Ինֆարկտ տարած քաղաքացին ամիսներով սպասում է պետական մարմինների պարզաբանմանը
63-ամյա Սեյրան Խաչատրյանը երկու պատերազմների մասնակից է, երկու անգամ ինֆարկտ է տարել, սակայն չգիտի՝ պետությունը պարտավո՞ր է իրեն անվճար դեղորայք տրամադրել, թե՞ ոչ։ Հիվանդանոցում նրան ասել են, որ անվճար դեղորայք ստանալու արտոնությունն իր վրա չի տարածվում, իսկ Առողջապահության նախարարության «Թեժ գծից» հակասական պատասխաններ է ստացել։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարզաբանել է ինֆարկտից հետո դեղերի փոխհատուցման պայմանները, բայց պատերազմի մասնակցի կարգավիճակից բխող արտոնության հարցը դեռևս հստակեցված չէ։
Սեյրան Խաչատրյանն աշխատել է Ներքին գործերի նախարարությունում։ 2004 թվականից զինվորական թոշակ է ստանում։ 2024 և 2026 թվականներին սրտամկանի ինֆարկտ է տարել։ Ամիսներ առաջ Կապանի բժշկական կենտրոնում բուժման ընթացքում նա հանդիպել է Աֆղանստանի պատերազմի մեկ այլ մասնակցի, որն ասել է, որ բժշկի նշանակած դեղորայքը ստանում է անվճար։
Սեյրան Խաչատրյանը բժշկական կենտրոնից փորձել է պարզել՝ արդյոք ինքն էլ ունի այդ իրավունքը, բայց նրան ասել են, որ արտոնությունն իր վրա չի տարածվում։ Պատճառի մասին չեն հայտնել։ Առողջապահության նախարարության «Թեժ գծից» էլ իրարամերժ պատասխաններ է ստացել։
«Մի բաժինն ասում էր, որ այո, պետք է օգտվեմ արտոնությունից, միացնում էին մեկ այլ բաժին, այդ բաժինն էլ ասում էր, թե արտոնյալ կարգով բուժօգնություն չեմ կարող ստանալ, հետո բացեցի օրենքը, կարդացի, ըստ որի՝ Աֆղանստանի պատերազմի մասնակիցների կարգավիճակը հավասարեցվում է Հայրենական մեծ պատերազմի կարգավիճակ ունեցողներին, դիմումներ գրեցի, բայց ապարդյուն»,- ասում է նա։
«Հետքը» դիմել է Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե ինչ իրավական կարգավորումներ են գործում Աֆղանստանի պատերազմի մասնակիցների համար, և արդյոք Սեյրան Խաչատրյանն ունի արտոնություն նշանակված դեղերն անվճար ստանալու համար։ Նախարարությունը մեր հարցումը վերահասցեագրել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին: Մոտ երկու ամիս տևած այս գործընթացից հետո այդպես էլ մեր հարցերին վերջնական պատասխան չստացանք:
Ի՞նչ ենք հարցրել նախարարությանը
2026 թվականի օգոստոսի 18-ին Առողջապահության նախարարությանն ուղղված հարցմամբ խնդրել էինք պարզաբանել․
- Արդյոք Աֆղանստանի պատերազմի մասնակիցը, համապատասխան փաստաթուղթ ունենալու դեպքում, համարվում է «Հայրենական պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձ», և արդյոք նրանց նկատմամբ ներկայումս կիրառվում է դեղերի արժեքի ամբողջական փոխհատուցման արտոնությունը։
- Արդյոք 1994 թ․ ապրիլի 15-ի «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիրը ներկայումս կիրառելի է ՀՀ-ում, և դրանով նախատեսված անվճար դեղորայք ստանալու իրավունքը շարունակում է գործել։
- Ովքե՞ր են ներառված Կառավարության 2025 թ․ դեկտեմբերի 25-ի N 1973-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված «Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք» խմբում։
- Արդյոք Արցախյան առաջին պատերազմի մասնակցի կարգավիճակը որևէ ազդեցություն ունի դեղերի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման իրավունք ունենալու վրա։
- Ի՞նչ այլ պետական ծրագրի կամ կարգավորման շրջանակում կարող է քաղաքացին ստանալ իր հիվանդության համար նախատեսված դեղերը, եթե չի հանդիսանում առողջության համընդհանուր ապահովագրության տվյալ փուլում ընդգրկված անձ։
- Ի՞նչ ընթացակարգով կարող է քաղաքացին պաշտոնապես ստուգել իր՝ դեղերի փոխհատուցման շահառու լինելու հանգամանքը։
Առողջապահության նախարարությունը հարցումը վերահասցեագրել է Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին։
Հարցման առաջին հինգ կետերին պատասխանելու համար Հիմնադրամը դիմել է Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը, Պետական վերահսկողական ծառայությանը և Հաշվեքննիչ պալատին։
Հիմնադրամը նշել է, որ այդ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրի համապատասխան տեղեկությունները ստանալուց և ամփոփելուց հետո։
Հարցման առաջին հինգ կետերը ներառում են հենց այն հարցերը, որոնցից կախված է Աֆղանստանի պատերազմի մասնակցի՝ անվճար դեղորայք ստանալու իրավունքի պարզաբանումը։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պատասխանում չի նշվում՝ արդյոք 1994 թվականի համաձայնագիրը շարունակում է կիրառվել, կամ արդյոք Աֆղանստանի պատերազմի մասնակցի կարգավիճակը բավարար է Կառավարության որոշմամբ նախատեսված շահառուների խմբում ընդգրկվելու համար։ Հիմնադրամի այս պատասխանի հիման վրա հնարավոր չէ եզրակացնել՝ Սեյրան Խաչատրյանն ունի՞ այդ արտոնությունը, թե՞ ոչ։
Ի՞նչ է պարզաբանում Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը
Անդրադառնալով քաղաքացու առողջական վիճակին ու տարիքին՝ որպես դեղերի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման հնարավոր հիմքի, Հիմնադրամը հղում է արել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին։
Հիմնադրամը հղում է արել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին։ Դրա համաձայն՝ առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է, մասնավորապես, 65 և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված համապատասխան հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց վրա։ 63-ամյա Խաչատրյանի նկատմամբ տարիքային այս դրույթը կիրառելի չէ։
Առողջական վիճակի վերաբերյալ հիմնադրամը նշել է, որ Կառավարության N 1973-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված են այն հիվանդությունները, որոնց դեպքում դեղերն ամբողջությամբ փոխհատուցվում են։ Ցանկի 6-րդ կետում ներառված է սրտամկանի ինֆարկտը։ Դրա դեպքում ամբողջական փոխհատուցում է նախատեսված հիվանդանոցից դուրսգրման օրվանից առաջին երկու ամիսների ընթացքում՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղերի համար։
Հիմնադրամի պատասխանում, սակայն, չի նշվում, թե Սեյրան Խաչատրյանին ինչ դեղեր են նշանակվել, և արդյոք դրանք համապատասխանում են փոխհատուցման պայմաններին։
Ի՞նչ այլ հիմքեր են նշվել դեղերի փոխհատուցման համար
Հարցման 6-րդ և 8-րդ կետերին պատասխանելիս Հիմնադրամը նշել է, որ Կառավարության N 1973-Ն որոշմամբ նախատեսված է դեղերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում նաև արտակարգ իրավիճակների կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժած անձի կարգավիճակ ունեցող քաղաքացիների համար։
«Դեղերը լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացվում են, եթե անձն ընդգրկված է Կառավարության որոշման N 1 հավելվածով սահմանված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերից մեկում կամ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խմբերում»,- նշված է Հիմնադրամի պատասխանում։
Սակայն Հիմնադրամը դարձյալ չի հստակեցնում՝ այս դրույթներից որն է կիրառելի Սեյրան Խաչատրյանի նկատմամբ՝ որպես Աֆղանստանի և Արցախյան առաջին պատերազմի մասնակից:
Որտե՞ղ կարող է քաղաքացին ճշտել իր շահառու լինելը
Հարցման 9-րդ կետին պատասխանելիս Հիմնադրամը նշել է, որ քաղաքացին դեղերի փոխհատուցման շահառու լինելու մասին տեղեկությունը կարող է ճշտել իր հաշվառման առաջնային պահպանման առողջության ծառայություն մատուցող կազմակերպությունում կամ իրեն բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկի միջոցով։
Միաժամանակ, հենց իր հաշվառման առաջնային պահպանման առողջության ծառայություն մատուցող կազմակերպությունում՝ Կապանի բժշկական կենտրոնում են նրան ասել, որ շահառու չէ, ու առաջարկել են հավելյալ տեղեկատվության համար դիմել նախարարության թեժ գծին։
Հիմնական հարցը դեռ բաց է մնում
Սեյրան Խաչատրյանի դեպքի վերաբերյալ ապահովագրական հիմնադրամից ստացված պատասխանից պարզ չէ՝ արդյոք նա կարո՞ղ է օգտվել դեղերի անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից։
Հիմնադրամը դրա պարզաբանման համար լրացուցիչ տեղեկություններ է հայցել այլ պետական մարմիններից, դրա պատասխանը, շուրջ երկու ամիս անց, չենք ստացել։
Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պետք է պարզի՝ արդյոք 1994 թվականի համաձայնագիրը կիրառելի է և արդյոք Աֆղանստանի պատերազմի մասնակիցներն ընդգրկվում են դեղերի փոխհատուցման շահառուների շրջանակում։
Սեյրան Խաչատրյանի դեպքը ցույց է տալիս, թե որքան խոցելի է քաղաքացին պետական բյուրոկրատիայի առջև․ անգամ երկու պատերազմի մասնակցի կարգավիճակն ու երկու ինֆարկտը բավարար չեն, որ համակարգն արագ ու հստակ պատասխան տա նրա իրավունքների մասին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել