Ե՞րբ կվերականգնվի Ռանչպարի կամուրջը․ պետական մարմինները կպատասխանեն 30 օրում
Ռանչպարի փլուզված կամրջի վերականգնման ժամկետների և բնակիչների անվտանգության վերաբերյալ «Հետքի» հարցումներին ՆԳՆ-ն, ՏԿԵՆ-ը և «Ճանապարհային դեպարտամենտը» պատասխանել են, որ տեղեկությունը կտրամադրեն 30-օրյա ժամկետում, քանի որ հարցերին պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա։ Հարցումներն ուղարկել ենք հոկտեմբերի 12-ին։ Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած փլուզումից մեկ ամիս անց կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքների մեկնարկի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։
Ի՞նչ ենք հարցրել պետական կառույցներից
«Հետքը» Ներքին գործերի նախարարությունից հետաքրքրվել է, թե սեպտեմբերի 19-ին Ռանչպարի կամրջի մասնակի փլուզումից հետո ինչ գործողություններ են իրականացրել փրկարարները, գնահատե՞լ են արդյոք կամրջի հետագա շահագործման վտանգը, և ո՞ր մարմինն է իրավասու սահմանափակելու կամ արգելելու երթևեկությունը։
Հարցրել ենք նաև, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել կամ նախատեսվում ձեռնարկել բնակիչների, այդ թվում՝ դպրոցականների անվտանգությունն ապահովելու համար, արդյոք դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվել կամ վարույթ նախաձեռնվել, և ինչ իրավական հիմքով է կամրջի շահագործման ռիսկայնության գնահատման հարցը վերապահվել վարչական ղեկավարին։ Եվ արդյոք Ներքին գործերի նախարարությունը տեղյա՞կ է, որ այս պահին էլ մասնակի փլուզված կամուրջը շարունակում է շահագործվել։
ՆԳՆ-ն հարցմանն ի պատասխան հայտնել է, որ տեղեկությունը կտրամադրի 30-օրյա ժամկետում. հարցերին պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա։
«Ճանապարհային դեպարտամենտից» խնդրել ենք տեղեկություն տրամադրել կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքների ընթացքի, մեկնարկի և ավարտի ժամկետների, ֆինանսավորման և աշխատանքներն իրականացնող կազմակերպության ընտրության վերաբերյալ։
Հարցրել ենք նաև՝ ինչո՞վ է պայմանավորված վերականգնման աշխատանքների մեկնարկի ուշացումը, արդյոք ուսումնասիրվե՞լ է կամրջի տեխնիկական վիճակը, գնահատվե՞լ են շրջանցիկ ճանապարհների անցանելիությունն ու բնակիչների համար առաջացած լրացուցիչ խնդիրները, և ե՞րբ է նախատեսվում սկսել կամրջի հիմնանորոգումը։ Քանի որ սեպտեմբերի 25-ին տարածած հայտարարությամբ դեպարտամենտը խոստացել էր «հնարավորինս շուտ» մեկնարկել կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքները։
«Ճանապարհային դեպարտամենտը» ևս հայտնել է, որ հարցմանն ամբողջական պատասխան տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, և կպատասխանեն 30-օրյա ժամկետում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Հետքը» հետաքրքրվել է, թե ե՞րբ և ո՞ր պաշտոնատար անձինք են տեղեկացվել կամրջի վթարային վիճակի ու փլուզման վտանգի մասին, ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել այդ ահազանգերին ի պատասխան։ Հարցրել ենք նաև, թե ինչ ժամկետներում է նախատեսվում կամրջի հիմնանորոգումը։ ՏԿԵՆ-ը նույնպես հայտնել է, որ տեղեկությունը կտրամադրի 30-օրյա ժամկետում։
Ռանչպարի կամրջի վերականգնումը դեռ չի սկսվել։ Պետական մարմիններին 30 օր է անհրաժեշտ, որ պատասխանեն, թե ինչ միջոցներ են ձեռնարկել կամրջի վերականգնման համար և արդյոք տեղյա՞կ են, որ վթարված կամուրջը շահագործվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել