HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Անկեղծության երկու երեսը. Ռուբեն Հայրապետյան-2

սկիզբը

Միջօլիգարխիկ տունտունի՞կ, թե՞ պատերազմ

Այս հարցազրույցում ամենաինտրիգային պահը կարելի է համարել ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի դեմ բացահայտ «տակառ գլորելու» Նեմեց Ռուբոյի միտումը: Նա համոզվածություն է հայտնում, որ իր դեմ ուղղված հարսնաքարյան ակցիաների հետևում իրականում կանգնած է եղել Գագիկ Ծառուկյանը, որը, իբր, ֆինանսավորել ու տեխնիկապես աջակցել է այդ ակցիաներին ու դրանց կազակերպիչներին: Ու չնայած նա պնդում է, որ ունի փաստեր, սակայն հարցազրույցի ընթացքում դրա մասին վկայող գոնե մեկ փաստ չի ներկայացնում: Սա տիպիկ հանրապետական մոլեռանդության նշան է` քաղաքական հստակ ենթատեքստով:

Հայրապետյանը չի ցանկանում գահընկեց լինել և տեղը զիջել Ծառուկյանին՝ հասկանալով, որ նման դեպքում միայն վերջինս կարող է հավակնել այդ դերին: Նույն մտայնությունն ունեն նաև ՀՀԿ-ում հանգրվանած այն բազմաթիվ մեծ ու փոքր ֆունկցիոներները, ովքեր իշխանական բլիթից օգտվելու անհագ ցանկություն ունեն և այս իմաստով ի դեմս ԲՀԿ-ի ու Ծառուկյանի տեսնում են պոտենցիալ մրցակից: Ռուբեն Հայրապետյանը պարզապես փորձում է կանխել իշխանությունը կիսելու Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հնարավոր համաձայնությունը, թեև մյուս կողմից այստեղ ևս առկա է «միակ հավատարիմ» ծառայողի կարգավիճակն ստանձնելու ձգտումը:

Բոլոր դեպքերում Հայրապետյանի այս մեղադրանքները որոշակիորեն դուրս էին այն հավասարակշռության շրջանակից, որ հաստատվել է իշխանության և օլիգարխիայի, ինչպես նաև օլիգարխների միջև: Հայրապետյանը ոտնձգություն կատարեց, անցավ որոշակի սահման, որը գուցե այլ իրավիճակում նրան չներվեր: Սակայն հիմա՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, նրան պատասխանելը կարող է ներիշխանական և ներհամակարգային լուրջ ցնցումներ առաջացնել և իշխանության կենսունակության ամենակարևոր հենասյունը` օլիգարխիկ համակարգը, վերածել ռազմադաշտի:

Գուցե դրանով էր պայմանավորված, որ Գագիկ Ծառուկյանը Նեմեց Ռուբոյի մեղադրանքներին առանձնապես լուրջ ու խիստ չարձագանքեց: Ծառուկյանը պարզապես որոշեց փակել, «ջրել» թեման` գուցե համարելով, որ եթե քննարկելու ինչ-որ բան էլ ունի, ապա ոչ հրապարակայնորեն և Հայրապետյանի հետ: Փաստը մնում է փաստ, որ Ծառուկյանը, ԲՀԿ-ն ուղղակի չգնացին սադրանքին: Ավելին. նրանք իրենց վրա վերցրին իրավիճակը փրկելու խնդիրը: ԲՀԿ-ի խոսնակը հայտարարեց, թե հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Հայրապետյանի հետ, և վերջինս պնդել է, որ թե ԲՀԿ-ի և թե անձնապես Ծառուկյանի մասով հարցազրույցում ներկայացված մտքերն իրականությանը չեն համապատասխանում: Հայրապետյանն ինքը հրապարակավ նման հայտարարություն չարեց: Փաստորեն ԲՀԿ-ն ինքն ստանձնեց Հայրապետյանի կողմից ասվածը հերքելու գործառույթը` փոխանակ պահանջելու, որ վերջինս անձամբ և հրապարակայնորեն դա անի:

Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանը շարունակաբար փորձում է օլիգարխիային ցույց տալ, որ ինքը ոչ թե հակադրվում է նրանց հետ, այլ փորձում է քաղաքական դաշտում պաշտպանել հենց օլիգարխիայի շահերն ու հետաքրքրությունները: Կարելի է հիշել, թե ինչպես ԲՀԿ-ն ամռանը տապալեց հարսնաքարյան ողբերգության և Ավետյանի սպանության հարցով ակնհայտորեն ընդդեմ Հայրապետյանի խորհրդարանական քննարկումներ անցկացնելու, այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու բոլոր նախաձեռնությունները, որից հետո Ծառուկյանը ստադիոնում հանգիստ լուսանկարվեց Հայրապետյանին պատկանող «Բջնի» ապրանքանիշի ֆոնին: Բայց Հայրապետյանը փորձում է իրեն ոչ այնքան օլիգարխիայի դասակարգի մեջ դնել, որքան իշխանական և պրոսարգսյանական, ինչով և հակադրվում է ծառուկյանական ջանքերին: Բայց ակնհայտ է, որ սա երկար շարունակվել չի կարող ու պատեհ առիթի դեպքում կարող է վերածվել Ծառուկյան-Հայրապետյան մի աննախադեպ, անկանխատեսելի ելքով դիմակայության, որը կարող է խախտել տնտեսաքաղաքական բալանսը երկրում:   

Արցունքախառը... ահաբեկու՞մ

Հարցազրույցի կուլմինացիան, իհարկե, հարսնաքարյան դեպքերի և դրանց արդյունքում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության հանգամանքները լիարժեքորեն և օբյեկտիվորեն բացահայտել, բոլոր մեղավորներին անխտիր պատժել պահանջող հասարակական նախաձեռնությունների ղեկավարներին ու ակտիվիստներին ուղղված Նեմեց Ռուբոյի հոխորտանքներն ու բացահայտ ահաբեկումներն են, որոնց բովանդակությունն, իհարկե, արդեն բոլորին է հայտնի:

Այս սպառնալիքները տեղալիս Հայրապետյանն անգամ չի նկատում, որ դրանից առաջ նա արդարադատության իրականացման դիրքրերից է հանդես գալիս` ելնելով այն գաղափարից, որ իր մեղավորությունն ու անմեղությունը կարող է վճռել միայն դատարանը: Հակառակ դեպքում տեղի ուենցողը պարզ վենդետա է, որը, նրա մի կարծիքով, անընդունելի է: Բայց պարզվում է, որ նրա երկրորդ կարծիքով՝ դա շատ էլ լավ ընդունելի է, եթե խոսքը վերաբերում է իրեն, իր ընտանիքին, ու նույնիսկ իր հարևաններին վախեցնելուն, ինչում նա մեղադրում է բողոքի ակցիաներ անցկացնող ակտիվիստներին, երբ նրանք բողոքի պիկետը տեղափոխեցին Ավանում գտնվող նրա առանձնատան մոտ: Հայրապետյանը գուցե չի էլ հասկանում, որ ինքնին արդեն նման սպառնալիքների հրապարակավ հնչեցումը քրեական պատասխանատվություն է ենթադրում, և այդ մարդիկ, ում ուղղում է դրանք, կարող են շատ հանգիստ դիմել իրավապահ մարմիններին: Բայց հենց անպատժելի մնալու համոզվածությունը, ենթագիտակցական զգացողությունն է նրան նման կերպ արտահայտվելու ազատություն տալիս, որը տեղի է ունենում ոչ միայն նրա կուսակցության, այլև գործող նախագահի լուռ հայացքի ներքո: Եվ տրամաբանական հարց է առաջանում. ո՞վ է դրա համար ավելի մեղավոր. Հայրապետյա՞նը, թե՞ իրենց լռությամբ նրա տեռորիզմը բացահայտ խրախուսող կուսակցությունն ու նախագահը:

Սա ցույց է տալիս, որ մեղայական այն հայտարարությունները, որոնք Հայրապետյանն անում էր Ավետյանի սպանությունից հետո, հասարակական ընդվզման ամենաեռուն շրջանում, ավելին չէին, քան դեմքը փրկելուն ուղղված ճարահատ միջոցառումներ, և որ իրական Հայրապետյանի կերպարը դրսևորվում է ոչ թե այդ հայտարարություններում, այլ խնդրո առարկա հարցազրույցից տեղացող նրա սպառնալիքներում: Հակառակ դեպքում, եթե անգամ ակտիվիստներն ինչ-որ բանում սխալ էին, եթե անգամ նրանց ինչ-որ քայլեր ու գործողություններ հապշտապ էին, չմտածված, պահի ազդեցությամբ պայմանավորված, եթե անգամ իսկապես դրանից Հայրապետյանի ընտանիքը կրել էր բարոյական ու հոգեբանական վնասներ, ապա նա պարտավոր էր ոչ թե սպառնալիքներ տեղալ, այլ դիմել այն արդարադատությանը, որին ինքն է տենդագին հղումներ կատարում:

Եթե, օրինակ, այդ մարդկանցից, նրանց ընտանիքների անդամներից որևէ մեկին, Աստված մի արասցե, հիմա ինչ-որ բան պատահի, արդյոք Հայրապետյանը բարոյական իրավունք ու կարողություն է ունենալու համոզել, որ դրանում մեղսակից չէ, որ դրա հետ կապ չունի: Բայց, ըստ երևույթին, հիմա դա ամենաքիչն է հետաքրքրում վրեժխնդրության մոլուցքով տարված պատգամավորին:

Մեկնաբանություններ (2)

AK
Իսկ ինչու են որոշ մաիդիք իրենց դատավորի կարգավիճակ տվել ու նախօրոք դատապարտել Նեմեցին? Արդյոք իրենց արածը ավելի վատ ու վտանգավոր բան չէ, քան Նեմեցինը? Ովքեր են դատավորները???? կասեր Գրիբոյեդովը: Դատը հրապարակային երևույթ է, գնացեք լուսաբանեք, դրեք կայքերում նայենք: Չեմ կարծում, որ լուսաբանված դատական նիստի նյութերը նայելիս ու ուսումնասիրելիս չհասկանանք, թե իրականում ինչ է եղել: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ նեմեցն իսկապես կապ չունի, ինչ պիտի ասեն այդ հասարակական շարժման մասնակիցները? Գտնում եմ, որ իրավապահ և դատական համակարգի վրա այդ աստիճան ճնշում գործադրելն էլ ճիշտ չի: Դրա արդյունքում դատավորներն իրենց գլխից ռադ անելու համար կարող են բոլոր կատարողներին հավասարապես մեղադրել անկախ կատարվածի ծանրության աստիճաններից, միայն թե պրծնեն հասարակության հնարավոր մեղադրանքներից: Խնդրում եմ, ով դրա կարողությունն ունի, թող գնա ու նյութեր բերի, տեսալուսանկարահանի և այլն ու մատչելի դարձնի մեզ, մենք էլ հասկանանք, իրոք կապ ունի, թե չէ: Հավատացեք, որ ում նկատմամբ էլ լինի, եթե մենք անցնում ենք անմեղության կանխավարկածի վրայով ու մեղադրում, մենք հավասարապես չարիք ենք գործում: Եկեք աննյութ չխոսենք: Պիտի հասկանալ ինչ է իրականում եղել
ԳԱԼՈՒՍՏ
ԵՐԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՄԱՍԻՆ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀՈԴՎԱՑ ԵՔ ՏՊՈՒՄ ,ՆՐԱՆ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԳԻՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՄԵՑԱՆՈՒՄ Է ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՖԻՔՍԵԼ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՂՆ ՈՒ ԱՎԱԶԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱԼԱՖԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter