HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գնաճն արագացել է, ԿԲ-ն կրկին բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի խորհրդն այսօր որոշել է 0.25 տոկոսային կետով բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ)։

Խոսքը նույն վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին է, որը Կենտրոնական բանկն անվանում է նաև «քաղաքականության տոկոսադրույք» (ներկայում հիմնականում կիրառվում է հենց այս տերմինը): Սա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում առևտրային բանկերին։

Գների կայունությունն ու տնտեսական աճն ապահովելու, ինչպես նաև սպասումները կառավարելու նպատակով ԿԲ-ն սահմանում է գնաճի թիրախ։ Այն սահմանված է 3%: Այս միջակայքից ցանկացած շեղում ԿԲ-ի համար ազդանշան է համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։

Ըստ էության, ԿԲ-ի՝ քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնելու այսօրվա որոշումը միտված է գնաճի տեմպերը զսպելուն, քանի որ արդեն մի քանի ամիս է 12-ամսյա գնաճը նշված միջակայքից բարձր է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերին գնաճը կազմել է 4.3%, օգոստոսին՝ 4.5%: Երբ ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը, փողը թանկանում է, սպառումն ու, շղթայաբար, նաև գնաճը նվազում են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ևս Կենտրոնական բանկը որոշել էր բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Գնաճին նպաստող ներքին ու արտաքին գործոններն էին դրդել դա անել։ Արտաքին գործոններից նշվում էին, մասնավորապես, ԱՄՆ-ում հարկաբյուջետային կայունության շուրջ աճող մտահոգությունները, Եվրոգոտում և Ռուսաստանում տնտեսության կառուցվածքային խնդիրների խորացումը, Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում էներգակիրների թանկացումը և այլն։

Այսօրվա որոշման վերաբերյալ հաղորդագրության մեջ ևս կարդում ենք այս գործոնների մասին։ Զուգահեռաբար նշվում է, որ, պայմանավորված ինչպես ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ անբարենպաստ եղանակային պայմաններով, արձանագրվում է համաշխարհային պարենամթերքի գների աճի արագացում։ Այդ գնաճը ներմուծման ճանապարհով հասնում է նաև Հայաստան։

ԿԲ-ն նաև արձանագրում է, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում որոշակիորեն դանդաղել է: Տնտեսական ակտիվության աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտների զարգացումները։

«Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների և դրանց տևողության աճով, ինչը ձևավորում է նաև էական ռիսկեր համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի և ծառայությունների գների արագացման ուղղությամբ։ Մյուս կողմից, դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներով պայմանավորված, ներքին շուկայում ապրանքների ավելցուկային առաջարկի ձևավորման, ինչպես նաև սպառողական և ներդրումային վստահության թուլացման ռիսկերը պահպանվում են»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։

Սպասվում է, որ քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնելու որոշման վերաբերյալ մանրամասներն այսօրվա ասուլիսում կհայտնի ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter