Համազգային ժառանգության կողոպու՞տ, թե՞ գանձ որոնողների արկածախնդրություն
Հնագետները տարվա մեջ ընդամենը մեկ ամիս են պեղումներ կատարում Հայաստանի հնավայրերում, գանձախույզներն այնտեղ «աշխատում են» ամբողջ տարի: Գանձախույզների գլխավոր թիրախը Արագածոտնի մարզն է, նրանց հաջողվում է անկաշկանդ կողոպտել երկրի ընդերքը։ Իրավապահ համակարգի համար համազգային ժառանգության ոչնչացումը կանխելն առաջնահերթություն չէ: 2023-2026 թվականների ընթացքում իրավապահներին է ներկայացվել գանձագողության 55 դեպք, սակայն հարուցված քրեական վարույթներից և ոչ մեկով մեղադրյալ չկա: Պարզվում է՝ Հայաստանում պատմությունը կողոպտելը գրեթե անպատիժ զբաղմունք է, քանի որ տարիներով քննվող քրեական գործերն այդպես էլ դատարան չեն հասնում:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Վարդուհի Մելիքյանը վերջին երեք տարիներին պեղումներ է իրականացնում Արագածոտնի մարզի «Շամիրամ երկաթեդարյան քաղաքատեղի և դամբարանադաշտ» հնավայրում։ Այս տարվա մայիսի 26-ից մինչև հունիսի 25-ը պեղումներ էր իրականացնում հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախումբը։ Արշավախմբի անդամները տարածքում աշխատելու ժամանակ նկատել են, որ պեղավայրին մոտ գտնվող հատվածում քարաբեկորներն ամբողջությամբ տեղաշարժել են։ Հայ-իտալական արշավախմբին զուգահեռ տարածքում «պեղումներ» էին կատարել գանձախույզները։
«Հնավայրի այդ հատվածում գտնվող ժայռը, որը ճեղք ուներ, ինչքան որ հնարավոր է, բահով փորել էին, բահն էլ թողել էին ճեղքի մեջ ու հեռացել։ Աշխատակիցներն այդ մասին տեղեկացրին տարածքի հսկիչին, նա եկավ, արձանագրեց հողաքանդման փաստը։ Որոշ ժամանակ հետո Շամիրամ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարությունից գրություն է ստացել, որով խնդրել են հսկել հնավայրի տարածքը»,– հայտնեց հայկական կողմից արշավախումբը ղեկավարող Վարդուհի Մելիքյանը։
Հնագետն ասում է, որ հնավայրում աշխատելու ընթացքում առաջին անգամ էին նման դեպքի հանդիպում։ Սակայն 2025թ․-ին, երբ նույն տարածքում պեղումները պետք է սկսեին, նկատել են, որ զոհասեղանի շուրջբոլորը փորված է, նաև ամրոցի պարսպի տակ էին փորել, քարերը թափվել էին։ Հնագետը տեղյակ չէ, թե այդ դեպքերն իրավապահ մարմիններում ինչ ընթացք ունեցան, բացահայտեցի՞ն կատարողներին։
Շամիրամ հնավայրը բացառիկ բազմաշերտ հուշարձանախումբ է՝ ընդարձակ ամրացված ժայռոտ սարահարթով, հին բնակավայրերով և դամբարանադաշտով, որի հիմնական շերտերը թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսից մինչև 1-ին հազարամյակի սկիզբը (ուշ բրոնզի և երկաթի դարեր)։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) 2026թ. պեղաշրջանի կարևորագույն արդյունքներից համարեց թիվ 3 դամբարանի պեղումը։ «Այն ուշ բրոնզի դարի մոնումենտալ թաղում է՝ համակենտրոն քարե շրջաններով, կենտրոնական քարե դամբանախցով, հարուստ թաղման գույքով, բրոնզե զենքերով, օբսիդիանից և մետաղից պատրաստված նետասլաքների ծայրերով, ինչպես նաև ծիսական զոհաբերության ենթարկված ձիու մնացորդներով։ Այս հայտնագործությունը կարևոր նոր տվյալներ է հաղորդում Հայաստանի ուշ բրոնզեդարի համայնքներում տեղական էլիտայի, թաղման ծեսերի և ձիու խորհրդանշական դերի ուսումնասիրության համար»,– ասվում է ինստիտուտի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Վարդուհի Մելիքյանի համոզմամբ՝ գանձագողերի ուշադրության կենտրոնում, հիմնականում, դամբարաններն են, քանի որ հեթանոսական շրջանում ննջեցյալների հետ թաղում էին նաև արժեքավոր իրեր: «Հնագետը, հնարավոր է, 10 դամբարան պեղի, բայց արժեքավոր որևէ բան չգտնի ուսումնասիրելու համար։ Գանձագողերը, մեկ դամբարան պեղելով, շատ արժեքավոր նյութեր կարող են հանել՝ հնագետին զրկելով գիտականորեն ժամանակաշրջանը հետազոտելու հնարավորությունից»,– հայտնեց հնագետը։
ՀԱԻ-ն տեղեկացրեց, որ այս տարի արշավախմբի ուշադրության կենտրոնում հնավայրի մի շարք առանցքային հատվածների ուսումնասիրությունն էր։ Նպատակ ունեին հստակեցնել կենտրոնական Հայաստանի ամենաբարդ հնագիտական լանդշաֆտներից մեկի ժամանակագրությունը, գործառույթը և զարգացման փուլերը։ «Նոր հետազոտությունները վերահաստատեցին հնավայրի բնակեցման շարունակականությունը՝ ուշ բրոնզի և երկաթի դարերից մինչև ուրարտական, հետուրարտական, հելլենիստական, ուշ անտիկ, միջնադարյան և հետմիջնադարյան ժամանակաշրջանները»,- ասվում է ՀԱԻ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես տեսնում ենք՝ հնագիտական այս հուշարձանի տարածքում գիտնականները տարվա ընթացքում աշխատում են մեկ ամիս, իսկ գանձախույզները դրանով զբաղվում են շուրջ տարին։ Այդ են հաստատում նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ հնավայրերը և պատմամշակութային հուշարձանները քանդելու մասին հաղորդագրությունները։ Ընդ որում, դրանց մեծ մասը վերաբերում է Արագածոտնի մարզի հուշարձաններին։
ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը մեր հարցին, թե ինչո՞ւ են գանձագողերն ավելի հաճախ Արագածոտնի մարզի հուշարձանները թիրախավորում, պատասխանել է․ «Արագածոտնը հուշարձաններով ամենահարուստ մարզն է։ Բացի այդ, Արագածոտնում խոտածածկույթը բարձր չէ, և հուշարձանները կարող են գետնի մակերեսին տեսանելի լինել»։
Գանձախույզներն այստեղ թիրախավորում են դամբարանադաշտեր, գյուղատեղիներ, եկեղեցիների և ամրոցների շրջակայքը։ Առավել հաճախ թիրախավորում են Ոսկեվազ գյուղի «Ամրոցի համալիր Աղթամիր» և Շամիրամ գյուղի վարչական տարածքում գտնվող «Քաղաքատեղի Շամիրամ» հուշարձանների տարածքը։ «Ամրոցի համալիր Աղթամիրը» շուրջ 90 հեկտար զբաղեցնող հուշարձանախումբ է, կազմված մի քանի հնագույն հուշարձաններից՝ Քաղաքատեղի Աղթամիր, դամբարանադաշտ, գերեզմանոց, քարայր կացարանների համալիր։ ՊՈԱԿ-ի հաղորդագրությունների համաձայն՝ այս հուշարձանի տարածքում հողաքանդում կատարել են 2023թ․, 2024թ․ և 2026թ․–ին։
«Շամիրամ երկաթեդարյան քաղաքատեղի և դամբարանադաշտ» հնավայրը 60 հեկտար տարածք է զբաղեցնում: Դրանք բնակավայրերից հեռու գտնվող մեկուսացված վայրեր են՝ լեռան լանջեր, կիրճեր, սարահարթեր և այլն: Ի տարբերություն խորը հողային շերտերի տակ թաքնված հնավայրերի, Քաղաքատեղի Շամիրամ հնավայրը և դամբարանները գտնվում են բացօթյա ժայռոտ սարահարթի վրա և, հիմնականում, պատված են սալարկային կամ հողե թեթև շերտերով։ Հուշարձանի տարածքում՝ 2023թ․-ից սկսած ամեն տարի հողաքանդման դեպքեր են արձանագրվել, վերջինը Վ․ Մելիքյանի նկարագրած դեպքն է՝ այս տարվա հունիսին։
Այս երկու հսկայական հուշարձանախմբերը, որոնք թաքցնում են բրոնզեդարյան էլիտար դամբարաններ ու ուրարտական շրջանի շերտեր, պարբերաբար ենթարկվում են վանդալիզմի։ Գանձագողերը կարող են անկաշկանդ մուտք գործել տարածք և ժամերով, նույնիսկ օրերով աշխատել՝ աննկատ մնալով:

Գանձագողերի հայտնաբերած ֆալոսները
ԿԳՄՍ նախարարության տրամադրած տեղեկատվությունից պարզեցինք, որ մեզ հետաքրքրող ժամանակահատվածում՝ 2023–26թթ․–ին, «Ամրոցի համալիր Աղթամիր» հուշարձանի տարածքում արշավախմբերը պեղումներ չեն իրականացրել։ Փոխարենը գանձախույզերն են ակտիվ աշխատել տարածքում և՛ մինչև 2023թ․–ը, և՛ դրանից առաջ ամեն տարի։ 2024թ․–ի ապրիլին այս հուշարձանի տարածքում ապօրինի հողաքանդման հերթական դեպքն էր արձանագրվել։ «Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել է 5 քարե ֆալոսատիպ կոթող, որոնք նախնական թվագրվում են մ․թ․ա․ երկրորդ հզ․-ի երկրորդ կեսով»,- տեղեկացնում է ՊՈԱԿ-ը։ Հողաքանդման աշխատանքների հետևանքով վնասվել էին հիմնահողային դամբանախցերը, հողը լցվել էր վերգետնյա մյուս կառույցների վրա։
ՊՈԱԿ–ի ահազանգի հիման վրա Ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվել Ախթամիր ամրոցի պահպանական գոտում դամբարաններ վնասելու և տարածքն աղբավայրի վերածելու փաստով:
Քանի որ գանձախույզները սկսել էին «պեղումները», կիսատ թողնվածն ավարտին հասցնելու համար ՊՈԱԿ-ը ԿԳՄՍ նախարարությունից պեղումներ կատարելու թույլտվություն էր ստացել։ ՊՈԱԿ-ի հնագետները պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ հետազոտման աշխատանքների ժամանակ հայտնաբերել էին ութ ֆալոս, երկու ուրարտական խեցեղեն և բազմաթիվ այլ խեցեղենի բեկորներ։ Հայտնաբերված ֆալոսատիպ կոթողները ԿԳՄՍՆ հանձնարարականով տեղափոխվել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան:
Հնագետները դժգոհ են պատմամշակութային հուշարձանները պահպանությունից
Հուշարձանների պահպանության մասին հնագետները զայրույթով են խոսում։ Նրանց ոչ միայն գանձախույզների ավերածություններն են զայրացնում, այլև բնակավայրերին մոտիկ հնավայրերն աղբավայրի վերածելը։ Պատմում են, որ երբեմն անհնարին է լինում պեղումները վերսկսել, քանի որ նախորդ տարվա աշխատանքից հետո պեղավայրը աղբով լցված են գտնում։ Իսկ ՊՈԱԿ–ը հուշարձանների պահպանությունը թողած՝ պեղումներ է իրականացնում։
Տարիներ շարունակ հուշարձանների պահապանները՝ հսկիչները, դժգոհում էին, որ անգամ մեքենա չունեն մեծ տարածքները վերահսկելու համար, ոտքով են շրջայց կատարում։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ՊՈԱԿ-ի մարզային ծառայություններում առկա են ավտոմեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, աշխատանքային գործիքներ։
«Հուշարձանների մեկ պահապանը հսկողություն է իրականացնում միջինում 3–13 համայնքում՝ կախված դրանցում հաշվառված հուշարձանների քանակից, միմյանց նկատմամբ ունեցած հեռավորությունից, տարածքի դժվարամատչելիությունից»,– հայտնել է տնօրենը։
Մեր ժամանակներում տեխնիկան այնպիսի զարգացման է հասել, որ հուշարձանների պահպանության հարցն այլևս տեսուչների շրջայցերով չպետք է սահմանափակվի։ Առավել ևս, երբ բոլոր իրազեկ անձինք պնդում են, որ գանձագողերը միայն մետաղորսիչներին չեն ապավինում։ Հնագետները պնդում են, որ ժամանակակից տեխնիկայով զինված խմբեր կան, որոնք անգամ ուղղաթիռով են մեկ տարածքից մյուսը տեղաշարժվում։
Օգտագործվո՞ւմ են, արդյոք, անօդաչու թռչող սարքեր (դրոններ) կամ տեսախցիկներ հեռավոր հուշարձանները հսկելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը պատասխանել է, որ մի շարք հուշարձանների տարածքում 24/7 ռեժիմով տեսահսկում է իրականացվում։ «Հուշարձանների տարածքներում տեսախցիկների տեղադրման աշխատանքները շարունակվում են։ Ծառայության իրականացման որոշ վայրերում, տեղանքով պայմանավորված, մշտադիտարկումներն իրականացվում են նաև անօդաչու թռչող սարքերով»,- հայտնել է տնօրենը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Դավիթ Դանիելյանից պարզեցինք, որ տեսախցիկները տեղադրվում են բնակավայրերում կամ բնակավայրերին մոտ գտնվող հուշարձանների տարածքում, որտեղ դրանց գործելու հնարավորությունը կա։ 2021թ․-ից հետազոտական և պահպանական նպատակներով դրոններ են կիրառում այն տարածքներում, որտեղ մեքենաների և մարդկանց համար տեղանքն անմատչելի է։
Դ․ Դանիելյանից տեղեկացանք, որ Հայաստանի հեռավոր ամրոցներն ու դամբարանադաշտերը չունեն տեսահսկման համակարգեր, իսկ պահպանության ծառայությունը դրոններով շուրջօրյա վերահսկողություն չի իրականացնում: Այդ թվում՝ ամենից հաճախ թիրախավորվող «Ամրոցի համալիր Ախթամիր» և «Շամիրամ երկաթեդարյան քաղաքատեղի և դամբարանադաշտ» հանրապետական նշանակության հուշարձաններում։
Տնօրենի խորհրդականը տեղեկացրեց, որ դամբարանադաշտերում և հին գյուղատեղիներում փորձել են տեսախցիկներ տեղադրելու համար հնարավորություն ստեղծել։ Մի վայրում արևային կայան են տեղադրել, բայց այն բավարար հզորություն չի ապահովել և տեսախցիկը չի աշխատել։ ՀԷՑ-ի հետ համագործակցելով՝ մեկ այլ հուշարձանի տարածքում առանձին ենթակայան են տեղադրել, որ հոսանքի հնարավորություն ունենան տեսախցիկներ տեղադրելու համար։ Նրա ասելով՝ դրանք ահռելի ծախսերի հետ են կապված և չեն կարող լայն կիրառություն ունենալ։
Ուստի, գանձագողության դեպքերը նվազեցնելու համար ՊՈԱԿ-ն ընտրել է մարդկանց կրթելու ճանապարհը։ 2015թ․-ից այցելում են դպրոցներ, կրթելու միջոցով գոնե կոտրելու երեխաների շրջանում տարածված այն միֆը, որ հուշարձանների տարածքներում գանձեր են թաղված։ Շաբաթօրյակներին հուշարձանների տարածքը մաքրելու աշխատանքներին ներգրավում են աշակերտներին, որպեսզի նրանց գիտակցության վրա ազդելով՝ հուշարձանների պահապաններ դարձնեն։
ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը նույնպես կարծում է, որ սև շուկայի գայթակղությունը զսպելու համար առաջինը բնակչության գիտակցությունը պետք է բարձրացնել։ «Այն պետք է սկսել մանկապարտեզից՝ երեխաների մեջ սերմանելով խնամք ժառանգության նկատմամբ։ Երկրորդը՝ գանձագողերը պետք է ենթարկվեն իրական պատասխանատվության՝ դատվելով ըստ համապատասխան օրենքների կամ մուծելով տուգանքներ նվազագույն աշխատավարձի հազարապատիկ չափերով»,- ասում է տնօրենը։
ՀԱԻ տնօրենին նույնպես չի գոհացնում հուշարձանների պահպանության վիճակը։ «Ինստիտուտում մշտապես քննարկվել է այդ խնդիրը, բայց դրա դեմ պայքարը ինստիտուտի գործառույթի մեջ չի մտնում։ Ինստիտուտը գիտահետազոտական և ոչ հուշարձանապահպան կազմակերպություն է, թեև սերտորեն համագործակցում է և պատրաստ է մշտապես համագործակցել վերջիններիս հետ»,- հայտնել է Արսեն Բոբոխյանը։
Տեսախցիկներ տեղադրելու ֆինանսական դժվարությունների մասին ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականի պատճառաբանությունը լսելիս վերհիշեցի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ վերջերս արված հարցազրույցը։ Թանգարանի տնօրենը հայտնել էր, որ Հայաստանում մասնավոր անձանց մոտ հաճախ ավելի արժեքավոր հավաքածուներ կան, քան Պատմության թանգարանում։ Դրանք ժամանակ առ ժամանակ հայտնվում են համացանցում։ Նույնիսկ թանգարան են տանում, երբեմն նրանցից են գնում և համալրում ցուցադրությունը:
Ոլորտի մասնագետները լավատեղյակ են օնլայն վաճառքի կայքերին, սոցիալական ցանցերում հին իրեր վաճառող բազմաթիվ էջեր կան։
Հայաստանի կառավարությունը 2025թ․–ին պետական բյուջեից 175 մլն 360 հազար դրամ հատկացրեց Լոնդոնի միջազգային աճուրդից միջնադարյան փայտե դուռը գնելու համար։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ այն Հաղպատի վանքին է պատկանել, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանից դուրս բերվել, պտտվել աշխարհում և շատ ավելի թանկ գնով վաճառվել նույն երկրին։
Լավ հաշվարկելու դեպքում, գուցե պարզվի, որ հնագիտական հուշարձանները տեխնիկայով զինելն ավելի էժան է, քան հնավայրերից թալանվածը գնելը։ Իշխանություններն այս հարցին պետք է մոտենան այն տեսանկյունից, որ գանձագողությունը կամ վանդալիզմը պարզապես գողություն չէ։ Այն համազգային ժառանգության կողոպուտ է և ոչ թե գանձ որոնելու արկածախնդրություն:
Իրավապահ մարմինները մեծ կարևորություն չեն տալիս երկրի պատմությունը կողոպտողներին
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Հետք»–ին հայտնել է, որ 2023–26թթ․–ին գանձախուզության 55 դեպքով դիմել են իրավապահ մարմիններին։ ՊՈԱԿ–ի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեի մարզային վարչություններում 21 դեպքով նախաձեռնվել են քրեական վարույթներ, դրանցից 9–ով ՔԿ–ն ՊՈԱԿ–ին տուժող է ճանաչել։ 32 դեպքով քննությունը գտնվում է ընթացքի մեջ, ևս 2 դեպքով վարչական վարույթ է նախաձեռնվել։

Հատկանշական է, որ գանձագողության կամ գանձախուզության 21 դեպքերից 14–ը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում, երեքը՝ Վայոց ձորի մարզում, մեկական դեպք է գրանցվել Տավուշի, Սյունիքի, Կոտայքի և Արմավիրի մարզերում։ 2023–25թթ․–ին հարուցված քրեական գործերից 13–ի համարներն են մեզ հայտնի։ Ուստի, Գլխավոր դատախազությանն ուղղված հարցումով ցանկանում էինք պարզել գոնե 13–ի ճակատագիրը՝ ի՞նչ ընթացքում է դրանց նախաքննությունը։
Դատախազությունը հայտնում է, որ նշված գործերից ոչ մեկով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ «Ձեր կողմից նշված դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննությունները շարունակվում են, բացառությամբ 2024թ․–ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում, Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածի 1–ին մասով նախաձեռնված թիվ 51–0129–24 քրեական վարույթի»,- հայտնում է Դատախազությունը։ 2024թ․ հուլիսի 29–ին որոշում է կայացվել այս գործի քրեական վարույթը կարճել, քանի որ հաստատվել է Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի բացակայությունը։ Խոսքը Որոտան համայնքի «Ամրոց Որոտնաբերդ» հուշարձանի տարածքում հողաքանդում կատարելու դեպքի մասին է։
ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վաչության կազմակերպա–վերլուծական և քրեագիտական վարչության պետ Գագիկ Գևորգյանը «Հետք»-ին տեղեկացրել է, որ 2023–26թթ․–ին հնավայրերում և հուշարձաններում տեղի ունեցած գանձախուզության դեպքերով ՔԿ–ի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում նախաձեռնված մեկ քրեական վարույթով քննությունն ավարտվել է և 2026թ․–ի հունիսին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Այդ մեկ գործը, որը 2026թ․ հունիսի 9–ից քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, տեղի է ունեցել Երևան քաղաքի Արշակունյաց 34/3 հասցեի տարածքին կից գտնվող Բիայնական դամբարանի թանգարանի տարածքում։
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Խաչատրյանը և Սասուն Հովհաննիսյանը թանգարանի դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել ներս և հափշտակել պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ մ.թ.ա. 8-րդ դարի «Բիայնական Ուրարտական խորհրդանիշ հանդիսացող՝ սանձի բեկոր, կնիք և թաս։ Հետո պարզվել է, որ դրանք հանդիսանում են պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների կրկնօրինակներ: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) Սասուն Հովհաննիսյանը, նախնական համաձայնության գալով Նարեկ Խաչատրյանի հետ, խմբի կազմում կատարել է պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող առարկայի գաղտնի հափշտակության փորձ»:
Նախաքննական մարմինը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին գործով տուժող է ճանաչել։ Այս գործով դատաքննությունը դեռևս չի ավարտվել։
Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն չեն պատասխանել մեր հարցին՝ պարզվե՞լ է, թե ինչ վնասներ են պատճառվել հուշարձաններին։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը նույն հարցին ի պատասխան հայտնել է․ «Նախաձեռնված քրեական վարույթներով նշանակված «Պատմամշակութային և մշակութաբանական համալիր փորձաքննությունների» եզրակացությունների համաձայն՝ վնասված և ոչնչացված հուշարձանի կորուստն անդառնալի է, վերականգնման ոչ ենթակա։ Պատճառված վնասի չափը որոշել հնարավոր չէ, քանի որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, դրանցում առկա մշակութային շերտերը ենթակա չեն վերականգնման և վնասի չափը գումարային արտահայտությամբ չի որոշվում: Պատճառված վնասը վերականգնման ենթակա չէ»։
ՊՈԱԿ–ը նաև նշել է, որ իրավախախտումների հետևանքով խախտվել են հուշարձանների ամբողջականությունը և պատմական տեսքը։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը մեր այն հարցին, թե գիտությունն ի՞նչ կորուստ է կրում գանձագողության հետևանքով, հայտնել է․ «Գանձագողությունն էապես վնասում է գիտությանը, իսկ շերտագրության խախտումը հնագետի համար անդառնալի կորուստ է»։
Փաստորեն հին բնակատեղիներում, դամբարանադաշտերում, եկեղեցիներում և ամրոցներում կատարված իրավախախտումների հիմքով հարուցված քրեական գործերից ոչ մեկի քննությունը չի ավարտվել։ Քննչական կոմիտեն չի պատասխանել, թե այդ գործերով քննություններն ինչ ընթացքի մեջ են։ Հարցերն անպատասխան թողնելը մեզ իրավունք է տալիս ասելու, որ չորս տարուց ավելի հարուցված գործերով քննություն չի էլ կատարվում, այդ պատճառով էլ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։
Խաչագողերը կողոպտում են եկեղեցիները
Այս տարվա հուլիսին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) հարցրել էինք, թե 2023-2026թթ.-ին Հայաստանի հնավայրերը եւ պատմամշակութային կոթողները կողոպտելու (գանձագողություն, գանձախուզություն) քա՞նի դեպք է գրանցվել, դրանցից քանիսո՞վ է քրեական գործ հարուցվել, եւ ի՞նչ ընթացք են ունեցել:
ՆԳՆ-ն տրամադրել է 2023-2026թթ. ընթացքում ոստիկանության մարզային բաժիններում Քրեական օրենսգրքի 301-304-րդ հոդվածների, 254 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով գրանցված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Հատկանշական է, որ գանձախույզները հատկապես այս տարի գրոհում են եկեղեցիները, 2026թ․–ին գրանցված գանձագողության 9 դեպքից 3–ը վանական համալիրներում է տեղի ունեցել։ Գողացել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը: Նախնական տեղեկություններով՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել:
2026թ․ օգոստոսի 14-ին Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում։ Հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռոնի ամաններ և եկեղեցական այլ պարագաներ։ Ոստիկանությունը պարզել է, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ։
Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվել և ձերբակալվել էին։ Պարզվել է, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, մնացածը հայտնաբերվել է մեքենայում։
Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ կողոպտիչները բացահայտվել են, սակայն այդ գործերը կա՛մ դատարան չեն հասնում, կա՛մ նրանց նկատմամբ ազատազրկում չի կիրառվում։
Գանձագողությունն ու վանդալիզմը սովորական հանցագործություններ չեն, դրանք հարված են մեր հավաքական հիշողությանն ու ինքնությանը։ Ժամանակն է հասկանալու, որ սեփական պատմությունը տեխնիկայով ու իրավական խիստ պատժամիջոցներով պաշտպանելն ավելի էժան է, քան այն անդառնալիորեն կորցնելը:
Ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի
Լուսանկարները՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կայքից
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից
Վարդուհի Մելիքյանի արխիվից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել