Առաջարկվում է ավագ բուժաշխատողների անհատական լիցենզավորման վերջնաժամկետը երկարաձգել
Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ավագ բուժաշխատողների անհատական լիցենզավորման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Համապատասխան ժամկետները կհստակեցվեն նաև հարակից օրենքներում։
Ակնկալվում է, որ նախաձեռնությունը թույլ կտա անհատական լիցենզավորման համակարգը ներդնել փուլ առ փուլ և առանց ցնցումների՝ ապահովելով անցումային շրջանի սահուն ընթացքը։ Բուժաշխատողների տարբեր խմբերի համար կստեղծվի հստակ իրավական դաշտ, ինչը կերաշխավորի նրանց մասնագիտական աշխատանքի ու կրթության անընդհատությունը։ Բացի այդ, մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը կլինիկական օրդինատուրա ընդունվածները կկարողանան կամավոր սկզբունքով ստանալ անցումային լիցենզիա և ուսմանը զուգահեռ օրինական հիմունքներով աշխատել։
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տե՛ս նաև․
- 25 տարի անց Հայաստանը վերադառնում է բժիշկների անհատական լիցենզավորմանը
- Հավաստագիրը լիցենզիա չէ․ ինչպե՞ս է վերահսկվում բժշկական օգնության որակը Հայաստանում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել