Սկսվել է Վահե Ավետյանի գործով դատավարությունը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, ընթանում է «Հարսնաքարում» ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով առաջին դատական նիստը:
Գործով մեղադրյալներ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Մարգարյանին, Դ. Ադամյանին, Ա. Բաբլոյանին, Ա. Բաղդասարյանին, Ա. Խաչատրյանին եւ Ն. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով:
Փաստաբանները գտնում են, որ Վահե Ավետյանի նկատմամբ կատարվածը պետք է որակվի որպես սպանություն, այլ ոչ թե դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքների պատճառում:
Դատական նիստի ժամանակ Վահե Ավետյանի հոր ներկայացուցիչները միջնորդություն ներկայացվեց փաստաբան Վահե Գրիգորյանին ևս որպես Վահե Ավետյանի իրավահաջորդի` հոր ներկայացուցչի գործում ներգրավելու պահանջով: Մեղադրյալների փաստաբանները առարկեցին, սակայն դատարանը վերջիվերջո բավարարեց միջնորդությունը:
Նորայր Հայրապետյանի փաստաբանը բացարկ հայտնեց դատախազ Արթուր Դավթյանին` հիմնավորելով, որ դատախազը հաշվի չի առել Նորայրին ապօրինի ու անհիմն ձերբակալելու փաստը: Փաստաբանը նաև միջնորդեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել Վահե Ավետյանի նկատմամբ` պարզելու, թե ինչ հաջորդականությամբ է վնաս հասցվել Վահեին և ում կողմից:
Նիստերի դահլիճը մարդաշատ է, աղմուկը` շատ, դահլիճում ներկաներին նիստի մասնակիցների խոսքը գրեթե չի հասնում, իսկ դահլիճում բարձրախոսներ չկան: Դատավորն արդեն 3 սանկցիա է կիրառել` նիստը խոչընդոտելու համար, իսկ «խոչընդոտողները» խնդրում էին բարձր խոսել, որպեսզի իրենց էլ լսելի լինի:
Մեկնաբանել