«Սիլ պլազայի» գործով դատախազության նոր հայցը վարույթ է ընդունվել
Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը վարույթ է ընդունել «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը վերադարձնելու՝ Գլխավոր դատախազության հայցը։ Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք, որ դատախազության հայցի քննության առաջին նիստը տեղի կունենա 2027 թ․-ի ապրիլին։
Դատախազությունը վերջին չորս տարում «Սիլ պլազայի» վերաբերյալ դատարան է դիմում երրորդ անգամ։ Նախկին երկու փորձերն անհաջողության էին մատնվել․ դատարաններն այդ հայցերն ըստ էության չէին քննել։
Երևանի Փոքր կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնը պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին, որն էլ իր հերթին պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքի անդամներին։ Ընկերությունը Խաչատուր Սուքիասյանի հոր ղեկավարած «Աստղիկ-1» կոոպերատիվի իրավահաջորդն է։ Բիզնես կենտրոնի զբաղեցրած հողամասի և դրա վրա գտնվող շինությունների սեփականաշնորհման պատմությունը «Հետք»-ն էր բացահայտել։ Խաչատուր Սուքիասյանի հայրը՝ Ալբերտ Սուքիասյանը, գույքը ձեռք էր բերել չնչին գնով՝ 5655 ԱՄՆ դոլարով (1994 թ․-ին)։ Օտարման նպատակը տարածքում հայ նկարիչների նկարների վաճառատուն ստեղծելն էր։
Մեկ այլ հայցով դատախազությունը Սուքիասյաններից պահանջում է պետությանը վերադարձնել «Այրարատ» կինոթատրոնը։ Նախկին պատգամավորի ընտանիքն այս դեպքում էլ, պետական գույքը ձեռք բերելուց հետո, ըստ դատախազության, չի կատարել մասնավորեցման պահանջը՝ 1.55 միլիոն դոլարի ներդրումը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել