Նախաքննության ընթացքում փոխվել է կապալառուն, և փոքրացվել է շինհրապարակի տարածքը
Արաբկիրում խախտումներով կառուցվող շինության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հիմա, երբ նախաքննությունը ընթացքի մեջ է, երբ նշանակվել է շինարարական փորձաքննություն, շինհրապարակի տարածքը փոքրացվել է, և փոխվել է կապալառու ընկերությունը։
Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի 33/4 հասցեում խախտումներով ընթացող շինարարության մասին «Հետքի» հրապարակումից հետո, Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան։ Դատարանը մերժել է հայցադիմումի ընդունումը, ինչից հետո Դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք։
«Հետք»-ին դիմած քաղաքացու՝ Նաիրա Ֆանդուցի, որը դրկից է կառուցվող շենքին, հաղորդման հիման վրա 2026-ի մայիսի 19-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննությունն այս պահին շարունակվում է, սեպտեմբերի 16-ին նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն: Քանի որ շինությունն արագ տեմպերով կառուցվում է, Նաիրա Ֆանդուցը նաև միջնորդություն է ներկայացրել՝ շինարարական աշխատանքների կասեցման՝ մինչև քննության ավարտը։ Միջնորդությունը մերժվել է։
Oրեր առաջ Նաիրա Ֆանդուցը շինհրապարակում նկատել էր պաստառի փոփոխություն։ Նշեց, որ փոխվել են շենքի տեսքը և կապալառուն։
Կառուցապատվող հողամասը պատկանում է «Սաբրե» ՍՊԸ-ին։ Ընկերության սեփականատերը Ալինա Աշոտի Գրիգորյանն է՝ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր Նվեր Չախոյանի կինը, նրանց որդին՝ Արեգ Չախոյանն էլ ընկերության տնօրենն է։ Տարածքը ընկերությունը ձեռք է բերել 2026-ի ապրիլի 17-ին։ Հին պաստառով կապալառուն «Սաբրե» ՍՊԸ-ն էր, նորով՝ «ՄԲՎ» ՍՊԸ-ն։
Մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողությունները։ Պատասխանում նշել են նաև, որ տեղյակ են պաստառի փոփոխությունից, և այն ևս քննության առարկա է։
Խոսեցինք Արեգ Չախոյանի հետ։ Նշեց, որ շինարարությունն իրականացվում է սկզբնական հաստատված նախագծով, նախագծային փոփոխություն չի եղել, հարկայնության կամ մակերեսային փոփոխություն տեղի չի ունեցել։
Նա նշեց նաև, որ հիմա շինհրապարակի սահմաններն ավելի փոքրացվել են, որ հարակից խաղահրապարակն ու այգու ծառերը չվնասվեն։ «Ի սկզբանե տրվածով որ սարքեինք, խաղահրապարակը կվնասվեր։ Ուստի այնպես ենք արել, որ չվնասվի, և հարակից այգու ծառերին ու խաղահրապարակին ձեռք չտանք»,- պարզաբանեց Արեգ Չախոյանը։
Նախորդ հրապարակման մեջ նշվել էր, որ կառուցվող շինությունը շատ մոտ է խաղահրապարակին, ինչն էլ արդեն շինարարական նորմերի 81-րդ հոդվածի խախտում է, քանի որ հեռավորությունը պետք է կազմի 12 մետր։ Այս փաստը ևս ուսումնասիրության առարկա է եղել վարույթի շրջանակներում։ Այսինքն նախաքննության ընթացքում փոխվել են քննության մաս հանդիսացող շինտարածքի սահմանները։
Անդրադառնալով կապալառու ընկերության փոփոխությանը (նախկին «Սաբրե» ՍՊԸ-ի փոխարեն նոր պաստառին նշված է «ՄԲՎ» ՍՊԸ-ն)՝ Չախոյանը պարզաբանեց, որ դա պարզապես իրենց շինարարների ընկերությունն է, ու իրենց է հիմա պատվիրել։ Այն հարցին, թե արդյոք տեղյակ է իրենց դեմ նախաձեռնված քրեական վարույթից, և որ նախաքննության ընթացքում արգելվում է որևէ փոփոխություն անել՝ Չախոյանը պատատսխանեց. «Ես ընդհանրապես չեմ տիրապետում ինֆորմացիային, ձեզնից եմ լսում, որ վարույթ կա, գործ կա»։
Նաիրա Ֆանդուցը նշեց, որ հիմա շինարարության ընթացքում շենք մտնող միակ ճանապարհը կռունկի պատճառով կիսով չափ փակվում է։
Պատմում է, որ մարդատար մեքենան հազիվ է կարողանում անցնել, արտակարգ իրավիճակում փրկարարական մեքենան չի կարողանալու անցնել, իսկ շինարարական տեխնիկա այդ հատվածում կանգնում է շաբաթական վեց օր, առավորտյան 09:00-18:00-ն։ Այս խնդրով Նաիրա Ֆանդուցը դիմել է ՄԻՊ, որն էլ դիմումն ուղարկել է քաղաքապետարան, պատասխան դեռ չկա։
Գլխավոր նկարի ձևավորման համար օգտագործվել է ԱԲ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել