2026թ. հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 41%-ով աճել են՝ կազմելով 3.8 մլրդ դոլար
2026 թվականի հունվար-սեպտեմբերին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 5.6 մլրդ դոլար։ Կենտրոնական բանկի տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն ավելացել է 1.4 մլրդ դոլարով կամ 32.1%-ով։
Ընդ որում՝ եթե դիտարկենք ամսական կտրվածքով, ապա աճն արագացել է մայիսից։ Ամենաբարձր աճը գրանցվել է հունիս-հուլիս ամիսներին։
Ներհոսքի ամենամեծ աղբյուրը Ռուսաստանն է, որտեղից ինն ամսում փոխանցվել է 3.8 մլրդ դոլար՝ 1.1 մլրդ դոլարով կամ 41.3%-ով ավելին, քան նախորդ տարվա ինն ամիսներին։
Այսպիսով, այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան դրամական փոխանցումների աճը պայմանավորված է Ռուսաստանից կատարվող փոխանցումների ավելացմամբ։
Կենտրոնական բանկի նախնական գնահատականներով՝ աճի աղբյուրն արտագնա աշխատանքի մեկնածները չեն, որոնք տարիներ առաջ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների հիմնական ծավալն էին ապահովում։ Այժմ, հատկապես 2022 թվականից հետո, երբ մեծ թվով ռելոկանտներ եկան Հայաստան, դրամական փոխանցումների աղբյուրների կառուցվածքը փոխվել է։
«Այդ գումարները նույնականացնել այն տրամաբանությամբ տրանսֆերտների հետ, որը մենք արտագնա աշխատողների մասով ունեինք տարիներ առաջ, բովանդակային առումով ճիշտ չէ։ Այդ տրանսֆերտների նշանակալիությունը նվազել է․ իմ գնահատականներով՝ դրանք հիմա ՀՆԱ-ում շուրջ 4% պետք է կազմեն։ Միևնույն ժամանակ, աճել է այլ տիպի փոխանցումների ծավալը։ Թե ինչ տիպի փոխանցումներ են դրանք, կկարողանանք հասկանալ, երբ դրանք կարտացոլվեն վճարային հաշվեկշռի համապատասխան հոդվածներում»,- նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ նրա՝ այն մարդիկ, ովքեր այս տարի այցելում են Հայաստան, ավելի երկար են մնում երկրում, քան նախորդ տարվա այցելուները։ Մարտին Գալստյանը ենթադրում է, որ նրանց մեծ մասն արդեն ունի տնտեսական կապեր Հայաստանում կամ նոր է ձևավորում դրանք և մտադիր է այստեղ ավելի երկար մնալ։ Նրանք պահանջարկ են ձևավորում տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ։ Թե արդյոք վերջին ամիսներին Հայաստան կատարվող դրամական փոխանցումների աճին նպաստել են ռելոկանտները և եթե այո՝ ի՞նչ չափով, ԿԲ-ն խոստանում է մեկնաբանել երրորդ եռամսյակի վճարային հաշվեկշռի տվյալներն ամփոփելուց հետո։
Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան դրամական փոխանցումների աճն ավելի համեստ էր՝ 15.8%։ Այդ ժամանակ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունները դեռևս առջևում էին, և տեղեկություններ էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մեծ գումարներ են ուղարկվում Հայաստան, ու այդ ուղիներից մեկն էլ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումներն էին։
Առհասարակ, ընտրությունների նախաշեմին տնտեսության մեջ փողի շրջանառության որոշակի աշխուժություն է նկատվում։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներգրավում են ֆինանսական միջոցներ, որոնք ծախսում են քարոզչական աշխատանքների, ընտրատարածքների վարձակալության, տպագրության և բազմաթիվ այլ կազմակերպչական կարիքների համար։
Հաճախ էլ մասնակից ուժերը միմյանց մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, որը նույնպես ենթադրում է ֆինանսական ծախսեր։
Խորհրդարանական ընտրությունների և բանկային համակարգով արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների միջև ուղիղ ու ապացուցելի կապ գտնելը դժվար է, իսկ թե արդյոք ԿԲ-ն կքննարկի նաև այս վարկածը, հայտնի չէ։
Վերադառնալով այս տարվա ինն ամիսների վիճակագրությանը՝ ներհոսքի ծավալով հաջորդում է ԱՄՆ-ն, որտեղից կատարվող փոխանցումները, սակայն, անգամներով զիջում են Ռուսաստանի փոխանցումներին։ Այս տարվա առաջին ինն ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով ԱՄՆ-ից Հայաստան են ուղարկել 609 մլն դոլար, աճը՝ 81 մլն դոլար կամ 15.3%։
Արաբական Միացյալ Էմիրություններից փոխանցվող գումարները, թեև Ռուսաստանի և ԱՄՆ-ի համեմատ նկատելիորեն քիչ են, սակայն այս գծով կրկնակի աճ կա այս տարի։ Փոխանցվել է 156 մլն դոլար։
Արտահոսքն աճել է 5.7%-ով
Այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանից արտերկիր է փոխանցվել 3.4 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 184 մլն դոլարով կամ 5.7%-ով։ Այսպիսով, արտահոսքն ավելի համեստ տեմպով է աճել, քան ներհոսքը։
Ուշագրավ է, որ արտահոսքի գծով ԱՄՆ դարձել առաջատար ուղղությունը։ 2026թ. ինն ամսում Հայաստանից ԱՄՆ է փոխանցվել 526 մլն դոլար՝ 104 մլն դոլարով կամ 24.7%-ով ավելին, քան նախորդ տարվա նույն ամիսներին։
Դեպի Ռուսաստան դրամական փոխանցումները նվազել են 16.5%-ով՝ կազմելով 471 մլն դոլար։
Նվազել են նաև դեպի Շվեյցարիա, ԱՄԷ, Մեծ Բրիտանիա փոխանցումները։
Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների առաջին հնգյակում է նաև Իսպանիան։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել