«Չկա կենսաբազմազանության պաշտպանություն առանց մարդու իրավունքների»․ ակցիա` Կառավարության դիմաց
«Բնության պաշտպանությունն անբաժանելի է մարդու իրավունքներից», «Չկա կենսաբազմազանություն առանց մարդու իրավունքների ու արդարության»։
Այս և այլ կարգախոսներ հնչեցին այսօր առավոտյան՝ COP17-ի առաջին բարձր մակարդակի միջոցառումից ժամեր առաջ: ՀՀ կառավարության դիմաց հավաքված արցախցի ակտիվիստներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, որ «COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ՝ իրական խնդիրները քողարկելու համար»։
Խաղաղ ակցիայի մասնակիցները հիշեցրին Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 22-րդ թիրախը, որն անդրադառնում է նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին։
Այն սահմանում է, որ որոշումների կայացման գործընթացներում պետք է ապահովված լինի բոլորի մասնակցությունը: Մասնավորապես, բնիկ ժողովուրդները և տեղական համայնքները պետք է լիարժեք, արդար, ներառական, արդյունավետ և գենդերային հարցերի նկատմամբ զգայուն ներկայացվածություն ու մասնակցություն ունենան որոշումների կայացման գործընթացներում: Բացի այդ, կենսաբազմազանությանն առնչվող արդարադատությունն ու տեղեկատվությունը պետք է հասանելի լինեն բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին: Իսկ նրանց մշակույթները և հողերի, տարածքների, ռեսուրսների ու ավանդական գիտելիքների նկատմամբ նրանց իրավունքները պետք է հարգել:
Ակցիայի մասնակիցները, սակայն, համարում են, որ այս բոլոր սկզբունքներն արժեք չունեն, քանի որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր կենսատարածքից և զրկվել այնտեղ ապրելու ու իր ժառանգությունը պահպանելու հնարավորությունից։
Նրանց խոսքով՝ արցախցիների տեղահանումն ուղեկցվում է նաև պատմական հիշողության, մշակութային ժառանգության և ինքնության հետքերի ոչնչացման վտանգով։ Արցախի բնությունը արցախցիների ժառանգությունն է, որից հիմա զրկված են:
Ակցիայի մասնակիցների պնդմամբ, հնարավոր չէ խոսել կենսաբազմազանության պաշտպանության մասին՝ անտեսելով այդ հողի վրա դարերով ապրած մարդկանց իրավունքներն ու նրանց ժառանգության ճակատագիրը։ Նրանք պահանջում են COP17-ի հարթակն օգտագործել նաև արցախցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը բարձրացնելու համար։
Հավաքի ընթացքում մասնակիցներն ահազանգեցին նաև հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Ամուլսարի ծրագրի վտանգների, Բաքվում պահվող հայ գերիների մասին։
Մասնակիցները համաժողովի հյուրերին կոչ են անում Հայաստանի կառավարության դիրքորոշումից բացի լսել հավաքվածների պահանջներն ու մտահոգությունները։
Նրանք նաև անվստահություն են հայտնում բնության պահպանության հարցում տարածաշրջանային համագործակցության առնչությամբ, քանի որ Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակման և արցախցիների վերադարձի հարցերը մնում են չլուծված։
Ակցիայի կազմակերպիչներից Ալվարդ Զաքարյանն ասաց, որ պատրաստվում են քայլերթով գնալ Շվեյցարիայի հյուպատոսություն՝ նամակ հանձնելու։ Նրա խոսքով՝ ցանկանում են դիմել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսին՝ ակնկալելով, որ իրենց առաջադրած հարցերը կհնչեն նաև COP17-ի ընթացքում։
Շվեյցարիային դիմելը նա բացատրեց այն հանգամանքով, որ այդ երկիրը բազմիցս խոսել է արցախցիների խնդիրների մասին։ Նա միաժամանակ քաղաքացիներին կոչ արեց մասնակցել COP17-ի միջոցառումներին և օգտագործել կանաչ գոտու հարթակները՝ իրենց հուզող թեմաների մասին բարձրաձայնելու համար։
Ոստիկանները թե՛ հավաքից առաջ, թե՛ դրա ընթացքում փորձեցին խոչընդոտել այն։ Մասնակիցների խոսքով՝ իրենց տեղեկացրել էին, թե Կառավարության շենքի դիմացի տարածքը փակ է լինելու, սակայն հետո պարզվել էր, որ այն բաց է։
Հավաքի մասնակիցները շարունակելու են ակցիաները՝ իրենց առաջ քաշած խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել