HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ծառերի սպանդ Գյումրու «Հաղթանակի» զբոսայգում. ահազանգում են բնապահպանն ու ավագանու ՔՊ խմբակցությունը

Գյումրու «Հաղթանակ» զբոսայգու մի հատվածում սեպտեմբերին սկսված շինարարական աշխատանքների սկիզբը հիշեցնում էր «ապոկալիպսիս»: Տարածքում աշխատող տրակտորներն արմատախիլ էին անում 40-60 տարեկան հաստաբուն ծառերը՝ զուգահեռ ոչնչացնելով նաև ավելի երիտասարդ ծառերն ու վնասելով կանգուն մնացածների բները: «Կարող եմ ասել, որ աններելի գազանությամբ իրականացվում էր կանաչ տարածքների ոչնչացում, տպավորություն էր, թե հարձակվել են թշնամու վրա»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց բնապահպան Գևորգ Պետրոսյանը:

«Հետքը» անդրադարձել է զբոսայգու կառուցման պատմությանը: Այն հիմնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946-47թթ-ին և նվիրված է Հայրենական պատերազմում զոհված լենինականցիների հիշատակին: Որքան որ զոհ էր ունեցել քաղաքը, այդ քանակի էլ ծառ էր տնկվել այն ժամանակ: Ըստ պաշտոնական տվյալների և Գյումրու վետերանների միության կողմից ստեղծած «Մատյան անմահության» գրքում առկա արձանագրության՝ 1941-1945թթ-ին պատերազմում զոհվել էր 13074 լենինականցի: Ասում են, որ այգում ծառերը տնկել են անվանական՝ զոհվածների անուններով: Նորաստեղծ այգին կոչվել է «Հաղթանակի»:

2026թ․-ի Գյումրու «Մասնակցային բյուջետավորման ծրագրով» (ընդհանուր բյուջեն 86 մլն դրամ) քվեարկության առաջադրված երեք ծրագրերից հաղթել էր «Հաղթանակի» զբոսայգու զարգացման և համալիր բարեկարգման ծրագիրը (հեղինակ՝ Անահիտ Ղազարյան, «Հայաքվե խումբ»): Քաղաքապետարանը, որ բնակիչների հավանությանն արժանացած ծրագրի պատշաճ իրականացման պատասխանատուն է համարվում, որոշում էր կայացրել «համալիր բարեկարգում և զարգացում» դրույթը կիրառել 4 մասից բաղկացած այգու միայն մեկ հատվածի վրա՝ պատճառաբանելով գումարի սղությունը:

Այս ծրագրով, գումարային ներդրումն իրականացվում է պետություն-համայնք 80/20 համաֆինանսավորմամբ:  86 մլն դրամից Կառավարության մասնաբաժինը 68 մլն 800 հազար դրամ է, իսկ համայնքինը՝ 17 մլն 200 հազար դրամ: Քանի որ հաղթած առաջարկի հեղինակները չէին հաշվարկել տարածքով հոսող ստորգետնյա ջրերի առկայության խնդիրն ու դրանց հեռացման/ինժեներական լուծումները, քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնում կատարած հաշվարկների ու նախագծային աշխատանքներից հետո ծրագրի արժեքը կրկնակի աճել էր: Դրանով պայմանավորված՝ Գյումրու ավագանին համայնքային միջոցներից ծրագրի համար հաստատել էր 103 մլն դրամ, Կառավարության մասնաբաժինը մնացել էր նույնը: Ծրագրի արժեքը 86 մլն դրամից, ավագանու հաստատումից հետո, դարձել է 172 մլն դրամ:

Շինարարի ընտրության մրցույթը Գյումրու քաղաքապետարանը հայտարարել էր հուլիսի 23-ին՝ 179 մլն դրամի շրջանակում: Մասնակից 4 շինարարական կազմակերպություններից հաղթող է ճանաչվել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ը՝ 159 մլն դրամ առաջարկով: Կազմակերպության հետ պայմանագիրը կնքվել է օգոստոսի 31-ին: Շինարարական աշխատանքների սկիզբ սահմանվել է սեպտեմբերի 4-ը:

Գյումրու «Հաղթանակի» այգում մեկնարկած շինարարական աշխատանքները բազմաթիվ հարցեր և լուրջ մտահոգություններ են առաջացրել թե՛ բնապահպանների, թե՛ բնակիչների, թե՛ ավագանու անդամների մոտ: Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սեպտեմբերի 19-ին համացանցում հրապարակային հարցադրում էր արել՝ հատկապես լայնածավալ ծառահատումների հետ կապված խնդիրների վերաբերյալ պահանջելով լուրջ հիմնավորումներ:

ՔՊ-ականներին հետաքրքրում էր, թե այգու ծառերը հատելու վերաբերյալ արդյո՞ք իրականացվել է հանրային լսում՝ սահմանված օրենքով, արդյո՞ք կատարվել է մասնագիտական ուսումնասիրություն և հստակեցվել հատման ենթակա ծառերը։ Ծառահատման գործընթացը քննարկվե՞լ է բնապահպանների հետ, կանխատեսվե՞լ են էկոմիջավայրին հասցվող հնարավոր խնդիրները։ Այգու բարեկարգման նախագծում առկա՞ է արդյոք ծառահատման վերաբերյալ կետ, ո՞ւմ հետ է այն քննարկվել, ովքե՞ր են տվել մասնագիտական եզրակացություն և համաձայնություն: Ավագանու անդամներին հետաքրքրում էր, թե քանի ծառ է հատվել, և ինչպիսի վերահսկողություն է իրականացվել այդ գործընթացի ժամանակ, ու արդյոք բարեկարգում ասվածը ենթադրում է այգի՝ առանց ծառերի:

«Հետք»-ը փորձեց ճշտել, արդյոք խմբակցությունն իր մտահոգությունը պաշտոնական գրության տեսքով ուղարկել է Գյումրու իշխանություններին, և եթե ուղարկել է, ապա ի՞նչ պատասխան է ստացել: Խմբակցությունից մեզ փոխանցեցին, որ պաշտոնական հարցում չեն ուղարկել, քանի որ Գյումրու քաղաքապետարանում գրություններին կամ չեն պատասխանում, կամ ամիսներով ուշացնում են պատասխանները: Նշեցին, որ արված հայտարարությամբ հետաքրքրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինն և հարցում է ուղարկել Գյումրու քաղաքապետարան: Տեսչական բաժնից հաստատեցին մեր տեղեկատվությունը՝ նշելով, որ դեռևս պատասխան չունեն երկու շաբաթ առաջ արված հարցմանը, որը վերաբերում է այգում կատարված ծառահատումների հիմնավորմանը:

«Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանն ասում է, որ ինքն էլ է անակնկալի եկել՝ տեսնելով, թե ինչ է կատարվում այգու բարեկարգվող հատվածում: «Նախ պետք է կատարվեր շրջակա միջավայրի ազդեցության գնահատում, պետք է ուսումնասիրվեին ծառերը, դրանք խնամքով կտրվեին, հեռացվեին, հետո նոր անցնեին արմատները արմատախիլ անելուն,- պարզաբանում է բնապահպանը։ -Ինչ վերաբերում է գետուղուն,  մաքրման աշխատանքները պետք էր սկսել ակունքից, որ արդյունք տար հետագայում: Ամենասխալ բանը դա է: Գործը սկսել են մեջտեղից:  Համայնքը ծախսելու է էդ հսկայական գումարը, անելու են մասնակի ինչ-որ աշխատանք, հետո էդ նույն կոյուղաջրերը վերևից գալու են լցվեն մաքրած տեղն, ու լինելու է նույն պատկերը, ինչ էս տարիների ընթացքում կա, և որի պատճառով լիքը խնդիրներ են առաջացել»:

Գյումրիում գործունեություն ծավալող ոչ մի բնապահպան, այգու վերակառուցման նախագծի հետ կապված, չի մասնակցել որևէ քննարկման, կարծիք չի հայտնել, եզրակացություն չի տվել: «Սա նշանակում է, որ քաղաքապետարանը ոնց իրեն հարմար է, էդ ձևով էլ շարժվել է՝ առանց հանրային լսման, առանց նախագծի հրապարակման, առանց մասնագետների խորհրդատվության: Ո՞վ է տեղյակ, թե ինչ տեսակի ու քանի ծառ է հատվել, ջրի բացված հատվածն ի՞նչ է արվելու՝ փակ համակարգ է կառուցվելու, թե՞ նույն կերպ է մնալու, սրանք հարցեր են, որոնք այսօր անպատասխան են։ Տպավորություն ունեմ, որ եթե անցած տարի քաղաքապետարանը «Մասնակցային բյուջետավորում ծրագիրը» տապալել էր շինարարության մրցութային փուլում, էս անգամ, քանի որ հաղթող ունի, որոշել է տապալել այգին»,- մտահոգություն է հայտնում զրուցակիցս:

Գոյություն ունի կանաչ տարածքների պատշաճ կառավարում: Այգին հանրությանն է, պնդում է Գևորգ Պետրոսյանը, իսկ համայնքապետարանն այդ ամբողջի կառավարիչն է: Հանրությանը պատկանող գույքը, որի պատասխանատուն ու կառավարիչն է տեղական իշխանությունը, այս ծրագրի շրջանակում պարզապես հանձնվել է շինարարի ողորմածությանը:

«Արդյունքը գազանաբար արմատախիլ արված ծառերն են: Մենք չգիտենք՝ դրանք ուր են տարվել, որտեղ են պահեստավորվել, քանի խորանարդ մետր ծառ է հատվել, ինչ են անելու փայտանյութի հետ, արդյո՞ք բաշխվելու է կարիքավոր ընտանիքներին,- հարցնում է բնապահպանը: Հատվածաբար բացակայում են նաև այգու երկայնքով տեղադրված մետաղական դրվագազարդ ցանկապատերը: Դարձյալ չգիտենք՝ շինարարն է տարել, թե՞ քաղաքապետարանը, նորով են փոխարինելու, թե հինն են դարձյալ տեղադրելու: Եթե նախօրոք լիներ հանրային քննարկում, կլինեին նաև հարցադրումներ, և հանրությունը կունենար իրեն հուզող հարցերի պատասխաններ: Ես չգիտեմ անգամ, ըստ օրենքի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում արվե՞լ է, թե՞ ոչ»:

Մեկ ամիս է՝ Գյումրու «Հաղթանակի» այգում ոչ մի աշխատանք չի տարվում: Ծրագրի ավարտ նշված է 2027թ․-ի հունվար ամիսը: Լռություն է պահպանում նաև Գյումրու համայնքապետարանը՝ բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Անդրանիկ Չադրյանը չի պատասխանում զանգերին:

«Քաղաքի կենտրոնում շինարարական աշխատանքներ են տարվում, բայց տարածքն առանձնացված չէ: Հա, ինչ-որ ժապավեններ են կապել, որոնց մնացորդներն ենք տեսնում, իսկ տարածքով մարդիկ են անցուդարձ անում: Չկա ցուցանակ, թե վերջում ինչ տեսք է ունենալու այգին: Մենք չգիտենք, թե նախագծողից, իրականացնողից ու վերահսկողից վերջում ինչ ենք պահանջելու,-դժգոհում է Գևորգ Պետրոսյանը,-հետո, մենակ ծառերի հարցը չէ: Պահպանված մայթեզրի քարեր կան, որոնք շինարարության փուլում հեռացվում են, հետո՝ անհետանում, մեկ էլ պարզվում է՝ ինչ-որ մեկին նվեր են տվել կամ շինարարը ծախել է: Անթույլատրելի է համայնքի ունեցվածքը փոշիացնել, քանդել, ջարդել ու դա անել օրինական ծրագրի անվան տակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter