
Ինչու՞ են հարստանում պետական պաշտոնյաները. հարկայինի «կարգին տղու» պատմությունը
Ինչու՞ ազատվեցին պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբությանն ու Ռուբիկ Քոչարյանը: Որեւէ պարզաբանում առայսօր այս ազատումների մասին չի տրվել: Ռուբիկ Քոչարյանը կոմիտեում ստացավ մեկ այլ պաշտոն, Բեյբությանն առայժմ անգործ է: Ինչու՞ առայժմ, որովհետեւ դա ժամանակավոր է: Նա մեծահարուստ է, շատ փող ունի, իսկ Հայաստանում ով շատ փող ունի, չի կարող անգործ մնալ, իսկ եթե այդ փողը իր պաշտոնական դիրքի չարաշահմամբ է ձեռք բերել, առավելեւս՝ «համակարգը» նրան դուրս չի նետի, համակարգին պրոֆեսիոնալները պետք են: Արտաշես Բեյբությանի մասին ասում էին, որ «կարգին տղա» է, նոր սերնդի ներկայացուցիչներից, կրթություն ունի… Իսկ ինչպե՞ս է նա հարստացել:
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Արտաշես Բեյբությանին պատկանող «Պալերմո», «Նեքսթ», «Ալդո», «Ռիվեր Այլենդ» խանութներում ուսումնասիրություն է կատարվել եւ պարզվել է, որ այս ընկերություններում տրվող ՀԴՄ կտրոնները կեղծ են: Այսինքն` գնորդը ստանում է ՀԴՄ կտրոն, բայց այն իրական է միայն գնորդի մոտ, ուրիշ ոչ մի տեղ այն չի մնում: Սա պետական պաշտոնյային պատկանող խանութներում էր: Պաշտոնյան, որը նշանակվել է, որպեսզի հարկերը հավաքի, խաբում է պետությանը: Արտաշես Բեյբությանն ազատության մեջ է: Վստահաբար կարելի է ասել, որ նա չի պատժվելու, նա շատ փող եւ մոտ հարաբերություններ ունի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա առանձնապես մտերիմ է Հայաստանի նախագահի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի հետ: Ասում են՝ նրանք «բլոտի» ընկերներ են եւ մինչեւ այս դեպքը գրեթե ամեն օր բլոտ էին խաղում Սամվել Ալեքսանյանի «Փարվանայի» դոմիկներից մեկում:
Արտաշես Բեյբությանը նաեւ «ՍԱՍ Գրուպ»-ի բաժնետերերից մեկն է: Եվ ահա այս սուպերմարկետի ցանցերում նույնպես Բեյբությանը հաջողացրել է «ներդնել» ՀԴՄ-ի այնպիսի չիպեր, որոնք օրվա վերջում ֆիքսում են ուզածդ թիվը: Կառավարության «Հետքի» աղբյուրի հաղորդմամբ՝ բացահայտվել է, որ բոլոր սուպերմարկետներում, խանութներում, որոնք ունեն ցանցեր, ցույց էին տալիս շրջանառության միայն 30 տոկոսը: Դա նշանակում է, որ օլիգարխները կարողանում են իրենց շրջանառության 70 տոկոսը ստվերում պահել եւ դա կոնկրետ անում էին հարկայինի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանի հովանու ներքո: Արտաշես Բեյբությանի մասին ասում են՝ ծպտյալ միլիարդատեր է: Չգիտեմ, գուցե ավելի քիչ ունի միլիարդից, բայց դա էական էլ չէ: Նա այնքան շատ փող ունի, որ նրան պատժելու հարցը միագամից բացառվում է: Նա Հայաստանի պետական կոռուպցիոն համակարգի պրոֆեսիոնալ զինվորն է:
Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու երկիրը չի զարգանում, հիմա հասկանու՞մ եք, թե ինչու բնակչության 40 տոկոոսից ավելին աղքատ է, հիմա հասկանու՞մ եք, թե ինչու է թոշակառուների թոշակն այդքան ցածր, եւ ինչու հասարակությունը չի հավատում պետությանը:
Հ.Գ. Հարկային մարմինները մի քանի օր է՝ սուպերմարկետներում ստուգումներ են սկսել, բայց ի՞նչ պիտի փոխվի դրանից, գուցե ստվերը մի քանի տոկսով հանեն դուրս, ընդամենը այսքանը:
Լուս.՝ Արտաշես Բեյբության, Ռուբիկ Քոչարյան (tert.am)
Մեկնաբանություններ (25)
Մեկնաբանել