Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել
Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը Երևանում գտնվող կանաչապատ տարածքում շինություն է կառուցել։ Այն գտնվում է Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցի սկզբնամասում։ Շինության զբաղեցրած հողամասը պատկանել է համայնքին և օտարման ժամանակ եղել է ծառապատ տարածք։ Կանաչապատ տարածքը Սասուն Խաչատրյանը գնել է 2013 թվականին, երբ զբաղեցնում էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնը։
Դավիթ Անհաղթի 2/2 հասցեում՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, արդեն կանգուն է երկհարկանի հասարակական շինությունը։ 185 քմ հողամասի վրա կառուցապատումն սկսվել է 2025 թվականին։ Տարածքում փակցված ցուցանակը ազդարարում է, որ շինարարության նախաձեռնողը Սասուն Խաչատրյանն է, իսկ կառուցվող շինությունը հասարակական նշանակության է։ Կառուցապատվող հողատարածքի ճակատային մասն ուղղված է դեպի Դավիթ Անհաղթ փողոց։ Մյուս կողմերից այն շրջապատված է մեկ այլ շինությամբ և երկաթյա ավտոտնակներով։ Հողամասից ուղիղ գծով 700 մետր հեռավորության վրա է գտնվում Արաբկիրի դատախազությունը, 500 մետրի վրա՝ Արաբկիրի դատարանը, 800 մետրի վրա՝ Արաբկիրի քննչական բաժինը, իսկ 1600 մետր հեռավորության վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը։ Հողամասին մոտ են նաև Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների գլխավոր կառույցները։ Կարճ ասած՝ տեղանքը շատ հարմար է փաստաբանական որևէ գրասենյակի համար․ նշված կառույցներին հնարավոր է հասնել 5-7 րոպեում։
Դատախազը հողը գնել է աճուրդով՝ 1 քմ-ն 22 հազար դրամով
Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ հողամասի առաջին ձեռքբերողը Սասուն Խաչատրյանն է․ այն գնել է 2013 թվականին՝ Երևան համայնքից։ Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013 թ․ դեկտեմբերի 17-ի որոշմամբ հաստատվել են քաղաքապետարանի կազմակերպած՝ համայնքային հողերն աճուրդով վաճառելու գործընթացի արդյունքները։ Այն ժամանակ աճուրդին մասնակցել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Սասուն Խաչատրյանը և Երևանի բնակիչ Գագիկ Հովսեփյանը։ 185 քմ հողամասն աճուրդի արդյունքներով վաճառվել է 4 միլիոն 69 հազար դրամով (հաղթող է ճանաչվել Սասուն Խաչատրյանը)։ Այսինքն՝ հողամասի 1 քմ-ն վաճառվել է 22 հազար դրամով։ Հողամասն օտարելու համայնքապետի որոշումների ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ համայնքային հողամասի օգտագործման նպատակը պետք է լիներ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելը, որն էլ 12 տարի անց կատարել է գնորդը (տեղում կառուցել է հասարակական շինություն)։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ հողամասն ունի բնակավայրերի/խառը կառուցապատման նպատակային նշանակություն։
Փաստաթղթերից այն կողմ
Ո՛չ Երևանի քաղաքապետարանի, ո՛չ էլ Կադաստրի կոմիտեի փաստաթղթերում որևէ նշում չկա, թե օտարված հողամասն ինչ տեսք է ունեցել բնության մեջ օտարման պահին։ Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզապես այցելել «Google Earth Pro» հավելված, որը ներկայացնում է տարբեր տարիներին իրականացված արբանյակային լուսանկարներ։
2013 թ․ ապրիլին արբանյակից արված լուսանկարը ցույց է տալիս, որ օտարված հողամասն ամբողջությամբ կանաչապատ է, տեղում ծառեր կան։ Նույն պատկերն է երևում 2014 թ․ հոկտեմբերի լուսանկարում, և այդպես՝ մինչև 2024 թվականը։ Ավելին՝ 2004-2005 թվականների լուսանկարներում էլ են երևում ծառերը։ Ինչպե՞ս է հնարավոր եղել ծառապատ հողամասն աճուրդով վաճառել․ այս հարցն ուղղել ենք Երևանի քաղաքապետարանին։ Մեր հարցմանը պատասխանել է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը․ «Նշված հողամասի՝ աճուրդային կարգով վաճառքի փաստաթղթեր աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում առկա չեն, հետևաբար հողամասի նպատակային նշանակությունը՝ «բնակավայրերի», իսկ գործառնական նշանակությունը՝ «խառը կառուցապատման» սահմանելու հիմք հանդիսացող փաստաթղթեր, ինչպես նաև 2013 թվականին և դրանից առաջ ծառապատ, կանաչ տարածք լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող տվյալներ տրամադրել չենք կարող»։ Եթե ընդունենք, որ բոլոր փաստաթղթերը հանձնվել են Ազգային արխիվ, կրկին հարց է առաջանում․ Երևանի քաղաքապետարանը հողամասի սեփականատիրոջը շինարարության թույլտվություն տալու ժամանակ պե՞տք է ուշադրություն դարձներ կառուցապատվող հողամասին։ Բայց ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ դեպքերում Երևանի քաղաքապետարանը բավարարվում է կառուցապատողի մոտ առկա սեփականության իրավունքի վկայականով։
Սասուն Խաչատրյանը լուռ է
Իրավապահ համակարգում 24 տարի տարբեր պաշտոններ զբաղեցրած և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին հասած Սասուն Խաչատրյանն այժմ փաստաբանական թիմ է ղեկավարում։ Սասուն Խաչատրյանը կոմիտեի նախագահի պաշտոնը թողեց Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թ․ նոյեմբերին իրավապահներին ուղղված հրապարակային դժգոհությունից հետո։ 2025 թվականին նա գործընկերոջ հետ հիմնադրել է «Խաչատրյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն, որի տնօրենն է հիմնադրման օրվանից։
Հողամասի ձեռքբերման, կառուցապատման և ծառերի հատման մասին մեր հարցերը Սասուն Խաչատրյանին ուղղեցինք իր ղեկավարած ընկերության էլեկտրոնային փոստին ուղարկված նամակով։ Խաչատրյանին, մասնավորապես, հարցրել ենք․
- Ինչպե՞ս եք իմացել վաճառվող հողամասի մասին։ Աճուրդին մասնակցելուց առաջ այցելե՞լ եք Դավիթ Անհաղթ փողոցի 2/2 հասցե։ Եթե այո, ապա արդյո՞ք չեք տեսել, որ հողամասը ծառապատ տարածք է։
- Այդ ժամանակ հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ Ձեզ չի՞ անհանգստացրել ծառապատ հողամասի վաճառքի փաստը։
- Նշված հասցեում կառուցապատում եք իրականացրել․ արդյո՞ք հնարավոր չէր շինարարությունն անել առանց ծառահատման։
Սեպտեմբերի 23-ին ուղարկված մեր հարցերին Սասուն Խաչատրյանը չի պատասխանել։ Նրա ղեկավարած իրավաբանական գրասենյակից հնարավոր չեղավ պարզել՝ մեր հարցմանը կպատասխանի Խաչատրյանը, թե ոչ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել