Ծաղկաձորի 26/01 ընտրատեղամասում մատնահետքի սարքը չի նույնականացրել քաղաքացու տվյալները
Ծաղկաձորի 26/01 ընտրատեղամասում քաղաքացի Ռիտա Դանիելյանի մատնահետքը չի նույնականացվել էլեկտրոնային սարքի միջոցով։ Քաղաքացին ստուգել է ընտրողների ցուցակը և համոզվել, որ իր տվյալներն այնտեղ առկա են։ Նա Ծաղկաձորի 26/01 ընտրատեղամասի ընտրող է։
Ռիտա Դանիելյանի խոսքով՝ ինքը երբեք երկրից չի բացակայել և այլ վայրում չի բնակվել։ Միշտ ընտրության մասնակցել է, բայց նման դեպք չի եղել։
Ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Գոհար Գալստյանը «Հետքին» հայտնեց, որ սա առաջին դեպքն է տվյալ ընտրատեղամասում։ Նրա խոսքով՝ խնդրի պատճառը պարզելու համար անհրաժեշտ է, որ մատնահետքի սարքի մասնագետներն ուսումնասիրեն իրավիճակը։ Քարտուղարը նշեց, որ քաղաքացու տվյալներն ընտրողների ցուցակում առկա են։
Քիչ անց մատնահետքի սարքի մասնագետը մեկ անգամ ևս փորձեց, կրկին չհաջողվեց նույնականացնել քաղաքացու տվյալները։ Դրանից հետո մասնագետը մուտքագրեց քաղաքացու անձնագրային տվյալները ձեռքով, նույնականացումը հաջողվեց։ Պատճառը մատնահետքի սարքի տեխնիկական խափանումն էր։
Հոկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում անցկացվում են ավագանու ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում են երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ, և ՀՅԴ-ն՝ համայնքապետի թեկնածու Նվեր Սեփոյանի գլխավորությամբ։ Ծաղկաձոր համայնքում ընտրելու իրավունք ունի 4731 քաղաքացի։ Ժամը 15։00-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցել է 1133 ընտրողից 419-ը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել