HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի համայնքապետարանի 86 մլն դրամի ծրագիրը՝ ընտրություններից ամիսներ առաջ

2026թ. հոկտեմբերի 25-ին Արմավիր համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են։ Մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նախորդ ընտրություններին ևս իշխող կուսակցությունը մրցակից չի ունեցել։ Սա նշանակում է, որ 2021թ.-ից ի վեր Արմավիր համայնքում ավագանու որոշումներն ընդունվել են առանց քաղաքական այլ ուժերի ներկայացվածության։

Ընդդիմության բացակայության պայմաններում առավել կարևոր են դառնում համայնքային իշխանության ընդունած որոշումները, դրանց հիմնավորումներն ու հանրային միջոցների ծախսման թափանցիկությունը: Ընտրություններից մի քանի ամիս առաջ Արմավիրի համայնքապետարանը սկսել է Երևան մեկնող ուսանողների անվճար տեղափոխման ծրագիրը։ Երկու ընկերությունների հետ կնքված պայմանագրերի առավելագույն արժեքը 86 մլն դրամ է։ Ըստ ավագանու՝ ծրագիրը սոցիալական նշանակություն ունի, սակայն այն հաստատվել է համայնքի 2026թ. բյուջեի ընդունումից հետո, իսկ ընտրություններից հետո ծրագրի շարունակականության վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։

Արմավիրի համայնքապետարանից «Հետքին» հայտնել են, որ ծրագրի հանրային քննարկումը կազմակերպվել է 2026թ.-ի փետրվարի 21-ին։ Իսկ մարտի 13-ին համայնքի ավագանին որոշել է այն ճանաչել սոցիալական։

Մինչդեռ համայնքի 2026թ.-ի բյուջեն ավագանին հաստատել էր դեռ 2025թ. դեկտեմբերի 26-ին։ Այսինքն՝ ուսանողների անվճար տեղափոխման ծրագիրը քննարկվել և հաստատվել է բյուջեի ընդունումից հետո։ Համայնքապետարանը չի պարզաբանել, թե ինչու նախաձեռնությունը ներառված չի եղել բյուջեի նախնական քննարկումների ընթացքում ներկայացված առաջնահերթությունների մեջ։

Ուղևորափոխադրման ծառայությունների գնման ընթացակարգի արդյունքում ընտրվել են «Էլիտբաս» և «Բեսթ Բաս» ընկերությունները։ Համայնքապետարանը նրանց հետ պայմանագրերը կնքել է 2026թ. հուլիսի 15-ին։

«Էլիտբաս» ՍՊԸ-ն տեղափոխում է միայն Արմավիր քաղաքի ուսանողներին՝ օրական մեկ անգամ Երևան և հակառակ ուղղությամբ։ Մեկ ավտոբուսի մեկ օրվա պայմանագրային գինը 99 հազար դրամ է։ Մինչև դեկտեմբերի 25-ը պայմանագրի առավելագույն արժեքը 25 մլն 800 հազար դրամ է։

Համայնքի մյուս 10 բնակավայրերի ուսանողներին տեղափոխում է «Բեսթ Բաս» ՍՊԸ-ն։ Մեկ ավտոբուսի մեկ օրվա գինը 97 հազար 940 դրամ է, պայմանագրի առավելագույն արժեքը՝ 60 մլն 200 հազար դրամ։ Ուղևորափոխադրումները նախատեսված են 50-65 տեղանոց ավտոբուսներով։

«Էլիտբաս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ին։ Ընկերության սեփականատերերն են Գուրգեն Նիկողոսյանը և Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը։ Ընկերության 50%-ի իրական շահառուն Անի Սարգսյանի եղբայր Նարեկ Սարգսյանն է։

Գուրգեն Նիկողոսյանի ընտանիքը նույնպես բիզնես գործունեություն է ծավալում։ Նրա որդին՝ Մուշեղ Նիկողոսյանը, մի շարք ընկերությունների սեփականատեր է։ 2020թ.-ին նա ձեռք է բերել է նաև Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարանը, որը գործել է «Մերի ֆիշ» ընկերության միջոցով։

«Բեսթ Բաս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ.-ի օգոստոսին։ Ընկերության սեփականատերը Սպարտակ Սարգսյանն է։ Նրա ընկերությունը 2024-2025 թվականներին ուղևորափոխադրման ծառայություններ է մատուցել նաև Մասիս համայնքում։

2026թ.-ի օգոստոսի 18-ին Արմավիրի ավագանին հաստատել է ուսանողներին անվճար ուղևորափոխադրման տոմսեր տրամադրելու կարգը։ Ըստ այդմ՝ անվճար երթևեկելու իրավունք ունեն այն ուսանողները, որոնք միաժամանակ հաշվառված և փաստացի բնակվում են Արմավիր համայնքում, սովորում են առկա կամ հեռակա ուսուցման համակարգում և օգտվում են կանոնավոր ուղևորափոխադրումներից։

Առաջնահերթություն է տրվում սոցիալապես անապահով, բազմազավակ, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքների ուսանողներին։

Համայնքապետարանի տվյալներով՝ ծրագիրն այժմ սպասարկում է համայնքի 11 բնակավայրերի շուրջ 400 ուսանողի։ Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի խոսքով՝ նրանց թիվը կարող է ավելանալ։

Ուսանողների ուղևորափոխադրումը ֆինանսավորվում է ամբողջությամբ համայնքային բյուջեից՝ սոցիալական ոլորտին հատկացված միջոցներով։

Արմավիրից Երևան ուղևորափոխադրումների խնդիրների մասին «Հետքը» բազմիցս գրել է։ 2025թ. հունիսին հրապարակված մեր նյութում արձանագրել էինք, որ Արմավիր-Երևան երթուղին ժամանակավորապես սպասարկվում էր հնամաշ և անսարք «Գազել»-ներով», իսկ ուղևորները ստիպված էին օգտվել նաև յոթտեղանոց մասնավոր մեքենաներից։ Երթուղու սպասարկման 2021 թվականի մրցույթի արդյունքների շուրջ դատական վեճը շարունակվում է մինչ օրս։

Այն ժամանակ համայնքապետարանն ուսանողների անվճար տեղափոխման նախաձեռնությամբ հանդես չէր եկել։ Իսկ այժմ, երբ ուղևորափոխադրումների վիճակը համեմատաբար կարգավորվել է, համայնքը նման ծրագիր է սկսում՝ ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։

Գլխավոր լուսանկարը՝ էկրանակադրեր Վարշամ Սարգսյանի ֆեյսբուքյան հրապարակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter