HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզ պետք չեն նոր հայտարարություններ, մեզ պետք են գործողություններ»․ «Greenpeace»-ի ակնկալիքները COP17-ից

Բնության պահպանության համար բավարար ֆինանսավորում, վնասակար սուբսիդիաներից հրաժարում, բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների իրավունքների պաշտպանություն․ «Greenpeace» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները COP17-ի շրջանակում այսօր կայացած խորհրդաժողովում ներկայացրել են իրենց ակնկալիքները բանակցություններից։

Գործողություններ՝ նոր հայտարարությունների փոխարեն

COP17-ում «Greenpeace»-ի պատվիրակության ղեկավար Ան Լամբրեխտսը (An Lambrechts) հիշեցրել է, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) 23 թիրախների շուրջ համաձայնության գալով՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերը պարտավորվել են կանգնեցնել կենսաբազմազանության կորուստը։ Նրա խոսքով՝ COP17-ը հատկապես կարևոր է այդ պարտավորությունների կատարման առաջընթացի առաջին խոշոր ամփոփիչ գնահատման առումով։

«Կարծում եմ՝ բոլորս տեսել ենք հավաքական առաջընթացի վերաբերյալ համաշխարհային զեկույցը, որը ցույց է տալիս, որ մենք խիստ շեղվել ենք նպատակներին հասնելու ուղուց։ Այստեղ՝ Երևանում, առաջնորդները պետք է համախմբվեն՝ ուղղությունը շտկելու համար։ Մի աշխարհում, որտեղ մենք ավելի ու ավելի ենք բախվում փոխկապակցված բնապահպանական, կլիմայական և սոցիալական ճգնաժամերի, բանակցողների առջև բարդ խնդիր է դրված՝ հրատապ լուծումներ գտնել առանցքային բացերի համար»,- նշել է նա։

Լամբրեխտսի խոսքով՝ COP17-ը պետք է նաև կյանքի կոչի երկու կարևոր որոշում, որոնք ընդունվել են երկու տարի առաջ՝ Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած COP16-ում։

Առաջինը Կալիի հիմնադրամի համալրումն է։ Նրա գնահատմամբ՝ զգալի ներդրումներ պետք է կատարեն հատկապես այն ընկերությունները, որոնք ամենամեծ օգուտն են ստանում գենետիկական ռեսուրսներից և արհեստական բանականության միջոցով դրա կիրառություններից։ Մինչդեռ այդ ընկերությունները, ըստ Լամբրեխտսի, մինչ այժմ չնչին ներդրում են ունեցել այն էկոհամակարգերի պահպանության մեջ, որոնցից կախված է իրենց բիզնեսը։

«Եթե բոլորին կոչ է արվում վճարել բնության պահպանության համար, ապա առաջնային պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը պետք է կրեն այս հսկա ընկերությունները»,- ընդգծել է նա։

Երկրորդ կարևոր քայլը բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով նոր օժանդակ մարմնի գործարկումն է։ Լամբրեխտսի խոսքով՝ այն պետք է աջակցի բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների ինքնորոշման իրավունքին։

«Այս COP-ից մեզ պետք չեն նոր հայտարարություններ ու նախաձեռնություններ։ Մեզ պետք չէ նաև քննարկում այն մասին, թե ինչ պետք է հաջորդի 2030 թվականից հետո։ Փոխարենը մեզ անհրաժեշտ է բացահայտված խնդիրներին արձագանք ու դրանք լուծող գործողություններ»,- ասել է նա։

Պատվիրակության ղեկավարի գնահատմամբ՝ COP17-ը չպետք է սահմանափակվի արձանագրելով, թե ինչ տեղի կունենա, եթե աշխարհը չպաշտպանի էկոհամակարգերն ու կենսաբազմազանությունը։ Առաջիկա չորս տարվա առաջընթացը նա կապում է Երևանում ընդունվելիք որոշումների և երկրների ձեռնարկելիք գործողությունների հետ։

«Բնությունը ոչնչացնելու վրա ծախսվում է 30 դոլար, իսկ այն պաշտպանելու վրա՝ ընդամենը 1 դոլար»

«Greenpeace»-ի կենսաբազմազանության ծրագրի ղեկավար Իրեն Վաբիվան (Irene Wabiwa) անդրադարձել է ֆինանսավորման բացերին և դրանք լրացնելու հարցում կառավարությունների պատասխանատվությանը։

Նա նշել է, որ կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորումը համաշխարհային զեկույցում առանձնացված հիմնական խնդիրներից մեկն է։ Չի կատարվել նաև մինչև 2025 թվականը 20 միլիարդ դոլար հավաքելու նպատակը, իսկ մինչև 2030 թվականը պետք է հասնել 30 միլիարդ դոլարի թիրախին։

Վաբիվայի խոսքով՝ ֆինանսավորման ապահովումն առաջին հերթին հարուստ, զարգացած երկրների պարտավորությունն է։ Սակայն վերջիններս հաճախ ուշադրությունը տեղափոխում են մասնավոր ֆինանսավորման վրա՝ խուսափելով պետական միջոցներ հատկացնելուց։

«Մասնավոր ֆինանսավորումը չպետք է դառնա սեփական պարտավորություններից խուսափելու միջոց»,- ընդգծել է նա։

Նրա գնահատմամբ՝ եթե երկրները պատասխանատվություն չստանձնեն ու չապահովեն անհրաժեշտ գումարը, Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի մասին խոսելն այլևս իմաստ չի ունենա։

Վաբիվան կառավարություններին առաջարկել է ընդլայնել բյուջետային հնարավորությունները։ Նրա համոզմամբ՝ այդ ճանապարհով հնարավոր է շատ ավելի մեծ ֆինանսավորում ապահովել, քան կենսաբազմազանության մասնավոր կրեդիտների և փոխհատուցման մեխանիզմների միջոցով, որոնք նա բնորոշել է որպես «կեղծ լուծումներ»։

Ըստ նրա՝ խնդիրը համաշխարհային հարստության պակասը չէ․ միջոցներ կան, սակայն անհրաժեշտ են ճիշտ առաջնահերթություններ և որոշումներ։ Ֆինանսական հոսքերում նա հակասություն է տեսնում․ երկրները մի կողմից բնության պահպանության համար ավելի շատ գումար են պահանջում, մյուս կողմից՝ շարունակում են տրամադրել բնությանը վնասող սուբսիդիաներ։

Վաբիվայի խոսքով՝ կառավարությունները չեն կարող մասնավոր հատվածից պահանջել դադարեցնել անտառների ու կենսաբազմազանության ոչնչացումը, եթե միաժամանակ շարունակում են սուբսիդավորել վնասակար գործունեությունը։

«Ուզո՞ւմ են կանգնեցնել կենսաբազմազանության կորուստը, թե՞ շարունակել գործել նախկինի պես։ Այդպես մենք երբեք չենք հասնի մեր նպատակին»,- ասել է նա՝ անդրադառնալով հարուստ երկրների քաղաքականությանը։

Թեև բյուջետային հնարավորությունների ընդլայնումը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում քննարկումների առանցքում չէ, «Greenpeace»-ն ակնկալում է, որ COP17-ում դրան իրական ուշադրություն կհատկացվի։ Վաբիվայի գնահատմամբ՝ վնասակար սուբսիդիաներից հրաժարվելը և անտառները ոչնչացնող գործունեության ֆինանսավորումը դադարեցնելը թույլ կտան բավարար միջոցներ գտնել կենսաբազմազանության կորստի խնդրին արձագանքելու համար։

«Այսօր տեսնում ենք, որ պետական քաղաքականությունների շրջանակում բնությունը ոչնչացնելու վրա ծախսվում է 30 դոլար, իսկ այն պաշտպանելու վրա՝ ընդամենը 1 դոլար։ Սա ուղղակի ցնցող է»,- նշել է նա։

Նա անդրադարձել է նաև զարգացող երկրների պարտքային բեռին, որը սահմանափակում է բնության պահպանության նրանց հնարավորությունները։

«Այդ երկրները մեծ պետական պարտքի տակ են։ Նրանք փորձում են բնությունից եկամուտ ստանալ՝ իրենց պարտքը մարելու համար։ Մենք չենք կարող նրանցից պահանջել պաշտպանել կենսաբազմազանությունը, երբ նրանք ստիպված են նույն կենսաբազմազանությունն օգտագործել պարտքերը վճարելու համար»,- ասել է Վաբիվան։

Նրա կարծիքով՝ պետական պարտքի չեղարկումը կարող է լինել լուծումներից մեկը։

Կլիմայի և կենսաբազմազանության խնդիրները փոխկապակցված են

«Greenpeace Brazil»-ի միջազգային քաղաքականության մասնագետ Կամիլա Ժարդիմը (Camila Jardim) շեշտել է, որ երկրները չպետք է գործեն մեկուսացված․ բնությանը հասցվող վնասի հետևանքները չեն սահմանափակվում վարչական սահմաններով։

Նրա խոսքով՝ երեք տասնամյակ Ռիոյի երեք կոնվենցիաները՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և անապատացման դեմ պայքարի մասին, գործել են զուգահեռ՝ դժվարություններ ունենալով միմյանց միջև կապերն ամրապնդելու հարցում։ Վերջին տարիներին Կենսաբազմազանության մասին կոնվենցիան առաջ է մղել փոխլրացնող գործողությունների օրակարգը, սակայն բանակցությունների սրահներում դեռ դիմադրություն կա այդ մոտեցումը խորացնելու նկատմամբ։

Ժարդիմի գնահատմամբ՝ գործողությունների հետաձգումը կտրուկ մեծացնում է դրանց իրականացման ծախսերը, մինչդեռ փոխլրացնող քաղաքականությունները կարող են արագացնել աշխատանքն ու նվազեցնել ծախսերը։

Նրա ներկայացրած տվյալներով՝ կենսաբազմազանության կորստին արձագանքելու ծախսերը կկրկնապատկվեն, եթե գործողությունները հետաձգվեն տասը տարով։ Կլիմայի փոփոխության դեմ գործողությունների հետաձգումն էլ, ըստ նրա, կարող է տարեկան առնվազն 500 միլիարդ դոլարի լրացուցիչ ծախս առաջացնել։

Ժարդիմը նշել է, որ վերջին 30-50 տարիներին կենսաբազմազանությունը յուրաքանչյուր տասնամյակ նվազել է 2-6 տոկոսով։ Մինչդեռ առողջ էկոհամակարգերն օգնում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ կլանելով ածխածինը և մեղմելով ծայրահեղ եղանակային երևույթների ազդեցությունը։

Կենսաբազմազանության նվազմանը զուգահեռ, նրա խոսքով, այդ բնական պաշտպանիչ համակարգերը քայքայվում են․ մթնոլորտ են արտանետվում ավելի շատ ջերմոցային գազեր, իսկ էկոհամակարգերը կորցնում են իրենց ծառայություններն ապահովելու և կլիմայի փոփոխությանը հարմարվելուն նպաստելու կարողությունը։

Որպես օրինակ՝ Ժարդիմը նշել է արևադարձային անտառները, որոնք, նրա ներկայացրած տվյալներով, պահում են ավելի քան 250 միլիարդ տոննա ածխածին և ապաստան են ցամաքային կենսաբազմազանության 80 տոկոսի համար։

«Եթե մինչև 2030 թվականը չկարողանանք կանգնեցնել անտառների ոչնչացումը և դանդաղեցնել կենսաբազմազանության կորուստը, մենք կձախողվենք թե՛ կլիմայի, թե՛ բնության հարցում»,- ընդգծել է Ժարդիմը։

«30x30»․ պահպանություն՝ համայնքների իրավունքների պաշտպանության միջոցով

«Greenpeace Andino»-ի արշավների համակարգող Լաուրա Կայսեդոն (Laura Caicedo) անդրադարձել է «30x30» թիրախին՝ մինչև 2030 թվականը ցամաքի, ներքին ջրերի և օվկիանոսի առնվազն 30 տոկոսի պաշտպանությանը և պահպանությանը։ Նա ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինի արդյունավետ պահպանությունը, երբ դրա հիմքում մարդու, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներն են։

Կայսեդոյի խոսքով՝ Լատինական Ամերիկայում՝ Ամազոնի և մայաների անտառներից մինչև Գրան Չակո, Չիլիի ու Արգենտինայի սառցադաշտերն ու օվկիանոսային տարածքները, բնությունը պաշտպանելը նշանակում է պաշտպանել ջուրը, սնունդը, ապրուստի միջոցները, մշակույթներն ու իրավունքները։ Այդ պատճառով «30x30» թիրախին հասնելու գործողությունների արագացումը «Greenpeace»-ի՝ COP17-ի հիմնական առաջնահերթություններից է։

Կայսեդոն նշել է, որ հողերի զավթումը, անասնապահությունը, հանքարդյունաբերությունն ու ենթակառուցվածքային նախագծերը ճնշում են էկոհամակարգերն ու համայնքները նույնիսկ պահպանվող տարածքներում։ Էկոհամակարգերի ոչնչացման հետևանքով վայրի կենդանիները կորցնում են իրենց բնակավայրերը, իսկ մարդիկ կարող են կորցնել տները, ապրուստի միջոցներն ու կապն իրենց տարածքների հետ։

Միաժամանակ, նրա խոսքով, լուծումներն արդեն կան․ համայնքները մշտադիտարկում են անտառները, բնիկ ժողովուրդների կառավարման մարմինները կառավարում են իրենց տարածքները, իսկ տեղական համաձայնություններով պաշտպանվում են ձկնորսական տարածքները։

««30x30» թիրախը պարզապես քարտեզի վրա նոր տարածքներ նշելը չէ։ Այն նշանակում է պաշտպանել կենդանի էկոհամակարգերը, հարգել իրավունքները և ապահովել այն միջոցները, որոնք պահպանությունը կդարձնեն տևական»,- ասել է Կայսեդոն։

Այս նպատակին հասնելու համար «Greenpeace»-ը կառավարություններին կոչ է անում ապահովել երեք պայման։

Առաջինը՝ բնության համար իրական արդյունք ապահովող պահպանությունն է։ Կայսեդոյի խոսքով՝ կառավարությունները պետք է գյուղատնտեսության, առևտրի և ներդրումային քաղաքականությունները, ինչպես նաև սուբսիդիաները համապատասխանեցնեն պահպանության նպատակներին։ Անհրաժեշտ են պատշաճ ջանասիրության պարտադիր և կիրառելի պահանջներ, որպեսզի ընկերությունները կանխեն վնասը, մշտադիտարկեն ու բացահայտեն իրենց ազդեցությունը և պատասխանատվություն կրեն պատճառված վնասը վերականգնելու համար։

Երկրորդը՝ իրավունքների և համայնքների առաջնորդության վրա հիմնված պահպանությունն է։ Կայսեդոն կարևորել է սովորութային հողային իրավունքների ապահովումը, համայնքների առաջնորդությամբ իրականացվող պահպանության իրավական ճանաչումն ու աջակցությունը, ինչպես նաև ազատ, նախնական և տեղեկացված համաձայնության սկզբունքի հարգումը։ Մարդիկ, այդ թվում՝ կանայք ու երիտասարդները, պետք է իրական ազդեցություն ունենան իրենց տարածքներին վերաբերող որոշումների վրա։

Երրորդը՝ տևական պահպանության համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովումն է։ «Greenpeace»-ը կոչ է անում ստեղծել նպատակային ֆինանսավորման հոսքեր, որոնց առնվազն 20 տոկոսն անմիջականորեն հասանելի կլինի բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին։ Նրա խոսքով՝ ընդհանուր որոշումները պետք է վերածվեն ազգային օրենքների, բյուջեների ու գործողությունների։

«Մենք բնության մասն ենք։ Որտեղ էլ ապրենք, մեր մոլորակի ապագան կախված է բնության պաշտպանությունից»,- եզրափակել է Կայսեդոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter