HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի ավագանու անդամի թեկնածուների եկամուտներն ու ունեցվածքը․ ինչ են նրանք հայտարարագրել

Նոյեմբերի 29-ին Կապան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզկենտրոնի կառավարման համար պայքարում են երեք քաղաքական ուժեր՝ գործող համայնքապետի գլխավորած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը» և «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Ընտրապայքարին մասնակցող 156 թեկնածուները ԿԸՀ են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որոնցում երևում է, թե ինչ ֆինանսական ռեսուրսներով են նրանք մտնում ընտրապայքար, և ովքեր են ավագանու ամենահարուստ թեկնածուները։

Որ կուսակցության թեկնածուներն են ավելի շատ վաստակում

Քաղաքական ուժերից ավագանու անդամի ամենաշատ թեկնածուները առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով՝ 71, երկրորդ տեղում «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունն է 70 թեկնածուով, երրորդը «Ապրելու երկիր»-ն է 15 թեկնածուով։ ՔՊ կուսակցության թեկնածուներից 26-ը մեկ տարվա ընթացքում 10 մլն դրամից ավելի եկամուտ են ունեցել, ամենաբարձրը՝ 72 մլն դրամ։ Այս թեկնածուները հիմնականում աշխատում են կա՛մ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, կա՛մ պետական համակարգում։ Թեկնածուներից 19-ի եկամուտը 5-10 մլն դրամի միջակայքում է եղել, 13-ինը՝ 2-5 մլն դրամի, մնացած 13-ինը՝ մինչև 2 մլն դրամ։

Եկամուտների չափով ՔՊ-ի թեկնածուներին գրեթե չեն զիջում «Շանթ դաշինքի» թեկնածուները․ նրանցից 21-ը 10 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել մեկ տարվա ընթացքում, ամենաբարձրը՝ մոտ 70 մլն դրամ։ «Շանթ դաշինքի» թեկնածուների շարքերում ևս քիչ չեն ԶՊՄԿ-ում աշխատողները, բայց, ի տարբերություն ՔՊ-ի, որտեղ պետական հատվածում աշխատողներն են շատ, «Շանթ դաշինքում» էլ համայնքային պաշտոն զբաղեցնողներն են։ «Շանթ դաշինքի» թեկնածուներից 20-ը մեկ տարվա ընթացքում ունեցել է 5-10 մլն դրամի եկամուտ, 20-ը՝ 2-5 մլն դրամ։ «Ապրելու երկիր» կուսակցության 15 թեկնածուներից 5-ը մեկ տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, իսկ ամենաբարձր եկամուտը եղել է 5․8 մլն դրամը։

Հայտարարագրման պահին ՔՊ 39 թեկնածու կա՛մ չի ունեցել դրամական միջոցներ, կա՛մ այդ գումարը չի գերազանցել մեկ միլիոն դրամը։ 18 թեկնածու ունեցել է մինչև 5 մլն դրամ, իսկ մնացած 14 թեկնածուները 5 մլն դրամից ավել գումար։ «Շանթ դաշինքի» թեկնածուներից 29-ը հայտարարագրել է մինչև 1 միլիոն դրամ, 22-ը մինչև 5 մլն դրամ, իսկ դրանից բարձր հայտարարագրել է 18 թեկնածու։ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներից 4-ը դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ մնացած 11-ը հայտարարագրել է մինչև 1 մլն դրամ։

«Շանթ դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ցուցակի մոտ 30%-ը անկուսակցականներ են, «Ապրելու երկիր» կուսակցության բոլոր թեկնածուները կուսակցական են։ Կապան համայնքի ընտրություններին ընդհանուր առաջադրվել է ավագանու 156 թեկնածու, որոնցից միայն 14-ը չի աշխատում։

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն

«Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակն այս ընտրություններում գլխավորում է Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Նա Կապանը ղեկավարում է 2018 թվականից։

Համաձայն ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերի՝ Փարսյանը հաշվետու ժամանակահատվածում 5 մլն դրամ աշխատավարձ է ստացել Կապանի համայնքապետարանից։ Նրա դրամական միջոցները նույնպես կազմել են 5 մլն դրամ։

Փարսյանը հայտարարագրել է նաև 164 քմ մակերեսով բնակարան Կապան քաղաքում։

«Շանթ դաշինքի» երկրորդ համարը Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանն է։ Ինչպես Փարսյանը, նա ևս եկամտի միակ աղբյուր է նշել համայնքապետարանից ստացած աշխատավարձը։ Սակայն Թադևոսյանն, ըստ հայտարարագրի, ստացել է մոտ 9 մլն դրամ աշխատավարձ՝ 4 մլն դրամով ավելի, քան իր ղեկավարը։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Թադևոսյանն ունեցել է 2.2 մլն դրամ։ Նա հայտարարագրել է նաև երկու բնակարան։ Բնակարաններից մեկը, որի մակերեսը 81.5 քմ է, գտնվում է Կապանում, մյուսը, որի մակերեսը 44.3 քմ է՝ Երևանում։

Գոռ Թադևոսյանը նաև 2007 թվականի արտադրության «Honda» ունի։

Կապանի «Թումո» կենտրոնի ղեկավար Անուշ Մեժլումյանը եզրափակում է «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակի առաջին եռյակը։ Նա նախորդ մեկ տարում «Սիմոնյան կրթական հիմնադրամից»՝ «Թումո»-ից, ստացել է 7.6 մլն դրամ աշխատավարձ։ 487 000 դրամ էլ ստացել է ավանդից՝ որպես տոկոս։

Մեժլումյանի դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ։ Նա հայտարարագրել է Կապանում գտնվող 95.3 քմ մակերեսով բնակարան և Երևանում 41.9 քմ մակերեսով բնակարան գնելու իրավունք։

«Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 70 թեկնածուների 94%-ը աշխատանք ունի, և միայն 4 թեկնածու է գործազուրկ։ Ամենաշատ եկամուտն ունեցել է ցուցակի 32-րդ համար Գրիգոր Ավետիսյանը։ Նա 47 մլն դրամ եկամուտ ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից, 1.8 մլն դրամ աշխատավարձ ստացել է «Գրիգ-Բիզնես» ՍՊԸ-ից, 880 000 դրամ էլ՝ «Արփինե Ավետիսյան» Ա/Ձ-ից։ Եվս 1.4 մլն դրամ էլ ստացել է տոկոսագումար ավանդից։

Գրիգոր Ավետիսյանը նաև «Շանթ դաշինքի» ցուցակում ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն է։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 48 մլն դրամ։

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Աղասյանը։ Նա, ըստ հայտարարագրի, չի աշխատում, բայց 5.8 մլն դրամ աշխատավարձ է ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։ Նրա դրամական միջոցները կազմել են 700 000 դրամ։

Տիգրան Աղասյանը 2018 թվականի արտադրության «Jeep Cherokee» ունի։ Անշարժ գույք Աղասյանը չի հայտարարագրել։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի երկրորդ համարը մանկավարժ Սոֆյա Հարությունյանն է։ Նա աշխատում է Կապանի թիվ 2 ավագ դպրոցում, որտեղից էլ հաշվետու ժամանակահատվածում ստացել է 1.5 մլն դրամ աշխատավարձ։

Հարությունյանը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 150 000 դրամ։ Նա նաև 65 քմ մակերեսով բնակարան ունի Կապանում։

Արկադի Լալազարյանը «Ապրելու երկրի» ցուցակում երրորդն է։ Նա չի աշխատում։ Եկամտի որևէ աղբյուր, դրամական միջոցներ և անշարժ գույք Լալազարյանը չի հայտարարագրել։

Նա երկու մեքենա ունի՝ 2002-ի արտադրության «Nissan March» և 2007-ի արտադրության «Nissan Tiida»։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին ի սկզբանե մասնակցում էր 23 հոգանոց ցուցակով, բայց նոյեմբերի 18-ի դրությամբ նրանցից 8-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Ավագանու անդամի 15 թեկնածուներից 7-ը գործազուրկ է։ Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ եկամուտ ստացել է ցուցակի առաջին համար Տիգրան Աղասյանը։ Նա նաև ամենաշատ դրամական միջոցներն ունի։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը Կապանի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է Նարեկ Բաբայանը։ Նա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում Կառավարության ներկայացուցիչն է։

Նարեկ Բաբայանը նախկինում ևս փորձել է Կապան համայնքի ղեկավար դառնալ։ 2018 թվականի ընտրություններում նա մոտ 2000 ձայնի տարբերությամբ զիջեց Գևորգ Փարսյանին։

Բաբայանը նախորդ մեկ տարում 72 մլն դրամ է ստացել ԶՊՄԿ-ից՝ որպես ծառայությունների վճար։ 946 000 դրամ աշխատավարձ էլ ստացել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբից։ Իսկ բանկային ավանդից ստացած տոկոսները կազմել են 5.2 մլն դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Բաբայանն ունեցել է 131.2 մլն դրամ և 24 700 դոլար։

Նարեկ Բաբայանը չորս անշարժ գույք է հայտարարագրել։ Նա 75.4 քմ մակերեսով բնակարան և 26.6 քմ մակերեսով ավտոկայանատեղի ունի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Բաբայանը հայտարարագրել է նաև 600 քմ մակերեսով հողամաս և 163.2 քմ մակերեսով այգետնակ Կապանում և 2019 թվականի արտադրության «Toyota Rav4» մակնիշի մեքենա։

ՔՊ-ի ցուցակում երկրորդը Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն է։ Նա մարզպետարանից ստացել է 22 մլն դրամ աշխատավարձ։ 3.9 մլն դրամ էլ եկամտային հարկից վերադարձ է ստացել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 6.5 մլն դրամ։

Հարությունյանը հայտարարարգել է 88.1 քմ մակերեսով բնակարան Կապանում, ընդհանուր 3.56 հա մակերեսով 4 հողամաս Եղվարդ բնակավայրում և 2008 թվականի արտադրության «Mazda CX-7» մակնիշի մեքենա։

ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Մարինա Ղազարյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակի երրորդ համարն է։ Նա հաշվետու ժամանակահատվածում 20 մլն դրամ աշխատավարձ է ստացել ԱԺ-ից և 730 000 դրամ թոշակ։

Ղազարյանի դրամական միջոցները կազմել են 750 000 դրամ, 195 ֆունտ ստեռլինգ և 50 դոլար։ 

Մարինա Ղազարյանը հայտարարագրել է 71.4 քմ մակերեսով բնակարան Կապանում և 69.7 քմ մակերեսով բնակարան Երևանում։

«Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամի 71 թեկնածուից միայն 4-ը աշխատանք չունի։ Ամենաշատ եկամուտ ունեցող ՔՊ-ի թեկնածուն Նարեկ Բաբայանն է․ նրա ընդհանուր եկամուտը կազմել է 78.1 մլն դրամ։ Նա նաև ամենաշատ դրամական միջոցներ ունեցող թեկնածուն է՝ 140 մլն դրամ։

Կապանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված 156 թեկնածուներից 18-ը դրամական միջոցներ չեն հայտարարագրել։ Դրամական միջոց չհայտարարագրողներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, 4-ը «Ապրելու երկրից» և 1-ը «Շանթ դաշինքից»։

Ավագանու անդամի թեկնածուներից ամենաշատ բնակարան ունի «Շանթ դաշինքի» 32-րդ համար Գրիգոր Ավետիսյանը։ Նա 5 բնակարան ունի, 3-ը՝ Երևանում, 2-ը՝ Կապանում։ Այս ցուցանիշով նրան հաջորդում են ՔՊ-ից Գարեգին Անդրեասյանը և Զորայր Գալստյանը։ Վերջիններս ունեն 4-ական բնակարան։ Իսկ 62 թեկնածու չունի բնակարան։

Բնակելի տուն ունի ավագանու անդամի 36 թեկնածու։ Եվ նրանցից միայն «Շանթ դաշինքից» Գառնիկ Հարությունյանն է, որ երկու բնակելի տուն ունի։ Դրանք երկուսն էլ Կապան համայնքի Սյունիք գյուղում են։

Ամենաշատ հողամասերն էլ հայտարարագրել են «Շանթ Դաշինքի» 6-րդ համար Անժելա Ալեքսանյանը և «Քաղաքացիական պայմանագրի» 6-րդ համար Սարվարդ Թումանյանը։ Նրանք ունեն 9-ական հողամաս։

Ավագանու անդամի թեկնածուների 57.6%-ը ունի մեքենա։ ՔՊ-ից Սպարտակ Հարությունյանը, Մուրազ Ավետիսյանը և «Շանթ դաշինքից» Էրիկ Նուրիջանյանը ունեն 4-ական մեքենա։

Թեև նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված 12 համայնքներում, սակայն դրանցից մի քանիսում է միայն թեժ մրցակցություն սպասվում։ Կապանն այդ համայնքներից մեկն է։ «Քաղաքացիական պայմանագիրը» երրորդ անգամ է փորձում ստանալ Կապանը ղեկավարելու մանդատ։ Նախորդ երկու փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ 

Կապանի ավագանու թեկնածուների հայտարարագրերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ նոյեմբերի 29-ի ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է քաղաքական և ֆինանսական լուրջ ռեսուրսներ ունեցող երկու թիմերի միջև։ Հատկանշական է, որ թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և թե՛ գործող համայնքապետի գլխավորած «Շանթ դաշինքի» ցուցակներում մեծ թիվ են կազմում մարզի խոշորագույն գործատուի՝ ԶՊՄԿ-ի աշխատակիցները, ինչը ցույց է տալիս, որ կոմբինատի գործոնն այս ընտրություններում ևս առանցքային է լինելու։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter