HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ ձայնն է հասնում բանակցությունների սեղանին․ բնիկ ժողովուրդները COP17-ում

Աշխարհի տարբեր ծայրերից COP17-ին բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ էին եկել Հայաստան՝ պատմելու, թե ինչ է կատարվում իրենց պատկանող տարածքներում, և պահանջելու, որ իրենց վերաբերող որոշումներն ընդունվեն իրենց մասնակցությամբ։ Այդ նույն օրերին Արցախի բնիկ հայերը Երևանի COP17-ում անգամ առանձին տաղավար ունենալու հնարավորություն չստացան․ համաժողովի Կանաչ գոտում տաղավար ունենալու համար արցախյան կազմակերպությունների ներկայացրած հայտը մերժվել էր։

Երբ Ամազոնիայում գետերը ծանծաղում են, Ինարա Վատիի համայնքում ձուկը պակասում է։ Նույն գետերով են տեղ հասնում առաջին անհրաժեշտության ապրանքները, բայց ջրի իջնելու հետ այդ ճանապարհն էլ է դժվարանցանելի դառնում։ Այս չոր ամիսներին է նաև, որ Ինարան սերմեր է հավաքում։ Դրանցից վզնոցներ ու ապարանջաններ է պատրաստում, իր հինգ երեխաներին նույն արհեստը սովորեցնում։  

Ինարա Վատին սատերե-մավե (Sateré-Mawé) ժողովրդից է և ներկայումս Բրազիլական Ամազոնիայի բնիկ ժողովուրդների կազմակերպությունների համակարգող կառույցի փոխհամակարգողն է։ 

Ինչպես Ամազոնիայի մի շարք այլ բնիկ ժողովուրդներ, սատերե-մավե ժողովուրդն ապրում է Բրազիլիայի Մանաուս բնակավայրում։ Այն տեղակայված է Ամազոն գետի ստորին շրջանում։ Այս համայնքի տարածքը սահմանազատվել է 1982 թվականին, հաստատվել՝ 1986-ին։

Մինչև  կազմակերպության  աշխատանքներով զբաղվելը, Ինարան արհեստագործությամբ էր զբաղվում։ 

Տարվա եղանակից կախված՝ փոխվում է այս համայնքի կյանքը։ Չորային շրջանում նրանք հիմնականում սերմեր են հավաքում։ Հրդեհների պատճառով նրանք պետք է կրկնակի ուշադրությամբ խնամեն իրենց մշակվող հողամասերը։ Փոխվում են նաև տեղաշարժվելու և տրանսպորտից օգտվելու հնարավորությունները։ Երբ գետերի ջրի մակարդակը բարձր է, ավելի հեշտ է տեղաշարժվել։ Այդ շրջանում բնակիչները կարողանում են նաև ավելի շատ մթերք ստանալ  հողից։ Իսկ չորային շրջանում սնունդը պակասում է, այդ թվում՝ ձուկն ու որսը, և բնակիչներն ավելի խոցելի են դառնում։ Ամազոն գետի ջրի մակարդակի նվազումը դժվարացնում է նաև փոխադրումները և առաջին անհրաժեշտության պարագաների հասանելիությունը։ 

Ինարայի խոսքով՝ նրանք շատ ձուկ են ուտում։ Բայց միաժամանակ կախված են հողամասերից, որոնք մշակում են բույսեր աճեցնելու համար, ինչպես մանիոկը, որից ալյուր են պատրաստում։

«Հետքի» հետ զրույցում Ինարան պատմեց, որ սատերե-մավե ժողովուրդը տարբեր ծեսեր ու դրանց ընթացքում ուղեկցվող երգեր ունի։ Նման ծեսերից է տուկանդեյրան։ Ծեսի մասնակիցները ձեռքերը մտցնում են խայթող մրջյուններով լցված հատուկ ձեռնոցների մեջ։ Այս արարողությունը, որն ուղեկցվում է ավանդական երգերով ու պարերով և անցկացվում ավագների առաջնորդությամբ, նշանավորում է պատանու անցումը չափահասության։ 

Իսկ ովքե՞ր են բնիկ ժողովուրդները 

Բնիկ ժողովուրդներն ունեն բնության հետ մշակութային խորը կապվածություն, որը ձևավորվել է նրանց ավանդական գիտելիքների, գործելակերպերի հիման վրա։ Կենսաբազմազանության մասին այդ գիտելիքներն ու պատկերացումներն իրենց հերթին վճռորոշ դեր են խաղում դրա պահպանության և կայուն օգտագործման գործում։

«Բնիկ ժողովուրդներ» հասկացությունն առայժմ չունի միջազգայնորեն հաստատված հստակ սահմանում և կիրառվում է որպես աշխատանքային եզրույթ։  

Ըստ այդ սահմանման, նրանք յուրահատուկ մշակույթների, շրջակա միջավայրի հետ փոխհարաբերությունների առանձնահատուկ ձևերի ժառանգորդներն ու կրողներն են։ Նրանց սոցիալական, մշակութային, տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունները տարբերվում են այն հասարակությունների գերիշխող հատվածների առանձնահատկություններից, որոնցում նրանք ապրում են։ Բնիկ ժողովուրդները միաժամանակ ձգտում են հասնել իրենց ինքնության, կենսակերպի և ավանդական հողերի ու բնական պաշարների նկատմամբ իրենց իրավունքների ճանաչմանը։ 

Չնայած մշակութային տարբերություններին՝ աշխարհի բնիկ ժողովուրդներն ունեն ընդհանուր խնդիրներ՝ կապված իրենց իրավունքների պաշտպանության հետ և համարվում են աշխարհի առավել անբարենպաստ պայմաններում գտնվող ու խոցելի խմբերից։ 

Երևանում տեղի ունեցած COP17 համաժողովին ակտիվ քննարկվել են աշխարհի մի շարք բնիկ ժողովուրդների իրավունքներն ու դրանք կիրառելու կարգավորումները։ 

Կենսաբազմազանության կոնվենցիան, մասնավորապես Կոնվենցիայի 8-րդ հոդվածի «j» կետը սահմանում է կենսաբազմազանության պահպանության գործում բնիկ ժողովուրդների դերն ու կարևորությունը: 

Ըստ այս կետի՝ «Կոնվենցիայի յուրաքանչյուր կողմ, հնարավորության սահմաններում և ըստ անհրաժեշտության իր ազգային օրենսդրությանը համապատասխան՝ հարգում, պաշտպանում և պահպանում է  բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների այն գիտելիքների, նորարարությունների ու գործելակերպերի շարունակականությունը, որոնք արտացոլում են ավանդական կենսակերպը և կարևոր են կենսաբազմազանության պահպանության ու դրա կայուն օգտագործման համար։ Նպաստում է դրանց ավելի լայն կիրառմանը՝ այդ գիտելիքները կրողների հավանությամբ ու մասնակցությամբ, ինչպես նաև խրախուսում է դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդարացի բաշխումը»: 

Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակով (թիրախ 22) կենսաբազմազանությանը վերաբերող որոշումների կայացմանը պետք է մասնակցեն բոլորը, այդ թվում՝ բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները: Ընդ որում, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցությունը պետք է լինի լիարժեք, արդարացի, ներառական, արդյունավետ և գենդերային առանձնահատկությունները հաշվի առնելով: Նրանց մշակութային առանձնահատկությունները, իրենց տարածքների, հողերի ու ավանդական գիտելիքների նկատմամբ իրավունքները պետք է հարգվեն։

Նրանց գիտելիքները տեղական էկոհամակարգերի մասին էական դեր են կատարում տարբեր էկոհամակարգերի ռեսուրսների կայուն օգտագործման ձևերին սովորելու և ընդօրինակելու համար, ինչպես՝ ավանդական որսն ու ձկնորսությունը, ընտրովի բերքահավաքը և այլն։ 

Բնիկ ժողովուրդների տարածքները բազմազան են՝ անտառներից ու խոնավ տարածքներից հասնում են մինչև լեռներ և կենսաբազմազանությամբ հարուստ առափնյա տարածքներ։ Այս տարածքներում էլ հաճախ նրանք կիրառում են հողօգտագործման կայուն ձևեր, այդ թվում՝ ագրոանտառային տնտեսություն, հերթափոխային հողագործություն և համայնքային մասնակցությամբ բնապահպանական կառավարման համակարգեր։ 

Հենց այս առանձնահատկությունները հաշվի առնելով՝ բնիկ ժողովուրդները պետք է ներգրավվեն կենսաբազմազանության արդյունավետ պահպանության ռազմավարությունների մշակման գործընթացներում։ 

22-րդ թիրախը որոշումների կայացման մասնակցայնությունն ապահովելուց բացի ենթադրում է նաև շրջակա միջավայրի պահպանության համար աշխատող, բնապահպանական արդարության ջատագովությամբ զբաղվող և բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների իրավունքները պաշտպանող անհատներին կամ խմբերին պաշտպանելը։ Բնիկ ժողովուրդների իրավունքները պետք է իրացվեն՝ առանց հետապնդումների և վրեժխնդրության, առանց նրանց նկատմամբ բռնության գործադրման ու ահաբեկման։ 

Այս թիրախի ուղղությամբ առաջընթացը հատկապես կարևոր է, քանի որ այն անմիջականորեն կնպաստի բոլոր նպատակների և թիրախների իրագործմանը։ Իսկ առավելապես այն կարևոր է 1-ին, 3-րդ, 5-րդ, 9-րդ, 13-րդ, 21-րդ և 23-րդ թիրախներին հասնելու համար։

«Մեզ չպետք է դիտարկեն որպես դիտորդներ, մեզ պետք է դիտարկեն որպես կողմեր»

Երևանում, Կենսաբազմազանության համաժողովի օրերին ներկա էին չորս տասնյակից ավել բնիկ ժողովուրդների պատվիրակություններ ու ներկայացուցիչներ՝ Ամազոնիայից, Աֆրիկայից, Ասիայից, Հյուսիսային Ամերիկայից և Արկտիկայից։ Համաժողովի ընթացքում նրանք Կանաչ ու Կապույտ գոտիներում ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք թեմաների քննարկումներին։ Վերջիններիս ընթացքում նրանք բարձրացրել են առանցքային խնդիրներ, որոնց բախվում են գրեթե բոլոր բնիկ ժողովուրդները։ 

«Հետքի» հետ զրույցում Ինարա Վատին նշել է, որ իրենց տարածքում հաճախ են լինում ներխուժումներ՝ անտառահատումների, հողերի ապօրինի զավթման նպատակով։ Ասում է՝ հատկապես վերջին տարիներին մեծ թափ է ստացել հանքարդյունաբերությունը։

Հոկտեմբերի 29-ին Կապույտ գոտում բնիկ ժողովուրդների ասուլիսի ժամանակ Կոլումբիական Ամազոնիայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ Պաբլո Հերնանը իր ելույթի ընթացքում նշել է, որ COP16-ից ի վեր Կոլումբիական Ամազոնիայում բազմաթիվ տեսակներ են հայտնվել ոչնչացման եզրին։ 

«Մեր տարածքները ճնշումների են ենթարկվում։ Մինչ կառավարությունները սպասում են հերթական բանակցությունների, ինչպիսին այս մեկն է, մեր տարածքներում ոչինչ չի փոխվում։ Մենք հիասթափված ենք, որովհետև թեև եկել ենք նույն նպատակով, թվում է՝ այդ նպատակը բաժանվել է հազարավոր տարբեր շահերի»,- ասել է նա։

Նրա պահանջը վերաբերում էր բանակցություններում բնիկ ժողովուրդների կարգավիճակին։ 

«Մեզ չպետք է դիտարկեն որպես դիտորդներ․ մեզ պետք է դիտարկեն որպես կողմեր։ Մենք մոլորակի կենսաբազմազանության պաշտպանության հիմնական դերակատարներից ենք, բայց այստեղ մեր ձայնը սահմանափակված է։ Ավելին՝ գրեթե ձայն չունենք։ Ստիպված ենք գործել դաշնակիցների և բարեկամների միջոցով»,- հավելել է Պաբլո Հերնանը։

Մյուս պահանջը անմիջական ֆինանսավորումն է՝ առանց բյուրոկրատիայի ու այլ խոչընդոտների։ Դրանց պատճառով համայնքները չեն կարողանում ստանալ ուղղակի ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության մեղմմանն ու դրան հարմարվելուն։  

Նա նաև նշեց Կոլումբիայի պետական պատվիրակության կազմում ներգրավված չլինելու խնդրի մասին։ Եթե նախորդ հանդիպումներին, ինչպես նաև COP16-ին նրանք ընդգրկվել էին պետական պատվիրակության կազմում, այս համաժողովին նման հնարավորություն չի եղել։ Պատվիրակության կազմում լինելն ավելի մեծ հնարավորություններ էր տալիս աշխատելու և որոշումների տեքստերում առաջարկները ներառելու ուղիներ փնտրելու համար։ 

Օվկիանոսի կառավարման հարցերով զբաղվող բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ Ռոբերտ Նալեյլեհուան էլ բողոքել է բանակցությունների ձևաչափից, որը կառուցված չէ բնիկ ժողովուրդների սովորական մասնակցության ձևերի համար․ նրանք ստիպված են հարմարվել այդ համակարգին, ինչն իրենց մոտ դժվար է ստացվում։ 

Այս ու այլ խնդիրներ լուծելու պահանջով էին բնիկ ժողովուրդները COP17-ի շրջանակում հասել Հայաստան։ 

«Մենք ցանկանում ենք, որ թղթի վրա ամրագրված հանձնառությունները վերածվեն կոնկրետ որոշումների։ Քննարկումներում ու բանակցություններում առաջ ենք մղում բնիկ ժողովուրդների համար ֆինանսավորման անմիջական հասանելիության պահանջը»,- նշել է Ինարա Վատին իր ելույթում։ 

Հայաստանի ազգային ռազմավարությունը, բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները

Հայաստանը COP17-ի շրջանակում իր ազգային ռազմավարությունում ուղիղ հիշատակում չունի բնիկ ժողովուրդների մասին, սակայն հանձնառություններ ունի տեղական համայնքների համար։ 29-րդ թիրախով նախատեսված է ներգրավել համայնքներին բնապահպանական կառավարման մեջ, որն, ըստ ռազմավարության, նպաստում է 22-րդ գլոբալ թիրախին։ Մինչև 2030 թվականը Հայաստանը պետք է ապահովի տեղական համայնքների, երիտասարդության, կանանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լիարժեք մասնակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում, իսկ բնության հատուկ պահպանվող տարածքներ հիմնելիս պետք է ճանաչի և հարգի տեղական համայնքների իրավունքները։ 

Այս թիրախի իրականացման համար Հայաստանը պարտավորվել է պատրաստել ու հաստատել բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին կից խորհրդատվական մարմինների ստեղծման ու ձևավորման կարգը: Այդ մարմիններում պետք է ներգրավվեն քաղաքացիական հասարակության, համայնքների և մարզպետի աշխատակազմերի, երիտասարդական և կանանց նախաձեռնությունների ներկայացուցիչները, կազմակերպվեն կարողությունների բարելավմանն ուղղված կրթական ու անտառային հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:

Միաժամանակ, Կառավարությունը պարտավորվել է վերլուծել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ընթացքում տեղական համայնքների մասնակցության խոչընդոտները և իրավական կարգավորումներ ներդնել նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով։ 

Այս բոլոր գործողությունները պետք է իրականացնի Շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Վերոնշյալ բոլոր դրույթները սահմանվել ու հաստատվել են ՀՀ կենսաբազմազանության պահպանության նպատակների և 2026-2030 թվականների գործողությունների ծրագրում: 

Իրականությունում, COP17-ի օրերին e-draft հարթակում, Կառավարությունը քննարկման էր դրել ՇՄԱԳ օրենքի փոփոխության նախագիծ։ Նախագծով առաջարկվում է հանել օգտակար հանածոների որոնման աշխատանքների համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետական փորձաքննության պահանջը։ Իսկ եթե համայնքի ավագանին նմանատիպ գործունեությանը դեմ լինի, այն հիմք չի լինի աշխատանքները դադարեցնելու համար։ 

Նման առաջարկության ընդունմամբ Հայաստանի կառավարությունը հետքայլ կանի 22-րդ թիրախի առնվազն տեղական համայնքներին վերաբերող նպատակների մասով։ 

Արցախի բնիկ ժողովուրդն ու COP17-ը 

Արցախի հայերն ունեն մշակութային առանձնահատկություններ․ նրանք քրիստոնեություն են դավանում իրենց հնագույն եկեղեցիներում և խոսում են արցախյան բարբառով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի նաև մի շարք ժամանակակից մշակութային հաստատություններ։ Արցախի հայերն ունեն ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից տարբերվող մշակույթ։

Բացի այդ, Արցախի էթնիկ հայերը միշտ մեծամասնություն են կազմել Արցախում։ Չնայած սրան, տարածաշրջանը շարունակում է գտնվել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում։ Եվ այս համատեքստում Արցախի հայերն ունեն «ոչ գերիշխող դիրք»։ 

Ժամանակակից մշակութային հաստատություններից բացի, Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն սեփական Սահմանադրություն, կառավարություն և կրթական համակարգ։ Նրանք ցուցաբերում են ուժեղ «վճռականություն՝ պահպանելու, զարգացնելու և ապագա սերունդներին փոխանցելու իրենց նախնիների տարածքներն ու ինքնությունը իրենց սեփական մշակութային ավանդույթներին, հասարակական հաստատություններին և իրավական համակարգին համապատասխան»։ 

Վերջապես, Լեռնային Ղարաբաղի հայերն ինքնանույնականացվում են որպես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բնիկ խումբ։ 

Այսպիսով, այս խումբը համապատասխանում է Մարտինես Կոբոյի զեկույցի չափանիշներին և ներկայացված իրավական շրջանակի համաձայն՝ հավակնում է «բնիկ ժողովուրդների» կարգավիճակին։

Չնայած այս հիմնավորումներին՝ Հայաստանի ազգային ծրագրում բնիկ ժողովուրդների մասին, ինչպիսին Արցախից տեղահանված բնիկ ժողովուրդն է, որևէ հիշատակում չկա։ Դեռ ավելին, արցախյան մի շարք ՀԿ-ներ դիմել էին Կանաչ գոտում առանձին տաղավար ունենալու նպատակով։ Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել էր հայտը՝ առանց բացատրության։ Իսկ ավելի ուշ հայտնել էր, թե հայտը չի ընտրվել, քանի որ բնապահպանական օրակարգի թիրախային թեմաներից դուրս է եղել։ 

Արցախցիները COP17-ի օրերին մի շարք ցույցեր ու ակցիաներ էին կազմակերպել՝ իրենց բնիկ ժողովուրդ լինելուց բխող իրավունքների պաշտպանության կոչերով։ Սակայն Հայաստանը համաժողովի շրջանակում նույնիսկ Արցախի էկոհամակարգին սպառնացող վտանգների մասին չի խոսել: 

COP17-ի հիմնական արդյունքները. ինչ որոշումներ են կայացվել 

Նախորդ՝ Կոլումբիայի Կալի քաղաքում տեղի ունեցած COP16-ին ստեղծվել էր բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մշտական օժանդակ մարմինը։ Սակայն դրա գործունեության կարգը չէր սահմանվել։ COP17-ի հիմնական որոշումներից մեկը վերաբերում է այս մարմնի աշխատակարգի ընդունմանը։ Համաժողովի վերջնական նիստում հաստատվել է երկու համանախագահի մոդելը՝ մեկը պետությունների, մյուսը՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների կազմակերպությունների ներկայացուցիչ։ Կողմերը նաև որոշեցին մարմնի յուրաքանչյուր նիստի համար ձևավորել «Բյուրոյի բարեկամների» խումբ, որի կազմի և աշխատանքի մանրամասները թողնվել են Կենսաբազմազանության հաջորդ համաժողովին։ 

Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների համար կարևոր էր նաև, թե ով է առաջադրելու իրենց անունից հանդես եկող համանախագահին։ Ընդունված աշխատակարգով թեկնածուին առաջադրում են իրենք՝ իրենց ընթացակարգերով։ Սակայն տեքստում ավելացել է «բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների» ձևակերպումը։ Կանադան և Դանիան՝ նաև Գրենլանդիայի անունից, առարկեցին այդ ձևակերպմանը։ Մտահոգությունն այն էր, որ այն կարող է պետությանը հնարավորություն տալ ազդելու թեկնածուի առաջադրման վրա։ 

Բնիկ ժողովուրդների ֆինանսավորման համար նախատեսվում է ֆինանսավորողներին «առաջարկել դիտարկել պարզեցված ընթացակարգեր և հատուկ ֆինանսավորման ուղղություններ՝ բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների անմիջական հասանելիությունն ապահովելու համար»։  

Սակայն թե ինչպե՞ս կարող է համայնքն ինքն իր ծրագրի համար ֆինանսավորում ստանալ՝ մնաց բաց։ Այդ որոշմամբ համայնքներին հատկացվող գումար կամ դիմումներ ընդունելու ժամկետ չի սահմանվել։ Թե երբ և ինչ պայմաններով համայնքը կկարողանա դիմել իր առաջնահերթ համարած ծրագրի համար, կախված է ֆինանսավորողների հետագա քայլերից։ 

Այսպիսով, COP17-ին արցախցիների պահանջները հնչեցին միայն փողոցներում։ Տեղահանումից հետո իրենց հողի հետ պահպանած կապի և այդ հողին առնչվող իրավունքների մասին առնվազն պատմելու համար Կանաչ գոտում առանձին հարթակ նրանք այդպես էլ չունեցան։ Իսկ համաժողովին մասնակցած բնիկ ժողովուրդների համար էլ, չնայած լուծումների ոչ մեծ ծավալին, արդյունքը պարզ կդառնա միայն  COP18-ին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter