HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է

Գործարար Նարեկ Նալբանդյանին չի հաջողվել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտ» գործարանի ձեռքբերման գործարքը։ «ԱՄԻՕ» բանկին պատկանող գործարանը սեպտեմբերի 2-ին սնանկության դատարանի աճուրդում վաճառվել էր Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը: Վաճառքի գինը կազմել էր 11 միլիարդ 101 միլիոն դրամ։

2026 թ.-ի հոկտեմբերի 5-ին գործարանի սնանկության գործով կառավարիչը հաշվետվություն է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ աճուրդը համարվում է չկայացած։

Սնանկության դատարանի որոշումների ուսումնասիրությունից «Հետքը» տեղեկանում է, որ սեպտեմբերի 2-ին կայացած աճուրդի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ հաղթող ճանաչված ընկերությունը չի վճարել 11 միլիարդ 101 միլիոն դրամը։ Այդ ամենից հետո Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը ցանկացել է 3 ամսով վարձակալել գործարանի գույքը, սակայն դատարանը թույլ չի տվել։

Գործարքը, հավանաբար, պետք է ֆինանսավորեր պետական մասնակցություն ունեցող «ԱՄԻՕ» բանկը։ Կարելի է ենթադրել, որ բանկը չի տրամադրել համապատասխան վարկային միջոցներ։ Գործարանի աճուրդ-վաճառքից մեկ օր անց՝ սեպտեմբերի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ինքը «սրտի օլիգարխ» չունի։ «Եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և ընդհանրապես մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է»,- հայտարարել էր վարչապետը՝ տեղեկացնելով, որ իրավապահներին հանձնարարել է վարույթներ նախաձեռնել, և եթե պարզվի, որ Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի Փաշինյանի ընտանիքի հետ, ապա դաժան արձագանք կլինի։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանը և «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը մեղադրյալի կարգավիճակ ունեն Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակում։ Գործարարաները անցնում են սնանկացած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գործով, որի հիմնադիրը նրանց մեղադրել է ընկերությունը սնանկացման հասցնելու մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter