Վարդենիսի համայնքապետը դատի է տվել պատգամավոր Իրինա Յոլյանին
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ հայցադիմում է ներկայացրել։ Համայնքապետը պահանջում է հերքել իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցել պատճառված ոչ նյութական վնասը։
Իրինա Յոլյանը 2026թ.-ի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունեցել։ Պատգամավորը, խոսելով ՔՊ-ական համայնքների ղեկավարների մասին, պնդել էր, որ նրանցից ոմանք ընկերություններ են հիմնել և պետական բյուջեի հաշվին անորակ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում։ Ըստ Յոլյանի՝ այդ ընկերություններում ներգրավված են նաև համայնքապետերի ընտանիքի անդամները՝ քույրերը, եղբայրները, ծնողներն ու այլ հարազատներ։
«Ինչքան ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր, բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով»,- հայտարարել էր պատգամավորը։
Յոլյանի խոսքով՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելուց ընդամենը մեկ ամիս անց ճանապարհները քանդվել են։ Նա նաև նշել էր, որ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան, սակայն Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան գործողություններ չեն իրականացնում։
«Որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ»,- ասել էր Իրինա Յոլյանը՝ քննադատելով նաև իրավապահ մարմինների անգործությունը։
Հայցադիմումը դատարան մուտքագրվել է 2026թ. նոյեմբերի 17-ին և մակագրվել է դատավոր Մուրադ Հովակիմյանին։ Վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չի ընդունվել։
Հիշեցնենք, որ նույն ելույթի համար Իրինա Յոլյանի դեմ դատարան են դիմել նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Երկու հայցադիմումներն էլ ընդունվել են վարույթ։
Նրանք նույնպես պահանջում են հերքել պատգամավորի հայտարարությունները և փոխհատուցել ոչ նյութական վնասը։ Տավրոս Սափեյանը պահանջում է 3 մլն դրամ, իսկ Կառլեն Մկրտչյանը՝ 2 մլն դրամ փոխհատուցում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել