Արենի խաղողը չի վաճառվում․ Կառավարությունը 140 մլն դրամ կտրամադրի մթերման համար
Վայոց ձորի մարզում այս տարի արտադրված Արենի տեսակի խաղողի շուրջ 2000 տոննայի իրացման խնդիրը լուծելու համար կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել խաղողի մթերումը։ Եթե ամբողջ ծավալը մթերվի ծրագրով նախատեսված պայմաններով, պետական բյուջեից այդ նպատակով կհատկացվի շուրջ 140 մլն դրամ։
Կառավարության քննարկմանն է ներկայացվել «2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Այն մշակել է Էկոնոմիկայի նախարարությունը՝ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առաջարկությամբ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2025թ.-ին Հայաստանում արտադրվել է շուրջ 8 մլն լիտր գինի։ Նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալը նվազել է 1,8 մլն լիտրով կամ 18,5 տոկոսով։ Նշված ծավալի գինու արտադրության համար անհրաժեշտ խաղողի քանակը գնահատվում է շուրջ 2800 տոննա։
Գինու արտադրության նվազումը նախարարությունը պայմանավորում է միջազգային շուկայում, այդ թվում՝ Հայաստանում գինու սպառման կրճատմամբ։ Արտադրության և իրացման ծավալների անկման, ինչպես նաև նախորդ տարիներից կուտակված պատրաստի արտադրանքի մնացորդների պատճառով նվազել է գինու արտադրության համար նախատեսված խաղողի պահանջարկը։ Խնդիրն առավելապես վերաբերում է Արենի տեսակին։
Էկոնոմիկայի նախարարության և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գնահատմամբ՝ այս տարի մարզում արտադրված Արենի տեսակի խաղողի ընդհանուր բերքը կազմում է շուրջ 5400 տոննա։ Դրանից մոտ 3400 տոննան նախատեսված է սեփական կարիքների համար կամ արդեն կնքված պայմանագրերով պետք է մթերվի գինու արտադրության նպատակով։ Այսպիսով՝ իրացման խնդիր ունի շուրջ 2000 տոննա խաղող։
Նախարարությունն առաջարկում է այդ քանակի խաղողը մթերել կոնյակի սպիրտի արտադրության համար։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Վայոց ձորում խաղողի բերքատվությունը համեմատաբար ցածր է, ինչի պատճառով դրա ինքնարժեքը բարձր է։ Տարիների ընթացքում Արենի տեսակի խաղողի մթերման գինը ձևավորվել է շուրջ 230 դրամի չափով՝ մեկ կիլոգրամի համար։ Մինչդեռ կոնյակի սպիրտի արտադրության նպատակով խաղողի մթերման ներկայիս գինը 135-140 դրամ է։
Պետությունը մեկ կիլոգրամի դիմաց կսուբսիդավորի 70 դրամ
Նախագծով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել այն տնտեսավարողներին, որոնք Վայոց ձորի մարզից կմթերեն առնվազն 800 տոննա Արենի տեսակի խաղող՝ մեկ կիլոգրամի դիմաց վճարելով նվազագույնը 210 դրամ։
Այս պայմանը կատարելու դեպքում տնտեսավարողը սուբսիդավորում կստանա իր մթերած ամբողջ համապատասխան ծավալի համար՝ յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 70 դրամի չափով։
Սակայն սուբսիդավորման հաշվարկում չեն ներառվի այն խաղողի քանակները, որոնք գնվել են տնտեսավարողի սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներից։ Նույն սահմանափակումը վերաբերում է նաև տնտեսավարողի հիմնադրի, 10 տոկոսից ավելի բաժնետոմս ունեցող բաժնետիրոջ և նրանց ընտանիքի անդամների՝ ծնողների, ամուսինների ու զավակների կողմից մշակվող հողերից գնված խաղողին։ Այսինքն՝ առնվազն 800 տոննայի շեմը պետք է ապահովվի այլ արտադրողներից գնված խաղողի հաշվին։
Նախագծի հեղինակները նշում են, որ այս շեմը սահմանվել է, որպեսզի ծրագրից չօգտվեն գինու արտադրության նպատակով Արենի խաղող մթերող ընկերությունները։ Ըստ հիմնավորման՝ այդպիսով նպատակ ունեն գինու արտադրության ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ չստեղծել։
Մթերումների գործընթացը տնտեսավարողների մթերման կետերում վերահսկելու են մարզպետների աշխատակազմերը։ Նախագծով սահմանվում են նաև սուբսիդավորման տրամադրման, խաղողի մթերման փաստաթղթավորման և համապատասխան տեղեկությունների ներկայացման կարգերը։
140 մլն դրամ՝ Կառավարության պահուստային ֆոնդից
Հաշվարկի համաձայն՝ եթե իրացման խնդիր ունեցող 2000 տոննա խաղողն ամբողջությամբ մթերվի, պետության տրամադրած սուբսիդիայի ընդհանուր չափը կկազմի շուրջ 140 մլն դրամ։
Գումարը նախատեսվում է հատկացնել 2026թ.-ի չորրորդ եռամսյակի համար։ Քանի որ Էկոնոմիկայի նախարարության ծրագրերում չօգտագործված միջոցներ չկան, որոնցից հնարավոր կլիներ վերաբաշխում կատարել, նախարարությունն առաջարկում է անհրաժեշտ ֆինանսավորումը տրամադրել Կառավարության պահուստային ֆոնդից։
Երկարացնել խաղողի մթերման պայմանագրեր կնքելու վերջնաժամկետը
Կառավարության մեկ այլ նախագծով նախատեսում է մինչև 2026թ.-ի նոյեմբերի 15-ը երկարաձգել խաղողի մթերման պայմանագրեր կնքելու ժամկետը, որպեսզի մթերող ընկերությունները կարողանան լրացուցիչ վարկեր ներգրավել և խաղողագործներից գնել բերքի այն քանակը, որի իրացման հետ կապված այս տարի խնդիրներ են առաջացել։
Համապատասխան փոփոխությունն առաջարկվում է կատարել Կառավարության 2019թ.-ի փետրվարի 28-ի N201-Լ որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։
Գործող կարգով խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը։ Սակայն այս տարվա մթերումների ընթացքը ցույց է տվել, որ բազմաթիվ խաղողագործներ, այդ թվում՝ Վայոց ձորի մարզի գերակշռող մեծամասնությունը, բերքի մթերման պայմանագրեր չունեն։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ մթերող ընկերությունները պատրաստ են այդ խաղողագործների հետ նոր պայմանագրեր կնքել և լրացուցիչ քանակությամբ խաղող գնել։ Սակայն դրա դիմաց վճարելու համար ընկերություններին անհրաժեշտ են լրացուցիչ վարկային միջոցներ, որոնք ցանկանում են ներգրավել պետական ծրագրի շրջանակում։
Հաշվարկների համաձայն՝ Վայոց ձորի մարզում արտադրված 2000 տոննա խաղողը մթերելու համար տնտեսավարողներին անհրաժեշտ կլինի շուրջ 270 մլն դրամի լրացուցիչ վարկային միջոց։
Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ վարկերի ներգրավման ավելացումը ծրագրի շրջանակում էական լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնի։ Դրանց սպասարկման համար անհրաժեշտ գումարները նախատեսվում է վճարել նախարարության 2027թ.-ի բյուջեով և 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել