HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաբազմազանության պահպանության խոստումներն ու իրականությունը․ աշխարհը հետ է մնում 2030-ի թիրախներից

Մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված թիրախներին հասնելու համար պետությունների նախաձեռնած գործողությունները բավարար չեն։ Սա է այսօր Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի Կապույտ գոտում ներկայացված՝ «Կենսաբազմազանության ուղղությամբ գործողությունների վիճակը» համաշխարհային զեկույցի հիմնական եզրահանգումը։ Այն հիմք կծառայի COP17-ի ընթացքում կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային վերանայման համար։ 

2022թ․ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումից հետո 162 երկրներ սահմանել են ազգային թիրախներ։ Այդպիսով  երկրները ստանձնել են հանձնառություններ՝ դրանց հասնելու ռազմավարություններ ու ծրագրեր մշակելով։ 

Կունմինգ-Մոնրեալի շրջանակը համաշխարհային մակարդակով աննախադեպ ներգրավվածություն է առաջացրել։ Ու չնայած երկրները գործողություններ են ձեռնարկել բոլոր 23 թիրախների ուղղությամբ, զեկույցի համաձայն, թիրախներից ոչ մեկի դեպքում պատկերը լիովին դրական չէ։ Բացի այդ, զեկույցում ասվում է, որ երկրների կեսից քիչն է հայտնել, որ իրենց ազգային թիրախները ճիշտ ընթացքի մեջ են 23 գլոբալ թիրախներից որևէ մեկի մասով։

Զեկույցն ահազանգում է՝ առկա փաստական տվյալները ցույց են տալիս հավաքական առաջընթացի բացեր և այն խոչընդոտող արգելքներ։ Եթե կողմերը շարունակեն նույն տեմպով իրականացնել ազգային ռազմավարություններն ու ծրագրերը, մինչև 2030 թվականը սահմանված թիրախներն ու առաքելությունը չեն իրագործվի։ Չեն իրագործվի նաև մինչև 2050 թվականի նպատակների և տեսլականի իրականացումը։ Չորս նպատակները վերաբերում են բնական էկոհամակարգերի վերականգնմանն ու ընդլայնմանը, կենսաբազմազանության ռեսուրսների կայուն օգտագործմանը, ռեսուրսների արդար բաշխմանը և այդ նպատակներին հասնելու համար համապատասխան ֆինանսների տրամադրմանը։ 

Գլոբալ միտումներ ու անհամաչափ առաջընթաց

Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակը մինչև 2050 թվականը սահմանել է գլոբալ չորս նպատակ, իսկ մինչև 2030 թվականը՝ 23 գլոբալ թիրախ։ 

«Կենսաբազմազանությանն ուղղված գործողությունների վիճակը» զեկույցը հիմնված է 129 ազգային զեկույցի, ազգային թիրախների ավելի քան 160 փաթեթի, կենսաբազմազանության ավելի քան 80 թարմացված ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վրա:

Ներկայացված փաստաթղթերի վերլուծության արդյունքում նկատվել է անհամաչափ առաջընթաց սահմանված թիրախներին հասնելու համար։ Օրինակ, առավել բարձր առաջընթաց նկատվել է կլիմայի փոփոխության ազդեցության նվազեցման, էկոհամակարգերի վերականգնման, վայրի տեսակների կայուն օգտագործման, անտառային տնտեսության կայունության ու մի քանի այլ ուղղություններում։ Սակայն սա էլ, բնականաբար, չի ենթադրում, որ աշխարհը հասել է այս թիրախների կատարմանը։ 

Ամենացածր հարաբերական առաջընթաց ունեցող ուղղություններն են վնասակար սուբսիդիաների վերափոխումը, ֆինանսական միջոցների ներգրավումը և գենդերային հավասարության ապահովումը։ Ազգային պարտավորություններում ավելի թույլ են արտացոլված նաև կայուն սպառումը, բիզնեսի պատասխանատվությունը։ Ծովային, առափնյա և ներքին ջրային էկոհամակարգերը հետևողականորեն ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան ցամաքայինները։

Անհամաչափությունը տեսանելի է նաև տարածքների պահպանության դեպքում։ Մինչև 2030 թվականը Երկիր մոլորակի ինչպես ցամաքի, այնպես էլ ջրի 30 տոկոսը պետք է ունենա հատուկ պահպանվող կարգավիճակ։ Պահպանվող տարածքներն աճել են․ ծովային ու ափամերձ տարածքների 16,7 տոկոսն է պահպանվող, ցամաքային ու ներքին ջրային տարածքների՝ 19,5 տոկոսը։ Այս տվյալները դեռևս հեռու են 30 տոկոս ցուցանիշից։ 

Սրանից բացի, զեկույցի համաձայն՝ մոտ 1 միլիոն տեսակ գտնվում է անհետացման սպառնալիքի տակ։

Ֆինանսական ճեղքվածքը և վնասակար սուբսիդիաները

Զեկույցում նշվում է, որ մինչև 2025 թվականը կենսաբազմազանությանն առնչվող միջազգային ֆինանսական ռեսուրսների ընդհանուր ծավալը տարեկան 20 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու միջանկյալ նշաձողը, հավանաբար, չի ապահովվել։ Սակայն վերջնական գնահատում հնարավոր կլինի անել միայն այն ժամանակ, երբ ներկայացվեն մինչև 2025 թվականը ներառող ամբողջական տվյալները։

Դժվարություններ են արձանագրվել նաև հատուկ կենսաբազմազանության ֆինանսավորման վերաբերյալ տվյալների հարցում, այդ թվում՝ միջոցներ ստացողների մասին տարանջատված տեղեկությունների և առանձին թիրախների մակարդակով ֆինանսավորման տվյալների բացերի առնչությամբ։

Զարգացող երկրները, հատկապես ամենաքիչ զարգացած երկրներն ու փոքր կղզային զարգացող պետությունները, իրենց ազգային զեկույցներում ավելի հաճախ են նշել ֆինանսական միջոցների սղության մասին։

Ազգային զեկույցները նաև ընդգծում են, որ բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները, կանայք, երիտասարդները, ենթազգային կառավարման մարմիններն ու այլ դերակատարներ հաճախ չունեն բավարար ռեսուրսներ՝ Շրջանակի իրականացմանն իրենց ներդրումներն ապահովելու կամ ընդլայնելու համար։

Բացի այդ, ընկերությունները և ֆինանսական հաստատությունները պետք է գնահատեն ու բացահայտեն կենսաբազմազանության հետ կապված իրենց ռիսկերը, կախվածությունն ու ազդեցությունները և նվազեցնեն բացասական ազդեցությունը։ Այս թիրախին բարձր համապատասխանություն ունեցող ազգային թիրախների 66 տոկոսի դեպքում կողմերը հայտնել են անբավարար առաջընթացի կամ էական փոփոխության բացակայության մասին։

Ինստիտուցիոնալ, կառավարման և տվյալների խոչընդոտները 

Ֆինանսական միջոցների անբավարարությունը զուգորդվում է կառավարման խնդիրների հետ։ Բացակայում է «ամբողջական կառավարման» մոտեցումը։ Բնապահպանությունը դեռևս առաջնահերթություն չէ ֆինանսների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ 

Սակայն, ազգային հաշվետվություններում շրջակա միջավայրի ոլորտից դուրս նախարարությունների մասնակցությունը հաճախ նկարագրվում է ընդհանուր ձևակերպումներով՝ առանց համատեղ իրականացման հստակ տեղեկությունների։ 

Կառավարման հարցն ավելի է բարդանում ելակետային տվյալների պակասի, իսկ երբեմն բացակայության պատճառով։ Զեկույցի համաձայն՝ ոչ մի կողմ չի ներկայացրել բոլոր գլխավոր ցուցանիշների տվյալները։ Շատ ցուցանիշների դեպքում բացակայում են տարբեր տարիների համադրելի տվյալները։ Բացի այդ, տեղեկությունները հաճախ մասնատված են գերատեսչությունների միջև։ 

Ռազմավարական առաջնահերթություններ

Զեկույցը պարտադիր հանձնարարություններ չի սահմանում, սակայն առաջարկում է մոտեցումներ, որոնք կօգնեն հասնել թիրախներին։ 

Օրինակ, զեկույցում նշվում է, որ Կողմերը կարող են ճշգրտել թիրախները և ուժեղացնել գործողությունները։ Անհրաժեշտության դեպքում կարելի է վերանայել և զարգացնել ազգային քաղաքականությունը։ 

Կենսաբազմազանության նպատակների իրագործումն արագացնելու համար զեկույցն առաջարկում է ընդլայնել փորձի փոխանակումը, զարգացնել ֆինանսավորման, կարողությունների և մշտադիտարկման ծրագրերը։

Կենսաբազմազանության նպատակներին հասնելու համար կարելի է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում, ապահովել դրա արդար հասանելիությունը և վերացնել կամ բարեփոխել բնությանը վնասող խթանները՝ ներառյալ սուբսիդիաները։

Կենսաբազմազանության նպատակների իրականացման համար կարևոր է ամրապնդել պետության, բիզնեսի և հասարակության համագործակցությունը՝ ապահովելով հանձնառությունների կատարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Զեկույցը սահմանում է նմանատիպ մի քանի այլ մոտեցումներ, որոնք, ամեն դեպքում, ընդհանրական բնույթ են կրում։ 

Այնուամենայնիվ, զեկույցի արդյունքների հիման վրա կիրականացվի այս ուղղությամբ տարվող ծրագրերի առաջին համաշխարհային վերանայումը։ Վերջինս հիմք կհանդիսանա գործողությունների արագացման վերաբերյալ որոշումների և նոր նախաձեռնությունների համար, այդ թվում՝ առաջարկվող «Երևանյան ուղու»։

«Կենսաբազմազանության ուղղությամբ գործողությունների վիճակը» համաշխարհային զեկույցը ներկայացվել է այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի Մերիդիան էքսպոկենտրոնի Կապույտ գոտու ասուլիսների սրահում։ 

Ասուլիսին բանախոսել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար և COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։ 

 Լուսանկարը՝ էկրանակադր մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter