HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ռանչպարի կամրջի ժամանակավոր վերականգնումն ավարտական փուլում է. հիմնանորոգման ժամկետը հայտնի չէ

Արարատի մարզի Ռանչպար բնակավայր տանող դեռևս սեպտեմբերի 19-ին մասնակի փլուզված կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին «Հետքի» գրավոր հարցումներին ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 13-ին, «Հետքն» անդրադարձել էր կամրջի վթարային վիճակին. գրել էինք, որ փլուզումից ավելի քան 25 օր անց վերականգնման աշխատանքները դեռ չէին մեկնարկել, ինչի հետևանքով բնակիչներն ու դպրոցականները ստիպված էին կա՛մ անցնել վնասված կամրջով, կա՛մ մի քանի կիլոմետր երկար շրջանցիկ ճանապարհով երթևեկել։ «Հետքը» գրավոր հարցումներ էր ուղարկել ՆԳՆ, ՏԿԵՆ և Ճանապարհային դեպարտամենտ։ Գերատեսչությունները պատասխանի համար 30-օրյա ժամկետ էին խնդրել։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ մինչև կամրջի հիմնանորոգումը՝ որպես հրատապ լուծում, կազմակերպվել է ժամանակավոր վերականգնումը։ Ըստ գերատեսչության՝ գործընթացը ժամանակ է պահանջել երկու հիմնական պատճառով. նախ անհրաժեշտ է եղել կատարել մասնագիտական ուսումնասիրություն՝ գնահատելու վերականգնման հնարավորությունն ու տեխնիկական լուծումները, ապա ներկրել անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաները, որոնք Հայաստանում առկա չէին։

Հիմնադրամի փոխանցմամբ՝ վնասված երկաթբետոնե սալերի փոխարեն ժամանակավորապես տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ, կատարվել է բետոնացում։ «Իրականացված աշխատանքների արդյունքում կամրջով երթևեկությունը կվերականգնվի, և այն կշահագործվի մինչև հիմնանորոգումը»,- ասվում է Ճանապարհային դեպարտամենտի պատասխանում։

Մեր նախորդ հրապարակման մեջ Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը նշել էր, որ փլուզման օրը ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները սահմանազատել են տարածքն ու իրեն հայտնել, որ ինքը պետք է գնահատի կամրջի հետագա շահագործման ռիսկայնությունը։

Ներքին գործերի նախարարությունից «Հետքի» հարցմանն ի պատասխան պարզաբանել են, որ սեպտեմբերի 19-ին՝ ահազանգը ստանալուց հետո, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը մեկնել է դեպքի վայր, սահմանազատել վտանգավոր տարածքը, ապահովել կողաշրջված բեռնատարի անվտանգությունը և օպերատիվ տեղեկություն փոխանցել իրավասու մարմիններին։ ՆԳՆ-ն ընդգծել է, որ իրենք կամրջի սեփականատեր կամ շահագործող մարմին չեն, հետևաբար իրավասու չեն որոշումներ կայացնել ճանապարհի մշտական փակման, արգելապատնեշների տեղադրման կամ երթևեկության կազմակերպման վերաբերյալ։ Այդ հարցերը, ինչպես նաև կամրջի տեխնիկական գնահատումն ու հետագա անվտանգ շահագործումը, ըստ նախարարության, ենթակա են լուծման ճանապարհի կառավարման իրավասություն ունեցող մարմինների կողմից։

Թե՛ ՏԿԵՆ-ը, թե՛ «Ճանապարհային դեպարտամենտը» իրենց պատասխանում նշել են, որ հաշվի առնելով Հ-12 հանրապետական նշանակության ավտոճանապարհի (որի մեջ մտնում է նաև Ռանչպարի կամուրջը) տեխնիկական վատ վիճակը՝ դեռևս 2025 թվականի վերջին հայտարարվել էր հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթ։

Ներկայումս այդ փաստաթղթերը մշակման ավարտական փուլում են։ Դրանց ընդունումից և փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն կհայտարարվեն շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության մրցույթները։ Մրցույթներում հաղթող ընկերությունների հետ պայմանագրեր կնքելուց հետո կառավարությունը պետական բյուջեից կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ նախագծով ձևավորված նախահաշվի չափով, որից հետո միայն կմեկնարկեն հիմնանորոգման աշխատանքները։

Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտվել են։ 

«Բետոնացումը շատ լավ են արել, որակով է, բայց միայն այն հատվածում, որտեղ փլուզվել էր։ Ես խնդրել եմ, որ կամրջի սկզբում և վերջում կամարներ տեղադրեն, որպեսզի բեռնատարները չկարողանան անցնել, ինչպես նաև ասֆալտապատեն, բայց դա չեն արել։ Բացի այդ, նույն փլուզման ռիսկն այս պահին առկա է մեկ այլ մասում»,- նշեց վարչական ղեկավարը։  Այս պահին կամուրջը շաագործվում է։

Քանի դեռ կամրջի վերականգնման մրցույթը չի կայացել, հայտնի չէ, թե երբ այն կհիմնանորոգվի։

Գլխավոր լուսանկարը՝ 16.11.2026 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter