Քաղաքապետարանը խոստանում է մաքրել Հրազդանի կիրճի՝ «Մերիդիան»-ին հարող հատվածը
Երևանի քաղաքապետարանը, ի պատասխան «Հետքի» հարցման, հայտնում է, որ Հրազդանի կիրճի «Մերիդիան» էքսպոկենտրոնին հարող հատվածում առաջիկայում նախատեսվում են մաքրման աշխատանքներ։
Քաղաքապետարանը միաժամանակ տեղեկացնում է, որ «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի նկատմամբ 2025 թվականի նոյեմբերի 18-ին արձանագրություն է կազմվել՝ Ոսկերիչների փողոցի 1 հասցեի հարակից տարածքում առանց քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի ճանապարհի վերակառուցման աշխատանքներ իրականացնելու համար։
«Հետքը» գրել էր COP17-ի անցկացման համար նախատեսված «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից շինարարության ընթացքում հողային ու քարային զանգվածները Հրազդանի կիրճ լցնելու մասին։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Ոսկերիչների փողոց 1 հասցեում կիսակառույց շինության վերակառուցման, ավարտման և կցակառույցի իրականացման շինարարության թույլտվությունը տրվել է 2026 թվականի հուլիսի 31-ին։ Նույն օրը տրվել է նաև Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման թույլտվությունը։
Պատասխանում նշվում է, որ շինարարը նախազգուշացվել է աշխատանքների ընթացքում բնապահպանական օրենսդրության պահանջները պահպանելու մասին։
Սակայն քաղաքապետարանը չի պարզաբանում՝ եթե դեռևս 2025 թվականի նոյեմբերին արձանագրվել էին առանց համապատասխան փաստաթղթերի ճանապարհի վերակառուցման աշխատանքներ, ինչպե՞ս է վերահսկվել աշխատանքների հետագա ընթացքը, այդ թվում՝ 2026 թվականի հուլիսին շինթույլտվությունները տրամադրելուց հետո։
Պատասխանից պարզ չէ նաև՝ շինարարին նախազգուշացնելուց բացի ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել կիրճում հողային ու քարային զանգվածներ լցնելը կանխելու և հետևանքները վերացնելու համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել