HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ գնահատմամբ՝ գազի 10%-ով թանկացումը գնաճը կավելացնի 0.8 տոկոսային կետով

Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) փորձագիտական գնահատականներով՝ եթե Հայաստանում սպառողին հասնող գազի գինը բարձրանա 10%-ով, ընդհանուր գնաճը կբարձրանա 0.8 տոկոսային կետով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք ոչ թե գազի գնի սցենար ունենք, որովհետև սցենարը ենթադրում է հստակ պարամետրերի առկայություն՝ գնի փոփոխության չափ, ազդեցության ուղղություններ, քաղաքականության գործիքների միջոցով փոխազդեցության մեխանիզմներ և այլն, այդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք, ուստի դրա վերաբերյալ որևէ սցենար կառուցելը, ինձ թվում է, ժամանակավրեպ է։ Մենք ուղղակի քննարկել ենք, որոշակի զգայունության վերլուծություն (Sensitivity Analysis) ենք արել, օրինակ՝ ի՞նչ կլինի, եթե գազի գինը թանկանա 10%-ով»,- ասել է ԿԲ նախագահը։

Ըստ նրա՝ գազի հնարավոր թանկացումը սպառողական գների ինդեքսի վրա կունենա ուղղակի և անուղղակի ազդեցություն։ «Ուղղակի ազդեցությունը մեր սպառողների վրա կլինի հենց 10%-ով. բնականաբար, այնտեղ կա ԱԳԼՃԿ-ների (ավտոգազալցավորման ճնշակայանների) էլեմենտը և էլեկտրաէներգիայի մեջ գազի որոշակի բաղադրիչ։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ գազի 10%-ով թանկացման հետևանքով ուղղակի ընդհանուր գնաճը կբարձրանա 0.6%-ով, և հնարավոր է՝ հարակից ճյուղերը, որոնք օգտագործում են գազ՝ վերջնական արտադրանք տալու համար, իրենց վերջնական արտադրանքի գներն էլ բարձրացնեն 0.1-0.2%-ով»,- նշել է Մարտին Գալստյանը։

Նա շեշտել է՝ քանի որ գլխավոր դրամատունը չունի հստակ տեղեկություններ, չի կարողանում հասկանալ՝ այդ թանկացման մեջ կա՞ գծայնություն, թե՞ ոչ։ 

Շուրջ երկու շաբաթ առաջ ռուսական կողմից հրապարակվեց հաշվետվություն, որը գնահատում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման հետևանքները։ Որպես հետևանքներից մեկը՝ նշված էր գազի հաշվարկային գնի ավելացումը մոտ 69%-ով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 177.5 դոլարից հասնելով 300 դոլարի:

ԿԲ-ն չի գնահատել հայտարարված՝ գազի 69%-ոց գնի աճի հետևանքները։

«Մենք չենք արել 69-70% հաշվարկ, մեզ դա չէր հետաքրքրում, որովհետև այդ հաշվարկի ու բովանդակային զեկույցի մեջ չկար քաղաքականության արձագանքի էլեմենտը։ Այն է՝ ենթադրվում է, որ եթե գները այդքան թանկանալու են, Հայաստանի պատկան մարմինները, կառավարությունը, Կենտրոնական բանկը ինչ-որ հակազդող քաղաքականություն են իրականացնելու, որպեսզի այդ գների բարձրացումը նույն կերպ չարտացոլվի մարդկանց կամ տնտեսության վրա։ Այս մասը մենք չտեսանք, ուստի այդ տրամաբանությամբ չենք գնացել, այլ արել ենք այս պահի դրությամբ զգայունության վերլուծություն»,- պարզաբանել է Մարտին Գալստյանը։

Նա հավելել է, որ երբ իրավիճակն ավելի պարզ լինի, կոնկրետանան այն քայլերը, որոնք պատրաստվում է անել ռուսական կողմը, և հստակ լինի Հայաստանի կառավարության դիրքորոշումն իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ, ըստ այդմ՝ Կենտրոնական բանկը իրավիճակը կգնահատի իր մոդելներով և կհասկանա, թե ինչպիսին պետք է լինի գլխավոր դրամատան վարքագիծը։

Օրեր առաջ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ «Հետք»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի ֆինանսական շուկայի վիճակի, գնաճի, տոկոսադրույքների, բանկերի շահույթի, գերկապիտալացված բանկային համակարգի, ԿԲ-ի վերահսկողության, բանկային զեղծարարությունների, տնտեսության վիճակի, փոխարժեքի և այլ թեմաների մասին։

Անդրադարձել ենք նաև գազի գնի վերաբերյալ նրա վերջին՝ աղմուկ հանած մեկնաբանությանը, որում օգտագործվել էր «ապոկալիպտիկ սցենար» արտահայտությունը։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter