագանու ընտրացուցակը դարձյալ առաջնորդելու են նախկին հանրապետականները, որոնք իրենց կենսագրականից ջնջել են ՀՀԿ-ին անդամակցության փաստը։ Նաև՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, որը 2021թ․-ից «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ էր, նույն թվականի հուլիսին կալանավորվեց և ավելի քան 8 ամիս գտնվում էր կալանքի մեջ։ 

Դատարանը Առուշ Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում՝ 6 ամիս 18 օր ժամկետով և 5 տարի ժամկետով տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկել։ Նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան: 2024թ․ փետրվարից առկախված է մնում դատական ակտի կատարումը։

Թեկնածուների լուսանկարները նրանց ֆեյսբուքի էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter