HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ

Էջմիածնի 2711-ամյակի տոնակատարություններից 22 օր անց Վաղարշապատի համայնքապետարանը դեռ չի կարողացել կամ չի ցանկացել հանրությանը ներկայացնել, թե ընդհանուր որքան գումար է ծախսվել համայնքային բյուջեից միջոցառումների կազմակերպման համար: Փոխարենը համայնքապետարանի կայքում հետին ամսաթվով, հրապարակվում են համայնքի ղեկավարի առանձին որոշումները՝ տարբեր անձանց և ընկերություններին գումար փոխանցելու մասին։ Այդ որոշումները թույլ են տալիս մասամբ պատկերացում կազմել ծախսերի մասին, բայց չեն պատասխանում գլխավոր հարցին՝ որքան արժեցավ Էջմիածնի տոնակատարությունը հարկատուների համար։

2026 թ. հոկտեմբերի 8-ին Էջմիածնում կազմակերպվել էին համերգային ծրագիր, հրավառություն, թեմատիկ փառատոններ, մանկական ու ժամանցային միջոցառումներ և այլ ծրագրեր։ Մինչև միջոցառումների անցկացումը հայտնի էր միայն, որ համերգային ծրագրի բեմահարթակի և լուսավորության վարձակալության համար համայնքապետարանը «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ կնքել է 24 մլն դրամի պայմանագիր։

Տոնակատարություններից հետո միայն սկսեցին հրապարակել տարբեր ծառայությունների դիմաց վճարումների մասին համայնքի ղեկավարի որոշումները։ Ընդ որում՝ դրանք հրապարակվում են հետին ամսաթվով, երբ միջոցառումներն արդեն ավարտվել են, և հանրությունը փաստացի ստիպված է լինում առանձին փաստաթղթերից հավաքել համայնքային ծախսերի պատկերը։

Մասնավորապես՝ մի շարք որոշումների համարներ համայնքապետարանի կայքում հրապարակված են՝ առանց բովանդակության: Հետագայում դրանք լրացվում են և կորչում ընդհանուրի մեջ: Օրինակ՝ մինչև տոնական միջոցառումների օրը համայնքի ղեկավարի թիվ 1705 Ա որոշումն ուներ «Ֆին» վերնագիրը և դատարկ էր: Այժմ բովանդակությունը լրացվել է և պարզվում է, որ մոտ 5 մլն դրամանոց վճարում է:

Այս պահին էլ համայնքապետարանի կայքում դեռ կան դատարկ բովանդակությամբ որոշումներ՝ «սոց», «շինապրանքներ» վերնագրերով, որոնք կլրացվեն հետին ամսաթվով:

Հրապարակված որոշումներից տեղեկանում ենք, որ երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի կազմակերպման համար համայնքային բյուջեից վճարվել է 4 մլն 400 հազար դրամ, երգիչ Էրիկ Կարապետյանի համար «Լայթ Ափ Քոմփանի» ՍՊԸ-ին՝ 6 մլն 600 հազար դրամ, իսկ «Կամիֆրենդս Պրոջեքթ»-ի համերգի կազմակերպման համար՝ 2 մլն 500 հազար դրամ։ Հաղորդավարի ծառայության գինը կազմել է 300 հազար դրամ։

Միայն բեմահարթակի և լուսավորության վարձակալության պայմանագրի ու նշված համերգային ծառայությունների արժեքը կազմում է 37 մլն 800 հազար դրամ։ Սա դեռ տոնակատարությունների ամբողջական արժեքը չէ։

Հրավառության համար «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ին վճարվել է 4 մլն 997 հազար դրամ։

Մանկական և ժամանցային ծրագրերի համար նույնպես վճարվել է համայնքային բյուջեից։ Կավճանկարի, պղպջակների շոուի և հեքիաթների հերոսների ծառայությունների համար անհատ ձեռնարկատեր Գոհար Մարտիրոսյանին վճարվել է 220 հազար դրամ։ Բատուտի ծառայությունն արժեցել է 100 հազար, ֆոտոնկարահանումը՝ 160 հազար, իսկ հրավիրատոմսերի պատրաստումը՝ 280 հազար դրամ։

Բիոզուգարանների տեղադրման և սպասարկման համար «Փայլ Սերվիս» ՍՊԸ-ին վճարվել է 330 հազար դրամ։ Միջոցառման ընթացքում գեներատորի միջոցով էլեկտրական հոսանքի անխափան մատակարարումն ապահովելու համար անհատ ձեռնարկատեր Կարեն Խաչատրյանին փոխանցվել է 980 հազար դրամ։

Կրծքանշանների պատրաստման համար ծախսվել է մոտ 350 հազար դրամ, բաներների համար՝ 491 հազար դրամ։ «Պենո-Դեկոր» ՍՊԸ-ին դեկորների պատրաստման և տեղադրման դիմաց վճարվել է 995 հազար դրամ։ Էջմիածնի դրոշի գույներով կտորե գործվածք ձեռք բերելու համար ծախսվել է 308 հազար դրամ։

Տոնակատարությունների լուսաբանման համար անհատ ձեռնարկատեր Արսեն Հակոբջանյանին վճարվել է 700 հազար դրամ, իսկ շոկոլադե բատոնների ձեռքբերման համար «Փի Ընդ Դի Գրուպ» ՍՊԸ-ին՝ 241 հազար դրամ։

Միայն այս հրապարակված տվյալներով հնարավոր է առանձնացնել առնվազն 46 մլն 521 հազար դրամի պայմանագրեր ու վճարումներ։ Սակայն սա վերջնական թիվ չէ, քանի որ համայնքապետարանը չի ներկայացրել բոլոր ծրագրերի և ծառայությունների արժեքները։

Սա այն դեպքում, երբ համայնքում բազմաթիվ չլուծված հարցեր կան: Վատ վիճակում են ճանապարհները, Էջմիածնի կոյուղաջրերը ողողում են բազմաբնակարան շենքերի նկուղները: Ավարտին չեն հասցվում կիսակառույց մնացած մանկապարտեզները և այլն:

Ի՞նչ է թաքնված ամբողջական հաշվետվության բացակայության հետևում

Մինչև միջոցառումների մեկնարկը Վաղարշապատի համայնքապետարանին խնդրել էինք ներկայացնել տոնակատարությունների ծախսերի մանրամասն բացվածքը՝ առանձին նշելով համերգային ծրագրում ներգրավված կատարողների վարձատրությունը, սարքավորումների և պարագաների վարձակալության, հրավառության, թեմատիկ փառատոնների, ցուցադրությունների, ներկայացումների, մանկական ու ժամանցային ծրագրերի և մյուս ծառայությունների արժեքները։ Այդ ժամանակ հայտնել էին, թե ծախսերն ամբողջական չեն, պատրաստ լինելուն պես կտրամադրվեն: Սակայն, մինչ օրս չեն տրամադրել: Համայնքապետարանից ևս հաստատեցին, որ դեռ վճարումներն ամբողջական չեն:

Համայնքապետարանը հանրային միջոցների ծախսման մասին տեղեկությունները ներկայացնում է մասնակի՝ առանձին որոշումներով, այլ ոչ թե մեկ ամբողջական և հասկանալի հաշվետվությամբ։ Արդյունքում Էջմիածնի բնակիչները չեն կարողանում պարզել, թե իրենց համայնքի բյուջեից որքան գումար է հատկացվել քաղաքի տարեդարձին, ինչ ծառայությունների դիմաց են վճարվել այդ գումարները, և արդյոք հրապարակված վճարումները սպառում են միջոցառումների կազմակերպման բոլոր ծախսերը։

Տոնակատարությունների ավարտից հետո համայնքապետարանի պարտականությունը միայն կատարողներին ու ծառայություններ մատուցողներին վճարելը չէ, նաև հանրությանը հաշվետու լինելն է։ Մինչդեռ Էջմիածնի 2711-ամյակի դեպքում այդ հաշվետվողականությունը դեռևս սահմանափակվում է առանձին վճարումների մասին հետին ամսաթվով հրապարակվող որոշումներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter