Խոզը
Վարորդն էլ մեզ հետ` մեքենայի մեջ վեց հոգի էինք:
Մուկուչ հորեղբորս էինք բերում բանտից: Դեռ գյուղ չհասած` հորեղբայր Մուկուչս մեքենան կանգնեցրեց: Ասաց. «Մենք ոտքով կգանք»: Մյուսները գնացին, մինչև մեր գյուղ հասնելը, գառը մորթելու: Ցորենի դաշտերի միջով էինք գնում, կապուտակ երկնքից, հրաձգարանի խաղալիքների նման, կախվել էին արտույտները: Հեռվում, դեղինի մեջ, մի կանաչ ծառ կար: Ծառի տակ Օվանեսենց Միրիանն էր պառկած: Հորեղբայրս ասաց. «Մեռած է»: Ասաց. «Դու մնա, ես գնամ գյուղխորհրդի նախագահին կանչեմ»: Ասի. «Վախենում եմ»: «Ապրողին վայել չէ` թողնի ու գնա: Լավ կլինի մեզանից մեկը մնա մոտը,– ասաց,– վայրի կատուները կամ աղվեսմաղվես կարող է մոտենան` այլանդակեն»: Մի հատ մրջյուն վերցրեց շյուղի վրա, թողեց Միրիանի դեմքին: Ասաց. «Տեսնո՞ւմ ես, մրջյունը չի մնում, իջնում է ցած, որովհետև հողը տաք է, քարը տաք է, կանաչը տաք է, իսկ դեմքը պաղ է: Նշանակում է` մեռած է, վախենալու բան չկա: Հասկանո՞ւմ ես, իմ մնալը հարմար չէ, կկասկածեն, նորից կկանչեն: Հոգնել եմ էդ կյանքից: Դու խատուտիկներին թռցրու` ես գնամ ու գամ»: Ասի. «Մեռած մարդ չեմ տեսել»: «Լավ, դու էն հեսանի վրա միզի, մինչև չորանա, հետ կգամ»: Ասի. «Չեմ կարող, վախենում եմ»: Ասաց. «Էն ժամանակ ինձ որ տարան, դու փոքր էիր, չես հիշի, պատճառը Միրիանն էր, հիմա հարմար չէ, որ ես մնամ»: Ասի. «Հեսանը նրանն է, համ էլ մինչև չորանա, կվախենամ»: Հորեղբայր Մուկուչս նստած տեղից ծնկի չոքեց, վերնաշապիկը հանեց, գլխից քաշեց շապիկը, ասաց. «Տեսնո՞ւմ ես, էնտեղ վեց օր ու գիշեր պառկել եմ փորիս, որ տղաները մեջքիս եկեղեցի դաջեն...»: Ասաց. «Տեսա՞ր, դու էլ վախեցար, այ վախը դա է...»:
Նրա մեջքին` ծոծրակից մինչև գոտկատեղը, խոշոր ականջներով խոզ էր դաջված` իր տասը խոճկորներով: Ասաց. «Ո՞վ էր սպասում, որ սիրտն ու թիկունքը իրար այդքան մոտիկ և դավաճանություն կատարվի: Նրանք դաջում են, ես` սպասում: Մի օր չէ, երկու օր չէ, նրանք դաջում են... Յոթերորդ օրն իմացվեց բաղնիքում: Տղաները շուրջդ կանգնած են, դու մերկ, մեջքիդ նկարը բոլորի աչքի առաջ, ստամոքսս բերանիցս դուրս էր թռչում: Տեսնո՞ւմ ես, չեմ վախենում, ապրում եմ»: Ասի. «Բա ձեռներդ ինչի՞ են դողում, ճակատիդ էլ քրտինք կա»: Հետո երկուսով միզեցինք Միրիանի հեսանի վրա, հորեղբայր Մուկուչս գնաց գյուղ: Սպասում էի, թե քարը երբ կչորանա, որ նա գա: Հետո կարմիր պուտերով զատիկը իջավ ավելուկի տերևներից ու անցավ Միրիանի դեմքի վրայով, ցորենի դաշտից լոր թռավ, ես վախեցա:
Ազգական, գյուղացի, բոլորը մեր տուն, ինձ տեսության եկածները հաստատապես պնդում էին, որ իմ ընկնավորության պատճառը հորեղբայր Մուկուչս է: Զեքալ ձալոն ասաց. «Օձի շապիկ որ դնենք բարձի տակ, ընկնավորությունը կանցնի»: Ասաց. «Չեմ հասկանում, ինչ խելք է, մատըմ երեխան մեռելի հետ կթողնե՞ն»: Մայրս ասաց. «Տղան ցավի տեր դարձավ...», ու լացեց:
Մի օր դիրեկտորը կանչեց իր առանձնասենյակը, ասաց. «Գրականության դասաժամին էր պատահել, չէ՞, երեխեքն էլ են վախեցել, ուսուցչուհին էլ: Այդպիսի հոգեկան հիվանդների համար հատուկ դպրոց կա: Ձերոնք որ ուզեն, քեզ կտանեն այնտեղ...»: «Չեմ հասկանում, ի՞նչ կա վախենալու: Այդ որ պատահում է, ձիեր են գալիս, ու կառքը սլանում է»: Ասաց. «Ախալքալաքում այդպիսի դպրոց կա, համ տանը մոտիկ կլինես, համ էլ գնացողեկող կլինի»: «Ախալքալաք ի՞նչ գործ ունեմ, ես տատիս ծոցն եմ քնում»: Ասի. «Ախալքալաք չեմ գնա...»: «Այդ տարիքիդ տատիդ ծո՞ցն ես քնում»: Դասամատյանը վերցրեց, ասաց. «Բոյիդ նայե՞լ ես, վաղվանից դպրոց մի արի»: Ասաց. «Չգաս»:
Այդ օրը սեղանի շուրջը նստածները լուռ էին: Ասի. «Մեղք չունի, նա ինքն էլ է վախեցած»: «Ո՞վ»,– հարցրեց պապս: «Մուկուչս»,– ասի,– էնտեղ, բաղնիքում հռհռացել են, ինքը վախից հետ է տվել, նրա մեջքին նկար կա...»: Ասին` պատմիր: Պատմեցի: Պապս ծխեց, երկար չէր խոսում, հետո անորոշ, ոչ ոքի չուղղված, որպես խոսք, ասաց. «Խոզ»:
Երկու օր հետո ջրաղացքարն էին զինգում, Մուկուչիս մեղքով հորեղբայր Դարչոյիս երկու մատները մնացին քարի տակ ու պոկվեցին: Դարչոս կտրված մատներով ձեռքը սեղմեց աջ թևատակը: Կքակզեց, բարձրացավ, նայեց հորեղբայր Մուկուչիս աչքերի մեջ ու ասաց. «Խոզ»: Ասաց. «Այսպես քաղ անել կլինի՞, ինչպե՞ս պիտի քաղ անեմ»: Հավաքված օտարների ներկայությամբ ասաց. «Գիտեք, մեջքին էլ նկար կա...»:
Թևատակից արյուն էր հորդում: Արյունը հոտ ուներ, ես ընկա: Այդ օրը Մուկուչս հարբեց. գյուղի ծայրամասում, գյուղից կտրված, մուսուլման փնթի մի կին էր ապրում: Տարիներ առաջ նրա հովիվ ամուսինը մահացել էր, գնաց նրա տուն: Առավոտյան դուրս եկավ. ինքը արևին էր նայում, հավաքվածները` նրան: Ներսում մանր երեխաների բազմություն էր լացում, ինքը, կոշիկները սեղմած թևատակը, հեռանում էր: Հավաքվածները ասին. «Խոզ»: Ջրաղացի միջադեպին ներկա եղածներից մեկն ասաց. «Մեջքին նկար կա...»: Ասաց. «Խոզ»: Հորեղբայր Մուկուչս էլ չգնաց թուրք կնոջ մոտ: Քայլեց բոլոր աղջիկ ունեցողների փողոցներով: Ոչ ոք նրան աղջիկ չէր տալիս: Մեր դասարանցիք ինձանից վախենում էին ու մեր տուն չէին գալիս, բայց իմ համար փողոցում Մուկուչ հորեղբորս հետևից քար էին նետում, գոռում. «Մի հատ ցույց տուր մեջքիդ նկարը, խոզ...»:
Բրիգադիր Վասոն աշխատանքի չէր կանչում, ասում էր. «Մեջտեղը ազգային խնդիր կա»: Նրան գործ չէին տալիս, որ մտածելու ժամանակ ունենա:
Գյուղացիներից, արդեն տասնը քանի տարի է, օձ տեսնողներ չէին եղել:
Մուկուչ հորեղբայրս սարերում օձի շապիկ էր որոնում, որ դնենք բարձիս տակ:
«Դպրոց կգնաս,– ասաց,– մի վախենա, էդ հիվանդությունը անցողիկ է»: «Չեմ վախենում, վախենալու բան չկա, որ մութն սկսվում է, ձիերով կառքը ինձ թռցնում է հեռու մի տեղ,– ասի,– լավ է, թռնելը լավ է, մի քիչ մթից եմ վախենում, ձիերը լավն են...»:
Անարդյունք որոնումներից հետո մի օր որոշեց հմայման ուժով հեռուներից օձերին կանչել գյուղ: Ժամերով կանգնում էր բլրի վրա ու կենտրոնացած նայում հեռուներին: Տեր-Հովսեփյան ազգանունով գրվող մեկը, որպես գաղտնիք, գյուղացիներին ասաց. «Բա որ Ադամին ու Եվային գայթակղեցնողը օձին էլ քաշիբերի մեր կողմերը, մտածե՞լ եք գյուղի բարոյական նկարագրի վրա, հենց իր օրինակով` գիտե՞ք, թե ինչ կլինի»: Նրան կտրականապես արգելեցին բարձրանալ բլուրները ու երկար նայել հեռուներին:
Առավոտյան երկուսով գնում էինք հիվանդանոց` հորեղբայր Դարչոյիս տեսնելու: Մուկուչս շփոթված կանգնեց, ես էլի էի շշմել: Հանկարծ հյուսիսից հոսող գետը սկսեց իր հունի մեջ դեպի հետ հոսել: Մուկուչս ձեռքի պայուսակը գցեց, աղաղակելով վազեց գյուղխորհրդի բակը: Բուժակ Լադոն կոլտնտեսության ցլիկներն էր կռտում, հորեղբայր Մուկուչս ավետիս տվեց: Ժողովրդի մեջ գոռաց. «Եկե'ք, տեսե'ք, գետը հետ է հոսում»: Չէին գալիս: Ասաց. «Հրա'շք է, այդպիսի բան չի պատահում»:
Հավաքվածները երկնքին, պատերին, ծառերին, մի քանիսը նույնիսկ կոշիկների քթերին նայեցին: Մուկուչս ասաց. «Այդպիսի բան է'լ չի պատահի, մի անգամ տեսեք»: Մեկի փեշից բռնեց, ուզում էր քաշելով բերել: Ասին. «Բաց թող, խոզ»: Նրան ուզում էին խփել: Դարձյալ մութը ընկավ, կառքը ինձ թռցրեց, սլանում էր: Երբ աչքերս բացեցի, գետը դարձյալ հոսում էր իր հունով` հյուսիսից ներքև: Մուկուչս, ձեռքերի վրա առած, ինձ տուն էր տանում: Ասի. «Ախալքալաք չեմ գնա, առավոտյան տանելու են այդ դպրոցը»: Ասաց. «Միշտ կգամ քեզ տեսնելու»:
Շաբաթվա վերջում, չորրորդ դասամիջոցին, ռետինե կրկնակոշիկները քստքստացնելով, Ախալքալաքի դպրոցի բակ մտավ ծեր Գաբո տացուն` պապիս եղբայրը: Ասաց. «Գնանք տուն»: Նստեցի: Ասաց. «Գնդակը գցիր, գնանք, արդեն ասել եմ էս դպրոցի ղեկավարին, իրենց բժշկին էլ եմ ասել, քեզ կարելի է, թույլատրեցին: Քարը պաղ է, ի՞նչ ես նստել: Մեքենա ենք բերել, շուկայում գնումներ են կատարում, մի քիչ շտապիր, չուշանանք, գնդակը գցիր, գնանք»: Գնդակը վերցրեց ձեռքիցս, տվեց տղաներին, ասաց. «Տան հետևը տանձի ծառ կար, գիտես, չէ՞: Առավոտյան տեսանք` Մուկուչը, մինչև գոտկատեղը մերկ, այդ ծառից կախվել է...»:
Մեկնաբանել