Հայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունից. Միրզոյան
Հայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունից և առաջնահերթություններից: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում անդրադառնալով Խաղաղության խորհրդի ստեղծմանն ու Հայաստանի անդամակցությանը։ Տեղեկությունը փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Նախարարը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում՝ որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի ստեղծման կանոնադրությունը։ Խորհրդի ստեղծման գաղափարը քննարկվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցած Մերձավոր Արևելքի գագաթնաժողովի ընթացքում։
Ներկայում Խաղաղության խորհուրդն ունի 28 անդամ պետություն։ Խորհրդի կանոնադրության համաձայն՝ անդամակցությունը սահմանվում է երեք տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այս սահմանափակումը չի տարածվում այն պետությունների վրա, որոնք խորհրդին հատկացնում են ավելի քան 1 միլիարդ դոլար։
Խորհրդի մանդատը բխում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևից։ Դրա գործունեությունը չի սահմանափակվում աշխարհագրական սահմաններով, իսկ ֆինանսական հատկացումներն իրականացվում են կամավորության սկզբունքով։ Յուրաքանչյուր անդամ պետություն խորհրդում ունի մեկ ձայնի իրավունք։
Անդրադառնալով Հայաստանի անդամակցության նշանակությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև Հայաստան-Ամերիկա երկկողմ հարաբերությունների կարևորությունը։
Նրա խոսքով խաղաղության հաստատումը, ժողովուրդների շահերի պաշտպանությունը, խաղաղությունից բխող օգուտներն ու մարդկանց բարեկեցության ապահովումը համահունչ են ինչպես Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ Խաղաղության խորհրդի կանոնադրական նպատակներին։
«Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Խաղաղության խորհուրդը» (Board of Peace) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և պաշտոնապես հիմնադրվել 2026 թվականի հունվարի 22-ին Դավոսում։ Կառույցը նպատակ ունի զբաղվել միջազգային հակամարտությունների կարգավորմամբ, այդ թվում՝ Գազայի վերակառուցմամբ և կառավարմամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել